close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ Սահմանադրությունը մեկնաբանում է ի. գ. թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (մաս 3)

Արցախ

6 Հունիսի 2020, 21:23
 ԱՀ Սահմանադրությունը մեկնաբանում է ի. գ. թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (մաս 3)
«ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը «Արցախի Հանրապետության սահմանադրության մեկնաբանություններ» խորագրով ներկայացնում է հատուկ շարք, որով պարբերաբար մեկնաբանվելու են ԱՀ Սահմանադրության առանձին հոդվածներն ու դրույթները: Ստորև ներկայացնում ենք շարքի երրորդ հրապարակումը:

Հոդված 132. Արտակարգ դրությունը
1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:
2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:
4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

1. Նախ և առաջ, պետք հստակորեն տարբերակել արտակարգ դրությունը ռազմական դրությունից. առաջինի դեպքում վտանգը կամ սպառնալիքը ցանկացած իրադարձություն է, որը վտանգ է ներկայացնում սահմանադրական կարգը կազմող հասարակական հարաբերությունների գործառման համար՝ անգամ ունակ խաթարելու դրանք ամբողջությամբ՝ բացառությամբ ներքին կամ արտաքին զինված հակամարտությունների, որոնք հիմք են ռազմական դրության հայտարարման համար։ Վերջինս էությամբ համընկնում է արտակարգ դրության հետ, կրկին վտանգ է նեկայացնում սահմանադրական կարգի գործողության և անգամ հետագա գոյության համար, սակայն վերաբերում է միայն զինուժի կիրառմամբ որոշակի ինտենսիվությամբ իրականացվող գործողություններին, որոնց մասնակցում է երկու հակադիր կողմ։ Արտակարգ դրության ռեժիմը տարբերվում է նաև արտակարգ իրավիճակի ռեժիմից, ինչի մասին կխոսենք հաջորդ հոդվածի մեկնաբանության շրջանակներում:
Այսպես, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արտակարգ դրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է»։
Արտակարգ դրություն հայտարարելու հիմքերի առկայության դեպքում Նախագահը ոչ միայն լիազորված է, այլև պարտավոր է հայտարարել արտակարգ դրություն: Այդ պարտավորությունը բնականորեն բխում է նրա` որպես Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի կարգավիճակից, ինչը, սակայն, մեկնաբանվող նորմի նպատակային նշանակության միայն մեկ ասպեկտն է: Դրա երաշխիքները տարածվում են նաև ժողովրդավարական ու իրավական պետության այնպիսի կարևոր բաղադրիչի վրա, ինչպիսին մարդու իրավունքներն են, որոնց պաշտպանությունը դրված է պետության վրա:
Հարկ է նշել, որ դեռևս 1992թ.-ի նոյեմբերի 26-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը կամավոր միացել է 1966 թվականի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին ու դրա Լրացուցիչ արձանագրությանը, որը պետությունում արտակարգ դրության ժամանակ թույլ է տալիս որոշակի շեղումներ կատարելու իրենց վրա դրված պարտականություններից, երբ «ազգի կյանքը գտնվում է վտանգի տակ և որի առկայության մասին հայտարարվում է պաշտոնապես» (հոդված 4):
Բնականաբար, արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնում է Նախագահը, սակայն ենթադրվում է, որ այդ ընթացքում նա խորհրդակցում է Ազգային ժողովի հետ` հաշվի առնելով, որ իրավունքի ուժով գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, և Նախագահը կամ նրա ներկայացուցիչը հանդես են գալիս հիմնական զեկուցմամբ` ներկայացնելով կայացրած որոշումը:
Հոդվածի մեկնաբանությունից պարզ է դառնում, թե որ դեպքում կարող է Նախագահը հայտարարել արտակարգ դրություն. դա սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է: Իսկ ի՞նչ ենք հասկանում սահմանադրական կարգ ասելով:
Սահմանադրական կարգը պետության կազմակերպման եղանակն ամրագրող իրավահարաբերությունների համակարգ է, որի դեպքում ճանաչվում և երաշխավորվում են մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իսկ պետությունը ենթարկվում է իրավունքին ու ժողովրդավարական Սահմանադրությանը՝ Սահմանադրությամբ նախատեսված համապատասխան կառուցակարգերի միջոցով։
Սահմանադրական կարգի հասկացությունն օժտված է երկու հիմնական հատկանիշով` 1. պետության կազմակերպման եղանակ է և այնպիսի հատկանիշների ամբողջություն, որոնցով մի պետությունը կարող է տարբերվել մյուսից, 2. պետության կազմակերպման այնպիսի եղանակ է, որը պետությանը ենթարկում է մարդու շահերին, նրա բնական իրավունքներին ու ազատություններին` իրավական սահմանափակումներով ու շրջանակներով պետության գործունեությունը կանոնակարգելու միջոցով, որոնց սահմաններից չպետք է դուրս գա պետությունը:
Վերոհիշյալ օրենքով սահմանված է, որ արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում՝ ներառյալ Արցախի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը: Ընդ որում, արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:
Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում Արցախի Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր, որն անհապաղ հրապարակվում է հանրային հեռուստատեսությամբ ու հանրային ռադիոյով: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։
Հրամանագրով սահմանվում են՝
1. արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները,
2. արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը,
3. այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն,
4. արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը,
5. ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը,
6. արտակարգ դրության ժամանակահատվածում օրենքով ստեղծված պետական հատուկ մարմինները և նրանց իրավասության շրջանակը,
7. արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք,
8. արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը և դրա գործողության ժամկետները։
Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն, որն իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը։
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:
Որպես կանոն, արտակարգ դրությունը դադարեցվում է ժամկետը լրանալու հիմքով: Եթե արտակարգ դրություն մտցնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են ավելի վաղ, ապա Նախագահը պարտավոր է ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղարկել արտակարգ դրությունը:
Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Արտակարգ դրության պայմաններում կարող են կիրառվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքով նախատեսված միջոցառումներ և իրավունքների ժամանակավոր սահմանափակումներ, որոնք պետք է համապատասխանեն Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի պահանջներին։
Նշենք, որ արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում, արգելվում է արձակել Ազգային ժողովը և չի կարող ներկայացվել կամ քննարկվել Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

2. Նշված իրավահարաբերությունները կարգավորված են «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 44 հոդվածով: Այսպես, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակումից հետո՝ երկու ժամվա ընթացքում, հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ, որին պետք է ներկա գտնվեն պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին` առնվազն 17 պատգամավոր: Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման:
Արտակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության նախագահը կամ նրա ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր: Ընդ որում, հարակից զեկուցում չի լինում: Մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:
Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունն ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և հրապարակվում: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Իսկ եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:
Իսկ եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունն ապահովվում է, չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված:

3. Արտակարգ դրությունը վերացնելու կամ այդ շրջանակներում նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու ընթացակարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 97 հոդվածով, համաձայն որի` արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի ԱԺ խմբակցությունը:
Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Հանրապետության նախագահի ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:
Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության՝ իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ Ազգային ժողովի նախագահն այն ստորագրում և հրապարակում է անհապաղ:
Վերացնելով կամ չեղյալ հայտարարելով Նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, Ազգային ժողովը ստանձնում է սահմանադրական կարգի պահպանման և դրանով իսկ քաղաքացիների անվտանգության ապահովման քաղաքական պատասխանատվությունը, որոնց երաշխավորմանը ծառայում է արտակարգ դրություն հայտարարելը: Սակայն Սահմանադրությունը չի սահմանում ո՛չ այդ պատասխանատվության սուբյեկտները, ո՛չ դրանց ձևերը: Դրանով կանխորոշվում է երկրի ղեկավարի և Ազգային ժողովի փոխադարձ հավատարմության, դիրքերի համաձայնեցվածության և փոխգործունեության նշանակությունը՝ որպես սահմանադրական կարգի կայունության, մարդու և քաղաքացու իրավունքների երաշխավորման պայման: Միևնույն ժամանակ պատասխանատվության որևէ կառուցակարգ չսահմանելը կարող է նշանակել, որ Սահմանադրությունն արտակարգ դրությունը չեղարկելու կամ արտակարգ դրությունից բխող որոշակի միջոցառումներ վերացնելու որոշան համար Ազգային ժողովի վրա դնում է քաղաքական պատասխանատվություն, որը, նախևառաջ, կդրսևորվի ընտրություններին իշխող կուսակցությանը կամ կուսակցությունների կոալիցիային տրվելիք վստահության քվեի չափով։

4. Հարկ է նշել, որ դեռևս 1992 թվականի հունվարի 8-ին է ԼՂՀ Գերագույն խորհուրդը ընդունել «Արտակարգ դրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՀՆ-0016-1 օրենքը, որը գործել է մինչև 2019թ.-ի հուլիսի 30-ը` նոր օրենքի ուժի մեջ մտնելը: Իսկ 2019թ.-ի հունիսի 27-ին Ազգային ժողովն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ԱՀ օրենքը, որով ըստ ամենայնի կարգավորվում է նշված ռեժիմի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես` արտակարգ դրության սահմանումը, հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի բովանդակությունը, գործողության ժամկետը, դադարումը, կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները, նշված իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու ուժերը, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները, ինչպես նաև արտակարգ դրությունը դադարեցնելու իրավական հետևանքները:

Շարքի առաջին մասն՝ այստեղ, երկրորդը` այստեղ:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica