close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ուզենանք ունենալ խամաճիկային դատական համակարգ, մեկ-երկու զանգը բավարար կլինի․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

6 Մայիսի 2020, 12:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ուզենանք ունենալ խամաճիկային դատական համակարգ, մեկ-երկու զանգը բավարար կլինի․ Նիկոլ Փաշինյան

Եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հնի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, վաղուց հարցը լուծած կլինեինք՝ դրա համար մեկ-երկու զանգը, կամ զանգի բացակայությունը բավարար կլիներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2019թ.-ի ծրագրի կատարման և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:

Խոսելով խնդիրների մասին, որոնք չեն կարողացել լուծել՝ Փաշինյանն ասաց, որ չեն կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական իշխանության հարցը. «Դրա համար կա մեկ պատճառ՝ մենք իրոք ուզում ենք, որ լինի նման համակարգ: Ոչ թե մենք ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ ուզում ենք անկախ դատական համակարգ»:

Նա նաև պատճառաբանեց թե ինչու է իր իշխանությունը անկայունության տպավորություն թողնում․ ասաց, որ ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, իսկ դրա ֆոնին ժողովրդավար կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն։

«ՀՀ-ում ժողովրդավարության կայունությանը ոչինչ չի սպառնում: ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ  ժողովրդավարական կայունությունը, կասկածի տակ դնել թավշյա հեղափոխությունը»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նաև ստանձնեց հսկայական պարգևավճարներ տալու պատասխանատվությունը։ Նա ասաց, որ պարգևավճարների տեսքով պետական աշխատողների աշխատավարձի բարձրացումը տեղի է ունեցել իր որոշմամբ․ «Գիտեմ, որ տարբեր նպատակներով այդ թեման շարունակ քննարկվում է։ Այո, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել և դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան»։

Նա հստակեցրեց, թե ինչու է այդ բարձրացումը տեղի ունեցել պարգևավճարների համակարգով, այլ ոչ թե աշխատավարձերի․ «Գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է։ Մենք պլանավորում ենք պետական կառավարման, հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը, որովհետև համոզված ենք, որ դա է ճանապարհը ՀՀ-ում արդար դատական համակարգ ունենալու»։

Առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինել բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և բնապահպանական չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, որակյալ տնտեսության կառուցմանը՝ ասաց վարչապետը:

«Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից է զբաղվածության խթանումն ու աղքատության կրճատումը»,- նշեց նա:

Նրա համոզմամբ՝ 2019թ.-ին ՀՀ հետհեղափոխական իշխանությանը հաջողվել է գրանցել 2008թ.-ից ի վեր տնտեսական աճի ամենաբարձր մակարդակը՝ 7.6 տոկոս, որն, ըստ վարչապետի, ամենաբարձրն է տարածաշրջանի, ԵԱՏՄ և եվրոպական երկրների մեջ:

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2023թ.-ը էապես կրճատել ծայրահեղ աղքատության ցուցանիշը:

«Եթե մեզ հաջողվի այս տեմպով շարունակել, մենք դա կկարողանանք անել: Համենայն դեպս, նախաճգնաժամային շրջանում մենք ունեցել ենք աղքատության ամենացածր մակարդակը ՀՀ-ի պատմության ընթացքում»,- ասաց նա:

Աշխատավարձերի, նպաստների ու կենսաթոշակների ավելացման մասին ասաց․ «2019թ-ի մայիսից մինչև այսօր մենք 1 մլն 200 հազար մարդու կա՛մ աշխատավարձը, կա՛մ նպաստը, կա՛մ թոշակն ավելացրել ենք»:

Բարեբախտաբար մենք այսօր չունենք սոցիալական կոլափս ու ճգնաժամ, սակայն թյուր է կարծիքը, որ ճգնաժամն անցել է կամ անցնում է, ճգնաժամը դեռ նոր է սկսվում՝ հայտարարեց Փաշինյանը:

«Մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,-ասաց կառավարության ղեկավարը:

Փաշինյանը խոսեց նաև արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների մասին, ովքեր այս տարի չեն կարողացել մեկնել: Նա ասաց, որ այս տարի կազդարարվի կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման, կառուցման ծրագրեր:

Կառավարությունը հույս ունի այս տարբերակով լուծել արտագնա աշխատանքի մեկնողների զբաղվածության հարցը. «Բայց մենք մտավախություն ունենք՝ կա՞ն արդյոք ՀՀ-ում ընկերություններ, ձեռնարկություններ, որոնք կմասնակցեն մրցույթներին, կհաղթեն ու կիրականացնեն շինարարությունը: Նախորդ տարվա փորձը մեզ թույլ է տալիս նման մտավախություն ունենալ»:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica