close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի

Խմբագրի անկյուն

15 Մայիսի 2020, 17:56
 «Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի

Մոտ երկու տարվա պաշտոնավարումից հետո (նշանակվել էր 2018 թ. Հունիսի 12-ին) այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Աշխատանքից ազատման պատճառների մասին պարոն Գոգյանը ավելի ուշ նշել է իր դիմատետրում կատարած գրառման մեջ։ ԲՈԿ-ի՝ արդեն նախկին նախագահի առանձնացրած երեք կետերից առաջին երկուսում ամրագրվել են աննախադեպ փաստեր և երևույթներ, որոնցից ոմանք կարելի է որակել որպես տեղի ունեցած, այժմ իրականացվող և սպասվելիք հանցագործությունների, բացահայտ կոռուպցիոն դրսևորումների մասին հայտարարություններ։ ԿԳՄՍՆ-ի որդեգրած ռազմավարության և կրթության ու գիտության բարեփոխման՝ իր պատկերացումների ակնհայտ անհամատեղելիության, ինչպես նաև այդ հողի վրա առկա հակասությունների խորացման մասին հայտարարության ավարտին՝ Գոգյանը փաստել է. «Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»։ 

Գոգյանը հաջորդիվ անդրադարձել է նաև ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռ. Հայրապետյանի աղմկահարույց հրաժարականի դեպքին՝ նշելով, որ, եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ինքը կգնար (Գոգյանը մատնանշել է ՀՊՏՀ-ի նախկին ռեկտորի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած աղմկահարույց խնդիրները)։ ԲՈԿ նախկին նախագահը չի շրջանցել նաև ՀՊՏՀ ներկայիս ռեկտորի պաշտոնակատարի՝ կրկին աղմկահարույց դոկտորական ատենախոսությանը և փաստել, որ նրանում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով Դիանա Գալոյանն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ «Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև»,- նշել է Գոգյանը։

Ս. Գոգյանի սույն հայտարարությունից և ՀՊՏՀ-ի նախկին ու ներկա ռեկտորների դոկտորական ատենախոսությունների շուրջ առկա «ճգնաժամի» առկայությունից կարելի է եզրակացնել, որ Գոգյանի վրա ԿԳՄՍՆ-ի կողմից անընդմեջ կիրառվել են բազմապիսի ճնշումներ, որոնց նպատակն է եղել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության «ամրացված» հիմքերի հետ հաշտվելը, որի պայմաններում ՀԱԿ-ի անդամ Զոյա Թադևոսյանի դուստր Դիանա Գալոյանը մոտ ապագայում կբազմի ՀՊՏՀ ռեկտորի աթոռին։ Այն նույն Զոյա Թադևոսյանի, ով 2018 թ. հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են, և դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում:

Իսկ որ Արցախի Սահմանադրության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգությունների հեղինակ Զոյա Թադևոսյանի դստեր դոկտորական ատենախոսությունը «հիմնարար» համարելը և նրան ռեկտորի աթոռին տեսնելը «հեղափոխական» իշխանությունների բաղձանքն է՝ դա անվիճելի է, և արժե հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել այս հողի վրա՝ 2019 թ. կեսերից սկսած։ 

Դիանա Գալոյանի ատենախոսության մեջ գրագողությունների առկայությունը մատնանշած և այդ առիթով «Հանուն որակյալ կրթության» շարժումը ստեղծած ուսանողների պահանջներին և Դիանա Գալոյանի գրավոր դիմումին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ի կողմից ստեղծվեց Դիանա Գալոյանի և վերջինիս հոր մտերիմներից ձևավորված հանձնաժողով։ Ինչպես և կանխատեսվում էր՝ 2020 թ. հրապարակվեց եզրակացությունը, ըստ որի՝ Դ. Գալոյանի ատենախոսության պաշտպանության գործընթացն իրականացվել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջների պահպանումով։ Հիշեցնենք նաև, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանի դստեր՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր դառնալու լոբբինգով ԿԳՄՍՆ-ում անմիջականորեն զբաղվել է նրա մտերիմ ընկեր Գրիշա Թամրազյանը, ով նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալն է։ 

Այսքանից հետո՝ պարզորոշ է, որ Արայիկ Հարությունյանի թիմում նման տանիք ունեցող Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսությունը պետք է համարվեր «հիմնարար» և «չարտագրված», իսկ դրա հեղինակը՝ ՀՊՏՀ ռեկտորի «արժանի թեկնածուն»։ Պարզորոշ է նաև, որ գիտության բնագավառում «խնամի-ծանոթ-բարեկամ» մոտեցումներով առաջնորդվող և ակհայտ հովանավորչության ուղին բռնած Արայիկ Հարությունյանի գերատեսչության կազմում անհնար էր պատկերացնել իր սկզբունքայնությամբ բազմիցս աչքի ընկած Սմբատ Գոգյանի հետագա պաշտոնավարումը, և եղավ այն, ինչն օրինաչափորեն լինելու էր։ 

Բնականաբար՝ Ս. Գոգյանն ամենևին պատահական չի հայտարարել, որ գրագողերն սպասում են կառույցի փակվելուն։ Այս խոսքերով Գոգյանն անուղղակի կամ ուղղակի փաստել է, որ այս ընթացքում իր դռանը շարվել են մի շարք իշխանական կամ, «արքայադուստր» Դիանայի օրինակով,  իշխանական հովանավորչությունը վայելող և այս կամ այն պաշտոնին հավակնող մի շարք «գիտնականներ»։ Փաստենք, որ վերջին շրջանում կայացած հրապարակային պաշտպանությունների շարքում եղել են նաև աղմկահարույցները։ Հիշենք թեկուզ ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանի որդու շուրջ առաջացած աղմուկը, ով ասպիրանտուրայում եռամյա ուսուցումն ավարտել է 16.06.2019 թ. և, անհայտ պայմաններում չզորակոչվելով բանակ, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2020 թ. փետրվարի 20-ին՝ ճակատագրի բերմամբ՝ նույն ՀՊՏՀ-ում։ Հարցին՝ ինչու՞ չի ծառայել բանակում, պատասխան չի եղել։  

Այսպիսով՝ իշխանություններն ակնհայտորեն առաջնորդվում են ատենախոսությունները ԲՈԿ-ում «հորով-մորով անելու» մտայնությամբ, և, բնականաբար, Սմբատ Գոգյանի անզիջողականությունը և սկզբունքայնությունը միմիայն գլխացավանքի և ավելորդ տհաճությունների տեղիք կարող էր տալ։ Իշխանություններին, ինչպես դատական և բազմաթիվ այլ ոլորտներում, այստեղ ևս պետք է ոչ թե օրենքին ծառայող, այլ՝ արայիկհարությունյաններին և, ի վերջո, Փաշինյանին ծառայող Բարձրագույն որակավորման կոմիտե։ 

Հ.Գ. ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն իր դիմատետրի գրառմամբ փորձել է մեղադրանքներ ներկայացնել Ս. Գոգյանի հասցեին՝ նաև հպարտորեն հայտարարելով, որ իր դոկտորականի առթիվ հրապարակվել է դրական եզրակացություն։ Արդեն վերևում նշեցինք, թե ում «օրհնանքով» է ծնվել այդ «եզրակացությունը», և դեռ որքան մարդիկ են հերթագրվել նույնանման «եզրակացությունների» համար՝ անհամբեր սպասելով Գոգյանի հեռանալուն։ Դիանա Գալոյանի և այլոց աղմուկը, ինչպես և ինքնապաշտպանական հարձակումները Ս. Գոգյանի վրա, բնականաբար, սեփական կերպարը մի պահ չտեսնելու և անցյալը մոռանալու արդյունք են ։   

Վ. Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica