close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2020
+28°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2020
USD1483.36
GBP1604.97
EUR1545.47
RUB16.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համավարակ. պատասխանատվության շրջանը

Քաղաքական

29 Մայիսի 2020, 17:43
 Համավարակ. պատասխանատվության շրջանը

Ինչ տաղանդավոր ազգ ենք…

Մեր պետությունում կամ ամբողջ աշխարհում, ինչ դեպք տեղի է ունենում, մենք ազգովի դառնում ենք այդ բնագավառի մասնագետը:

Մեր սահմանին լարված իրավիճակ է լինում, բոլորը ռազմագետ ենք,  մեր ֆուտբոլի հավաքականը պարտվում է, բոլորս՝ լավ մարզիչ ու ֆուլբոլիստ ենք, հիվանդների բուժումը մի փոքր երկար է տևում, բոլորս հեքիմ ու կախարդական փայտիկ ունեցող բժիշկներ ենք դառնում… Վերջին երկու տարում բոլորս քաղաքագետ ենք դարձել, կորոնավիրուսի ժամանակ՝ վարակաբան ենք դարձել… վա՜յ մեզ պես վարակաբաններին:

Այս վիրուսային օրերին, էլ վարկած, լեգենդ, երևակայությունից դուրս կարծիք ասես չլսեցինք պատերի տակ ամբողջ օրն անցկացնող մարդկանց կողմից՝ վիրուսի մասին. էլ «հնարած ա», «տո այ ցավդ տանեմ, էս սարքովի ա, սարքել են, որ տարիքով մարդիկ մեռնեն, թոշակ չտան»:

Զգացե՞լ եք, այս օրերին ազգովի էպոսագիր ու փիլիսոփա են դարձել:

Անկեղծ, աբսուրդի հասնող կարծիքներ են, որոնք նաև ծիծաղ են առաջացնում: Լավ, եկե՛ք մի պահ տեղափոխվենք աբսուրդի ժանր ու հավատանք, որ սա սարքած է, բայց, ամեն դեպքում սրանից մարդիկ են չէ՞ մահանում, ոչ մեկս ապահովագրված չէ մահանալուց, ու մի քանի քայլեր անելով, մենք կխուսափենք անդրշիրիմյան կյանքից: 

Եթե տանը մնանք, դուրս գալիս դիմակով ու ձեռնոցով լինենք, հաճախակի ախտահանենք ձեռքերը, դիմացինի հետ շփվելիս հեռավորություն պահպանենք, այդ սարքած վիրուսով ո՞նց ենք վարակվելու: Դժվար թե, մի անտեսանելի հոգի վիրուսի սրվակը գցի մեր գրպանն ու փախչի:

Մի պահ նվազեց վարակվածների թիվը, ինչը, բնականաբար, ուրախացրեց բոլորիս: Այս փաստից ոգևորված շատերը միանգամից վերադարձան իրենց նախկին՝ բնականոն կյանքին, ասես՝ ոչ մի բան էլ չէր եղել:

Գիտե՞ք, ես ինչ-որ տեղ չեմ մեղադրում մեր ժողովրդին: Մենք այնպիսի հարուստ երկրում չենք ապրում ու չունենք այնպիսի ֆինանսկական ապահովվածություն, որ կարողանանք երկու ամիս և ավելի առանց աշխատելու ապրենք: Աշխատելու ժամանակ չենք կարողանում նորմալ ապրել, հազիվ գոյություն ենք քարշ տալիս, ուր մնաց առանց աշխատելու երկար ժամանակ կարողանանք ապրել: Բայց կարող ենք այս ամեն անել՝ առանց ինքներս մեզ, մեր դիմացիններին, մեր ընտանիքին վտանգելու:
Ներկայիս իշխանության հանդեպ առանձնակի համակրանք չունեմ: Այո, նրանց շրջանում քաոտիկ, տարերային և անհասկանալի մի վիճակ է: Չկա օրենք կամ որոշում, որը լրջորեն կգործի՝ տալով ցանկալի արդյունք: Դա առանձին քննարկման հարց է: Եվ այս պայմաններում՝ մենք պետք է հասկանանք ու ունենաք այդ պատասխանատվությունը, որ, եթե չենք մտածում ինքներս մեր մասին, մտածենք մեր մտերիմների ու ուղղակի մեզ շրջապատող անծանոթ հայրենակիցների մասին:
Վերջին օրերին, Երևանի փողոցներում, գրեթե նույն եռուզեռն է, ինչպես մինչև համավարակն էր: Տասից հազիվ հինգն են պահպանում անվտանգության նվազագույն կանոնները:

Իրականում, այդքան էլ հաճելի չէ այս տաք եղանակին դիմակ ու ձեռնոց կրելը, բայց երբ նժարի մյուս կողմում մարդկային կյանքն է դրված. ուղղակի պարտավոր ենք:
Դժվար ժամանակներ են, բայց սրանք էլ կանցնեն: Հոգ տանենք իրար առողջության նկատմամբ, որ եկող՝ լավ ժամանակները միասին դիմավորենք:

Առողջություն բոլորիս:

 

Իշխան Թովասյան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica