close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տնտեսական

29 Մայիսի 2020, 18:11
 Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումներին վերաբերող հարցեր

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերը մայիսի 29-ին հեռավար հանդիպում են ունեցել՝ քննարկելու ՏԿԵ նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցությամբ Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում արձանագրված հաջողությունները և նախանշելու համագործակցության հետագա շրջանակը: Այս մասին Yerkir.am-ի տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին ուղղված օժանդակության համար՝ նախարար Պապիկյանը վստահություն է հայտնել, որ նոր կորոնավիրուսի համավարակի պատճառած անհարմարությունները չեն անդրադառնալու երկու երկրների կառավարությունների միջև բարեկամական հարաբերությունների վրա, և համատեղ աշխատանքի արդյունավետությունը չի տուժելու:

Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել նախարարության հետ տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընկերային հարուստ փորձը և վերահաստատել համայնքային կարողությունների զարգացման ու ապակենտրոնացված կառավարման գործում ՀՀ կառավարության նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում նախարար Պապիկյանն անդրադարձել է համայնքների միավորման գործընթացում ՀՀ կառավարության իրականացրած քայլերին և օրենսդրական բարեփոխումներին

«Երկու տարվա ուսումնասիրություններից և եզրահանգումներից հետո  մենք արդեն հրապարակային խոսում ենք համայնքների միավորման արդյունավետության մասին: Պետք է փաստել, որ այսօր ունենք խոշորացված համայնքներ, որոնք տարբեր ուղղություններով դարձել են ինքնաբավ և շնորհիվ իրենց տնտեսական ներուժի պատրաստ են վերցնել կառավարման որոշակի լիազորություններ»,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ առաջիկայում Իջևան և Լերմոնտովո խոշորացված համայնքների ձևավորմամբ կտրվի համայնքների միավորման նոր փուլի մեկնարկը: Օրենսդրական բարեփոխումների շրջանակում նախարարը կարևորել է նաև բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգի ներդրումը, դրա արդյունքում ավագանու դերի մեծացումը և փոխզսպման մեխանիզմի ամրապնդումը:

«ԱՄՆ ՄԶԳ-ն ևս համայնքների միավորման գործընթացի շարունակակությունը համարում է կարևոր խնդիր և նպատակ: Մենք կարծում ենք, որ ապակենտրոնացված և առավել կայացած տեղական ինքնակառավարման շնորհիվ հնարավոր է գյուղական բնակավայրերում ապահովել տնտեսության զարգացման նոր հեռանկարներ: Սա նրանց կդարձնի առավել դիմակայուն, ինչը հատկապես կենսական է COVID-19 ճգնաժամին արձագանքելու տեսանկյունից»,-ասել է Դեբորա Գրիզերը և հավելել, որ համայնքային կարողությունների զարգացմանն աջակցելու հանձնառությունը կշարունակի մնալ ԱՄՆ ՄԶԳ 5-ամյա նոր ռազմավարության պլաններում:

Խոշորացված համայնքների կառավարման առավելությունների թվում նախարարը մատնանշել է աղբահանության իրականացումը, տրանսպորտային ցանցի գործարկումը, գյուղատնտեսական տեխնիկայով վերազինման հնարավորությունը: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ երկարամյա ներդրումները միավորված համայնքներում ծառայությունների բարելավման, բնակավայրերի ռեսուրսների հզորացման, տեխնիկական համալրման ուղղությամբ:

«Միավորման գործընթացը կարևոր է առաջին հերթին հենց բնակչի համար: Այն պետք է ընթանա սահուն, քաղաքացիների համար ընկալելի՝ հանրային քննարկումների արդյունքում վերհանելով գործընթացի դրական կողմերը: Լիահույս եմ, որ ձեր գործուն աջակցությամբ տեղական ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին կարձանագրենք իրական փոփոխություններ, իսկ համավարակին արձագանքելու արդյունավետ միջոցառումների ձեռնարկմամբ տնտեսական հեռանկարային առաջընթաց»,-ամփոփել է նախարար Պապիկյանը:

Զրուցակիցները վերահաստատել են առկա համագործակցությունը խորացնելու փոխադարձ պատրաստակամությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica