close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ակտիվությունը վտանգավոր է առաջնագծում իրավիճակի փոփոխության համար․ Տիգրան Աբրահամյան

Արցախ

20 Մայիսի 2020, 23:28
 Ադրբեջանի ակտիվությունը վտանգավոր է առաջնագծում իրավիճակի փոփոխության համար․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ժամանակին եղել է նախագահ Բակո Սահակյանի կառավարությունում, երկար ժամանակ՝ վարչապետի պաշտոնում, որոշ ժամանակ՝ պետնախարարի, խորհրդականի կարգավիճակում․ համակարգին ծանոթ է, նաև ծանոթ է առկա ընդհանուր մարտահրավերներին, և ես հաջողություն եմ մաղթում նրան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով վաղը՝ մայիսի 21-ին, Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողության և պաշտոնի ստանձնման մասին, որը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում՝ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում:

Տիգրան Աբրահամյանն արդեն ներկայացրել է հրաժարականը նախագահի խորհրդականի պաշտոնից։ Ասաց, որ դա ի՛ր որոշումն էր։

«Իմ ազատումը պայմանավորված չի եղել նրանով, որ կոնկերտ Արայիկ Հարությունյանի հետ չեմ ուզում աշխատել։ 6 տարի է՝ տարբեր ընդհատումներով, աշխատում եմ, նաև ես եմ դադարի կարիք զգում։ Երբ համարեմ, որ անհրաժեշտություն կա լինել Արցախում և որևէ կարգավիճակով շարունակել ծառայությունը, կշարունակեմ»,-վստահեցրեց նա։

Բակո Սահակյանի հետ աշխատանքը շարունակելու է արդեն այլ ձևաչափով, ինչը ոչ պակաս կարևոր է համարում, քան նախկինը։ Մասնագիտական աշխատանքները ևս կպահի, որովհետև երկար տարիներ անվտանգության ոլորտի վրա է կենտրոնացած։ Կզբաղվի նաև փորձագիտական աշխատանքներով։

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ Տիգրան Աբրահամյանը խոսել է և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցելու նաև առանց կարգավիճակի։

Գիտելիքի փոխանցման առանցքային ուղղություններից մեկն էլ մնալու է դասավանդումը․ Արցախի Հանրապետության երկու բուհում նա շարունակելու է դասավանդել արդեն առցանց, գուցե նաև Հայաստանի Հանրապետությունում դասաժամեր վերցնի։

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում իր ներկայությունը Տիգրան Աբրահամյանը չի դիտարկում։  

Արցախի նախագահի նախկին խորհրդականը հույս ունի, որ այն մարդիկ, ովքեր կձևավորեն Արցախի նոր իշխանությունը, ապագայում կհաջողեն, որովհետև դա բոլորիս է անհրաժեշտ։

Ադրբեջանի վերջին օրերի ակտիվությունը և զորավարժությունները երկու ուղղությամբ՝ Ադրբեջանի Հանրապետությունում և Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում, Տիգրան Աբրահամյանը վտանգավոր է համարում առաջնագծում իրավիճակի փոփոխության առումով։

«Ադրբեջանցիների համար զորավարժությունները առաջին հերթին դիտարկվում են որպես ուժի ցուցադրում։ Այս անգամ զորավարժությունը ուղեկցվում է շատ ավելի ընդգծված քարոզչական մոտեցումներով։ Պետք է նկատի ունենալ, որ այդ զորավարժությունները և կոշտացվող հռետորաբանությունը ուղեկցվում են Ադրբեջանի ներքաղաքական ակտիվ պրոցեսներով։ Դրանց մի մասը պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների հետընտրական փուլով, մի մասը՝ Ադրբեջանում կորոնավիրուսով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակով։ Այս ամենը այս ժամանակահատվածում Ադրբեջանի ակտիվությունը շատ ավելի վտանգավոր են դարձնում»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Այն, որ Ադրբեջանը զորավարժություններն սկսեց առանց այդ մասին հայտարարելու, ինչը պարտավոր էր անել՝ հաշվի առնելով միջազգային պայմանագրերը, որոնց միացել է, Տիգրան Աբրահամյանը առաջնային չի համարում, քանի որ դա Ադրբեջանի դեպքում առաջին անգամը չէ։ Նա շատ ավելի կարևոր է համարում այն հետևանքները, որոնք կարող են լինել Ադրբեջանի վարքագծով պայմանավորված։

Պատերազմի ռեալ ռիսկի մասին խոսելու համար, ասաց, պետք է մեծ թվով գործընթացներ վերլուծության ենթարկել, այդ թվում՝ բուն բանակցային գործընթացի բոլոր այն բաղադրիչները,  որոնք տեսանելի չեն՝ գաղտնի են, գումարած՝ տարածաշրջանային իրավիճակը, ներքին իրավիճակը։ Նրա համոզմամբ, այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ ռիսկերի առումով Ադրբեջանում ստեղծված իրավիճակը շատ ավելի մտահոգիչ ուղերձներ է փոխանցում։

Հարևան երկրի արկածախնդրությանը հակազդելու՝ հայկական զինուժի լիակատար ծավալով պատրաստ լինելու հարցը այն թեման է, որին Տիգրան Աբրահամյանը ամենավստահն է պատասխանում․ «Մեր զինված ուժերը ունեն մարտունակության որոշակի մակարդակ ցանկացած պարագայում հակազդելու և անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու համար»։

Բանակը կենդանի օրգանիզմ է, ասաց նա, անընդհատ, բոլոր ուղղություններով, բոլոր փուլերում էլ համալրման աշխատանքներ տարվում են՝ սկսած սպառազինության համալրումից, մինչև դիրքային ապահովում, շինարարական կահավորում․ սրանք աշխատանքներ են, որոնք անընդհատ շարունակվելու են։

«Հատկապես 2016 թ-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո դրանք շատ ավելի ընդգծված, շատ ավելի ակտիվ են և փոփոխությունները, նվազագույնը՝ վերջին 4 տարում, գոնե ինձ համար շատ ավելի ընդգծված նկատելի են»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Պաշտպանության բանակը, նրա խոսքով, անընդհատ համալրվում է ժամանակակից տեխնիկայով, ինչը  հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակահատվածում զսպելու հակառակորդի հնարավոր արկածախնդրությունը։

2016 թ-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքին անդրադառնալով՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կախված է առաջին հերթին նրանից, թե այդտեղ ընդգրկված մարդիկ որքանով են կոմպետենտ այդ աշխատանքը իրականացնելու։ Նրա խոսքով, յուրաքանչյուրը՝ զինվորական, թե քաղաքացիական անձ, ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ հանձնաժողով՝ հարցաքննության։

Հետախուզությունը Ապրիլյանի ժամանակ արդյունավե՞տ է եղել, թե՞ ոչ՝ Արցախի նախագահի նախկին խորհրդականը չցանկացավ մեկնաբանել՝ գաղտնի տեղեկություն է։

Այսուհանդերձ, վստահեցրեց, որ Քառօրյա պատերազմից հետո ամփոփիչ վերլուծական է եղել, ԶՈՒ բացթողումներն առանձնացրել են, դրանց լուծման ուղիները՝ նշել։

«Զինված ուժերի և քաղաքական ղեկավարությունը՝ Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում, Ապրիլյանից հետո հնարավորություն  ունեցել է վերլուծելու, հասկանալու բոլոր մանրամասները։ Չեմ կարծում, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքով մի նոր էական հանգամանք ի հայտ կգա»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Զինված ուժերում սննդի մատակարարման և այլ նորամուծությունների մասին նա նկատեց՝ առաջնահերթությունների հարց է։

«Առաջնահերթությունները միշտ էլ քննարկման օրակարգում են․ եթե օրինակ, ինձ հարցնեք, թե արդյո՞ք փոփոխություն եղել է սննդի ապահովման մասով զորամասերում կամ առաջնագծում, ես կարող եմ միանշանակ ասել՝ այո՛, եթե ինձ հարցնեք՝ կա՞ն ուրիշ առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ տրվող գումարները արժե շատ ավելի մեծացնել, ես էլի կասեմ՝ այո՛»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա համոզմամբ,  առաջնահերթ են սպաների սոցիալ-կենցաղային հարցերը, կադրերի պատրաստման, վերապատրաստման գործընթացները, ինժեներական նորագույն կահավորանքի ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ հարցերը։

«Առաջնահերթությունների հարցը միշտ էլ քննարկելի է, կան ուղղություններ, որտեղ պետք է շատ ավելի մեծացնել ներդրվող գումարները»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հեղափոխությունը Արցախ արտահանելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ նախագահի նախկին խորհրդականը արձանագրեց․ Արցախում տեղի են ունեցել համապետական ընտրություններ, արցախցին գնացել, ընտրել է խորհրդարան, նախագահ և սրանով ամեն ինչ ասվել է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica