close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+18°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա­ռա­վա­րու­թյունն իրա­կա­նու­թյու­նից կտրված տնտե­սա­կան օրա­կար­գեր է բե­րում. տնտեսագետ

Տնտեսական

2 Հունիսի 2020, 21:44
 Կա­ռա­վա­րու­թյունն իրա­կա­նու­թյու­նից կտրված տնտե­սա­կան օրա­կար­գեր է բե­րում. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշում է՝ նախորդ տարի, երբ կառավարությունը հաստատեց եկամտային հարկի համահարթեցման քաղաքականությունը, խոստացել էր, որ գույքահարկի նոր համակարգի հիմքում կդիտարկվի սոցիալական արդարության հարցը: Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով նախատեսվում են գույքահարկի դրույքաչափերի փոփոխություններ:

«Գույքահարկի համակարգի վերանայումն անհրաժեշտ էր: Այդ մասին վկայում էին նաև միջազգային ու տեղական հետազոտությունները: Բայց կառավարության բերած նախագիծը որևէ ձևով չի արդարացնում դղյակի տերերին հարկելու գաղափարը, քանի որ այդպիսի թանկարժեք գույք ունեցողներին հարկելուն զուգահեռ չի կարելի լրացուցիչ հարկային բեռ դնել կարիքավորների վրա:

Ներկայումս մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանների դեպքում գույքահարկը զրո է, իսկ առաջարկվող մոդելի համաձայն՝ մինչ 10 մլն դրամ արժողության տների դեպքում տարվա կտրվածքով գույքահարկը մոտ 50 հազար դրամ է դառնալու:

Բնականաբար, 50 հազար դրամը սոցիալապես խոցելի խմբերի համար մեծ գումար է հատկապես այն դեպքում, երբ նրանք տարիներ շարունակ այդ գումարը չեն վճարել: Բացի դրանից, այդ չնչին գումարը որևէ ձևով չի կարողանալու բյուջեն լցնելու մեծ էֆեկտ ապահովել, մինչդեռ հարկային վարչարարության մասով բավականին լուրջ խնդիրներ են առաջանալու. այդ մարդկանցից գույքահարկը գանձելու համար պետությունը ստիպված է լինելու ավելի մեծ գումարներ ծախսել:

Ընդհանուր առմամբ, առաջարկվող մոդելն արդարացված չէ: Այն խաթարում է թե՛ սոցիալական արդարության, թե՛ չհարկման շեմի գաղափարը, որն այս կառավարությունը չի ընդունում:

Բացի այդ, մի հանգամանք էլ կա, համաձայն որի, կադաստրն է որոշում շուկայական արժեքը և, ըստ էության, գույքահարկ է վճարվելու այդ արժեքի համապատասխան:

Այդ առումով նշեմ, որ այս պահի դրությամբ կադաստրը չունի նման կարողություններ, հմտություններ, չունի նաև նման վստահություն, որը թույլ կտա այսպիսի փոփոխությունը միանգամից ու ամբողջ ծավալով իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Կառավարության առաջ քաշած հարցերը, որոնց թվում նաև համընդհանուր հարկման ինստիտուտի ներդրման ցանկությունն է, Սուրեն Պարսյանն այս փուլում առաջնահերթ չի համարում:

«Ակնհայտ է, որ կառավարությունն իրականությունից կտրված տնտեսական օրակարգեր է բերում, ինչի արդյունքում որևիցե կերպ չի կասեցվելու, չի մեղմանալու և չի վերանալու այս տարվա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:

Սրանք առաջնահերթ հարցեր չեն այս պահի դրությամբ. 2020-ը մեր տնտեսության համար բավականին ճգնաժամային տարի է, ինչի մասին արդեն վկայում են մարտ ամսվա տվյալները:

Մենք դեռ ճգնաժամի սկզբում ենք և պետք է մտածենք ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու, հարկային եկամուտներն ավելացնելու մասին: Գույքահարկի մասով բարեփոխումներն այս պահին ժամանակավրեպ են: Հաշվի առնենք նաև այն, որ ճգնաժամի ժամանակ գույքի գները նվազում են, քանի որ շատերը ստիպված են լինում իրենց գրավադրված գույքը վաճառել վարկային պարտավորությունները կամ պարտքերը վճարելու համար:

Այս փուլում գույքի գների նվազում է սպասվում, և գույքահարկի փոփոխությունը կարող է նպաստել, որ գներն ավելի արագ նվազեն:

Մեկ կարևոր խնդիր էլ կա. բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք իրենց երկար տարիների վաստակի համար կենտրոնում ժամանակին բնակարաններ են ստացել, որոնց արժեքը բավականին բարձր է: 3-4 սենյականոց բնակարանների գները կենտրոնում կարող են 200-300 հազար դոլարի հասնել:

Նրանք ևս պարտադրված են լինելու ավելի քան 4 անգամ բարձր գույքահարկ վճարել այն դեպքում, երբ նման եկամուտներ ու ֆինանսավորման աղբյուրներ չունեն: Նրանց «մեղքն» այն է, որ խորհրդային շրջանում կամ իրենց ծնողներից կենտրոնում բնակարան են ստացել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտին, Ս. Պարսյանը մի քանի խնդիր մատնանշեց՝ շեշտելով, որ այս պահին պատրաստ չենք այդ ինստիտուտի ներդրմանը. «Ավելին՝ նման կարևոր բարեփոխում իրականացնելու համար պետք է նախ հասարակությանը պատրաստել, բացի այդ, ֆինանսատնտեսական համակարգը ևս պետք է պատրաստ լինի դրան:

Միանշանակ է, որ վաղ թե ուշ պետք է գնանք հայտարարագրման այդ համակարգին, բայց կառավարությունն այս պահին պատրաստ չէ նման բարեփոխման, և դարձյալ իրականությունից կտրված օրակարգի կետ է առաջ քաշվում:

Պարզապես հանրային ուշադրությունը կենտրոնացնում է այս առաջարկի վրա, երբ դրա կարիքն այս պահին ուղղակի չկա: Եթե իսկապես կառավարությունն ուզում է հայտարարագրման ինստիտուտ ներդնել, ապա շատ կարևոր եմ համարում, որ հայտարարագրման դեպքում ևս չհարկման շեմ լինի, ինչը մեր քաղաքացիներին թույլ կտա այդ իրավիճակն ավելի անցնցում անցնել:

Մեր քաղաքացիներից շատերը կողմնակի եկամուտներ ունեն: Օրինակ են նվիրատվությունները, դրսից ստացվող տրանսֆերտները, որոնք որևէ տեղ չեն ֆիքսվում: Եվ հիմա այդ հայտարարագրման ինստիտուտի ներդրման արդյունքում դրանք կդիտարկվեն որպես եկամուտ ու կհարկվեն:

Շատ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, չհարկման շեմ կա նաև նշված դեպքերի համար: Ենթադրենք, տարվա կտրվածքով 21 հազար դոլար չհարկման շեմ է նախատեսված, և միայն 21 հազար դոլարից ավելի եկամուտ հայտարարագրելու դեպքում են հարկ վճարում:

Այս ամենը պետք է հաշվի առնել, մշակել ու նոր իրականացնել, եթե ուզում ենք, այնուամենայնիվ, համընդհանուր հայտարարագրման ուղղությամբ գնալ:

Բայց, այդուհանդերձ, այն չի կարելի իրականացնել միանգամից: Պետք է փուլային լինի, ինչը թույլ կտա առկա թերությունները շտկել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

past.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica