close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 16)

Մշակույթ

12 Մայիսի 2020, 14:25
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 16)

Վարդավառ էր՝ սիրո, ծաղկի, բերքի, կրքի տոն։ Բոլորը պատրաստվում էին, առավոտ շուտ հանդ ու աղբյուր զբաղեցնում, որ ընտանիքներով հավաքվեն, քեֆ-ուրախություն անեն։ Երիտասարդներն առավոտ կանուխ աղբյուրների մոտ կրակ էին վառել, որ հեռվից ծուխը տեսնեն, անտեղի մոտ չգան, այլ տեղ փնտրեն իրենց վարդավառն անց կացնելու համար։ Պատանիներն ու աշակերտները վաղ առավոտյան՝ դեռևս ժամը հինգին, խումբ կազմած, Վարդավառի գույնզգույն ծաղիկներ էին հավաքել, ապա խաչփունջ կապել ու նետել պատուհան ու պատշգամբներից ներս, և ըստ ընդունված կարգի՝ պիտի մոտենային ու ծաղիկների դիմաց ուտելիք պահանջեին՝ իրենց բաժին վարդավառը առանձին նշելու համար։ Օրը նոր էր արթնանում։ Առջևում դեռ պիտի ջուրը հոսեր ու զգացմունքներից ցոլար արևի ճառագայթների տակ։ Գևորգն էլ էր պատրաստվում նշել այդ հրաշալի տոնը իր մայրիկի՝ Աշխենի, Գայանեի, նրա հայրիկի, որդու, ինչպես նաև Երկնափեշյանի հետ, ում նախօրոք էր հրավիրել և իրենց երկու տան բակում սեղան էր բացել։ Առավոտյան, երբ Գայանեի տղան՝ Արմենը, ընկերների հետ ծաղկաքաղից վերադարձավ, նա տեղյակ պահեց բոլորին իր ծրագրի մասին, ապա Արմենին կանչեց ոչխար մորթելու։

— Մամ, ես գնում եմ մորթելու, կարելի՞ է,— կանչեց Արմենը ու վազեց Գևորգի ուղղությամբ՝ առանց պատասխանի սպասելու։

— Կարելի է, սովորիր, որ տղամարդ դառնաս,— արձագանքեց Գայանեն ու մտածեց, որ Գևորգը ամեն ինչ ճիշտ է անում, բացի ամենակարևոր՝ սիրո  հարցից։ Նա, ներքևում, աստիճանների մոտ կանգնեցրեց Արմենին, ընկերոջ պես ձեռքը դրեց նրա ուսերին ու ասաց․

— Գնացինք։

— Գևո՛րգ քեռի, Ձեզ կարելի՞ է ջրել։

— Չի կարելի,— կարճ պատասխանեց Գևորգը։

— Ինչու՞

— Ես ջրից վախենում եմ,— կատակեց նա, ապա շարունակեց,— եթե դու հարգում ես քո զոհին, ապա պիտի սկսես դանակից, որը սուր պիտի լինի, որպեսզի արագ մորթես ու չտանջես կենդանուն,— սա ասելով՝ նա Արմենին ուղղորդեց դեպի էլեկտրական սրիչը, որ դրված էր իր պատշգամբի տակ։ Մի քանի դանակ վերցրեց ու սկսեց սրել դանակները,  որոնք հատկացված էին մորթելու և մորթազերծ անելու համար, զուգահեռաբար սովորեցնելով ողջ ընթացակարգը։

— Աստված մեզ այնպես է ստեղծել, որ մենք և գիշատիչ ենք, և բուսակեր։ Սակայն նա մեզ իր կերպարով է ստեղծել, խիղճ է տվել ու կարեկցելու ունակություն,— Արմենը ուշադիր լսում էր,— ուստի մորթելուց առաջ միշտ նայիր Երկինք ու Աստծուն քո շնորհակալությունն ասա, ապա նայիր քո զոհին ու նրանից ներողություն խնդրիր։

Գայանեն արդեն հագել էր Վարդավառի համար իր ձևած ու կարած շրջազգեստը, որը աննկարագրելի սազական էր նրա վարսերի գույնին ու ուրախ բնավորությանը, փոքր-ինչ ընդգծում էր մարմնի գծերը ու ծածկում էր ծնկից մի քիչ ներքև։ Հիմա՝ վարագույրների ետևում պատսպարված, թաքուն ծիկրակում էր նա, նայում տղային ու Գևորգին ու երջանկության հեղեղից հագենում։ Մի պահ կտրվեց պատուհանից, հեռացավ, վզի արծաթի խաչը պինդ համբուրեց ու նայեց երկնքին։

— Տե՛ր Աստված, շատ չհամարես։

Կեսօր էր։ Համոն, որ օդանավակայանից քսան տարվա կոնյակ էր գնել, մի տուփ էլ կոնֆետ, հագել էր իր իտալական գծավոր կոստյումը, ներքևում փողքերը ետ էր ծալել, որ Վարդավառի ջրերից ցեխ չդառնան, ու դուրս էր եկել ճամփա՝ դեպի Գայանեի տուն։ Գլուխն ու ձեռքը երեկվա կռվից հետո դեռ ցավում էին, բայց դե շատ համառն էր, իսկական Իծաքարցի։ Ամբողջ գյուղն էլ հենց սրան էր սպասում։ Պատշգամբներից ու պատուհաններից նրա սև, սուր քթերով կոշիկներին նայելով ու հերթով․

— Համո՛, բարև։

«Աստծու բարին, մենակ չջրեք» ասելով՝ Համոն գնում էր դեպի Գայանեի տուն՝ ափսոսալով, որ Մոսկվայից մեքենայով չի եկել ու ստիպված է բոլորին ներկայանալ։

— Գնա, Համո, գնա։ Մենք քեզ ետ դառնալիս ենք ջրելու,— ասաց հարևանուհիներից մեկը ու բոլորը ծիծաղեցին։

Երբ հասավ երկու տների ճամփաբաժանին, ներքևից Գևորգը տեսավ ու կանչեց․

— Համո՞, էս խե՞ր լինի, ես քեզ ի՞նչ ասացի, էս ինչի՞ ես եկել։

— Ես քո մոտ չեմ եկել, ճանապարհ տուր անցնեմ,— պատասխանեց Համոն՝ աչքի տակով նայեց Գևորգի ու Արմենի ձեռքի դանակներին, ապա վերջինիս գլխով բարևեց, սակայն անպատասխան։ Արմենը զարմացած Գևորգին էր նայում, կարծես հարց տալով, թե ի՞նչ գործ ունի Համոն այստեղ։

Գայանեի սիրտն էլ մի պահ կծկվեց, վտանգ զգաց, թաղում շներ էլ հաչացին։ Արագ-արագ դուրս եկավ պատշգամբ, նայեց տղամարդկանց՝ բոլորին, նայեց առանձին - առանձին, ապա դիմեց Գևորգին․

— Գևո՛րգ ջան, սպասիր։ Բարև՛, Համլետ։ Գևո՛րգ ջան, թող Համլետը բարձրանա։

Սա գոտեպնդեց Օլիգարխենց Համոյին։ Թույլ տվեց հաջող ելք երազել։ Անցավ բակ ու աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ։ Ընդամենը երկու րոպե տևեց նրանց զրույցը, բայց Գևորգը բակում, դանակները ձեռքին, Արմենի կողքին քարացել կանգնել էր։ Ոչ մի մկան չշարժվեց նրա դեմքին։ Արմենն էլ ուշադիր նրան էր նայում, կարծես ինչ-որ հրահանգի էր սպասում։ Թվում է՝ մի հավերժություն անցավ, մինչև դուռը բացվեց, ու Համոն, իր կոնյակն ու կոնֆետը ձեռքին, դուրս եկավ ու առանց հրաժեշտ տալու գնաց։ Գևորգը ոտքով սեղմեց էլեկտրական կոճակին ու խարտոցը նորից սկսեց աշխատել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica