close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 6)

Մշակույթ

28 Ապրիլի 2020, 14:04
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 6)

Երբ մետաֆիզիկոսն արդեն մոտենում էր աղբյուրին, տեսավ, որ այնտեղ ինչ - որ մեկը գետի մեջ, մինչև ծնկները ջրում, ցանցը ձեռքին, ծայրն ատամների մեջ սեղմած՝ ձուկ է որսում։ Գևորգն էր, նախորդ օրը իր բակում խորոված անողը։

—Հովիվին հանդիպեցի,  ձկնորսի հերթն է,—քթի տակ ասաց նա՝ ինքն իրեն,— բարի օր, Գևո՛րգ ջան, լա՞վ ես։

—Աստծու բարին, ընկեր Ֆիզիկոս, լավ է, որ եկել եք և բարով եք եկել։ Երեկ խորոված էի անում, չկարողացա Ձեզ հետ երու բառ խոսել։

— Դու գիտես, չէ՞, որ ես սիրում եմ ձկնորսներին. Աստված ձկնորսներից սկսեց իր քարոզը։

—Աստծուն փառք,— պատասխանեց  Գևորգը,— բայց ոնց որ թե շատ բարդ է էս աշխարհը, ու ձկնորսների խելքի բան չէ։ Կարո՞ղ է Աստված սխալվել է,— կատակեց  նա ու հոնքերի տակից ծիծաղելով նայեց զրուցակցին։

—Թերևս,— մտքերի գիրկն ընկնելով՝ մտահոգված ու լուրջ պատասխանեց մետաֆիզիկոսը, ընդմիջում տվեց, ապա շարունակեց,— և՞, մի բան բռնե՞լ ես։

—Ոտքներդ կախ արեք, խորովեմ, քոլի տանձի իմ քաշած օղիով ու խորոված կարտոֆիլով, թարմ թարխունով կարմրախայտ վայելենք, Երկնափեշյան ջան։ Ձեզ երևի Աստված ուղարկեց։ Ես կենաց ասելուց վատ եմ։ Դուք իմաստուն եք, երկուսով կխմենք։

—Սիրով մի բաժակ կվայելեմ քեզ հետ,— ժպտալով ասցաց Երկնափեշյանը։

—Գևորգ, վաղուց էի ուզում հարցնել, ինչու՞ չես ամուսնանում, այ տղա ջան։ Շարժումներդ ու աչքերիդ անհանգստությունն ինձ հուշում են, որ կին, երեխա չունես, բայց նման ես սիրահարվածի, ինքդ քո մեջ ես ապրում։ Ինչու՞։

Գևորգը դուրս եկավ գետից, ցանցի միջից երկու փոքրիկ բեղլու հանեց ու ետ նետեց ջուրը, ապա ջրաքամվելու համար՝ այն փռեց քարերին։ Երկնափեշյանի բացահայտումներից հանկարծակիի եկած՝ մի հոգոց հանեց ու.

— Երկնափեշյա՛ն ջան, իմ հարևանուհի Գայանեին դպրոցի դարակից սիրում եմ,— սկսեց նա ու զարմացավ, թե ինչպե՞ս է ինքը՝ այնքան գաղտնապահ ու ինքնամփոփ մարդ, որ գյուղում մականունը մի ժամանակ «Համր» էին դրել, մանրամասն պատմում իր կյանքի պատմությունը այնպես, ասես եկեղեցում խոստովանանքի լիներ,— ու չգիտեմ էլ, թե ինչու եմ Ձեզ պատմում։ Մի խոսքով՝ սիրում եմ, բայց չեմ կարողանում մի բառ խոսել այդ մասին, որոշում եմ, պատրաստվում ասել ու պապանձվում եմ։ Ի՞նչ անեմ՝ չգիտեմ։ Ի՞նչ է լինելու՝ չգիտեմ։

— Կարմրախայտդ խորովիր, Աստված մեծ է, մի ճանապարհ կբացի,— ասաց նա, ապա մտքերի գիրկն ընկավ ու մեկ էլ անսպասելի, թե․

— Արի քեզ օգնեմ,— ասաց բազմանշանակ, նկատի ունենալով Գայանեի հետ նրա հնարավոր ամուսնության հարցը։

— Է՜հ, դե որ ուզում եք օգնել, մեքենայի մեջ, պայուսակ կա, միջին՝ օղի, եթե դժվար չէ, աղբյուրի ջրի տակ դրեք՝ սառչի, մինչև ես մի շամփուրացու կտրեմ,— ասաց Գևորգն ու խորացավ անտառում։ Երկնափեշյանը ժպտաց ու գնաց կատարելու։

Երբ ամեն ինչ արդեն պատրաստ էր, Գևորգը մի նոր կտրված ծառի կոճղ գտավ, շրջեց, հարմարեցրեց, երկու գետաքար դրեց կոճղի կողքին ու, արագորեն, մեքենայից բերված խոհանոցային ճամփորդական պարագաներից, հաց, թարխուն, պանիրից, ու խորոված կարմրախայտից մի սեղան գցեց։ Հետո, թղթե բաժակների մեջ աղբյուրի շիթերի տակ սառած օղուց լցրեց ու․

—Բարով տեսանք, ընկեր ֆիզիոս։

—Բարին աշխարհին, Գևորգ ջան։ Կենացդ լինի, որ քեզ առողջ ու լավատես եմ տեսնում։

Երկուսն էլ մինչև վերջ պարպեցին բաժակներն ու անցան Աստո՝ այդ օրվա տվածը ճաշակելուն։

—Երկնափեշյան ջան, մի հարց եմ ուզում տալ, որն ինձ շատ է հուզում,— սկսեց Գևորգը, ապա տեսնելով, որ մետաֆիզիկոսը ուշադիր լսում է, շարունակեց,— եթե մի Աստված է ու մի մարդկություն, էսքան ազգ ու ցեղ, էսքան տարբերություններ Արարաիչն ինչու՞ է ստեղծել։ Թե՞ Աստվածներն էլ են ցեղերի պես բազմազան ու Տիեզերքում մեզ համար էլ նրանք են իրար հանդեպ «Ավարայրի» դուրս գալիս։

Երկնափեշյանը վերցրեց օղու շիշն ու մտքերի գիրկն ընկավ։ Գևորգի տված հարցը լավն էր և թիրախի կենտրոնին դիպած նետի էր նման։ Ապա, թույլ չտալով, որ Գևորգը ձեռքից վերցնի ապակյա շիշը, ինքը լցրեց ու սկսեց խոսել։

—Գևորգ ջան, Աստված մեկն է։ Բայց, մարդուն արարելիս, ինչ-որ սխալ է թույլ տվել, և մարդը, ի շահ իրեն, իր անձնական բարօրության, չարին ենթարկվելու հակումներ է դրսևորում։ Իսկ չարը, այսպես թե այնպես, փորձում է միավորել ողջ մարդկությանը, հանուն մի նոր աշտարակաշինության։ Երևի Աստված բաժանել է ազգերի ու լեզուների, որպեսզի նրանք անմիավորելի լինեն, որպեսզի մեկը մյուսի համար հակակշիռներ լինեն, և մեկը մյուսի կողմից հսկելի լինի, սահմանը չանցնի։

—Բայց այդպես պատերազմում են ու անվերջ արյուն է թափվում, ընկեր ֆիզիկո՞ս․— Գևորգի հարցը արդար էր ու ենթադրելի։

—Այո, այդպես է, սակայն ի մի եկած, միավորված մարդկությունը, իր իսկ հորինած ուժի ու դրամատիրության աշխարհում տրվում է համատարած ստրկության, հասկանու՞մ ես ինձ։

—Կարծես թե հասկանում եմ, բայց վերջը ո՞նց է լինելու։

—Վերջ չկա, Գևորգ ջան, գետ է, հոսում է։ Բարձրացրու, ընկեր ջան, բարձրացրու բաժակդ, կյանքի գետի կենացը խմենք, թող հարատև լինի։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica