close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+26°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զինվորագրումից ոչնչացում. հայերի ծառայությունն օսմանյան բանակում

Հասարակություն

23 Մայիսի 2020, 17:46
 Զինվորագրումից ոչնչացում. հայերի ծառայությունն օսմանյան բանակում

19-րդ դարում իրականացվող լուրջ փոփոխությունների համատեքստում բարեփոխումների է ենթարկվում նաև Օսմանյան կայսրության ռազմական համակարգը: 1843 թ. սեպտեմբերին ընդունվում է նոր օրենք, համաձայն որի` օսմանյան բանակը վերակազմավորվում է եվրոպական բանակների օրինակով1:1864 թ. Կ. Պոլսում միայն մուսուլմանների համար սկսում է գործել Փանքալթըի զինվորական վարժարանը (Հարբիե): Սուլթան Աբդուլ Ազիզ II-ի (1861-1876) հրամանով` որպես փորձ հինգ հայ երտասարդներ (Գաբրիել Էքնայան, Կարապետ Բարաղամյան, Սիմոն Տատյան, Հովյան և Սինարյան) ընդունվում են վարժարան: Նրանց մտադիր էին մինչև հազարապետի (բինբաշի) աստիճանի բարձրացնել, սակայն հետո հրաժարվում են այդ մտադրությունից, և նրանց հարյուրապետության (յուզբաշի) աստիճանից բարձր կարգավիճակ չի շնորհվում2 :

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի տարիներին առաջանում է ոչ մուսուլմաններին զինվորագրելու հարցը: Հաջորդ տարիների ընթացքում ևս այն շարունակում է մնալ օրակարգում, սակայն որևէ լուծում չի ստանում գուցե այն պարզ պատճառով, որ Սուլթան Աբդուլ Համիդ II-ը (1876-1909) ոչ մուսուլման ժողովուրդների զինվորագրությունն ինքնասպանության հավասար բան էր համարում3:

1908 թ. օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո կայսրության` իսլամ չդավանող ժողովուրդները պա­հան­ջում են զին­վո­րագր­վելու իրավունք, սակայն նրանց զինվորագրման հարցում օսմանյան կառավարությունը տատանվում էր: Զինվորագրության հարցը հայկական շրջանակներում ևս միանշանակ չի ընդունվում: Ըստ օսմանյան բանակի հայազգի ապա Գ. Սյուրմենյանի` «պահպանողական տարրը հակառակ էր զինուորագրութեան, իսկ երիտասարդութիւնը կողմնակից էր»4:

1910 թ. օսմանյան խորհրդարանը լուրջ քննարկումներից հետո օրենք է  ընդունում իսլամ չդավանողներին զինվորագրելու մասին: 1910 թ. օգոստոսին և սեպտեմբերին հրա­տա­րակ­վում է զո­րա­կո­չի հրա­մա­նը5:

Զինվորագրության իրավունքի կարևորությունը արևմտահայերի համար արծարծվում է ժամանակի տարբեր թերթերի բազմաթիվ հրապարակումներում: Այսպես` «Ազատամարտը» գրում էր, որ քրիստոնյաների զինվորագրությունը Սահմանադրության մեծագույն հաղթանակներից մեկն է, և հայ ժողովուրդը պարտավոր է գոհ լինել նորակոչ զավակների առաջին զինվորական համազգեստով և առաջին զենքով6, իսկ «Բիւզանդիոն»-ը, քննարկելով հարցը, արձանագրում է. «Զինվորագրութեան իրավունք ոչ միայն զենքի գործածություն է և մարզանք է, այլև սրանով է միայն, որ պիտի փրկուինք կեավուրի զգացումներեն և հետևաբար անոր խղճուկ կերպարանքեն»7: Թերթերից բացի` օրենքին անդրադարձել են նաև տարբեր մտավորականներ` հրատարակելով գրքեր ու բազմաթիվ գրքույկներ ոչ միայն Օսմանյան կայսրությունում, այլև նրա սահմաններից դուրս: «Զինւորագրութեան օրէնքն ընդունւեց: Ամբողջ Օսմանեան երկիրը պիտի ներկայացնէ այսուհետև մի ձոյլ բանակ, կազմւած իր բոլոր կենսատու տարրերից, առանց խտրութեան ցեղի, կրօնի ու դաւանանքի»,- գրում էր Միքայել Վարանդյանը8:

Քաջ գիտակցելով զինվորագրության կարևորությունն ու դրա ընձեռած հնարավորությունները՝ մի շարք հայ երիտասարդներ դիմում են զինվորական բարձրագույն հաստատություններ: 1910 թվականից սկսած` նրանք Հարբիեի ուսանողներ էին, արդեն 1912 թ. Ամռանը` շուրջ 900 շրջանավարտների շարքերում՝ դառնալով օսմանյան բանակի առաջին հայ սպաները9:

Հայերի զինվորագրությանը հաջորդած պատերազմներն իսկական փորձություն էին նորակոչիկների համար, որը նրանք հաղթահարում են զինվորական պատվախնդրությամբ: Տրիպոլիական ու բալկանյան պատերազմների ժամանակ հայ զինվորները իրենց դրսևորում են որպես քաջարի ու անձնազոհ մարտիկներ և արժանանում բարձր հրամանատարական կազմի հիացմունքին ու գովեստին10:

Ծառայության առաջին տարիներին իրենց պարտականությունները կատարող հայ սպաներն ու զինվորները չէին էլ կասկածում, որ կարճ ժամանակ անց զինաթափվելու, ապա ոչնչացվելու են նույն պետության կողմից իրենց հետ նույն հրամանագրով զորակոչված զինակիցների միջոցով:

1914 թ. օգոստոսի 2-ին` Գերմանիայի հետ քաղաքական և ռազմական գաղտնի համաձայնագրի ստորագրումից հետո, իթթիհաթական վարչակարգը հայտարարում է համընդհանուր զորահավաք: Հայերը բանակ են զորակոչվում 3 փուլով։ Սկզբում զորակոչի են ենթարկվում 20-45, այնուհետև՝ 15-20, և վերջում` 45-60 տարեկան տղամարդիկ:

1914 թ. Առաջին աշխարհամարտի նախօրեին Փանքալթըի զինվորական վարժարանը ավարտում են ևս 8 հայ սպաներ` շատախցի Տիգրան Բաղդասարյանը, Արտաշես Ամիրյանը, վանեցի Մկրտիչ Շալճյանը, Մկրտիչ Խանճյանը, երզնկացի Գրիգոր Սարաֆյանը, Շահեն Թաթիկյանը, կարնեցի Վահան Փաստրմաճյանը, բաղեշցի Մեսրոպ Քաջբերունին11: Իսկ պատերազմի տարիներին բանակի կարիքները հոգալու համար վարժարանը ստիպված է լինում առավել արագ շրջանավարտներ տալ, որոնց մեջ կրկին կային բազմաթիվ հայ սպաներ ու ենթասպաներ12:

1915 թ. հունվարին Էնվեր փաշայի 120.000-անոց բանակը ջախջախվում է Սարիղամիշի ճակատամարտում: Թուրքական սպայակույտը գերությունից փրկվում է հայ զինվորների հերոսական դիմադրության շնորհիվ13, իսկ Էնվեր փաշան փրկվում է սեբաստացի սպա Հովհաննես Ակինյանի շնորհիվ, որը, ծանր վիրավորվելով, ավելի ուշ մահանում է14: Ինչպես նշում է Գ. Սյուրմենյանը, պատերազմի սկզբին Կովկասյան ճակատում մոտ 100 հայ սպա, զինվորական բժիշկներ և դեղագործներ կային: Միայն Հարբիեն ավարտած 16 հայ սպաներից 12-ը գտնվում էին հենց Կովկասյան ճակատում, որոնցից 5-ը սպանվում են (վերոնշյալ Հովհաննես Ակինյանը, հեծելազորի սպա Հարությունը, որը սպանվում է չեթեների կողմից Դերջանի մոտ, Շահեն Թաթիկյանը, որը սպանվում է Երզնկայի ոստիկանատանը, Մեսրոպ Քաջբերունին, որը Սեբաստիայում կախաղան է բարձրացվում): 2 սպա  (Գալուստ Սյուրմենյան և Տիգրան Բաղդասարյան՝ Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ) վիրավորվում է, 3-ը (Գառնիկ Նավասարդյան, Արտաշես Ամիրյան, Մկրտիչ Խանճյան)` գերի ընկնում15:

Սարիղամիշի պարտությանը հաջորդում է գլխավոր հրամանատար և պատերազմական նախարար Էնվեր փաշայի պաշտոնական հրամանը` կայսերական բանակում ծառայող բոլոր հայ զինվորականներին զինաթափելու և ոչնչացնելու, հայ սպաներին ձերբակալելու մասին, որը տրվում է 1915 թ. փետրվարի 23-ին16: Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարությանն ուղղված 1915 թ. ապրիլի 3-ի դիվանագիտական թիվ 385 հեռագրում ևս ասվում է, որ հայ զինվորներին զինաթափելու մասին սուլթանական հրահանգ կա, իսկ մարտի 15-ի թիվ 164 հեռագրում արդեն հաղորդվում է, որ զորամասերում ծառայող բոլոր հայերը զինաթափված են17:

Օսմանյան բանակի հայ զինվորներին զինաթափելուց հետո ընդգրկում են բանվորական (amele taburları), բեռնափոխադրող (hamal taburları), շինարարական (inşaat taburları) և երկրագործական գումարտակներում (ziraat taburları): Միաժամանակ սկսվում է նաև հայ սպաների ձերբակալությունն ու մեկուսացումը:

Օսմանյան բանակի հայ զինվորների զինաթափման հրամանին գրեթե զուգահեռ` 1915 թ. մայիսի 18-ին, Էնվեր փաշայի կողմից բանակի սպա, Էրթողրուլի բերդամասի ծանրհրետանային վեցերորդ գումարտակի «Քափ Հիլ» հրետանային մարտկոցի հրամանատար Սարգիս բեյ Թորոսյան արժանանում է բանակի երախտագիտության՝ պարգևատրվելով օսմանյան կայսերական բանակի Պատերազմի շքանշանով: Կապիտան Թորոսյանը 1915 թ. փետրվարի 19-ին ու 25-ին Դարդանելի նեղուցի վրա կատարած հարձակման ժամանակ բացառիկ խիզախությամբ դիմակայել է թշնամու ռազմանավերին` խորտակելով մեկը և անդառնալի վնասներ հասցնելով մյուսին: Այնուհետև` մարտի 18-ի Դարդանելի նեղուցի հարձակման ժամանակ, խորտակել է ևս մեկ ռազմանավ18:

Իսկ Կոնյայի եպիսկոպոսին ուղղված նամակում դեռ 1915 թ. սկզբին Էնվեր փաշան նշում է, որ օսմանյան բանակի հայ զինվորները բարեխղճորեն կատարում են իրենց պարտականությունները ռազմական գործողությունների թատերաբեմում19:

Ս. Թորոսյանի պարգևատրումը, կարծում ենք, անխուսափելի էր, քանի որ նրա սխրանքը հատկապես Սարիղամիշի պարտությունից հետո կանխում է համաձայնականների մուտքը Կ. Պոլիս, Իսկ Կոնյայի եպիսկոպոսին ուղղված նամակը՝ ընդամենը անհրաժեշտ ձևականություն էր: Ինչպես նշում է պատմաբան Հ. Ղազարյանը, դեռևս «Իթթիհաթ»-ի Սալոնիկի համաժողովում որոշված, ապա խորհրդարանի կողմից վավերացված ոչ իսլամ դավանող ժողովուրդների զինվորագրության բուն նպատակը հայրենիքի սահմանների պաշտպանությունից ավելի ոչ թուրք զինվորներին բանակում վերահսկողության տակ վերցնելն էր` դյուրացնելու համար նրանց հետագա բնաջնջումը զինվորական միջոցներով20:

Զինաթափությանը զուգահեռ շրջանառվում էր նաև հայերի դասալքության հարցը, և այն հաջողությամբ օգտագործվում էր ընդդեմ հայերի: Հաճախ լուրեր էին տարածում, որ հայ բնակչությունը դիմադրում է զորակոչին, կամ հայ զինվորները լքում են դիրքերն ու միանում հակառակորդի բանակին: Հայերի կողմից դասալքության դեպքեր իսկապես կային. հայ զինվորները փորձում էին փրկվել սպանվելու անխուսափելի հեռանկարից: Հատկանշական է  նաև 1915 թ. ապրիլի 16-ին Վանի նահանգապետ Ջևդեթ բեյին դասալքության հարցի շուրջ ներկայացված փաստաթղթերից մեկում արված այն դիտողությունը, թե դասալիք չի կարող համարվել այն զինվորը, որը զենք չունի21

Զորակոչ-զինաթափում-ոչնչացում` այս ձևաչափով էր հիմնականում իրականացվում հայ տղամարդկանց սպանդը Հայոց ցեղասպանության տարիներին:23Հայ զինվորականների ոչնչացման մասին բազմաթիվ վկայություններ կան նաև տարբեր երկրների արխիվային փաստաթղթերում և դիվանագիտական հաղորդումներում ու հեռագրերում: էնվեր փաշայի մտերիմ ընկեր, Թուրքիայում Գերմանիայի ծովային կցորդ, կապիտան-լեյտենանտ Հանս Հումանը Օսմանյան կայսրության` պատերազմի մեջ մտնելուց երկու շաբաթ առաջ 1914 թ. հոկտեմբերի 16-ի զեկուցման մեջ հաղորդում էր, որ հայերից և հույներից արդեն բանվորական գումարտակներ էին ձևավորվում22: 1915 թ. հունվարի 26-ին Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական հաղորդագրություններից մեկում մասնավորապես ասվում է. «Շատ հաճախ հայ զինվորներին ուղարկում են ռազմաճակատի առաջին գիծ, որպեսզի նրանք այնտեղ սպանվեն»23: Գերմանացի նշանավոր զինվորական ու դիվանագետ, 1915 թ. Էրզրումի փոխհյուպատոս Շոյբներ-Ռիխտերը 1915 թ. օգոստոսի 5-ին Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հոհենլոհե-Լանգենբուրգին տեղեկացնում է, որ հայերի տեղահանումն ավարտված է, միաժամանակ նշելով, որ կառավարությունն ու զինվորական իշխանությունները վերջիններիս դեմ կիրառեցին անասելի դաժան միջոցներ: Բոլոր այն հայերը, որոնք դեռևս զենքը ձեռքներին ծառայում էին, դուրս հանվեցին բանակից և ընդգրկվեցին աշխատանքային գումարտակներում24:

Խարբերդում ամերիկյան հյուպատոս Լեյսլի Դեյվիսի 1915 թ. հուլիսի 11-ի  հաղորդումը նույնպես ներկայացնում է հայ զինվորականների աքսորն ու բանտարկությունը25, իսկ Օսմանյան կայսրությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն գրում է. «Շատ հաճախ հայ զինվորականներին ոչնչացնում էին խմբերով, քանզի սառնասիրտ կերպով նրանց գնդակահարելը դարձել էր ամենօրյա գործ»:26

Ըստ պատմաբան Լ. Չորմիսյանի` Առաջին աշխարհամարտի չորս տա­րի­նե­րի ընթացքում օսմանյան բանակում մոտ 250.000 հայ զինվոր է սպա­նվել. «....ո´չ ­թէ պատերազմական ճա­կա­տին վրայ, ուր հայ զի­նո­ւոր­ներ էին գտնո­ւած, այլ թի­կուն­քին ա­մէ­նէ թա­պուր­նե­րուն մէջ»27:

Օսմանյան բանակ զորակոչված հայ զինվորականները զանգվածաբար սպանվում են այն պետության կողմից, որը և զորակոչել էր նրանց: Պարզ ճշմարտություն է, որ պատերազմական իրավիճակում մարդկային ռեսուրսը հաղթանակի կարևոր գործոններց մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորը: Պատերազմի հենց սկզբին, ակնհայտորեն ունենալով այդ «գործոնի» կարիքը, օսմանյան իշխանությունները այլ որոշում են կայացնում՝ զինաթափում, ապա սպանում են սեփական բանակի զինվորին: Այս գործողությունը թերևս փաստում է, որ հայերի ոչնչացումը պատերազմում հաղթելու հեռանկարից էլ կարևոր էր: Առաջին աշխարհամարտը երկար սպասված առիթ էր կանխամտածված ծրագիրը կյանքի կոչելու համար, որը և իրականացնում է Օսմանյան կայսրությունը՝ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելով իր իսկ բնօրրանում:

 

1.Տե՛ս Սիմոնյան Հր., Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարախոսությունը և քաղաքականությունը, Երևան, 1986, էջ 11:

2.  Տե՛ս Աճառյան Հր., Հայոց դերը Օսմանյան կայսրության մեջ, Երևան, 1999, էջ 15:

 3. Տե՛ս Եազըճեան Գ., Ապտիւլ Համիտ Բ. Կարմիր սուլթանը, Յարակից Օսմանեան եւ  հաստատութիւններ, Պէյրութ, 1980, էջ 832:

 4.Սիւրմէնեան Գ., Տաճկահայ զինուոր եւ զինուորականութիւնը նախ տաճկական, ապա հայկական բանակներուն մէջ, Պէյրութ, 1967, էջ 12:

5. Տե՛ս Վահէ Հ., Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եորք, 1959, էջ 661-662:

6. Տե՛ս «Ազատամարտ», Կ. Պոլիս, 1910, փետրուար 24/9 մարտ, թիւ 218:

7.  «Բիւզանդիոն», Կ. Պոլիս, 1908, դեկտեմբեր 26 - 8 հունվար, թիւ 3.727:

 8.Վարանդեան Մ., Համաժողովրդական բանակ, ժընեւ, 1909, էջ 3, 6-7:

  9.Սիւրմէնեան Գ., նշվ. աշխ., էջ 14:

  10.Տե՛ս «Հայաստան», Սօֆիա, 1915, 14 մարտ, թիւ 2:

  11.Տե՛ս Սիւրմէնեան Գ., նշվ. աշխ., էջ 120:

  12.Տե՛ս նույն տեղում, էջ 15:
 13. Տե՛ս Կարոյեան Գ. Մ., Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները, Պոսթոն, 1957, էջ 18:

 14. Տե՛ս նույն տեղում, էջ 110-111:

  15.Տե՛ս Սիւրմէնեան Գ., նշվ. աշխ., էջ 35-36:

  16.Տե՛ս Սարաջեան Խ., Հայոց դերը Թուրքիոյ մէջ, Երևան, 2000, էջ 44:

 17. Տե՛ս Ռուսաստանը և Հայոց ցեղասպանությունը 1915-1917 թթ. (փաստաթղթերի ժողովածու), կազմող, առաջաբանի և թարգմանության հեղինակ՝ Ա. Մարուքյան, Երևան, 2004, էջ 39, 38:
18. Տե՛ս Թորոսյան Ս., Դարդանելից մինչև Պաղեստին, Երևան, 2012, էջ 7:

 19.Տե՛ս Հայոց  ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդագրություններում (1915-1918 թթ.), կազմ. և առաջաբանի հեղինակ` Վ. Ա. Միքայելյան, Երևան, 2004, էջ 199-200:

 20. Տե՛ս Ղազարեան Հ., Ցեղասպան  թուրքը,  Բեյրութ, տպարան Համազգային, 1968, էջ 21.  Տե՛ս Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914-1916 թթ.), Երևան, 1965, էջ 224-226:

 22. Տե՛ս Дадрян В., История Армянского геноцида, Этнический конфликт от Балкан до Анатолии и Кавказа, Ереван, 2007, էջ 331:

 23.Ավստրո-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները Հայոց ցեղասպանության մասին (1915-1918), կազմող և առաջաբանի հեղինակ` Ա. Օհանջանյան, գերմաներենից թարգմանեց` Վ. Մարտիրոսյան, Երևան, 2004, էջ 12:

 24.Տե՛ս Հայոց  ցեղասպանությունը Գերմանիայի դիվանագետների հաղորդագրություններում, էջ 5-6:1-22:
 25.Տե՛ս Ավստրո-Հունգարիայի դիվանագետների հաղորդագրությունները.…, էջ 163:

26. Morgenthau N., Ambassador Morgenthau’s Story, New York, 1918,  pp. 302-303.   27.Չորմիսեան Լ., Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան, Գ. հտր., Բեյրութ, 1976, էջ 360:

Անի Ոսկանյան

«Դրօշակ», թիվ 4 (1638), ապրիլ, 2020 թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica