«Ամֆան» ցիկլոնը Հնդկաստանում և Բանգլադեշում 14 մարդու կյանք է խլել
Աշխարհ

«Ամֆան» արևադարձային հզոր ցիկլոնը հարվածել է Հնդկաստանին և Բանգլադեշին՝ խլելով առնվազն 14 մարդու կյանք և ոչնչացնելով հազարավոր տներ. այս մասին հայտնում է Interfax-ը՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով։
Նշվում է՝ ցիկլոնի գլխավոր հարվածն իր վրա է կրել հնդկական խիտ բնակեցված Արևմտյան Բենգալիա նահանգը։ Տեղի իշխանությունների խոսքերով՝ վնաս է կրել նահանգի ողջ հարավածային մասը, ավերվել են տներ, կամուրջներ, էլեկտրամատակարարումը խափանվել է։ Միայն այդ նահանգում առնվազն 10 մարդ է զոհվել։ Վնասի գնահատումը 3-4 օր կպահանջի։ Արևմտյան Բենգալիա և Օրիսա նահանգներից մոտ 450 հազար մարդ էր տարհանվել։
Եվս 4 զոհ բաժին է ընկնում հարևան Բանգլադեշին։ Այնտեղ ավելի քան 2 մլն բնակիչ է տարհանվել։
Հավելվում է, որ կորոնավիրուսային պանդեմիան դժվարացրել էր փոթորկին նախապատրաստվելու աշխատանքները։
Օդերևութաբանների հաղորդմամբ՝ «Ամֆանը» վերջին տարիներին Բենգալյան ծոցում գրանցված ամենահզոր փոթորիկն է։ Քամու առավելագույն արագությունը հասնում է 265 կմ/ժամի։