close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կընկալվի որպես հետամնաց երկիր, որը քաղավիացիա աշխատեցնելու կարողություն չունի․ Դմիտրի Ադբաշյան

Հասարակություն

3 Հունիսի 2020, 22:00
 Հայաստանը կընկալվի որպես հետամնաց երկիր, որը քաղավիացիա աշխատեցնելու կարողություն չունի․ Դմիտրի Ադբաշյան

Սա շատ, շատ մեծ վտանգ է, որովհետև Հայաստանում  պաշտոնապես գրանցված բոլոր ավիաընկերությունների սերտիֆիկատները աշխարհում չեն ճանաչվում որպես գործող՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Ադբաշյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ)՝ ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում հայտնվելու խնդրին։

Նա վստահ է, որ այս որոշման պատճառով Հայաստանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքն անպայման կփոխվի, Հայաստանը կընկալվի որպես հետամնաց երկիր, որը կարողություն չունի իր մոտ աշխատեցնելու նորմալ քաղավիացիա։

Սև ցուցակում հայտնվելուց գուցե հնարավոր լիներ խուսափել, եթե վտանգի մասին իմանալուն պես հրատապ քայլեր արվեին, ասենք, առանձին մարմին ստեղծվեր՝ մի քանի մասնագետներից, որն օբյեկտիվորեն կուսումնասիրեր իրավիճակն ու կքննարկեր այնպիսի քայլեր, որոնք կկանխեին այս վիճակում հայտնվելը՝ նշեց Դմիտրի Ադբաշյանը։

Եթե այսօրվանից սկսեն կտրուկ քայլերի դիմել դրությունը շտկելու համար, Ադբաշյանի կարծիքով՝ առնվազն 6-8 ամիս կտևի, մինչև հնարավոր լինի վերկանգնել եվրոպացիների վստահությունը։

«Ի միջի այլոց, Ղազախստանում մի քանի տարի առաջ նման վիճակ էր ստեղծվել, նրանք ծախսեցին 7 ամիս, մինչև Եվրոպային կարողացան ապացուցել, որ իրենց մոտ ավիացիայի կյանքը պլանավորվում և կարգավորվում է միջազգային օրենքներին համապատասխան։ Երևի մենք էլ այդքան պիտի ծախսենք»,-ասաց նա։

Հայկական ավիաընկերությունները, իհարկե, այդ 8 ամիսների անգործության ընթացքում մեծ վնաս կկրեն։

«Կթալանվեն․․․ նրանք, փաստորեն, կորցրել են միջազգային բոլոր թռիչքների իրավունքը, եթե թռչեն, դա կլինի միջազգային օրենքների խախտում, իրավունք ունեն թռչել միայն Հայաստանի ներսում, իսկ Հայաստանի ներսում ո՞ւր թռչեն։ Դա նշանակում է, որ բոլորը պետք է նստեն, մտածեն՝ ինչ անեն, ոնց անեն, որ գոնե մի 8 ամիս հետո կարողանան ոտի կանգնել»,-ասաց Դմիտրի Ադբաշյանը։

Ոտքի կանգնելու առաջին և անհրաժեշտ պայմանը, նրա համոզմամբ, Օդային օրենսգրքի ընդունումն է․ «Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որը մինչև հիմա չունի Օդային օրենսգիրք․ Օդային օրենսգիրք չունեցող երկիրը ի՞նչ իրավունք ունի ավիացիա ունենալ»։

Այդ օրենսգիրքը պետք է անպայման նախատեսի թռիչքների պլանավորումը, կազմակերպումը, վերահսկումը և այլն, այսինքն, ավիացիայի վերահսկումը և կառավարումը։

«2015 թ-ից մենք՝ Ազգային ավիացիոն միավորումը, տվել ենք Օդային օրենսգրքի նախագիծը կառավարությանը, որին մինչև հիմա ոչ ոք ուշադրության չի ենթարկել։ Նախ, պետք է այն ընդունել ու այն քայլերին դիմել, որոնք այդ Օդային օրենսգրքի մեջ նախատեսված են, այսինքն՝ ավիացիայի կյանքի պլանավորումը, կատարումը, վերահսկումը։ Դա երկար գործ է։»,-նշեց Ադբաշյանը։

Հաջորդ քայլը, ըստ նրա, առանձին անկախ վերահսկիչ մարմնի ստեղծումն է, որը պետք է ստուգի թռիչքների անվտանգությունը։

Այս առիթով նա հետ գնաց մինչև 2008 թվականը, երբ Սոչիի վթարից հետո մարդիկ վախենում էին թռչել «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռներով, ու սեփականատերը՝ Միխայիլ Բաղդասարովը, Դմիտրի Ադբաշյանին հրավիրել էր՝ խորհրդակցելու՝ ինչ անել։

«Ասացի՝ դուք պիտի ինչ-որ խստիվ քայլ անեք, որ բոլորը հասկանան, որ այսօրվանից հետո թռիչքների անվտանգությունը «Արմավիայի» համար դառնում է ամենակարևոր հարցը և թռիչքների անվտանգությունն ապահովվում է։ Ասաց՝ դե ո՞նց դա անենք, ասացի՝ գիտեք, որ բոլոր ինքնաթիռներն ունեն «սև արկղեր», որոնցով պետք է թռիչքի ամեն րոպեն ուսումնասիրվի։ Մեզ մոտ չի ուսումնասիրվում, ոչ ոք չի իմանում ինքնաթիռներն ինչ վիճակում են թռչում, օդաչուներն ինչ խախտումներ են անում թռիչքների ժամանակ և այլն։ Կարճ ասած, պրն․ Բաղդասարովն ինձ լսեց այն ժամանակ, ՖՕՄ կոչված համակարգը ձեռք բերեց, աշխատեցրեց ու «Արմավիայի» գործերը շատ լավ գնացին»,-ասաց Ադբաշյանը։

Ամենահուսահատեցնողն այն է, որ այդ ՖՕՄ համակարգը, որով վերահսկում էին թռիչքների անվտանգությունը, պատկանում էր ոչ թե Քաղավիացիային, այլ «Արմավիայի» սեփականատիրոջը։ Եվ այժմ, «Արմավիայի» փակվելուց հետո ՖՕՄ համակարգն էլ չկա։

«Այդ համակարգը «Արմավիայում» էր, պիտի լիներ վարչությունում։ Փաստորեն, ստացվում է, որ Բաղդասարովն ինքն իրեն վերահսկում էր։ Այս պահին մեզ մոտ հնարավոր չէ վերահսկել թռիչքի ամեն րոպեն, որովհետև ՖՕՄ համակարգը չունեն։ Պիտի ունենան, ինքնաթիռի ամեն թռիչքը պետք է վերահսկվի, թե չէ՝ ոչ ոք չի իմանում, թե ինքնաթիռն ինչքան է ծանրաբեռնված, ինչքան բեռ է տանում, բերում, ինչ խախտումներ է անում թռիչքի ժամանակ ինքնաթիռի օդային արագություններն ապահովելու համար և այլն»,-նշեց Դմիտրի Ադբաշյանը։

«Արմավիան» վերակենդանացնելու հարցը երբ բացվեց, աշխատանքը երկար տևեց՝ մի քանի ամիս։ Հետո Եվրոպայից հատուկ հանձնաժողով հրավիրեցին, որոնք եկան և «Արմավիային» հարցեր տվեցին․ «Գիտե՞ք քանի հարցի պատասխանեց՝ 900։ 900 չափանիշի պատասխան տվեց, որ մենք համապատասխանում ենք միջազգային չափանիշների, մինչև ստացավ եվրոպական սերտիֆիկատ»,-նշեց Դմիտրի Ադբաշյանը։

Մեծ հաշվով, ըստ նրա, Հայաստանի ավիացիայից էլ բան չի մնացել․ «Ոչ մի բան չկա մեզ մոտ, բացի Կոմիտեից»։

Սևցուցակային իրավիճակից հետո ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանը հրաժարական պե՞տք է տա, թե՞ ոչ՝ հարցին ի պատասխան Դմիտրի Ադբաշյանը միայն ասաց․ «Ես այս երկրի նախագահը չեմ, վարչապետը չեմ, վարչապետն ու նախագահը թող մտածեն»։

Ադբաշյանը մի քանի անգամ հանդիպել է Տաթիկ Ռևազյանի հետ։ Ասում է՝ որպես անձ շատ է դուրն  եկել․ «Շատ ազնիվ, մաքուր, ազգասեր անձ է, շատ․․․ բայց, երևի դա քիչ է»։

Է՞լ ինչ է պետք Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար լինելու համար՝ հարցին, ժպիտով է պատասխանում։ Հետո պարզապես թվարկում․ «Ես 17 տարի աշխատել եմ վարչության պետ Սովետական Միության ժամանակ, հետո 3 տարի՝ արդեն դեմոկրատիայի ժամանակ, հետո Ուիկրաինայում եմ աշխատել, Ղրիմում։ Բայց ես ինչ կյանք եմ անցել․ օդաչուական դպրոց եմ ավարտել, ինստիտուտ եմ ավարտել, «Կուկուրուզնիկի» երկրորդ օդաչու եմ եղել՝ դրանով թռել եմ 1000 ժամ, հետո 2000 ժամ թռել եմ որպես ինքնաթիռի հրամանատար, հետո որպես ավիաջոկատի հրամանատար, էսկադրիլիայի հրամանատար, թռիչքաշտուրմանային բաժնի վարիչ․․․ ու երբ ինձ ասում էին՝ Հայաստանում պիտի աշխատես վարչության պետ, ասում էի՝ ես իրավունք չունեմ, որովհետև, որովհետև, որովհետև․․․ մինչև ես այդ պաշտոնին հասա, հասկանում եք»։

Տաթևիկ Ռևազյանը իր ձախողումների պատճառը համարեց «հների» սաբոտաժը, երբ իրենից թաքցրել էին կարևոր տեղեկատվությունը։ Ինչպիսի՞ն պետք է լինի ղեկավարը, որ նրանից չթաքցնեն ինֆորմացիան՝ Ադբաշյանը պատասխանեց․ «Կյանքում գործում են կառավարման օրենքներ, մարդ պետք է իմանա, կարողանա և կատարի։ Նախ՝ ո՞վ է իմանում հիմա իր մոտ՝ ոնց պետք է արվի, այդ Կոմիտեից ի՞նչ է մնացել, ո՞վ կարող է կատարել, այդ հնարավորությոններն ունի՞ մեր ավիացիան, թե՞ ոչ և ո՞վ է վերահսկում այդ ամենը»։

Դմիտրի Ադբաշյանի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղավիացիայում ողբերգական վիճակ է․ «1994-96 թվականներից հետո ավիացիան սկսեցին թալանել։ Ու մի քանի խումբ, անունները չեմ ուզում տալ, բոլորը հայտնի մարդիկ են, հարստացան՝ հյուրանոցներ սարքեցին և այլն։ Ինքնաթիռների թալանը գնաց, սկսեցին զբաղվել միայն իրենց հարստության հարցերով ու մինչև հիմա այդ մի քանի խումբը դեմ չեն լինի վերադառնալ և իրենց թալանը շարունակել»։

Ավիացիան բավականին հարուստ միջավայր է, լավ շուկա է, լավ բիզնես է, բայց պահանջում է ազնիվ աշխատանք՝ նշեց Ադբաշյանը։ Իսկ ազնիվ աշխատանք ունենալու համար պետք է անպայման ունենանք Օդային օրենսգիրք, որտեղ ամեն ինչ նախատեսված պետք լինի՝ կոմիտեի կարգավիճակը, լիազորությունները, պահանջները, աշխատողների, վերահսկիչ մարմնի իրավունքները և այլն։ Բացի այդ, նրա համոզմամբ, մեզ մոտ անպայման պետք է լինի օբյեկտիվ վերահսկումը՝ սև արկղերի վերահսկումը, և ամեն չվերթ պետք է վերահսկի ոչ թե ավիաընկերության տերը, այլև ՔԱԿ պետը։

«Քաղավիացիայի կոմիտեն պետք է իմանա, թե որ ընկերությունը ոնց է աշխատում։ Հայաստանի դրոշակի տակ Աֆրիկայում մի ինքնաթիռ է թռչում, ո՞վ է իմանում՝ ո՞նց են թռչում, ո՞նց են ապահովում թռիչքների տեխնիկական սպասարկումը։ Այդ ամեն ինչը պիտի ապահովեն ՖՕՄ-ի միջոցով»,-ասաց նա։

Երբ ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարցրին՝ ի՞նչ ակնկալիք ունի ՀՀ կառավարությունը մայիսի 12-14–ը Եվրահանձնաժողովի նիստում նախանշված ՀՀ քաղավիացիայի ոլորտին վերաբերող քննարկումից, որի արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կարող է հայտնվել սև ցուցակում, նա պատասխանեց՝ խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ին ընդունվելիք որոշումից․ «Մենք սրա հետ կապված որևէ վնաս չենք կարող կրել»։Եվրոպական շուկան հայկական ավիաընկերությունների համար կորցնելու մասին հարցին Ավինյանը պատասխանեց․ «Մենք այդ շուկան չունենք այս պահին, որ կորցնենք»:

Եվրոպակա շուկայում տեղական ավիաընկերություն ունենալու կարևորությունը Դմիտրի Ադբաշյանի համար քննարկման հարց էլ չէ․ «Ինչ ասեմ, ամբողջ աշխարհում հա՛մ ունեն ավիաընկերություններ, որոնք գործում են այդ երկրների ներսում և ավիաընկերություներ, որոնք գործում են երկրներից դուրս․ ամբողջ աշխարհի համար պետք է․ մեզ համար պետք չի՞»։

«Դա պրն․ Ավինյանի կարծիքն է, ես էլ իրավունք ունեմ պրն․ Ավինյանի մասին կարծիք ունենամ»,-դիվանագիտորեն հավելեց Դմիտրի Ադբաշյանը։

Աննա Բալյան

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica