close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական կողմը պետք է ոչ թե ռեակտիվ արձագանքի Ադրբեջանի հայտարարություններին, այլև պրոակտիվ քաղաքականությամբ կանխի դրանք․ Ալեքսանդր Մարկարով

Քաղաքական

1 Հունիսի 2020, 22:39
 Հայկական կողմը պետք է ոչ թե ռեակտիվ արձագանքի Ադրբեջանի հայտարարություններին, այլև պրոակտիվ քաղաքականությամբ կանխի դրանք․ Ալեքսանդր Մարկարով

Ադրբեջանի հայտարարությունները համապատասխանում են այն իրականությանը, որի մեջ ապրում է Ադրբեջանը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի ծայրահեղական հայտարարությունները Արցախի հարցի կարգավորման մասին։

«Այսինքն այն երևակայական իրականությունը, որի մեջ ապրում է Ադրբեջանը, որտեղ Երևանը հանդես է գալիս որպես ադրբեջանական քաղաք, Սյունիքը հանդես է գալիս որպես Ադրբեջանի մաս, դա մի սուբյեկտիվ իրականություն է, որի մեջ ապրում է Ադրբեջանը։ Բայց մեզ հետաքրքում է ոչ թե սուբյեկտիվային պատկերացումները, այլ օբյեկտիվ իրավիճակը։ Եվ խնդիրն այն է՝ ինչպես այս օբյեկտիվ իրավիճակից գնալ դեպի այն նպատակի կյանքի կոչելը, որը դրված է որպես պատմաքաղաքական զարգացման իմպերատիվ հայության համար»,-մեկնաբանեց Ալեքսանդր Մարկարովը։

Բնակելի համալիրի բացման ժամանակ Ալիևը հայտարարեց․ «Բանակցությունների շրջանակում քննարկվում է հենց փուլային լուծման տարբերակը։ Այլ լուծում հնարավոր չէ։ Ի՞նչ է դա նշանակում․ առաջին փուլում՝ հողերի մի մասի ազատում։ Այլ տարբերակ լինել չի կարող»։ Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ քննարկվող ձևաչափի  մասին կամ գիտեն բոլորը կամ չգիտի ոչ մեկը, բացի այն մարդկյանցից, ովքեր իրականացնում են բանակցությունների գործընթացը։

«Բոլորին թվում է՝ գիտեն, թե ինչի մասին են խոսում բանակցային գործընթացի ժամանակ․ բնականաբար, քննարկվում է խնդրի կարգավորումը, բայց, մյուս կողմից, մանրամասները ոչ մեկին հայտնի չէ և ոչ մեկը չգիտի, թե տվյալ պահին ինչ փաստաթուղթ է քննարկվում։ Ընդհանուր առմամբ, բոլորս էլ ընդունել ենք այն ճշմարտությունը, որ կա քննարկման այն տարբերակը, որը ենթադրում է ինչ-որ էլեմենտներ, որոնք հայտնի են իբրև Մադրիդյան կամ Մադրիդյան նորացված սկզբունքներ։ Բայց արդյո՞ք այդ սկզբունքները նույն ձևով ներկայացված են, ինչպես մենք ընկալում ենք, թե՞ այնտեղ կան տարբերություններ, դրա մասին խոսելը բարդ է, քանի որ տեղյակ չենք»,-նշեց նա։

Այսուհանդերձ, հաշվի առնելով Ալիևի, Լավրովի հայտարաւոթյունները, ինչպես նաև կողմնակի գործոնները, Ալեքսանդր Մարկարովի մոտ եզրակացություն է ձևավովորվում, որ միգուցե կա միտում բանակցային գործընթացի վերկտորը փոխելու փաթեթայինից դեպի փուլային տարբերակ․ «Բայց դա ուղեցույցը չէ, հիմնական ընդունելի տարբերակը չէ հայկական կողմերի համար։ Համապատասխանորեն, հարցը քննարկել չի նշանակում, որ քննարկվող այս տարբերակի հետ համաձայն են հայկական կողմերը։ Բայց այն հանգամանքը, որ կան դերակատարներ բացի Բաքվից, որոնք շեշտադրում են, որ բանակցություններում քննարկվող հիմնական փաստաթուղթը փոխել է բովանդակությունը՝ ըստ փաթեթային կամ փուլային տարբերակների, դա, իհարկե, այնքան էլ հաճելի զարգացումներ չեն այն տեսանկյունից, որ նախկինում ուեինք ավելի հաջող պայմաններ»։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, և բացականչական նշան», Ալեքսանդր Մարկարով ասաց՝ էական ոչ մի բան Ադրբեջանի հայտարարությունների մեջ չի փոխվել։

«Վերջին տարիներին Ադրբեջանը չի դադարել Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի տարածք․ նրանց համար դա հենց տարածքի խնդիր է, ոչ թե բնակչության և պատրաստ են քննարկել ինչ-որ մի ձևաչափ այս բնակչության համար։ Բայց հաշվի առնելով անընդհատ հնչեցվող տարբերակը, որ այս տարածքը Ադրբեջանի մասն է, ամբողջ բանակցային գործընթացի նպատակը, որին մասնակցում է Ադրբեջանը, ուղղված է նրան, որ իր այս հայտարարությունը դառնա իրականություն։ Ի տարբերություն հայկական դիրքորոշման, որտեղ մենք ունենք օբյեկտիվ իրականությունը՝ դե ֆակտո  Ղարաբաղի սեփականության, որտեղ փորձում ենք այս դե ֆակտո իրավիճակը դարձնել դե յուրե։ Ադրբեջանը փորձում է իրենց երևակայած իրականությունը դարձնել ռեալ իրականություն։ Տարբերությունն այստեղ այն է, որ իրենց պատկերացումները և այսօրվա իրականությունը չեն համընկնում, այն ժամանակ, որ մեր պատկերացրած իրականությանը փորձում ենք իրավական համապատասխան ձևակեպում տալ»,-ասաց նա։

Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ «20-րդ դարի սկզբին ադրբեջանցիների հինավուրց քաղաք Իրեվանը տվեցին Հայաստանին և դա չի կարելի ներել»։ Ալեքսանդր Մարկարովն ընդգծեց, որ սպառնալիքը, որ Բաքուն հնչեցնում է ունի կոնկրետ մարմնավորումներ, երբ պարբերաբար ռմբակոծում է կամ դիվերսիոն գործողություններ են իրականցնում, մասնավորապես, Տավուշի մարզում։

«Սա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը՝ սուվերենիտետին, որպես անկախ պետության։ Այս մաքսիմալիստական ձեռքբերումներին ուղղված հայտարարությունները հնչեցվում են, որպեսզի գոնե հետագայում Ղարաբաղը ձեռք բերելու համար իբրև թե զիջեն դրանց մի մասը»,-ասաց նա։

Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված այսօրինակ սպառնալիքներին ՀԱՊԿ-ից մի քանի անգամ պատասխանել են, որ եթե իրավիճակը փոփոխության ենթարկվի, ՀԱՊԿ-ը պատրաստ է միացնել այն մեխանիզմները, որոնք ամրագրված են համապատասխան կանոնադրական կետերով՝ նշեց Մարկարովը։ Բայց, ըստ նրա, առայժմ Հայաստանը ի վիճակի է ինչպես բանավոր, այնպես էլ գործնական սպառնալիքներին պատասխանել համարժեք և ադրբեջանական կողմը դա շատ լավ զգում է։

«Պարզ է, որ այս հռետորաբանությանը ուշադրություն չդարձնել հնարավոր չէ և պետք է դա ստանա համարժեք պատասխան։ Ասելուց առաջ, որ համապատասխան տարածքը դիտարկվում է որպես Ադրբեջան, պետք է նախ հիշել՝ երբ է ստեղծվել Ադրբեջանը և երբ է նախկինում եղել Ադրբեջանական պետությունը, եթե իհարկե եղել է»,-ասաց նա։

Գիտակից մարդիկ, իհարկե, նրա համոզմամբ, հասկանում են այս թեզերի կեղծ լինելը, բայց նրանց հետ, ում ուղղված են այս հայտարարությունները, պետք է աշխատել՝ անցկացնել պատմաբացատրական աշխատանքներ։

Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ասել էր, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Ալեքսանդր Մարկարովը նկատեց՝ նախ սխալ է, որ Զանգեզուրը փոխանցվեց Հայաստանին․ Զանգեզուրը եղել է և՛ Առաջին Հանրապետության մաս, և՛ եղել է այն ժամանակ, երբ Հայաստանը հանդես է եկել որպես Ռուսաստանի կայսրության մաս՝ այն ժամանակ ևս դիտարկվում էր որպես հայկական․ «Այստեղ պետք չէ հնչեցնել այն, ինչը չի համապատասխանում իրականությանը․ Զանգեզուրը չի փոխանցվել Հայաստանին, այլ Զագեզուրը, շնորհիվ 1920-21 թթ որոշ գործողությունների, մնացել է Հայաստանի մասը»։

Փաստերը այսպես խեղաթյուրելով՝ լսողի մոտ ենթագիտակցական ֆոն ստեղծելը, որ Զանգեզուրը, իբր, տվել են հայերին կամ Երևանը, իբր, Ադրբեջանի մաս է, Ալեքսանդր Մրակարովը ինֆորմացիոն պատերազմի դրսևորում է համարում։

«Քանի որ համարվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հանդես է գալիս որպես հիբրիդային պատերազմ, դա ենթադրում է նաև կարևոր ինֆորմացիոն պոստճշմարտության էլեմենտի կիրառում։ Համապատասխանորեն, այս ինֆորմացիոն պատերազմը ընդհանուր պատերազմի մասն է հանդես գալիս, որտեղ կիրառվում են բոլոր հնարավոր և անհրաժեշտ մկջոցները՝ սեփական դիրքորոշումը արտահայտելու և համապատասխան կողմնակիցներ ձեռք բերելու համար»,-ասաց նա։

Երևույթը, սակայն, նրա համար զարմանալի չէ․ Մարկարովը վստահեցրեց, որ ի պատասխան այս հնարքների հայկական կողմը տասնյակ տարիներ մշակել է բազմաթիվ կոնտրփաստարկներ։

«Եվ այստեղ խնդիր չպիտի առաջանա, իբր, ասենք, Ադրբեջանը օգտագործում է նոր հնարքներ պրոպագանդայի ժամանակ․ ճիշտ չէ՝ փաստարկները բավական հայտնի են և կոնտրփաստարկային բազան ներակայացված»,-ասաց նա։

Մարկարովի համոզմամբ, հայկական կողմը այս քաղաքականությանը ոչ թե պետք է ռեակտիվ արձագանքի, այլև պրոակտիվ քաղաքականությամբ կանխի համապատասխան դիրքորոշում հայտնելու հնարավորությունը և թույլ չտա այդ չակերտավոր «ճշմարտությունները» ներկայացնել ցանկացած հարթակում։

«Դա անխուսափելի է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ միջոցները շարունակվելու են Բաքվի կողմից մինչև այս բանակցային գործընթացի ավարտը, դրա համար նա փորձելու է ստեղծել համապատասխան միջավայր այս չակերտավոր «փաստարկները» ընդունելի դարձնելու համար այն մարդկանց համար, ովքեր առնչվում են գործընթացին»,-նշեց քաղաքագետը։

Հայաստանը այս ամենի կանխարգելման համար կարող է օգտագործել գոյություն ունեցող իրավական բազան՝ ցույց տալու համար, որ Բաքվի փաստարկները առնվազն անհիմն են, իսկ պատմությունը միշտ չէ, որ Ադրբեջանին տրամադրում է հնրավորությւոն ապացուցելու իրենց ճշմարտությունը՝ ասաց Մարկարովը։

«Մենք չենք օգտագործում և չենք ձգտում օգտագործել պատմական գործոնը ինչ-որ ճշմարտություն ապացուցելու համար, մենք օգտագործում ենք ազգերի ինքնորոշման իրավունքը որպես փաստ, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարել է իր անկախությունը նույն ձևով, ինչպես Ադրբեջանը 1991 թ-ին, իսկ պատմական գործոնները կարող են հանդես գալ որպես ֆոն։ Որովհետև միջազգային կոնֆլիկտները այսօր կա՛մ ստանում են զուտ ռազմաքաղաքական, կա՛մ իրավական լուծում․ պատմական փաստարկը հանդես չի գալիս իբրև հիմնական էլեմենտ՝ կարգավորման համար»,-ասաց նա։

 Կեղծ պատմություն հորինելով՝ Ադրբեջանը փորձում են իրականացնել քաղաքական սոցիալականացման գործընթաց՝ նկատեց քաղաքագետը, ստեղծելով այն սերունդը, որը վստահ է լինելու Ադրբեջանի ճշմարտության մեջ և որը վստահ է լինելու, որ համապատասխան տարածքները պատմականորեն պատկանում են Ադրբեջանին և նրանք պետք է պայքարեն այդ տարածքները Ադրբեջանին միացնելու համար։ Այսուհանդերձ,  պատմությանը քննադատաբար մոտենալու դեպքում այդ սերունդները կպահանջեն ցույց տալ, ասենք, հնագույն Ադրբեջանի առկայությունը քարտեզների վրա կամ հին Ադրբեջանի տարադրամները, որոնք կապացուցեն, որ գոյություն է ունեցել այդպիսի պետություն, այնինչ դրանք չկան։

«Պատմությունը ոչ միայն պատմություններն են անցյալի մասին, այլև պատմությունը թողնում է նաև նյութական համապատասխան հետք։ Այդ հետքի բացակայության պայմաններում պատմությունը դառնում է հեքիաթ․ հեքիաթներին հավատում են համապատասխան տարիքում կամ համապատասխան մտավոր ունակություններով մարդիկ՝ երեխաները։ Բայց ինչքան մեծանում են, այնքան քիչ են հավատում հեքիաթներին, քանի որ անհրաժեշտ է փաստագրական բազա։ Եթե այս փաստագրական բազան չկա, դուք պետք է որպես հավատ ընդունեք այն, ինչ ասում են առանց փաստերի․ իսկ դա նշանակում է, որ քննադատական մտածելակերպը բացակայում է, որը այդքան էլ լավ չէ, սովորաբար, քաղաքացու համար»,-բացատրեց Մարկարովը։

Հայկական կողմը տարբեր լսարաններում, բնականաբար, կիրառում է տարբեր հնարքներ և փաստարկներ սեփական դիրքորշումը հիմնավորելու համար։

«Հայկական կողմը օգտագործում է այն լեքսիկոնը, որ, այո՛, մենք ունենք Հայկական հարց և Հայկական հարցի մեջ այսօր կա Արցախի հարցը, որ ստացել է իր լուծումը 1990-ական թթ-ին։ Հիմա մեր խնդիրն այն է, որ նախկինում՝պոստսևրյան աշխարհում, եթե Հայկական հարցը չի ստացել այն լուծումը, որը եղել է ներկայացված, բայց իրականություն չդարձած, գոնե հիմա փորձենք լուծում գտնել և իրականությունը պահպանել այնպես, ինչպես կա, այլ ոչ թե ունենանք այն պատկերացված հանրությունը, որը եղել է պատկերացված քարտեզի վրա։ Հիմա մենք ունենք իրական ձեռքբերում, որը պետք է պահպանենք»,-ասաց նա։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության ժամանակ հոխորտաց՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի և խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն արդյունքներից, քանի որ իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել:

Ալեքսանդր Մարկարովը համարում է, որ կարելի է ողջունել այս հայտարարությունը և տարածել՝ ապացուցելով որ հենց ադբեջանական կողմն է հանդես եկել որպես ապրիլյան պատերազմի նախաձեռնող․ «Մենք ողջունում ենք պատմական և քաղաքական ճշմարտությունը, ինչպես նաև համարձակությունը, որով ադրբեջանական կողմն է հանդես եկել՝ ռազմական գործողություների նախաձեռնողը»։

Աննա Բալյան

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica