close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա զուտ իրենց նեղ աշխարհայացքով կազմված օրենքի նախագիծ է. Պարսյան

Տնտեսական

27 Ապրիլի 2020, 16:59
 Սա զուտ իրենց նեղ աշխարհայացքով կազմված օրենքի նախագիծ է. Պարսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը և Վահե Հովհաննիսյանը նոր նախագիծ են ներկայացրել և առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում և չբարձրացնել 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանցից գանձվող կուտակային կենսաթոշակայինի չափը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 հազար դրամը, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնալու է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, որն այս պահին կազմում է 1 միլիոն 20 հազար դրամ: Արդյունքում՝ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 000 դրամ լրացուցիչ սոցիալական վճար:

Նախագծով պատգամավորներն առաջարկում են հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման՝ առավելագույն շեմ սահմանել 500 հազար դրամը: Նրանց խոսքով՝ փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 հազար քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում՝ տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով:

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադառնալով իշխանական պատգամավորների ներկայացրած կուտակային կենսաթոշակների վերաբերյալ նախագծին՝ նշեց, որ այդ նախագիծը քաղաքական նպատակ է հետապնդում:

«Նրանք չեն կարողանում լուծել ներկայիս սոցիալ-տնտեսական խնդիրները և հասկանում են, որ, եթե հուլիսի 1-ից լրացուցիչ հարկ դրվի նաև այն անձանց վրա, ովքեր 500 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում, ուղղակի հերթական սոցիալական բունտը կլինի: Բացի այդ, այդ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների թվում են նաև պատգամավորները, այսինքն՝ նրանք էլ են շահառուներից մեկը, որոնք ուղղակի չեն ցանկանում, որ իրենց պարտադիր կուտակային վճարներն իրենցից պահվեն:

Վստահաբար իրենք որևէ ցանկություն չունեն կամ որևէ երաշխիք չունեն, որ հետագայում այդ գումարները հետ են ստանալու: Սա զուտ իրենց նեղ աշխարհայացքով կազմված օրենքի նախագիծ է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն անարդյունավետ համակարգ է, որն օր առաջ պետք է վերացնեն, նման քայլերով իրենք ուղղակի սեփական գրպանի հարցն են լուծում, ուրիշ ոչինչ»,- ասաց տնտեսագետը:

Նա նաև ընդգծեց, որ պատգամավորները փորձում են նախագծով սոցիալական բունտը կանխել, քանի որ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները հարկ չեն վճարի:

«Գաղտնիք չեմ ասի, որ միջին խավն է, որը դրսևորում է քաղաքական, հասարակական ակտիվություն: Դպրոցի ուսուցիչը, որը ստանում է 100 հազար դրամ, կամ մանկապարտեզի դայակը, որը 70-80 հազար դրամ է ստանում, նրանց դեպքում կամ քաղաքական, կամ սոցիալական ակտիվությունը բավականին ցածր է: Նրանք այս կերպ փորձում են միջին խավին, դժգոհող խավին բավարարել, բայց առիթից նաև իրենք էլ են օգտվում: Նույն տրամաբանությամբ արդեն մի քանի անգամ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար կուտակային վճարը մի քանի անգամ հետաձգվել է՝ 2018, 2019 թվականներին: Ներկայիս իշխանությունը շարունակում է հնից, նախկին իշխանություններից եկող ավանդույթները»,- եզրափակեց Սուրեն Պարսյանը:

Նշենք, որ օրենքով սահմնված կարգով պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:

Նշված մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետևյալ կերպ՝ մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500 հազար դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից:

Մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտն ամսական կտրվածքով գերազանցում է 500 հազար դրամը, պետական բյուջեից մասնակցի համար կատարվող ամսական վճարը կազմում է 25.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարվում է մասնակցի կողմից:

Անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6.000.000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից.

Անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6.000.000 դրամը) պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300.000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարվում է մասնակցի կողմից:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica