close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍՆ-ի ևս մեկ քայլ նահանջն ազգայինից․ «Ազգային գրադարանային շաբաթի» ապազգային ուղղվածությունը

Քաղաքական

30 Ապրիլի 2020, 19:38
 ԿԳՄՍՆ-ի ևս մեկ քայլ նահանջն ազգայինից․ «Ազգային գրադարանային շաբաթի» ապազգային ուղղվածությունը

Այս տարի՝ 2020 թ-ին, «Ազգային գրադարանային շաբաթի» կարգախոսն ու թեմատիկան արմատապես տարբերվեցին նախորդ բոլոր տարիներից՝ հայտնում է Yerkir.am-ը։

Համեմատության համար՝ 2017թ․-ին «Հայոց բանակ-25» կարգախոսով՝ այն նվիրված էր հայոց բանակի կայացման 25 ամյակին։

2016թ.-ին այն կրեց «Եղիցի գիր, եղիցի գիրք և եղև լույս...» խորագիրը և նվիրվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին:

2015 թ․-ին «Պահպանիր և հիշիր» կարգախոսի ներքո Ազգային գրադարանային շաբաթը նվիրվեց Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին։

2012 թ-ին լայնածավալ միջոցառումը նշանավորեց «Հայ գրատպության 500-ամյակը» և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու իրադարձությունը:

2010-ին, օրինակ, միջոցառման խորագիրը «Հայացք գյուղի գրադարանին» էր։

Այս տարի՝ 2020-ին, ուշադրություն․ համազգային միջոցառումը նվիրված է ծագումով հրեա, գերմանացի 15-ամյա աղջնակ Աննը Ֆրանկին, որի օրագիրը հրապարակվել է, թարգմանվել  տարբեր լեզուներով և մերկացրել նացիստական արհավիրքը։

Ամենայն հարգանքով հանդերձ՝ հրեա ժողովրդի մեծ ողբերգության հանդեպ, մերժելով ֆաշիզմը,  անհասկանալի է՝ ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային շաբաթը նացիստական արհավիրքի հետ։

Ուշադրությունն ավելի սևեռելով, սակայն, կապը պարզ է դառնում։ Բանն այն է, որ միջոցառման պաստառին «աչք է ծակում» ևս մեկ հանգամանք․ այս տարի միջոցառման կազմակերպիչներից է Քաղաքացիական հասարակության ինստիտուտը  (նախկինում այս կազմակերպությունը կապ չի ունեցել «Ազգային գրադարանային շաբաթի» հետ), որը  59.978 եվրո արժողությամբ ծրագիր է իրականացնում Նիդերլանդների ԱԳՆ ֆինանսավորմամբ՝ 2019թ. հունվարից մինչև  2020թ. մայիսը։

Ծրագիրն այդպես էլ կոչվում է․ «Պատմություն, որից կարելի է սովորել․ Աննը Ֆրանկի օրագիրը Հայաստանում»։ Ծրագրի նպատակն է՝ ինչպես գրված է հենց այդ կազմակերպության կայքում, «Աննը Ֆրանկի պատմության միջոցով, որը կներկայացվի և կքննարկվի տարատեսակ միջոցառումների շրջանակում,  հայ հասարակության մեջ բարձրացնելու իրազեկվածությունը, ինչպես նաև երիտասարդության շրջանում խթանելու խտրականության, փոքրամասնությունների իրավունքների, հանդուրժողականության և սոլիդարության խնդիրների շուրջ քննարկումը»։

Նոր իշխանության շատ գործիչների թուլությունը փոքրամասնությունների իրավունքների, հանդուրժողականության և սոլիդարության խնդիրների, ազգային ամեն ինչի կշիռը նվազեցնող և երկրի կայունությունը խարխլող ծրագրերի հանդեպ նկատելի էր նաև նրանց պաշտոններ ստանալուց առաջ։ Իրենց իրավունքն է։ Բայց այդ երևույթը դառնում է մերժելի, երբ վերածվում է պետական քաղաքականության։ Այս իրավունքները, անշուշտ, կարևոր են, բայց չի կարելի դրանցով փոխարինել ազգայինը։ Դա հարվածում է պետականության հիմքերին՝ այսպես՝ աստիճանաբար, տարբեր ոլորտներում ավանդաբար անցկացվող ազգային ծրագրերի ուղղվածությունը փոխելով։ Հետևանքը՝ փոխվում է հասարակության արժեհամակարգը, թուլանում ազգային իմունիտետը։

Սա ակնհայտ է անգամ «Ազգային գրադարանային շաբաթի» այս տարվա միջոցառումների շարքից՝ համեմատելով նախորդ տարիներին անցկացված միջոցառումների հետ։

Նախորդ տարիներին, օրինակ, շաբաթվա շրջանակում նշում էին Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները, Մեսրոպ Մաշտոցի 1650, Անանիա Շիրակացու 1400, Սայաթ-Նովայի 300, Հովսեփ Օրբելու 125 և հայ մշակույթի այլ երախտավորների հոբելյանները, առցանց ցուցահանդես էին կազմակերպում Հայոց բանակի կայացման ընթացքի մասին, կազմակերպիչները գնում էին Օշական` մասնակցելու գյուղի գրադարանում կազմակերպվելիք միջոցառմանը, հայտարարում «Տերյանական օր», գյուղական գրադարաններում կազմակերպում գրքերի նվիրատվություն, Ազգային ժողովի պատգամավորները հանդիպում էին մշակույթի և գիտության գործիչների հետ, ստեղծագործական շարադրությունների մրցույթ անցկացնում՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին և ազգայինի շեշտադրմամբ այսպիսի այլ միջոցառումներ։

Այս տարի՝ ուշադրություն․ Հայաստանի բազում գրադարաններում այս առթիվ անց են կացվել թեմատիկ շաբաթներ՝ նվիրված Աննը Ֆրանկին ու նրա «Հետնատունը» գրքին, ինչպես նաև շարադրությունների միցույթ «Նամակ Աննը Ֆրանկին» խորագրով։ Մրցույթը հաղթահարած 12 լավագույն շարադրությունների հեղինակները Երևանում մասնակցել են Աննը Ֆրանկին նվիրված միջոցառումներին։

«Ազգային գրադարանային շաբաթը» նախկինում էլ, հիմա էլ կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, այժմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո և աջակցությամբ։ Սա միջոցառում է, որի համար պատասխանատվություն է կրում հենց ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն այն պատճառով, որ կանոնադրական պարտավորություն ունի ոլորտում մշակել և իրականացնել ՀՀ կառավարության քաղաքականությունը, այլև նպատակ ու խնդիր ունի հայ ժողովրդի հոգեւոր եւ մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման՝ որպես երկրի անվտանգության բացառիկ կարևոր գործոն։

Իսկ պետական ֆինանսավորմամբ գրադարանները պարտավորություն ունեն միանալու «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը։

«Ազգային գրադարանային շաբաթը» նախկինում էլ, այս տարի էլ կազմակերպել է Հայկական գրադարանային ասոցիացիան։ Նախագահը 2012 թ-ի ապրիլից Ռուզան Տոնոյանն է՝ Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենը, որին ավելի լայն հանրությունը ճանաչում է իբրև ՀՀՇ վարչության տարբեր տարիների նախագահ (1990-92, 1997-2000), ՀՀ ներքին գործերի նախկին նախարար (1992-96), այժմ հետախուզման մեջ գտնվող գործիչ Վանո Սիրադեղյանի կինը։

Ասոցիացիան հիմնադրվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Ազգային, ՀՀ ԳԱԱ հիմնակազմի, Խնկո Ապոր անվան մանկական հանրապետական, գիտաբժշկական, գիտատեխնիկական, Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանների նախաձեռնությամբ։ Հայկական գրադարանային ասոցիացիայի նպատակը գրադարանավարների վերապատրաստումն է, գրադարանային չափորոշիչների մշակումը, միջոցառումների կազմակերպումը (Ազգային գրադարանային շաբաթ, Գրադարանավարի օր, փառատոններ և այլն), գրադարանի և գրադարանային գործի հանրահռչակումը, մասնագիտական գրադարանային սեմինարների, գիտաժողովների կազմակերպումը։

Ինչպես տեսնում ենք՝ միջազգային դրամաշնորհային կազմակերպության, ինչպիսին Քաղաքացիական հասարակության ինստիտուտն է, ծրագրերի արդյունավետ իրականացմանը նպաստելը և փոքրամասնությունների իրավունքների, հանդուրժողականության և սոլիդարության խնդիրների հանրահռչակումը ասոցիացիայի առաքելության մեջ չի մտնում։

Ավելին՝ «Ազգային գրադարանային շաբաթ» անվանումն իսկ հուշում է, որ գոնե այս միջոցառումը պետք է լինի ազգային։ Այս տարին, ակնհայտորեն, վատ նախադեպ էր։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica