close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ, էլ չեմ զբաղվելու․ Արա Բաբալոյանը ձեռքերը լվանում է քաղաքականությունից

Քաղաքական

11 Հունիսի 2020, 21:10
 Ոչ, էլ չեմ զբաղվելու․ Արա Բաբալոյանը ձեռքերը լվանում է քաղաքականությունից

Ինձնից ոչ մի քաղաքական հարցի պատասխան չեք կարող ստանալ, որովհետև ես քաղաքականությունով չեմ զբաղվում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ առողջապահության նախկին նախարար, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։

-Այլևս չե՞ք զբաղվելու,-հետաքրքրվեցինք։

-Ոչ, էլ չեմ զբաղվելու,-վստահ պատասխանեց Բաբլոյանը։

Բայց քանի որ մեր երկրում քաղաքականությունը, իրավագիտությունն ու առողջապահությունը, ցավոք, խառնված են, խնդրեցինք խոսել պրն Բաբլոյանի հանդեպ հարուցված քրեական գործի մասին, որով նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար՝ կապված Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հետ։

-Քրեական գործը իր հունով գնում է, բայց իր մասին ես մոռացել եմ, որովհետև լուրջ գործեր կան անելու, էդ ինձ համար էլ էական նշանակություն չունի,-հայտարարեց Արա Բաբլոյանը։

Առողջապահական հարցերի մասին պրն․ Բաբլոյանը չի մոռացել, դրանք նրա համար էական նշանակություն ունեն, միայն մի պայմանով՝ շարունակեց պնդել, որ իր քաղաքական գործունեությունը չի խառնելու բժշկական գործունեության հետ, որովհետև մեկը մյուսին խանգարում է․ «Երբ ես բուն բժշկության և բուն առողջապահության մեջ եմ, կարողանում եմ քայլերը գնահատել առողջապահական առումով և կազմակերպչական առումով և կարողանում եմ դրանց իմ գնահատականները տալ զուտ բժշկության տեսանկյունից, դրա համար խնդրում եմ իմ ասածներն ու արածները չքաղաքականացնել»։

Առանց քաղաքականացնելու՝ օբյեկտիվ գնահատելով, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում գործող իշխանությունը որտե՞ղ է  ձախողում, որ վարակի ու մահացության թվերը շարունակում են վախեցնել։

«Ինձ համար, որպես բժշկի, որպես առողջապահության կազմակերպչի, այսօր շատ կարևոր է, որ այն խնդիրները բարձրաձայնեմ, որոնք ինքս տեսնում եմ և ցանկանում եմ ինքս օգտակար լինել, որ հարցը շտկվի ժամ առաջ»,-ասաց նա։

Պարոն Բաբլոյանը առողջապահության այն կազմակերպիչների թվում էր, որոնց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել էր քննարկման՝ համավարակի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ գտնելու համար։

Նա ասաց, որ նախագահի կազմակերպած հանդիպմանը 4 հարց է բարձրացրել, մի հարցին էլ տվել է իր բացատրությունը։ Այսուհանդերձ, նրա խոսքը ավելի շատ առողջապահության նախարարի գործողությունների արդարացում հիշեցրեց, քան խնդիրների վերհանում՝ պայքարի ընթացքը շտկելու համար։

Արա Բաբլոյանն ասաց․ «Չեմ ուզում խառնվել այն գործերին, որոնք չպետք է բժիշկները իրականացնեին, այլ մյուս կառույցները․ թե ինչքանով կարողացել են կարանտինը ճիշտ իրականացնել, ինչքանով կարողացել են ճիշտ հասնել արդյունքի, դրանց հետևանքը մենք տեսնում ենք, որ այսօր ունենք բարձր թիվ վարակվածների։ Երբ խոսքը գնում է, որ ասում են, որ սկզբում ճիշտ չէին գնահատել վիրուսի վտանգը, այստեղ ես կարողանում եմ հստակ ասել իմ մոտեցումը, որովհետև ինքս մի կողմից լինելով վիրաբույժ, մյուս կողմից հանրային առողջապահության մասնագետ, որը տարիներ շարունակ եղել է ՀՀ առողջապահության նախարար, Համաշխարհային առողջապահության կազմակերպության տարբեր ատյանների անդամ, տարբեր կազմակերպություների մեջ աշխատել է, հանրային առողջապահության մոտեցումներին տիրապետում է, կարող եմ հստակ ասել, որ երբ մենք հանդիպում ենք ինչ-որ նոր երևույթի, շատ դժվար է լինում գնահատել կամ տալ պրոգնոզը՝ ինչպես դա տեղի կունենա ապագայում»։

Հանրային առողջապահությունը մի կողմից՝ աշխատելով հավաքում է փորձը, ասաց նա,  մյուս կողմից՝ արագ ամփոփում է, եզրակացություններ է տալիս և տալիս է առաջարկներ, թե մյուս փուլում ինչպես պետք է իրականացվի գործընթացը։

«Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը, որտեղ բուն մասնագետներն են նստած, տեսնում եք՝ տարբեր երկրների նախագահները փորձում են քննադատել Համաշխարհային առողջապահական կազմակերպության նույնիսկ գլխավոր տնօրենին, բայց երբ անհայտ մի վիրուսի հետ գործ ունես, իսկապես ընթացքում փոխում ես քո պատկերացումները»,-վստահեցրեց Բաբլոյանը։

Նա նկատեց, որ հիմա նույնիսկ մոտեցում կա, որ առանց սիմպտոմ դեպքերը հնարավոր է՝ վարակիչ չեն, բայց չի բացառվում, որ շատ շուտով փոխվի այդ մոտեցումը՝ կապված կուտակված փորձի հետ։

«Անձամբ ես մի էտապում կողմնակից էի, որ մենք ընտրենք որոշակի հիվանդանոցներ և այնտեղ կազմակերպենք բժշկական օգնությունը․ օրինակ, Գիրգոր Լուսավորիչը որ առանձնացվեց, ես ինքս կողմնակից էր, որ, այո՛, պետք է առանձնացվի, որ այնտեղ դրվի բուժկետ։ Բայց հիմա, երբ թիվը մեծացել է, արդեն իմ մոտեցումը նույնպես փոխվել է։ Այսինքն, եթե որևիցե մեկը ուզենա քննադատել, կքննադատի և կասի՝ բայց չէ՞ որ դու էլ էիր տենց մտածում։ Այո՛, երբ ունեինք օրական 30-40 դեպք, ավելի ճիշտ էր կենտրոնացնեինք մի քանի հիվանդանոցի մեջ, բայց երբ համատարած ունենք 300-400 դեպք և մենք գիտենք, որ դեպքերի մի մասը դեռ չեն հայտնաբերվում, որովհետև մենք մատչելիություն պետք է ապահովենք և տանք հնարավորություն առոջապահության բոլոր օղակներին, որ զբաղվեն ՝ ընտանեկան բժշկից մինչև 3-րդ մակարդակի՝ նեղ մասնագիտական հիվանդանոցներ, ամեն մեկը իր գործառույթը իր պատասխանատվության չափով կիրականացնի»,-ասաց Արա Բաբալոյանը։

Գալով առաջարկներին, նա նշեց՝ առաջինը ԱԺ-ն պետք է օրենքի ուժով բարձրացնի առողջապահության բյուջեն, քանի որ ծախսերը խիստ բարձրացել են։

«Տամ մի օրինակ, որ պատկերացնելի լինի մարդկանց համար․ առողջապահությունը չի կարող չիրականացնել այն գործառույթները, որը մինչ այսօր իրականացնում է։ Այսինքն, ինքն իրականացնում է գործառույթներ՝ կապված մարդկանց սիրտ-անոթային հիվանդությունների հետ, մարդկանց սիրտը բուժելու, ստենտավորելու, հազար ու մի այլ միջոցառումների հետ, չի կարող չիրականացնել չարորակ ուռուցքների դեմ պայքարը, չի կարող չբուժել դիաբետով հիվանդներին․ մի խոսքով՝ բավական մեծ գործառույթ ունի։ Բայց դրան հիմա ավելացել է այս COVID-ի խնդիրը։ Որպեսզի դուք պատկերացնեք՝ այդ խնդիրը ինչքան է թանկացրել առողջապահությունը, ես կարող եմ ձեզ փաստ բերել, որին ուղղակի տիրապետում եմ․ «Արաբկիր» բժշկական համալիրը, որի գիտական ղեկավարն եմ ես, տարեկան օգտագործել է  հազար դիմակ, որի արժեքը 13-20 դրամ էր ժամանակին։ Հիմա «Արաբկիր» բժշկական համալիրն օգտագործում է ամսական 22 հազար դիմակ, և դիմակի արժեքը տատանվում է 80-140 դրամ։ Տեսք ինչ է նշանակում այս տարբերությունը․  այսօր «Արաբկիր» բժշկական համալիրը պետք է վճարի 26 միլիոն 400 հազար դրամ միայն դիմակի համար, երբ ինքը ընդամենը 300 հազար դրամի դիմակ էր օգտագործում։ Այսինքն, չի կարող չվճարել, որովհետև իր լիարժեք գործունեությունը կազմակերպելու համար ինքը պետք է պաշտպանի իր աշխատողներին»,-բացատրեց Արա Բաբլոյանը։

Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, այն է, որ պետք է բոլոր օղակների բուժաշխատողներին ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Հիմա ուզում եմ, որ մենք ճիշտ գնահատենք իրավիճակը․ ընտանեկան բժիշկները, տեղամասային մանկաբույժները, որոնք ունեին իրենց գործառույթը և որը շարունակում են անել, որը չի պակասել, մենք հիմա իրենց տալիս ենք հավելյալ գործ և գործի հավելյալ ռիսկ։ Այսինքն, գոնե մեկ անգամ տուն պետք է գնաս, գնահատես վիճակը, հետո գոնե հեռախոսով կապի մեջ լինես, բայց հարկ եղած դեպքում  նորից պետք է այցելես, որովհետև մենք գիտենք, որ միայն հեռախոսով չի լինի մարդուն բուժել։ Այսինքն, մենք պիտի այդ բժշկին հավելյալ վճար տանք։ Ինքը կարող է իր նվիրվածության հիմքով հավելյալ  1 օր, 10 օր, մեկ ամիս աշխատել, բայց ինքը չի կարող մեկ տարի աշխատել, ինքը պետք է մոտիվացիա ունենա նաև ֆինանսական, որ կարողանա այդ գործառույթներն իրականացնի։ Նա պետք է պաշտպանված լինի՝ հա՛մ պետք է ծախս անենք իրեն ապահովենք պաշպանիչ միջոցներով, հա՛մ պետք է ծախս անենք, որ այցելությունը անի, որը նույնպես պետք է հաշվի առնել, որ բոլոր օղակների ծառայությունները թանկացել են»։

Երրորդ առաջարկն, ըստ Բաբլոյանի, այն է, որ երբ կոչ ենք անում, որ դրսից մարդիկ գան, աշխատեն, ապա պետք է հաշվի առնել, որ մենք ունենք երիտասարդ բժիշկներ, որոնք ավարտել են բժշկական համալսարանը, կոչվում են բժիշկ, բայց ինքնուրույն գործունեություն իրականացնելու իրավունք չունեն, քանի դեռ չեն ավարտել կլինիկական օրդինատուրան։

«Դրա համար ես առաջարկում եմ օրենքի ուժով, դա հիմա տրված է ժամանակավոր, ընդմիշտ տալ, որ իրենց տան ինչ-որ ստատուս՝ կա՛մ կոչենք կրտսեր բժիշկ, կա՛մ բժշկի օգնական, ոնց կուզեք՝ կոչենք, որ հիվանդանոցի տնօրինությունը իրավունք ունենա պայմանագիր կնքել և նրանք կարողանան աշխատել իրենց կցված համապատասխան բժշկի հետ, այսինքն՝ հերթապահության ժամանակ ավագ բժիշկն է վերահսկում իր աշխատանքը, օրվա աշխատանքի ժամանակ բաժնի վարիչը և այլն»,-առաջարկեց Արա Բաբլոյանը։

Չորրորդ առաջարկն այն է, որ ավելացվեն լաբորատոր հետազոտությունների հնարավորությունները, որպեսզի ամեն դեպքում բժիշկը, եթե կասկած ունի, տեսնում է սիմպտոմատիկան, կարողանա հետազոտություն իրականացնել, որովհետև չի կարող ախտորոշում դնել, առանց հետազոտության պատասխանն ստանալու։

«Նա չի կարող ասել, որ այստեղ COVID վարակ կա միայն կլինիկայի հիման վրա, նա պարտավոր է ունենալ փաստացի հաստատված ախտորոշում, որպեսզի հետո կարողանա համապատասխան ժամանակ հետո կրկնակի հետազոտություն անել և ասել, որ այս պացիենտը այլևս վարակիչ չէ և կարող է դուրս գալ կարանտինից և մեկուսացումից»,-եզրափակեց Արա Բաբլոյանը։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica