close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 5)

Մշակույթ

27 Ապրիլի 2020, 13:48
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 5)

Ճանապարհն Իծաքարի միջով անցնում, իջնում էր մինչև գետի հովիտը, այնտեղից բարձրանում դեպի Իջևանի կողմերը։ Վերևից անասելի գեղեցիկ տեսարան էր։ Թուխպը կամաց-կամաց ծավալվում էր Քուռ գետի կողմերից ու գետի հունով բարձրանում, իր շղարշի տակ առնում Վարագավան, Պառավաքար ու Ծաղկավան գյուղերը։ Երկնափեշյանը մտածեց, որ թուխպն էլ է խոչընդոտում վերևից մարդկանց ցավը տեսնելուն։  Բայց աննկարագրելի գեղեցիկ էր բնությունն այս կողմերում. գետի հովտում և հին ավերակ եկեղեցի կար, և կամար կապած մի հին կամուրջ, և անհավատների կառուցած կոմունա - բնակատեղի, և սառնորակ աղբյուրներ, և գեղեցիկ մարգագետիններ։ Նա մտքերը վանեց իրենից և ուղղվեց դեպի Քարաղբյուր, որը Իծաքարից բավական հեռու էր, հետիոտն անցնելու և ետ դառնալու համար կես օր էր պահանջվում։ Այստեղ ծառը աճել էր ի հեճուկս նրան ճնշող ժայռաբեկորի, հզոր արմատներով կիսել էր այդ քարը ու վեր խոյացել նրա միջով։ Աղբյուրին չհասած նա տեսավ հաղթանդամ երիտասարդ տղամարդու, ով գառներն ու առաջնորդող երկու ուլեր առաջն արած՝ հանդերից գյուղ էր վերադառնում։ Սա զարմացրեց Երկնափեշյանին, որովհետև հովիվները հոտը արոտներից բերում էին ուշ երեկոյան։ Հայկն էր, Երկնափեշյանի հին ծանոթը ու սուրճի բաժակ նայող Մարոյի որդին։ Մետաֆիզիկոսը մի ծանրություն զգաց նրա հայացքում, մի անսահման թախիծ։ Երբ հավասարվեցին իրար, այդ թախիծը ասես փարատվեց։

— Երկնափեշյան ջան, նորից բարով եք եկել,— ժպտալով ասաց Հայկը,— լա՞վ եք։

— Ես լավ եմ, դու ինչպե՞ս ես,— և պատասխանի չսպասելով շարունակեց,— ես հովիվներին սիրում եմ, բայց էս անմեղ գառներին ինչու՞ ես հոտից կտրել և այս ու՞ր ես տանում, խեր լինի։

— Շրջկենտրոն եմ տանում՝ մթերելու,— հոգոց հանելով, մի տեսակ սրտաճմլիկ ասաց Հայկը,— հարցեր են ծագել, պիտի լուծեմ։

Երկնափեշյանին չբավարարեց Հայկի պատասխանը։

— Պատմիր, տեսնեմ ի՞նչ հարցեր են, որ այսպիսի զոհողություն են պահանջում,— ասաց նա, աչքի տակով կարծես համրելով գառ ու ուլերի քանակը։

— Երկնափեշյան ջան, Ձեզ որ չպատմեմ, ու՞մ եմ պատմելու։ Հետո, Ձեր սրտացավության համար բոլորը հարգում են Ձեզ, ես ավելի շատ։ Անձնական հարց է, պիտի մեր մեջ մնա, չնայած, կարծում եմ, որ մեր գյուղացիներն արդեն բոլորն էլ գիտեն,— սկսեց Հայկը ու գառներին բաց թողեց՝ արածելու,— Ես տասը տարի է ամուսնացած եմ, երեխա չենք ունենում։ Կատակով, միշտ մեղադրել եմ կնոջս՝ Արփիկին։ Հիմա այդ տերը թաղած գիտությունը զարգացել է։ Մայրս ու կինս համոզեցին որ գնամ քաղաք, բժշկական հետազոտության, ես էլ գնացի ու կրակն ընկա։ Բժիշկը՝ պրոֆեսոր Գասպարյանը, ասաց, որ բեղմնավորման ժամանակ տղամարդու տասնհինգ միլիոն բջիջ գրոհում են կանացի մեկ ձվաբջիջ, ու այդ տասնհինգ միլիոնից մեկն է հաղթում, պատռում է թաղանթը ու բեղմնավորում։ Այդ հաղթանակած բջիջն էլ որքան որ ես հասկացա, կոչվում է մարդ։

Երկնափեշյանը ծիծաղեց, ապա հետաքրքրված, զարմացած, որ մարդիկ նույնիսկ քանակն են հաշվել, աչքերը լայն բաց արած լսում էր։ Հայկը ընդմիջում տվեց, կարմրել էր։ Անհարմար էր զգում։

— Դա՞ էր երեկվա չխմելու պատճառը։

— Իհարկե, խմելը բժիշկն է արգելել։

— Ե՞ւ․․․,— հարցրեց մետաֆիզիկոսը։ Հայկը կարծես ուշքի եկավ։

—Եւ այն, որ Գասպարյանն ասաց, որ իմ բոլոր բջիջները հաշմանդամ են, թույլ են, չեն կարող շարժվել, էլ ի՞նչ մնաց՝ թաղանթ պատռել։ Այ Երկնափեշյան ջան, Դուք իմաստուն մարդ եք։ Այդպես կլինի՞, որ տասնհինգ միլիոնից առնվազն մեկը առողջ չլինի, այն էլ, ինչպես բժիշկն ասաց, մանուկ ժամանակ ինչ-որ «խոզուկով» հիվանդանալու պատճառով։ Ես այսքան առողջ, ուժեղ։ Բռունցքի մի հարվածով մի ցուլ եմ տապալում։ Ուզու՞մ եք, տապալեմ, տեսնեք,— սա ասելու վրա, Հայկը նայեց սարալանջին արածող մի ցլիկի ուղղությամբ։

Երկնափեշյանը ժպտաց․

— Չէ, չեմ ուզում, քիչ չի մի մարդ ծնելու համար երեսուն ուլ ու գառ ես մորթելու, մի հատ էլ ցու՞լ ես ուզում տապալել։ Այսքան անարդար կլինի՞ մարդը։

— Բա դա արդա՞ր է, որ տասնհինգ միլիոնից մեկը, հասկանու՞մ եք, մեկը ի զորու չի շարժվել տեղից, էլ չեմ ասում՝ մի թաղանթ պատռել։ Աստված ի՞նչ է ուզում դրանով ինձ ասել, Երկնափեշյան ջան։

— Տասնհինգ միլիոն ու բոլորը հաշմանդա՞մ,— տարակուսած հարցրեց նա։

— Դե Գասպարյանն այդպես է ասում,— անմիջապես պատասխանեց Հայկը։

— Դե Գասպարյանն այդպես կասի,— մտածմունքների մեջ ընկած ասաց մետաֆիզիկոսը,— նրան շարժողը երևի եկամուտն է,— բայց, արդար չի։ Դու լավ մարդ ես և այդպես պիտի չլիներ։ Չեմ հասկանում, բայց դե, Աստված  էլ կարող է,— մի պահ լռություն տիրեց,— սխալվել, ի վերջո։ Ես այդ գիտական հանրահաշիվից և կենսաբանությունից ուզում եմ հեռու լինել,— ասաց նա,— բայց հնարավոր չի որ քո այդ հարձակման համար նախատեսված միլիոններից օգուտ չլինի։

Երկնափեշյանը խոսում էր այնպես, կարծես յուրաքանչյուր բառը սլացք, մարմին ու թևեր ունի, ու թռչունի պես կարող է հասնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։  

— Իսկ ինչպե՞ս են բուժելու քաղաքում։

— Ասում են՝ սրվակի մեջ են բեղմնավորելու,— պատասխանեց Հայկը,— ես բան չհասկացա։ Հասկացա, որ շատ թանկ է լինելու, որ այսքան գառն ու ուլը չեն էլ հերիքի։

Նա ուշադիր նայում էր մետաֆիզիկոսին։ Երկնափեշյանը գրպանից մի բացովի դանակ հանեց ու իր թաշկինակը, մոտեցավ մի ընկուզենու, մի քիչ քերեց կեղևից ու լցրեց թաշկինակի մեջ, ապա ճանապարհից դուրս եկավ ու արագ-արագ, երիտասարդի ճկունությամբ բարձրացավ սարն ի վեր, խորացավ թարմ խոտաբույսերի ու ալպիական ծաղիկների մեջ։ Հայկը ոչինչ չէր հասկանում։ Կարծես Երկնափեշյանը մի պահ մոռացել էր նրան։ Մետաֆիզիկոսը երիտասարդի կայտառությամբ տարբեր տեսակի բույսերից մի մեծ փունջ հավաքեց, ապա վերադարձավ ու այդ ամենը մեկնեց Հայկին։

— Ես քեզ արդեն ասացի, որ հովիվներին շատ եմ սիրում, Հայկ։ Սա վերցրու, այսօր քնից առաջ ջրի մեջ կեռացնես, թուրմը կխմես, թող Արփիկն էլ խմի, ու այդպես մի քանի օր, քանի դեռ այստեղ եմ, ես քեզ համար կհավաքեմ այս փունջը կամ դու հիշիր, ինքդ կհավաքես, ու հավատացած եղիր, կինդ առանց Գասպարյանի սրվակների էլ կհղիանա։

— Երկնափեշյան ջան, բժիշկ մարդ է այդ Գասպարյանը։ Իսկ նրանց ասածը դատավճռից էլ վերջնական է։ Գուցե գնամ նրա ասա՞ծ ճանապարհով։ Հետո, Արփիկն ինձ կսպանի, որ իմանա հոտը կես ճամփից ետ եմ տվել։

— Ասացի ոչ։ Սա պապենական մեթոդ է ու օգնելու է։ Ասածս արա էս խեղճուկրակ գառներին էլ տար հասցրու մաքիներին, — կտրուկ ասաց Երկնափեշյանը,— եթե մեկ մարդ երկնելու համար ամեն անգամ երեսուն գառ մորթեն, ու՞ր կհասնի, Հայկ ջան։ Ու, եթե Գասպարյանինը դատավճիռ է, ապա ես քեզ ավանդական եղանակ եմ առաջարկում, որ դարեր է կտրել, անցել։ Տասը տարի սպասել ես, տաս օր չե՞ս համբերում։

— Արփիկն ինձ կսպանի, դու իմ կնոջը լավ չես ճանաչում,— կրկին ասաց Հայկը։

—Կանանց լավ եմ ճանաչում, Արփիկն էլ կին է, մայրանալ է ուզում,— ասաց Երկնափեշյանը, մտածելով, որ ինքն է ստեղծել, ինչպե՞ս կարող է չճանաչել։

Հայկը մի պահ էլ մտածեց, ապա ձեռքի փայտը բարձրացրեց և գառներին ետ շրջելով դեպի արոտավայր՝ միասին գնացին։

— Հո, հո եմ ասել,— բարձրաձայնեց նա գառներին։

— Երկնափեշյան ջան, մարդկային կյանքը դարձել է «Համբույրով տարածվող վարակ», որովհետև մարդը, Երկիր մոլորակի վրա, կարծես թե, խախտել է տեսակների հավասարակշռությունը։ Ամեն մարդու հաշվով տարեկան մի քանի գլուխ անասուն ու թռչուն է մորթվում։ Բնությունը փոխվել է, գետերը ցամաքում են։ Էսպես որ գնա, խմելու ջուրն էլ կվերանա։

Հայկը մի վայրկյան լռեց, նայեց զրուցակցի խաղաղ աչքերին, ապա շարունակեց․

— Ո՞նց է լինելու։

Լռություն տիրեց։ Երկնափեշյանն ընկավ խորը մտածումների մեջ։

— Դեռ չգիտեմ,— անսպասելի ասաց նա,— բայց ամեն ինչ վերջ ունի, իսկ վերջը մի նորի սկիզբ է։ Դու եթե ուզում ես հայրանալ, ապա այդ մտքերը քեզանից վանիր։ Մարդկությունը առաքելություն ունի, բայց ամեն ինչ իր ժամանակին։ Քո ասած հարցերի մասին էլ Աստված կմտածի։ Դուք Իծաքարում շատացեք։  Ձեր տեսակի կարիքը լինելու է դեռ։ Եւ շատ խելացի ես դարձել, կարդու՞մ ես։

— Կյանքն է ստիպում, երկնափեշյան ջան։ Իսկ ի՞նչ առաքելություն,— զարմացած հարցրեց Հայկն ու կանգ առավ։

— Նա պիտի տարածի Աստծո տված Լույսը Տիեզերքում, որտեղ խավար է, անանցանելի, սառը խավար։

Նրանք երկուսով, զրուցելով իջան գետի հունն ի վար՝ դեպի աղբյուրը, որտեղ էլ բաժանվեցին իրարից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica