close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ որոշումը Գուրգեն Մարգարյանի գործով

Իրավունք

26 Մայիսի 2020, 13:58
 Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ որոշումը Գուրգեն Մարգարյանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը, որով արձանագրել է՝ Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 2-րդ հոդվածը, այն է՝ կյանքի իրավունք, և 14-րդ հոդվածը, այն է՝ խտրականության արգելք. հայտնում է Yerkir.am-ը։ 

Ադրբեջանը պարտավորվել է դիմումատուներին վճարել 15.143 ֆունտ սթերլինգ։

ՄԻԵԴ վճռում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։  Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15.143 ֆունտ սթերլինգ՝ որպես ծախսերի փոխհատուցում»։

Նշենք՝ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։

Միևնույն ժամանակ ՄԻԵԴ վճռի փաստական հանգամանքներում ասվում է, որ այստեղ  խոսքը Հունգարիայում դատապարտված մարդասպանին ու Ադրբեջան տեղափոխվելուց հետո շնորհված նախագահական ներման մասին է, որտեղ նա պետք է կրեր պատժի մնացած մասը։

Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են հայ երկու քաղաքացիներ՝ Հայկ Մակուչյանը (ծնված՝ 1975թ․-ին) և Սամվել Մինասյանը (ծնված՝ 1958թ.), որն այժմ մահացած է. նրա փոխարեն հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները։

Գործի նախապատմությունում ասվում է՝ 2004 թ.-ին Հայկ Մակուչյանը և Մինասյանի ազգականը (քրոջ որդին)՝ Գուրգեն Մարգարյանը, որոնք հայկական բանակի անդամներ էին, մասնակցում էին անգլերենի դասընթացի Բուդապեշտում, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից: Դասընթացին մասնակցում էին նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր պետությունից երկու մասնակից, այդ թվում ՝ Ադրբեջանից:

Դասընթացի ընթացքում ադրբեջանցի զինծառայողներից Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանել է քնած Գուրգեն Մինասյանին։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի սենյակ՝ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալելը:

Սաֆարովը դատապարտվել էր բացառապես դաժան և կանխամտածված սպանության ու սպանության նախապատրաստման համար և դատապարտվել էր Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:

Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը չի զղջացել՝ խոստովանելով, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին՝ իր հայկական ծագման պատճառով, և քանի որ դասընթացի հայ մասնակիցները նրան հրահրել և ծաղրել են:

2012թ․-ին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով, Սաֆարովը տեղափոխվել է Ադրբեջան՝ պատժի մնացած մասը կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն: Այնուամենայնիվ, նրա՝ Ադրբեջան ժամանելուն պես, Սաֆարովը նախագահական ներում է ստացել, ազատ արձակվել ու մայորի կոչում ստացել, արժանանալով նաև բնակարանի և ութ տարվա աշխատավարձի:

Դիմումատուների խոսքով՝ որ Ադրբեջանը պատասխանատու էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից, և քանի որ նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է նրա պատժի լրիվ կատարումը: Նրանք դժգոհում են, որ Հունգարիան ևս խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը`տրամադրելով և կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ հայցը՝ առանց համապատասխան պատշաճ պարտավորություններ ձեռք բերելու, որ նա կկրի իր պատիժն Ադրբեջանում: Միևնույն ժամանակ, ըստ դիմումատուների 14-րդ հոդվածի համաձայն (խտրականության արգելում)`2-րդ հոդվածի հետ միասին, հարձակումը եղել է էթնիկ դրդապատճառներով ատելության հանցագործություն, որը Ադրբեջանի կառավարությունն ընդունել էր և հաստատել` սպային նախագահական ներում շնորհելով և խրախուսանք տալով:

Դատարանի ամբողջական որոշումն՝ այստեղ.

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը։ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման, իսկ 2012թ. Օգոստոսի 31-ին Հունգարիայի և Ադրբեջանի միջև իրականացված երկարատև բանակցություններից հետո Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել ու բնակարան նվիրել։ 

Yerkir.am-ն ավելի վաղ ծավալուն հոդվածով անդրադարձել էր հայ սպայի սպանությանն ու դրան հաջորդած իրադարձություններին։ 

Առավել մանրամասն՝ այստեղ.


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica