close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թատրո՞ն, թե կյանք

Քաղաքական

21 Մայիսի 2020, 17:44
 Թատրո՞ն, թե կյանք

Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպես. թատրոնը կյանքից վերցված, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլավսկին նաեւ այսպես է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկվում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնությամբ: Այսինքն նախապես, առանց նույնիսկ իրար հանդիպելու, տեղի է ունենում փոխպայմանավորվածություն, որ դերասանները իբրեւ թե իրական կյանքը կպատկերեն բեմի վրա կամ առանձնացված այլ հարթակում, իսկ հանդիսականը, կտրամադրվի այդ կեղծիքը ընդունելու, որպես ճշմարտություն: Օրինակ հայ հանդիսականը գալիս է Երեւանի ծանոթ մի թատրոն եւ տեսնում է, որ բեմի վրա դրված են դեկորացիաներ ու զանազան իրեր, իբրեւ թե դա ոչ թե բեմ է, այլ իտալական միջնադարյան Վերոնա քաղաքը, իսկ այլ բեմադրություններից ու ֆիլմերից ծանոթ դերասանները էժանագին փայլփլուն հագուստներով ու կեղծ ակնեղենով զուգված բեմ են դուրս գալիս, որպես միջնադարյան Վերոնայի ազնվականներ եւ ներկայացնում են մի ողբերգական սիրո պատմություն: Հանդիսականը այդ մեկուկես-երկու ժամում ամբողջովին ընկղմվում է բեմադրված ստի մեջ, տանջվում-տառապում է խեղճ Ռոմեոյի ու Ջուլիետի դժբախտ սիրո համար: Որովհետեւ, ինչպես ասացի, կողմերը պայմանավորվել են, որ մեկը կխաբի, իսկ մյուսը նրա կեղծիքը կընդունի որպես ճշմարտություն: Թատրոնը լավ բան է, սակայն լավ է բեմի համար, երբ բոլորը գիտեն, որ տեղի ունեցողը հաճելի եւ կարճատեւ ժամանց է: Թատերական ներկայացումը, սակայն իսկական դրամա է կամ ողբերգություն, եթե խաղում են իրական կյանքում եւ հասարակությունը հանդիսականի դերի մեջ մտած, որպես ճշմարտություն է ընդունոմ հրամցվող սուտը:

Երբ անդրադառնում ես այն ամենին ինչը որ արդեն երկու տարի տեղի է ունենում Հայաստանում, այնպիսի տպավորություն է, թե մեր կյանք է ներխուժել դերասանական մի թափառախումբ, վարժ պրեմիեր դերասանի գլխավորությամբ, վարժ բեմադրված ինչ որ ներկայացում է խաղում, բեմադրության մեջ ներքաշելով ժողովուրդ-հանդիսականին, որն էլ հալած յուղի տեղ է ընդունում ասված ու ցուցադրված ամեն բան:

Այդ շարքում առաջին սուտն այն է, թե իբր Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Հեղափոխություն նշանակում է արմատական փոփոխություն, ավելի ճիշտ վերափոխություն եւ առաջին հերթին կապվում է արժեքային փոփոխությունների հետ: Մեկը կարո՞ղ է ասել, թե արժեքային ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, եթե իհարկե ազգային արժեք չհամարենք Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմակիցներին, ովքեր փոխարինել են Սերժ Սարգսյանին եւ նրա գործակիցներին: Անկախ Հայաստանի առաջին իշխանությունն, օրինակ, խորշում էր հեղափոխություն բառից, որովհետեւ այդ բառը հիշեցնում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության մասին, բայց այն ինչ կատարվեց մեզանում անցած դարի 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին իսկական հեղափոխություն էր: Տեղի ունեցավ ողջ հասարակական կարգի, տնտեսական կացութաձեւի եւ արժեքների փոփոխություն: Այդ ամենը համահանունչ էր փլուզվող կայսրությունում եւ կոմունիստական հսկա ճամբարում տեղի ունեցող փոփոխությունների հետ: Այդ մասին գրվեցին հարյուրավոր տեսական բնույթի աշխատություններ ու հարյուր հազարավոր հոդվածներ: Հիմա, երբ արդեն Հայաստանի բարձրագույն իշխանության բեմերում վիճում են, թե ով է հեղափոխական ով՝ ոչ, նրանցից մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ վերափոխումներ ու արժեքներ է բերել այդ հեղափոխությունը, կա՞ գրված թեկուզ մեկ տող, որ կարդանք ու լուսավորվենք, թե պարտավոր ենք հավատալ շարժման գլխավոր դերակատարի հավաստիացումներին:

Ձայնակցելով իրադարձությունների դերակատարներին հանկարծ շատերն սկսեցին գոռալ, թե մեզ ճնշում, կեղեքում, սպանում էին, իսկ Նիկոլը եկավ ու ազատագրեց ազգին, վերջապես ճաշակեցինք ազատության ու ժողովրդավարության բարիքը: Ուզում եմ հարցնել, իսկապե՞ս կյանքն այդքան դաժան էր ու ժողովուրդը ստրկական վիճակում էր «նախահեղափոխական» Հայաստանում:

Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ լրատվամիջոցները քննադատում էին այդքան ազատորեն, որոշներն էլ հայհոյում էին սանձարձակության աստիճանի: Քննադատում էին հրապարակներում, տարբեր մակարդակի ժողովներում, խորհրդարանում եւ այլն: Սերժ Սարգսյանի ղեկավարման գրեթե ողջ շրջանում տեղի են ունեցել ընդդիմադիրների բողոքի գործողություններ, փակվել են փողոցներ, կաթվածահար է եղել բնականոն կյանքը, զինված խումբը գրավեց ոստիկանության ռազմականացված հաստատությունը, սպանվեցին երեք ոստիկաններ, երկու շաբաթ զինված մարդիկ իրենց ձեռքում պահեցին գրաված օբյեկտը հետո հանգիստ հեռացան: Կարելի՞ է նման բան երեւակայել այսօրվա Հայաստանում:
Կարելի՞ է երեւակայել որ այսօրվա Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում ցուցարարների ղեկավարի կոչով կշրջափակվի ու կաթվածահար կարվի երկրի գործադիր իշխանության գործունեությունը, ցուցարարները կներխուժեն հատուկ պաշտպանության տակ գտնվող հաստատություններ, իսկ անչափահասներին հրապարակայնորեն կոչ կարվի ներգրավվելու ներքաղաքական հորձանուտների մեջ: Իշխանությունները ցանկացած միջոցներով չե՞ն կանխի այս երեւույթը եւ բանտերը չե՞ն լցնի կազմակերպիչներին: Հիշենք նաեւ, թե Փաշինյանի իշխանությունն ինչպես է ի սկզբանե արձագանքել բողոքի ամեն մի դրսեւորման, հիշենք Իջեւանի դեպքերը, Դաշնակցության երիտասարդության դեմ հանված ոստիկանների բանակը: Իսկ փաշինյանական ոստիկանությունը խիստ հանդուրժող է եղել միայն մեկ դեպքում, երբ ԼԳՏԲ-ականները խուժեցին ոստիկանություն, հարվածեցին ոստիկաններին, թքեցին նրանց վրա:

Գուցե Սերժ Սարգսյանին արժե մեղադրել անգործության եւ ամենաթողությա՞ն համար: Ի վերջո հիշո՞ւմ ենք, որ նախկինների օրոք գոյություն ունեին սոցցանցերը եւ, ոստիկանների, կամ իշխանության այլ ներկայացուցիչների ցանկացած կոշտ գործողություն ընդվզման ալիք էր բարձրացնում եւ իշխանությունը գրեթե բոլոր դեպքերում պարտավորված էր լինում արձագանքելու, շատ դեպքերում հենց երկրի առաջին դեմքն էր խոստովանում, որ իշխանությունների նախաձեռնությունը սխալ է եղել եւ այն կասեցվում էր: Այնուամենայնիվ կարելի՞ է ասել, որ Հայաստանում լիարժեք ժողովրդավարություն էր Սերժ Սարգսյանի օրոք: Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ մասնավորապես դատարաններում ու առհասարակ արդարադատության եւ կառավարման համակարգերում կոռուպցիան շարունակում էր իշխել, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անհավասար վիճակի մեջ էին տնտեսական հնարավորությունների առումով եւ այլն: Որքանո՞վ էր երկիրը ժողովրդավար եւ որ հարցերում էին ազատությունները կաշկանդված: Եթե ուղիղ չնայենք ճշմարտության աչքերին եւ չմատնանշենք իրական խոցերը կնշանակի, որ մենք մեզ դատապարտում ենք ինքնախաբեության, ինչպես թատրոնում:

Ի դեպ կարող է մեկնաբանվել, թե փորձ է արվում նախկին իշխանություններին պաշտպանել, բայց նման բան այսօր նույնիսկ իրենք չեն անում: Այնուամենայնիվ լավի ու վատի համեմատության համար, ուզենք թե չուզենք, ճշմարտորեն պետք է գնահատենք ոչ միայն ներկան, այլեւ անցյալը, քանի որ ներկա իշխանությունը համատարած ձախողումների համար ինքնարդարացման ավելի լավ մեթոդ չգիտի, քան համեմատությունը նախկինի հետ:

Ժողովրդավարության հետ ուղղակիորեն ածանցվում է սիրո եւ համերաշխության թեման, որը դրոշ դարձրած Փաշինյանը եկավ իշխանության եւ այդ մասին հիշում է, երբ հերթական անգամ անհրաժեշտ է սիրաշահել ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու օրվանից հայ ժողովրդին պառակտել է հեղափոխականների ու հակահեղափոխականների, սեւերի ու սպիտակների թշնամական բանակների: Երբեւէ եղե՞լ է եւ կարելի էր պատկերացնել, որ կարող է լինել այսքան շատ ու այսքան բացահայտ ատելություն հայի ու հայի միջեւ, երբ առնվազն բացահայտորեն գործընթացներին մասնակից չէ օտար թշնամին: Կարելի՞ էր պատկերացնել, որ մեծ ու փոքրը, անգամ ուսուցիչ կոչեցյալը Նիկոլին քննադատողներին ընտանիքներով մորթելու կոչ կանեն: Կարելի՞ էր պատկերացնել, որ սոցիալական հրապարակային հարթակներում հայ կինը կհայհոյի հարբած նավաստու պես: Կարելի՞ էր երեւակայել, որ ժողովրդական աջակցության եւ քաղաքական ուժերի համաձայնության պայմաններում, սիրո կարգախոսերով իշխանության եկած ուժը առաջին իսկ օրերից կստեղծի այս ու այնտեղ գործող կեղծ օգտատերերի խմբեր, որոնց ամենօրյա աշխատանքն է ամենակեղտոտ հայհոյանքներով անմիջապես արձագանքել Փաշինյանին քննադատողներին, եւ լռել ստիպել:

Միաժամանակ երջանիկ ձեւանալ ինքնաներշնչումով, թե իշխանությունը բերել է միասնականության ու համազգային համերաշխության մթնոլորտ: Մանավանդ երբ այդ մթնոլորտի հիմնական բորբոքողը նույն գլխավոր դերակատարն է՝ փողոցային խուժանի բառապաշարով:

Կարելի՞ էր ենթադրել, որ թատրոնի վերածված մեր կյանքում գլխավոր դերակատարը, բեմի օրենքներով, պիտի թելադրի ատել սրան ու նրան: Նաեւ ատել ու հրապարակայնորեն հայհոյել նրանց, ովքեր չեն ցանկանում ատել եւ դատաստան պահանջել նրանց նկատմամբ ում նկատմամբ նույնին է ձգտում պրեմիեր դերասանը: Եւ խանդավառությունից մթագնած մարդիկ, այս անգամ որպես թատերականացված գլադիատորական մարտի հանդիսականներ պիտի պահանջեն սնանկացնել, բանտարկել, ոչնչացնել՝ ընտանիքների հետ միասին: Այդ ինչպե՞ս եղավ, որ մինչեւ Նիկոլի հարթակ բարձրանալը նույն մարդկանց նկատմամբ չկար նույն չարությունն ու հաշվեհարդարի ցանկությունը:

Հայաստանի նախկին իշխանությունները, Լեւոն Տեր Պետրոսյանից հետո վատն են եղել: Թալանը կոռուպցիան, հայրենիք ծախելը նույնպես եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո, ինչպես, որ պարզվեց Փաշինյանի իշխանության օրոք եւ հետեւորդները ատելով ըստ հանձնարարության, ոչ մի վերաբերմունք չեն արտահայտում նրանց նկատմամբ ում ատել ու հայհոյել են գրեթե երեք տասնամյակ:

Հետաքրքիր է, իսկ ովքե՞ր էին ընտրում ժողովրդի թշնամի այդ վատ իշխանություններին: Գուցե դարձյալ խաբենք մեզ, թե ոչ ոք չի՞ ընտրել, իրե՞նք են իրենց են դարձրել ղեկավարներ, խորհրդարան, տեղական իշխանություն եւ այլն: Եթե հարցնեմ, թե այն ժամանակ բաժանվո՞ւմ էր արդյոք ընտրակաշառք հավանաբար բացարձակ մեծամասնությունը կասի որ այո եւ շատ-շատ: Այդ դեպքում ովքե՞ր էին վերցնում այդ ընտրակաշառքը: Ովքե՞ր էին հերթեր առաջացնում ընտրատեղամասերի առջեւ եւ ում էին ընտրում, ովքե՞ր էին նստում շենքերի առջեւ սպասող երթուղային եւ այլ տաքսիները, գնում ընտրական տեղամասեր եւ նույն ձեւով վերադառնում: Հայ մարդի՞կ, թե այլմոլորակայինները: Եւ եթե իշխանություններն իրենք կարող էին իրենց ընտրությունների արդյունքները ապահովել այդ դեպում ինչի՞ համար էին կաշառքը, խնամի-ծանոթ-բարեկամի միջնորդությունը, համատիրությունների աշխատողներից էլեկտրիկներ, գյուղապետեր եւ մինչեւ նախարարներ միջնորդությունները եւ այլն: Հեղափոխության թոհուբոհում ծնվածներից բացի մնացածը հիշո՞ւմ են, թե ինչպես էին ամենուր դիմավորում նախորդ իշխանության առաջնորդներին, իշխանափոխությունից մոտ մեկ տարի կամ քիչ ավել ժամանակ առաջ: Երեւանցիներն ինչ խանդավառությամբ ընտրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ այլն: Գուցե չի՞ եղել այս ամենը:

Վերջին մտքերից հետո ընթերցողին կարող է թվալ, թե շեղվեցի սկզբնական ասելիքից եւ հիմա ուրիշ ուղղությամբ եմ գնում: Պատասխանեմ, որ չեմ շեղվել, ասելիքս սկսել եմ դերասանի եւ հանդիսականի համատեղ խաղից եւ հիմա ցանկանում եմ փաստել, որ եթե հանդիսականը կամ հանդիսատեսի վերածված ժողովուրդը չի ցանկանում հավատալ կեղծիքին ու ստին, ապա հնարավոր չէ այդ բանը ստիպել նրան: Հետեւաբար եւ կյանքում փորձարկվող բեմադրությունների համար հասարակությունը ունի իր բաժին, շատ որոշակի պատասխանատվությունը: Կոմունիստներին ճանապարհելու ժամանակներից մեր երկրում տեղի է ունենում ընտրություն դեմի սկզբունքով: Ընտրություն, որի նախընտրական ծրագիրը լինում է ատելությունն ու մերժումը: Իսկ, ինչպես հայտնի է, ատելությունն ու մերժումը բանականի ու ռացիոնալի ընտրություն չեն: Երկու տարի առաջ բազմաթիվ մարդիկ ասում էին, թե օրվա իշխանությունը թող գնա հետո ինչ ուզում է՝ թող լինի: Այդպես կարելի է կապել աչքերը եւ նետվել անդունդը մերժելով ետեւում եղած ամեն ինչ եւ բնականաբար շատ չանցած հետեւում է զղջումը, ինչպես եղավ ԼՏՊ-ից հետո, ինչպես ընթանում է Նիկոլի մերժման գործընթացը:
Երկարացնելով ասելիքը ցանկանում եմ անդրադառնալ մեկ օրինակի: Նիկոլ Փաշինյանը վերաբացեց Մարտի մեկի գործը, որպեսզի կարողանա ձեռքում ունենալ պատժիչ գործիք եւ առաջին հերթին մեկուսացնի Ռոբերտ Քոչարյանին:

Հակառակորդի եւ հակառակորդների չեզոքացման համար իր թիկունքում մարտի մեկի նահատակների հարազատների ֆիզիկական եւ մանավանդ զգացմունքային աջակցությունը ունենալու համար նա վերջիններիս, որպես փոխհատուցում պետական բյուջեից հատկացրեց 30 մլն. ական դրամ: Ես համոզված եմ, որ երիտասարդ տղամարդկանց կորցրած ընտանիքները իրավամբ արժանի էին այդ գումարին, եւ չեմ մեղադրում այդ մարդկանց տվյալ դրամը ստանալու համար, բայց ես նույն չափով համոզված եմ, որ ոչ պակաս չափով աջակցության արժանի էին նաեւ մայրաքաղաքի ռազմականացված կառույցը զինված ներխուժողներից պաշտպանելու ժամանակ նահատակված ոստիկանների հարազատները: Ինչո՞ւ օրինակ նրանք չստացան նման մի փոխհատուցում եթե Փաշինյանի միտքը ծուռ չէր: Կարելի էր հիշել նաեւ քառօրյա պատերազմի եւ այլ նահատակների:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը սպանել է տվել մարտի մեկի-երկուսի տասը զոհերին եւ հանդիսականը համաձայնության բացականչություններ արձակեց: Երկրպագուների այդ բանակից ոչ ոք չցանկացավ հարցնել, իսկ ո՞վ եւ ո՞ւմ վերին գիտությամբ բոլոր այդ մարդկանց տարավ բախման «վատ» ոստիկանության հետ, դրանով սադրեց Երեւանի կենտրոնի լայնամասշտաբ անկարգությունները, հրկիզումները, թալանը ոստիկանի ու զինվորի ու մյուսների սպանությունը եւ այլն: Չէ՞ որ մարտի մեկի կեսօրին իշխանությունը ընդդիմության ներկայացուցիչների հետ համաձայնվեց Մատենադարանի մոտ ցույցերի շարունակմանը: Ով ում մոտից եկավ, մերժեց ձեռք բերված պայամանվորվածությունները եւ հրահանգեց նախապատրաստվել՝ կառուցելով բարիկադներ եւ պատնեշներ, հավաքելով քարեր, փայտեր եւ այլ իրեր, իսկ ձեռքի տակ արդեն կային դեռ օրեր ու շաբաթներ առաջ մետաղե սրված ամրաններից պատրաստված «ոզնիներ», երկաթաձողեր, կոկտեյլ մոլոտովներ եւ այլ տեսակի պայթուցիչներ եւ այլն: Եղե՞լ է այս ամենը, թե Նիկոլ Փաշինյանը հրամայել է չհավատալ:

Մեր հասարակությունը հլու հանդիսակա՞ն է ում ինչ եւ ինչպես մատուցեն պետք է ընդունի որպես վերին ճշմարտություն, թե՞ քաղաքակրթության պատմական ճանապարհ անցած ժողովուրդ է՝ ազգ է:

Այս նյութը գրելիս ես ցանկանում էի կիսվել հայ մարդկանց հետ այն մասին, որ այսպես չի կարելի շարունակել:

Մեզանում ոչ թե գաղափարի ու ծրագրի, այլ ատելության մրցակցություն է: Մոտ ապագայում Հայաստանում շարունակելու է շիկանալ հիասթափության մթնոլորտը այսօրվա իշխանության նկատմամբ եւ հավանաբար ժողովուրդը կրկին կհետեւի ամենակոշտ ու ամենակրքոտ հայհոյողներին: Վաղվա օրվա եւ ապագայի մտահոգությունը թելադրում է, որ մենք դադարենք լինել խաբկանքի ենթակա հանդիսական: Աշխարհը, մեզ հետ մեկնարկային նույն կետից ճանապարհ ընկածները այսօր բոլորովին ուրիշ տեղ են, քամահրանքով են նայում մեզ, որպես անկիրթ ու ինքն իրեն հոշոտող զանգվածի, իսկ մենք դեռ խճճված ենք գծուծ հաշիվների ու փոխհարաբերությունների սարդոստայնում: Եւ թույլ եմ տալիս ասելու, որ այս բալագանային ներկայացման համար մեղավոր են բոլորը՝ դերասանները, երկրպագուները, քաղքենին, ով պատվից ցածր է համարում բնակարանից դուրս գալ եւ քաղաքացիական պարտք կատարել ընտրության միջոցով, բայց հետո, լուռ ու մունջ վզակոթին ուտում է նույն հարվածները, ինչ որ մնացածը, Նիկոլ Փաշինյանի «գաղափարական» հովանավորները, ում համար միեւնույն էր Նիկոլը կգա, թե Պողոսը, բայց առիթն օգտագործեցին, անցանկալիներին ու մրցակիցներին սեւացնելու նրանց դեմ կեղտոտ պայքար ծավալելու համար, ինչպես եւ մյուս բոլորը, ովքեր կարող են համբերությամբ հետեւել, թե ինչպես է քայքայվում հայոց պետականությունը:

Ժամանակն է մերժելու այս թատրոնը:

Արտաշես Շահբազյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica