close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+26°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական կողմը հակված է բողոքարկել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը․ Սիրանույշ Սահակյան

Իրավունք

29 Մայիսի 2020, 21:39
 Հայկական կողմը հակված է բողոքարկել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը․ Սիրանույշ Սահակյան

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումից հետո երկու հնարավոր սցենար կարող է զարգանալ․ առաջինը, երբ վճիռը չի բողոքարկվում և երեք ամիս անց մտնում է օրինական ուժի մեջ՝ այդ դեպքում ԵԽ նախարարների կոմիտեում հսկայական դիվանագիտական և քաղաքական աշխատանք պետք է տարվի, և երկրորդ սցենարը, երբ վճիռը բողոքարկվում է՝ այս պարագայում Մեծ պալատում կսկսվի հրապարակային գործընթաց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի հարազատների և Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։

Նա կանխատեսում է, որ Ադրբեջանը պարտադիր փորձելու է բողոքարկել ՄԻԵԴ վճիռը՝ հնարավոր քաղաքական ռիսկերը գոնե մեկ տարի ևս հետաձգելու նպատակով։ Եվ եթե Մեծ պալատը սկսի քննել, այս պարագայում, Սիրանույշ Սահակյանի խոսքով, Հայաստանի խնդիրը պետք է լինի որպես երրորդ անձ ներգրավվելը այդ դատական գործընթացներում, աջակցելը դիմումատուների իրավաբանական թիմին, որպեսզի իրենք հաջողությամբ պահպանեն գոյություն ունեցող արձանագրումները՝ բացառիկ հաղթանակը։

Հայկական կողմը ևս մտածում է բողոքարկել վճիռը․ «Մենք այս պահին հակված ենք Հունգարիայի մասով բողոքարկել։ Եթե նաև մեր վստահորդների հետ ունենանք միասնական դիրքորոշում, ապա հետագա գործընթացներ կունենանք Մեծ պալատում։ Դիմումատուների մասով այդ բողոքարկման շեմը ավելի հեշտ հաղթահարելի է, մենք ունենք նաև ի նպաստ մեզ հատուկ դատական կարծիք և, որպես կանոն, այդ հատուկ դատական կարծիքներին Մեծ պալատը վարույթ ընդունելիս ուշադրություն դարձնում է»։

Բողոքարկելու դեպքում արդեն գրանցված հաղթանակից էլ զրկվելու ռիսկը, Սիրանույշ Սահակյանի խոսքով, հաշվի առնվելու է։

«Վճռի հիմնավորվածությունը և դատավորների քվեարկության արդյունքները տեսնելով՝ մենք մտավախություն չունենք եղածը չպահպանելու հետ կապված։ Ավելին, խնդիր ենք տեսնում նաև Հունգարիայի մասով պատասխանատվության հարցեր ամրագրելը։ Եթե մեծ ռիսկեր գնահատենք՝ չենք գնա։ Եվ երկրորդը, անկախ մեր բողոքարկումից՝ Ադրբեջանը կգնա, բայց մենք բարձր չենք գնահատում Ադրբեջանի կողմից եղած վճիռը ի վնաս մեզ փոփոխելու հնարավորությունները»,-ասաց նա։

Բողոքարկելու դեպքում գործը կքննվի ամբողջությամբ՝ միայն առանձին Հունգարիայի հետ պրոցես չենք ունենալու․ այլ հարց է՝ ո՛ր մասով դատարանը կպահպանի վճիռը, ո՛ր մասով՝ կվերանայի, սա ցույց կտա դատական պրոցեսը։

Այսուհանդերձ, Սիրանույշ Սահակյանը փաստեց, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից վճիռը բողոքարկելը դա դեռ չի նշանակում, որ գործը կընդունվի վարույթ և Մեծ պալատը կսկսի քննել․ «Բողոքարկումը չի հանգեցնում պարտադիր վճռի քննարկում Մեծ պալատի կողմից։ Այսինքն, Ադրբեջանը կարող է բողոքարկել, բայց դա վարույթ չընդունվի, մենք կարող ենք բողոքարկել, վարույթ չընդունվի և դրանով հարցը կավարտվի»։

Գումարային փոխհատուցմանն անդրադառնալով՝ Սիրանույշ Սահակյանը հստակեցրեց, որ Գուրգեն Մարգարյանի ընտանիքին որևէ փոխհատուցում չի տրամադրվելու, իրենք այդպիսի պահանջ չեն ներկայացրել, դատարան ներկայացված գանգատում նշել են, որ այս գործը գտնվում է իրավական և բարոյական հարթությունում՝ կորսված կյանքը դրամական գնահատման ենթակա չէ, անգին է, իսկ վճռի մեջ նշված պարտավորությունը, որ Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15.143 ֆունտ սթերլինգ՝ որպես ծախսերի փոխհատուցում, վերաբերում է փաստաբանական ծախսերիի հատուցմանը։

«Ընդ որում, նշենք, որ ներպետական փաստաբանները, ի դեմս ինձ և Լևոն Գևորգյանի, նույնպես փոխհատուցման պահանջ չեն ներկայացրել, այստեղ խոսքը միայն անգլիացի ներգրավված փաստաբանի ծախսերի հատուցման մասին է։ Թե՛ ընտանիքը, թե՛ մենք զերծ ենք մնացել փոխհատուցման պահանջից, որովհետև այս գործը մեզ համար արդարության մասին է, իրավունքների խախտման արձանագրման և հետագա կանխման մասին է»,-ասաց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի հարազատների և Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչը։

Միջազգային դատարանի վճռի կատարման առաջին պատասխանատուն, Սիրանույշ Սահակյանի խոսքով, ԵԽ նախարարների կոմիտեն է, բայց չկատարման դեպքերը կանխելու համար այլ մեխանիզմ ևս մշակվել է, որն, ի դեպ, առաջինը կիրառվել է հենց Ադրբեջանի վրա։

«2014 թ-ից դատարանում եղան բարեփոխումներ և եթե նախարարների կոմիտեն քաղաքական պատճառներով ձախողում է վճիռների կատարումը, ինչի հնարավորությունը կա, որովհետև դա քաղաքական մարմին է, ապա նոր դերակատարում ստանձնեց Եվրոպական դատարանը և  առաջին անգամ խախտումների ընթացակարգ սահմանվեց, որ երբ պետությունը չի իրականացնում դատարանի պահանջները, այս պարագայում գործը գնում է նորից Եվրոպական դատարան և Եվրոպական դատարանը արձանագրում է պարտադիր վճռի չկատարումը և պահանջում է սանկցիաների կիրառում պետության նկատմամբ և նաև մատնանշում է այն միջոցը, որով պետությունը պետք է կատարի, որպեսզի չենթարկվի սանկցիաների»,-պարզաբանեց Սիրանույնշ Սահակյանը։

2019 թ-ին առաջին անգամ այս գործընթացը գործարկվեց հենց Ադրբեջանի նկատմամբ Իլմար Մամեդովի գործով․ ճնշումների ներքո Ադրբեջանը ստիպված եղավ կատարել ընդդիմադիր գործչի գործով վճիռը և ազատ արձակել նրան։

Հայկական կողմը մտադիր է պահանջել, որ նախ՝ չեղարկվի Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հրամանագիրը, քանի որ կարծում է, որ դա միակ միջոցն է, որ կվերականգնի նախկին դրությունը։

«Բայց մենք միայն սրանով չենք սահմանափակվելու․ չպետք է մոռանանաք, որ վճռում արձանագրվել է նաև հակահայկական քաղաքականություն և այս պարագայում մենք նաև պահանջելու ենք, որ Ադրբեջանը իր հասարակությանն ուղղված հատուկ միջոցներ ձեռնարիկի, որպեսզի վերջ դնի սեփական հասարակությունում հայերի նկատմամբ ատելությանը՝ սա ևս վճռի պահանջ է և այստեղ մեծ հետևողական աշխատանքի կարիք կա թե՛ քաղաքական, թե՛ իրավական և թե՛ դիվանագիտական մակարդակներում։

Արցախի հարցի կարգավորման գործընթացի վրա ևս այս վճիռը հսկայական ազդեցություն կարող է ունենալ։

«Քանի որ այս վճիռը իրավաբանորեն ամրագրում է, որ հայերի էթնիկ անվտանգությունը վտանգված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, և վերջինս էթնիկ պատկանելության հիմքով սպանություններ է գործում հայերի նկատմամբ, ապա քանի դեռ քաղաքականության փոփոխություն գոյություն չունի, այս պարագայում հայերի համագոյակցությունը համադրելի չէ Ադրբեջանի ժողովրդի հետ՝ այդ իշխանությունների ներքո»,-փաստեց Սիրանույշ Սահակյանը։

ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատական գործընթացը նախաձեռնվել է 2013 թ-ին, բուն դատավարական պրոցեսները ավարտին են հասցվել 2019 թ-ին, և վերջին մեկ տարում հիմնականում վճռի մշակման փուլն է եղել։ ՀՀ իշխանությունները 2015-ից  ներգրավված են եղել որպես երրորդ կողմ։ Սիրանույշ Սահակյանն ասաց՝ նախընտրել են գանգատը ներկայացնել ոչ թե պետության, այլ ընտանիքի անդամների անունից, քանի որ պետության ներգրավվածությունը կարող էր խանգարել Մինսկի խմբի գործընթացին․ այս նկատառումով Ադրբեջանը ևս զերծ է մնում պետության մակարդակով հայցերից։

Այս տարիներին հսկայածավալ աշխատանք է տարվել Եվրոպական դատարանում՝ փաստեց Սիրանույշ Սահակյանը․ «Մենք մեծ խոչընդոտներ ենք հաղթահարել նաև հաշվի առնելով այն մասը, որ այս գործի նախնական ուսումնասիրությունը՝ նախապատրաստումը կատարել է ադրբեջանական սեկցիան։ Դա ուղղակի Եվրոպական դատարանում գործող կանոն է, որ գործը ներկայացվում է այն սեկցիային, որտեղ ներկայացված է պատասխանող պետության ազգային դատավորը։ Եվ հասկանալի է, որ այս սեկցիայում մենք չենք ունեցել Հայաստանի ազգային դատավորին, փոխարենը ունեցել ենք երկու պատասխանող պետությունների դատավորներին, որոնք մեծ քաղաքական շահեր ունենալով՝ շատ սերտորեն աշխատել են իրենց կոլեգաների հետ՝ հնարավորինս իրենց պետության մոտեցումները իրացնող դիրքորոշումներ կորզելու նպատակով»։

Սիրանույշ Սահակյանի խոսքով՝ խնդիրներ են առաջացել նաև քարտուղարական մակարդակում, որտեղ ներգրավված են ադրբեջանցի իրավաբաններ, անթույլատրելի ձգձգումների են ականատես եղել։

«Այս կարևորության գործը, որպես կանոն, Եվրոպական դատարանում պետք է քննվեր առաջնահերթության կարգով և ենթադրելի էր, որ մենք առնվազն 3-4 տարի հետո պետք է ունենայինք վճիռ։ Բայց վերջիններիս լրջագույն ջանքերի և այնտեղ գտնվող թուրքական լոբբինգի արդյունքում ունեցանք անթույլատրելի ձգձգումներ․ հնարավոր հետևանքները հասկանալով, գոնե ուզում էին ուշացնել այս դրական վճռի քաղաքական հետևանքները»,-ասաց նա։

Այս պահին, քանի դեռ մենք փոփոխված դիրքորոշում չունենք, մեր կառավարությունը պետք է բոլոր քաղաքական հարթակներում վկայակոչի վճիռը և փակի ցանկացած քաղաքական քննարկում, որը կենթադրի հայերի ապրելը Ադրբեջանի իշխանության ներքո․ «Որովհետև այս վճիռը Ադրբեջանի հակահայկական քաղաքականության փաստը հաստատված համարելով՝ արգելափակում է հայերի անվտանգ կենսագոյությունը Ադրբեջանի իշխանությունների ներքո»։

Սիրանույշ Սահակյանը փաստեց՝ ՄԻԵԴ վճռում շատ հիմնավոր իրավական հիմքեր կան, բայց պրոցեսի մասնակից ՀՀ ԱԳՆ-ն պետք է պրոակտիվ գտնվի, որ մաքսիմալ քաղենք այս վճռի իրավական, քաղաքական արդյունքները, իսկ այս վճիռը անգնահատելի պոտենցիալ ունի և լուրջ խաղաթուղթ է մեր դիվանագետների ձեռքում։

Գուրգեն Մարգարյանի գործով ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի դիրքորոշումը՝ այստեղ։

Աննա Բալյան

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
9 Հուլիսի 2020, 11:00 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica