close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համավարակը խարխլում է դոլարի համաշխարհային տիրապետությունը. Project Syndicate

Տնտեսական

21 Մայիսի 2020, 16:38
 Համավարակը խարխլում է դոլարի համաշխարհային տիրապետությունը. Project Syndicate

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեք տարի շարունակ չարաշահում էր ԱՄՆ-ի տիրապետող դիրքը արժութային-ֆինանսական համաշխարհային համակարգում:  Իսկ հիմա նրա վարչակազմի աղաղակող անպատրաստությունը կորոնավիրուսի համավարակին սպառնում է ավելի շատ նվազեցնել ամերիկյան արժույթի նկատմամբ հավատը. ըստ Yerkir.am-ի` գրում է ամերիկյան Project Syndicate կայքը:

Ըստ ամերիկյան պարբերականի` երբ ԱՄՆ-ում սկսվեց կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամը, երկրի ղեկավարության մոտ, կարծես, անձի երկվություն ի հայտ եկավ: Մի կողմից` Դաշնային ռեզերվային համակարգը (ԴՌՀ) իր վրա վերցրեց միջազգային ֆինանսների առաջատարի դերը, ինչպես 2008-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Ֆինանսական հաստատությունը մի շարք օտարերկրյա կենտրոնական բանկերի հետ սկսեց արժութային փոխանակման մասին երկկողմ համաձայնությունների ցանցի օպերատիվ վերականգնումը, նաև ստեղծեց հետադարձ գնման նոր հնարավորություններ դրամավարկային կարգավորման մարմինների ավելի մեծ շրջանակի համար: Այդպիսով` ԴՌՀ-ն ապահովեց դոլարի բավականաչափ պաշար համաշխարհային կարիքների բավարարման համար: ԴՌՀ-ն կրկին դարձավ այն համաշխարհային վարկատուն, որին կարելի է դիմել արտակարգ իրավիճակներոմ:

Մյուս կողմից` Թրամփը մերժեց գաղափարը, որ COVID-19 համավարակի հետևանքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն: Սպիտակ տան ղեկավարը այդպես էլ չհրաժարվեց «Ամերիկան առաջնահերթ է» սկզբունքից: Թրամփի վարչակազմը բացեիբաց հասկացրեց, որ Վաշինգտոնը գործելու է միայնակ և բացառապես իր «ազգային շահերի» շրջանակում, ինչպես դրանք տեսնում է «Ես` քեզ, դու`ինձ» մոտեցման կողմնակից Թրամփը:

Ըստ Project Syndicate-ի` դժվար թե այդ երկվությունը համավարակին մարտահրավեր նետելու հարցում ԱՄՆ-ի պիտանիության հատկանիշ լինի, նաև վատ կանխանշան է ամերիկյան դոլարի` համաշխարհային տիրապետող արժույթ լինելու համար. ի վերջո, միջազգային ներդրողներն ու այլ երկրների կառավարություններն ինչքա՞ն են վստահելու ավելի ու ավելի անվստահելի դարձող գործընկերոջ արժույթին:

Անշուշտ, այսօր դոլարից զանգվածաբար հրաժարվելու ռիսկը մեծ չէ: ԴՌՀ-ն իր միջոցառումներն իրականացրել է ամերիկյան արժույթի պահանջարկին ի պատասխան, և դա խոսում է այն մասին, որ կորոնավիրուսային ճգնաժամը հաստատեց դոլարի` որպես անվիճելի անվտանգ «ապաստարանի» դերը: Սակայն համավարակից առաջ էլ ակնհայտ էր դառնում, որ ներդրողներն ու կենտրոնական բանկերը դոլարին այլընտրանք են փնտրում Թրամփի վարչակազմի անկանխանատեսելիության պատճառով:

Ամբողջ աշխարհում վրդովմունք կա Թրամփի` ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ, օրինակ` Իրանի կամ նրա հետ գործ ունեցող այլ երկրի նկատմամբ, նույնիսկ եթե Սպիտակ տան դաշնակից է: Դոլարը «զենքի» վերածելով` Թրամփի վարչակազմն այլ երկրների ստիպում է պատասխան քայլերի դիմել: Մասնավորապես Չինաստանը ակտիվորեն առաջ է մղում իր յուանը `որպես այլընտրանք դոլարին` հետզհետե բացելով պարտատոմսերի իր ներքին շուկան օտարերկրյա ներդրողների համար: Եվրոպական երկրներն էլ գործի են դրել մի մեխանիզմ, որը հատուկ մշակվել է իրանական նավթի արտահանման պարագայում ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար: Այլ կերպ ասած` դոլարի դիրքերը թուլացել էին դեռևս համավարակից առաջ, որն ընդամենը սրեց այդ գործընթացը: Դա հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ աշխարհում ԱՄՆ-ի ազդեցության, հետևաբար նաև` Վաշինգտոնի գլխավորած հետպատերազմական աշխարհակարգի համար:

Դոլարի ներդրումն ԱՄՆ-ի հզորության մեջ ակներև է: Քանի դեռ այլ երկրներ դոլարի «ծարավ» են, ԱՄՆ-ը կարող է ծախսել այնքան, որքան անհրաժեշտ է իր իշխանությունն աշխարհում տարածելու համար` պարզապես մեծացնելով դոլար տպող մեքենայի արագությունը: Իր արժույթի շնորհիվ Վաշինգտոնը նաև կարող է  ավելի անմիջականորեն ազդել ընկերների ու հակառակորդների վրա` առաջինների համար դոլարի հասանելիությունը բացելով, երկրորդների համար` փակելով:

Սակայն ներկայումս Թրամփի քմահաճությունների պատճառով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հզորությունը կարող է զգալիորեն թուլանալ: Եվ հենց պարզ լինի, որ ԱՄՆ-ի հզորությանն այնքան էլ մեծ չէ, դոլարը կսկսի կորցնել իր գրավչությունը: Նույն ճանապարհով 20-րդ դարում գնացել է ֆունտ սթերլինգը: Բրիտանական արժույթի միջազգային հեղինակության անկումը պատճառ դարձավ, նաև` հետևանքն էր, որ Բրիտանական կայսրությունը վերածվի Եվրոպայի ափերի մոտ գտնվող կղզում երկրորդական պետության: Դոլարն էլ չի երաշխավորված նման ճակատագրից: Իսկ ԱՄՆ-ի անկումն ու դոլարի միջազգային դիրքերի կորուստը կհանգեցնեն հետպատերազմական լիբերալ աշխարհակարգի վերացմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica