close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ բանավեճը բացակայում է, սկսվում է տեղապտույտ․ Նարինե Դիլբարյանը՝ «Ժառանգության» նախագահի դիրքից

Քաղաքական

16 Մայիսի 2020, 00:36
 Երբ բանավեճը բացակայում է, սկսվում է տեղապտույտ․ Նարինե Դիլբարյանը՝ «Ժառանգության» նախագահի դիրքից

Հայաստանի գործող խորհրդարանը չի արտահայտում երկրի բոլոր շերտերի և բոլոր կառույցների ողջամիտ ամբողջությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր նախագահ, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը։

«Ընտրությունները տեղի ունեցան արտահերթ՝ հին խորհրդարանական համակարգը ձևավորող օրենսգրքով, ստեղծվեց մի մեծամասնություն, որը պարբերաբար իր գործունեության ընթացքում կորցնում է առողջ քննադատության դաշտը։ Եվ երբ չկա քննադատության ընկալում, օբյեկտիվորեն վերածվում է մենիշխանության։ Իսկ մենիշխանությունները երբեք չեն լինում արդյունավետ իրենց գաղափաներով և գործիքակազմով։ Ուստի, պետք է հնարավորինս նաև արտախորհրդարանական կուսակցությունների և փորձագիտական մեծ դաշտի մասնագիտական ներուժը օգտագործել, որն արհամարհվում է»,-ասաց նա։

Նարինե Դիլբարյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ է ընտրվել ռոտացիոն կարգով։ Կուսակցության նոր ուղեգիծն է՝ ժողովրդավարական դարձնել կառավարումը՝ ներգրավելով վարչության անդամներին։ Որոշումն ընդունվել է կուսակցության 12-րդ համագումարում, ռոտացիոն ընտրությունը պետք է կազմակերպվեր մարտի 31-ին, բայց թագավարակով պայմանավորված, մի փոքր ձգձգվեց։ Այժմ արդեն կուսակացության վարչությունն առաջարկել է, Նարինե Դիլբարյանը համաձայնել է իր թեկնածությունը դնել քվերակության և հաստատումը տեղի է ունեցել։

 «Ժառանգություն» կուսակցության ծրագրի, ռազմավարության և մարտավարության որևէ փոփոխություն տեղի չի ունենա, ասաց նա, ամեն ինչ կգնա կանխագծված հունով։

«Նույն թիմով իրականացնելու ենք այն հիմնական նպատակները, որոնք հեղափոխության առաջին տարում էլ կային․ «Ժառանգությունը» ձգտելու է մեր քաղաքական դաշտը ձևավորել և աշխուժացնել, որը հեղափոխությունից հետո կարծես անկյալ վիճակում էր, որովհետև թվում էր՝ շատ խնդիրներ ինքնըստինքյան պետք է լուծվեին, բայց ամբողջ անցած ժամանակընթացը ցույց տվեց, որ դա չկատարվեց։ Ամենից առաջ, Սահմանադրության այն փոփոխություններն են, որոնք պետական կառավարման համակարգը կսրբագրեն, կդարձնեն առավել ժողովրդավարական, այսինքն կձևավորեն այնպիսի իշխանություն, որը կունենա իր հակակշիռները և դրա շնորհիվ կլինի արդյունավետ, երկրորդ, դա Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումն է, որը սկսվեց, բայց այդպես էլ կիսատ մնաց և Ընտրական օրենսգրքի փոփոխումը։ Հենց այս փաթեթով է, որ կկարողանանք ստեղծել մրցունակ պետություն, քաղաքական դաշտ, հատկապես խորհրդարանական կառավարման մոդելի պետության մեջ»,-ասաց Նարինե Դիլբարյանը։

«Ժառանգության» քաղաքական թիմի այլ անդամների՝ օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի, հանրային առավել ակտիվությանն անդրադառնալով, Նարինե Դիլբարյանն ասաց, որ նա Հայաստանում է, քննարկումային հարթակներում հասանելի է, տրամադրված է վճռական․ «Ղեկավարում է «Ժառանգության» խորհուրդը, որն ընդյալնված մարմին է՝ ներառում է վարչությունը և տարածքային կազմակերպությունների պատասխանատուներին»։

Արմեն Մարտիրոսյանը արտերկրում է, նրա հետ նույնպես կապեր կան, նրա վերադարձը հայաստանյան գործուն քաղաքական կյանք դեռևս հնարավոր չէ․ «Բայց նրա և՛ նամակներից, և՛ կուսակցական ընկերների հետ զրույցներից կարելի է եզրակացնել, որ ժամանակի այդ խիստ գործուն պատգամավորը կարոտում է մեր քաղաքական կյանքին»։

Նարինե Դիլբարյանը միացել է Ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարությանը։ Հարթակը կուսակցական չէ և այնտեղ որպես անհատ է ներգրավված։ Հռչակագրին իր համաձայնությունը տվել է և մասնակցել  մշակմանը, քանի որ այնտեղ գրված սկզբունքներն էլ համընկնում են «Ժառանգության» դեռևս 2018 թ-ի սկզբունքների հետ։

«Քանի որ հանրային կարծիքը չենք կարողանում դեռևս ուղղորդել դեպի կուսակցություններ, մարդիկ իրենց խնդիրներով գնում են դեպի կառավարության շենք՝ ցուցապաստառներով, ոչ թե քաղաքական կուսակցությունների միջոցով են իրենց դժգոհությունը պատվիարկում իշխանությանը, ապա ինձ ևս, որպես անհատի, առաջարկվեց այդ սկզբունքների շուրջ քննարկում ծավալել։ Վերջերս, ոչ թե թագավարակով, այլ ընդհանուր քաղաքական մթնոլորտով պայմանավորված, մեզ մոտ հանրային խոսույթը չի ծավալվում, այդ խոսույթը կարող է վերածվել հարձակողական վեճի, որը բնավ բանավեճ չէ և նման ձևաչափերով տարբեր հարթակների գոյությունը կարող է մեր քաղաքացիական հանրությունը խթանել»,-ասաց նա։

Իբրև «Ժառանագություն» կուսակցության ղեկավար՝ արտախորհրդարանական այլ ուժերի հետ դաշինքներ կազմելը, Նարինե Դիլբարյանը վաղ է համարում․ «Ժառանգությունը» գտնում է, որ կարևորը գաղափարներն են, պետք է առաջ քաշել գաղափարներ և եթե կա կարծիքների համընկնում, ծավալել քննարկումներ։

««Ժառանգությունը» իրեն բաց է համարում իշխանության քաղաքական համակարգը բարեփոխելու, հակակշիռների մեխանիզմը ավելի գործուն դարձնելու՝ դրա մեջ դատաիրավական բարեփոխումների փաթեթն է, քննարկումների համար։ Իշխանության քաղաքականությունը, մեր և շատերի համոզմամբ, չի արտահայտում հռչակված բոլոր նպատակները, որ 2018-ին հանգեցրին համաժողովորդական հզոր շարժման․ նախկին համակարգի թերի կողմերը, որոնց դեմ ժողովուրդը ըմբոստացավ, շարունակում են իներցիայի ուժով պահպանվել և վերարտադրվել։ Այսինքն, հայտարարվում են ժողովրդավարական կառավարման նպատակներ, բայց կառավարումը շարունակում է մնալ բրգաձև՝ մեկ կենտրոնից եկող, և չի արտահայտում այն տեսակետների ամբողջությունը, որը կապահովեր արդյունավետություն»,-ասաց կուսակցության ղեկավարը։

Իբրև ասվածի ապացույց, նա մատնանշեց այն շատ որոշումները, որոնք ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո փոփոխվում են, կամ էլ միանգամից հարուցում են հանրության այն շերտերի դժգոհությունը, որոնց կյանքի բարելավմանը ուղղված էին։

Նա նկատեց, որ Աժ-ն անընդհատ հավաքվում է, կառավարությունը ևս անընդհատ հավաքվում և գործում է, բայց այդ մարմիններում միայն տեսնում ենք այնպիսի հարցեր, որոնք ավելի շատ ծնում են վիճաբանություններ և ոչ թե դնում են համակարգային խնդիրներ։

«Ընդ որում, արձանագրենք, որ իշխող խմբակցությունը այդ հարցերն ինքը բարձրացրել է և հետհեղափոխական շրջանում դրանք մշտապես եղել են օրակարգային, բայց այս ընթացքում մենք տեսնում ենք հենց այդ օրակարգից բազմաթիվ շեղումներ, նոր օրակարգերի ձևավորում, որոնք այսրոպեական են և չեն արտահայտում այն մեծ խնդիրները, որոնք լուծելուց հետո միայն ՀՀ-ն կդառնա արդյունավետ՝ իր կառավարման համակարգով»,-ասաց նա։

Կարևորն անկարևորից տարբերելու համար, Նարինե Դիլբարյանի համոզմամբ, քննարկումների լայն ընդգրկում է պետք, մինչդեռ մեր երկրում միջկուսակցական խոսակցությունները, մտքերի փոխանակումը խիստ ներփակված են։

«Քննարկումներն, ի վերջո, պետք է սկսվեն․ ընդ որում, այդ քննարկումները չեն կարող սահմանափակվել միայն խորհրդարանական ուժերի շրջանակով։ Մեր անհանգստությունն այն է, որ, ցավ ի սիրտ, այս խորհրդարանից շատ քաղաքական ուժեր դուրս են մնացել, ուստի նման տիպի խոսույթը պետք է ծավալվի նաև խորհրդարանից դուրս, ամենատարբեր ձևաչափերով։ Բայց վերջերս նկատելի են միմյանց պիտակավորելու և միմյանցից ավելի շատ անջրպետվելու միտում, քան թե համագործակցված աշխատանք։ Իսկ երբ չկա համագործակցված աշխատանք, չի կարող լինել արդյունավետ կառավարում»,-ասաց նա։

Կառավարության որդեգրած հակաճգնաժամային միջոցառումները, Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ, միտված են լուծելու այսօ՛ր ծագած խնդիրները՝ շատ կարճ արդյունքով։ Փաթեթներն ընդունվում են, բայց ենթադրում են սրբագրումներ, իսկ կատարումը բարդությունների է հանգեցնում։

«Միմյանց լսելու մթնոլորտում սա ևս արդյունավետ կարելի էր կազմակերպել, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ պետական որոշ մարմիններ չեն տիրապետում տեղեկատվությանը՝ Հայաստանի տնտեսության, սոցիալական վիճակի իրական պատկերը ներակայացնողները, կարծես, ամբողջական պատկերացում չունեն։ Որոշումները կարող են ծնվել ինչ-որ պահի, հետևաբար, դրանք լուծում են պահի խնդիրը, բայց հաջորդ պահին նոր խնդիր են առաջացնում»,-ասաց նա։

Այս ամենի ֆոնին՝ արտահերթ ընտրություները Նարինե Դիլբարյանն անիրատեսական է համարում․ «Առայժմ դժվար է հայտարարել, որ արտահերթ ընտրությունները ունեն սոցիալական հենարան և ունեն քաղաքական պարտադրանք, իսկ արտահերթ ընտրությունների համար սոցիալական հենարանի և քաղաքական պարտադրանքի առկայությունը անհրաժեշտ պայման է»։

Նրա համոզմամբ, այժմ ճգնաժամային իրավիճակ է, որոշակի զանգվածների հիասթափության շրջան, ուստի, ուժերի համատեղման դեպքում, համակարգը կարելի է բերել բնականոն հուն։ Իսկ դա հնարավոր կլինի միայն ապահովելով բազմախոսություն և քննադատական տեսակետները հաշվի առնելու մշակույթ։ Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ խորհրդարանական կառավարման երկրներում բանավեճները միտված են կառավարումն ավելի գործուն դարձնելուն․ երբ դա բացակայում է, սկսվում է տեղապտույտ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica