close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 14)

Մշակույթ

8 Մայիսի 2020, 15:08
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 14)

«Արագիլ» բժշկական կենտրոնի քարտուղարուհին թեք նայելով ընդունեց նրանց, կարծես, ուզում էր հաղորդել իր ղեկավարի խիստ վերաբերմունքը՝ բուժվելու հարցում ամուսինների մոտ առաջացած կասկածամտության առիթով, ապա աչքերով Արփիկին ցույց տվեց բազկաթոռը։  

— Պարոն Գասպարյանի մոտ խորհրդակցություն է, հարկավոր է սպասել, բայց Դուք, պարոն Հայկ, գնացեք ևս մեկ անգամ անալիզներ տալու,— պաշտոնական դիմեց նա Հայկին, թղթեր մեկնեց նրան, ապա ավելացրեց,— Դուք գիտեք՝ որտեղ։

Հայկը լավ գիտեր լաբորոտորիայի ու նրան կից՝ մերկ կանանց պաստառներով պատերը փակցված սենյակի տեղը, սակայն միայն քարտուղարուհու Դուք-ով դիմելն էր պատճառը, որ նա շոյվեց և չհասցրած նստել, շրջվեց ու գնաց վճարելու։ Գանձապահը տեղում չէր։ Հարկավոր էր սպասել։  Միջանցքում, բազմոցին քաղաքաբնակ մի զույգ էր նստել։ Նրանց զրույցից Հայկի ականջին այն հասավ, որ ավելի քան երկու տարի առաջ, այս կենտրոնում ասում էին, որ անպայման կհղիանան, որ զույգ են ունենալու, որ սեռն անգամ կարող են ենթադրել, իսկ հիմա՝ ահռելի գումարներ են վճարում, սակայն անարդյունք։ Երիտասարդ կին էր ասողը, ասես մի փայլուն ամսագրի էջերից իջած լիներ։ Օծանելիքի բույրը տարածվել էր միջանցքով մեկ։ Հայկը ցանկացավ հարցեր տալ, սակայն անհարմար զգաց։ Գանձապահի պատուհանը բացվեց, և նա մոտեցավ վճարելու։ Գյուղում ապրող մարդու համար բավական թանկ էր անգամ անալիզների վճարը։ Նա մտածեց, որ այստեղ մարդը պատրաստ է անգամ շատ թանկ վճարել, միայն արդյունք լինի, ու հիշեց Երկնափեշյանին, ով ակնարկում էր, որ այսպիսի կենտրոններում բժիշկները առաջին հերթին եկամուտով են տարված։ Հետո մտավ այդ սենյակը ու այնտեղից դուրս եկավ այնպես տխուր, կարծես կտտանքի ենթարկված կալանավոր լիներ։ Արփիկը կարեկցանքով նայեց նրան, երբ նա վերադարձավ ընդունարան ու ականջին ինչ որ ինտիմ, լոկ իրենց հայտնի բան ասաց։ Հայկը ժպտաց ու մտածեց, որ իր կնոջը շատ է սիրում, ու նրա մաշկի բույրը իրական է, միջանցքում նստած գեղեցկուհու օծանելիքինը չէ։ Սեղանի վրա արհեստական շուշաններ էին դրված ծաղկամանում։ Հայկը հարցրեց, թե ինչու՞ են արհեստական։

— Հղիների մոտ ալերգիա չառաջացնելու համար,— ատամների արանքից արտանետեց քարտուղարուհին։

— Պարզ է,— պատասխանեց նա ու տեսավ որ ծաղկամանի տակ ոսկյա Բուդդայի մի արձանիկ ոսկու մետաղադրամների վրա ճեմում էր։ Քիչ հեռու, սեղանի մյուս ծայրին՝ վարդագույն խոզուկի մի այլ արձանիկ վարդագույն մռութով ոսկի կաղիններ էր հանում հողից։ Ոսկեգույն պաստառներով ընդունարանը նման էր եգիպտական փարավոնի պալատի, ոչ թե բժշկական հիմնարկի։ Հայկը մի պահ մտածեց իր գառների մասին, Երկնափեշյանի մասին ու նորից տխրեց։ Քարտուղարուհին զանգ ստացավ․

— Այո, այստեղ են, պարոն Գասպարյան, հիմա,— ապա դարձավ Արփիկին ու Հայկին,— կարող եք մտնել։

—Բարև Ձեզ,— դուռը բացելուն պես ասաց Հայկը։

—Շատ բարև,— հեռվից ամուսինների բարևին մի տեսակ վերևից, առանց ձեռքն ու հայացքը համակարգչից կտրելու, «Աստծո բարդույթով» տառապող բժշկին հատուկ արհամարհանքով պատասխանեց պրոֆեսոր Գասպարյանը,— համեցեք, նստեք։

Նա ցածրահասկակ էր, աջ ու ձախ նայող աչքերով, որոնք ռադիոընդունիչի պես կարծես ալիքներ էին որսում ու տարածքը պահում հսկողության տակ։ Դաստակին ոսկյա մի ժամացույց էր, որի գնի մասին, ավելի լավ էր Հայկը չիմանար, որովհետև իր ողջ կյանքում այդ գումարը միանգամից, մեկտեղ դրված չէր տեսնելու և այդքան կարժենար Իծաքարի ոչխարի ողջ հոտը։ Նա մտածեց, որ պրոֆեսորի տեսք չունի այս մարդը, որ նման է Իջևանի մթերումների գրասենյակի տնօրենին։ Գյուղում նման մարդկանց մասին ասում էին․ «Խորամանկ են, որքան հողի վրա են, այնքան էլ հողի տակ են»։

—Պարոն Հայկ, ինչպե՞ս կարելի է այսքան բարդ ու նուրբ հարցը վստահել գյուղական ուսուցչին,— Հայկը փորձեց առարկել, սակայն Գասպարյանը ձայնը բարձրացրեց,— սպասեք, լսեք, հետո կասեք։ Մարդու ծնունդը ամենաբարդ պրոցեսն է, և մեր կենտրոնը ունի իր հեղինակությունը այս բնագավառում։ Եվ եթե մենք Ձեզ այդպիսի հնարավորություն ենք տվել, Դուք պիտի Աստված կանչեք, որ մենք չհրաժավենք Ձեզանից, և բարի եղեք՝ կատարել մեր պայմանավորվածությունները։

—Երկնափեշյանը, պարոն Գասպարյան, գյուղական բժիշկ չէ։ Գիտնական մարդ է։ Այս պահին մեր գյուղում հանգստանում է և օգնում է դպրոցին։ Ես ավելի խելացի ու իմաստուն մարդ չեմ տեսել իմ կյանքում,— փորձեց հակաճառել Հայկը։

— Դուք դեռ կյանք չեք տեսել, երիտասարդ։ Վերջ, չեմ ուզում լսել անգամ, Արմինե,— կոճակին սեղմելով նա դիմեց քարտուղարուհուն,— ո՞վ է լաբորոտորիայում, թող անալիզները բերեն։

— Դուք ի՞նչ կասեք տիկին Արփիկ։ Պատրաստ ե՞ք մեր առաջարկած բուժման մեթոդին։

Արփիկը գլուխը կախեց ու կամաց պատասխանեց․

— Այո, պատրաստ ենք։

Լռություն տիրեց։ Գասպարյանը վայելում էր գյուղից մայրաքաղաք եկած անզավակ ամուսինների նկատմամբ իր տարած հաղթանակը, սակայն օգնականը մի քիչ այլայլված բերեց անալիզների վերաբերյալ տեղեկանքը, դրեց գլխավորի սեղանին ու երեք քայլ ետ գնաց, կարծես մոտալուտ միջուկային պայթյունից պաշտպանվելու համար։ Գասպարյանն աչքերն արագ անցկացրեց տեղեկանքի վրայով և մեկ վայրկյանում քրտնեց, վեր կացավ, ապա նստեց։ Մի խուրձ անձեռոցիկ պոկեց տուփից, մաքրեց ճակատի քրտինքը, ծոծրակը, իրեն կորցրած՝ անձեռոցիկը խցկեց նույն տուփի մեջ, ապա, հայացքով դանդաղ սահեց պատի դարակին դրված թանկարժեք սպիրտային շշերի վրայով, որոնք իր հիվանդներից էր ստացել, կանգ առավ Արփիկի զարմացած դեմքի վրա ու իրեն ոչ հատուկ ազնվությամբ ասաց նրան․

— Ես բան չեմ հասկանում,— ապա դիմեց իր օգնականին,— Ապրեսյան, տեխնիկական սխալ կլինի։

— Բացառվում է,— վախեցած պատասխանեց օգնականը,— երկու անգամ ենք արել։

— Այստեղ ակտիվությունը հինգից հասել է ութանասունհինգ տոկոսի։ Ես այս թվերին չեմ հավատում,— ասաց Գասպարյանը։

—Բայց նրանք ասում են, որ հատուկ այս նպատակով ինչ-որ դեղաբույսերից թուրմ են խմել։

— Ապրեսյան, դու հիմա՞ր ես,— կատաղեց Գասպարյանը,— հինգ օրվա մեջ ոչ մի դեղաբույս չէր կարող այսքան բարձրացնել սպերմատոզոիդների ակտիվությունը, եթե միայն Աստծո մատը խառը չէ այս պատմության մեջ։ Իսկ Աստված, ես էլ, դու էլ, լավ գիտենք, որ չկա։

— Չկա,— հազիվ լսելի ասաց օգնականը, բայց այդ պատասխանը ավելի շատ հարցի էր նման։

Հայկն ու Արփիկը զարմացած իրար էին նայում։

— Այդ մարդու հեռախոսը տվեք, ես ուզում եմ խոսել նրա հետ։

Հայկը կտրուկ վեր կացավ տեղից․

— Այդ մարդը երբեք հեռախոս չունի, նրա հետ չեն խոսում, նա ինքն է որոշում ում հետ խոսի,— Պատասխանեց նա և շշնջաց Արփիկի ականջին— Գնացինք Արփիկ ջան։

Արփիկը ժպտաց և ենթարկվեց ամուսնուն, վեր կացավ, թևանցուկ արեց նրան, գլուխը դրեց նրա ուժեղ ուսին, հրաժեշտ տվեցին ու արագ դուրս եկան Գասպարյանի աշխատասենյակից, կամ գրեթե վազելով դուրս թռան, նստեցին իրենց մեքենան ու ճանապարհվեցին ետ։ Արփիկն աչքի տակով նայում էր ամուսնուն ու երջանկաբեր արցուքներից խեղդվում։ Իր կողքին իր հին Հայկն էր, երջանիկ ու կենսուրախ, այլ ոչ թե այն ծանրացած փիլիսոփան, որ ամեն ինչ վատատեսությամբ էր շրջանակում։ Հայկն ինչ-որ երգ էր սուլում, ու քանի որ երաժշտությունից հեռու մարդ էր, անհասկանալի էր, թե ինչ երգ է։ Միայն թե ժամանակ առ ժամանակ ասում էր՝ Ջան, ու թմբկահարում ղեկին։

Արփիկը մոռացել էր, թե վերջին անգամ ե՞րբ է նրան այդպիսին տեսել։ Երբ Երևանի ճանապարհային ոստիկանության վերջին կայանն անցան, քաղաքային ճնշող եռուզեռից նրանք իրենց ավելի ազատ զգացին, ամրագոտիները բաց թողեցին, իրար ձեռք բռնեցին, բայց չէին խոսում։ Միայն ժպտում էին այնպես, որ կողքից նայողին կթվար, թե այս մարդիկ մի քիչ խելքից պակաս են, ու սրանց մեքենայի ղեկ չի կարելի վստահել։ Թթու Ջուր գյուղի մատույցներում Հայկը նայեց կնոջն ու անսպասելի ծիծաղեց։ Նրա մեջ մի վայրի առողջ ցանկություն վեր էր կենում ու համակում ողջ գիտակցությունը։ Արփիկի մտքերն էլ էին ակամա թրջվել։ Վերջին տասը տարիներին սերը՝ նրանց համար, մի պարտադիր պարտականություն կամ երեխա ունենալու մեխանիկական ակտ էր դարձել։ Իսկ հիմա՝ ոչ մի պայմանականություն չէր կարող նրանց կանգնեցնել։ Արփիկն էլ էր ազատ ու անկաշկանդ, ասես ֆրանսիական սիրավեպի հերոսուհի։ Տաք արյունը բարձացել էր ու այտերը վառել։ Հայկի ծիծաղից վարակված նա էլ սկսեց ծիծաղել։ Մեկ էլ ամուսինը պատուհանը բացեց և ի լուր աշխարհի ու Երկնափեշյանի գոռաց․

—Ա՜ա՜ա՜ա՜ա՜ա՜ա՜։

Նրանք չնկատեցին, թե ինչպես գյուղն անցան։ Հայկը իր ձեռքի մեջ ամուր բռնել էր կնոջ ձեռքը ու մի հարմար ճանապարհ էր ման գալիս՝ թեքվելու, կանգ առնելու համար։ Վերջապես, Հորիզոնի աղբյուրի մոտ այդպիսի մի ճանապարհ գտնվեց։ Հայկը աջ թեքվեց այդ ճանապարհով ու իջավ դեպի ձորը։ Քիչ անց մի բացատ հայտնաբերվեց, խոտը մինչև գոտկատեղը։ Հայկը դուրս եկավ իր ինքնաշարժից, մոտեցավ, կնոջն առավ ձեռքերի վրա ու տարավ դեպի մոտակա կաղնու ստվերը։ Շնչառությունն արագացել էր, հոտառությունը սրվել, ասես վայրի արջ լիներ նա։ Դեռ կաղնուն չհասած սկսեց համբուրել կնոջը։ Արփիկն արագ բաց թողեց կոճակներն ու կուրծքը ազատեց կրծկալից։ Հայկը անցավ նրա կրծքին, պտուկներին, վզին։ Արփիկի մաշկի համը խելագարեցրել էր նրան։ Նա, առանց կնոջն իջեցնելու, ոտքերով խոտերն սկսեց ծալել, անկողին պատրաստել, ապա նուրբ, զգուշորեն պառկեցրեց կնոջն այդ խոտե կանաչ մահճակալին ու տեղավորվեց նրա կողքին։ Մի քանի վայրկյան անց Արփիկն արևի պես մերկ՝ սավառնում էր Հայկի երկնքում։

Երնափեշյանն այդ պահին Իծաքարի դպրոցում աննկատ ժպտաց ու շրջվեց դեպի աշակերտները։

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica