close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+30°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հիշում եմ և պահանջում» կարգախոսի խմբագրումը անլուրջ կդիտվի աշխարհի կողմից՝ Ռուբիկոնն անցել ենք․ Արմեն Մարուքյան

Քաղաքական

24 Ապրիլի 2020, 23:42
 «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի խմբագրումը անլուրջ կդիտվի աշխարհի կողմից՝ Ռուբիկոնն անցել ենք․ Արմեն Մարուքյան

Կարգախոսի խնդիրը հայ ժողովուրդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին արդեն լուծել է՝ «Հիշում եմ և պահանջում»-ն ամրագրելով և ընդունելով Համահայկական հռչակագիրը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը՝ անդրադառնալով վերջին օրերին զգուշավորությամբ հնչող մտադրություններին՝ կարգախոսի միջից «պահանջում» բառը հանելու մասին։

«Ի լուր ամբողջ աշխարհի մենք հայտարարել ենք, որ հետայսու մենք պայքարելու ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլ նաև հետևանքների հաղթահարման համար․ «հետևանքների հաղթհարում» ձևակերպումը հատուցման դիվանագիտական արտահայտությունն է»,-ընդգծեց նա։

Համազգային ընդունելություն գտած կարգախոսը և այս փաստաթղթի ընդունումը, նրա համոզմամբ, նշանակում է, որ մենք արդեն վաղուց Ռուբիկոնն անցել ենք՝ հետդարձի ճանապարհ այլևս չկա, և սրանից հետո ցանկացած քայլ, ցանկացած գործողություն պետք է տեղավորվի այս տրամաբանության մեջ։

«Այդ հարցը վաղուց արդեն լուծում է ստացել և կրկին սրան անդրադադառնալու, վերարծարծելու իմաստ և կարիք չկա։ Առնվազն անլուրջ կդիտվի աշխարհի կողմից, եթե փորձենք խմբագրումներ կատարել 100-րդ տարելիցի մեր ամրագրած կարգախոսի և մեր նոր ռազմավարության մեջ, որն արդեն իր ընթացքը ստացել է»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Այս խոսակցությունները Հայաստանի իշխանությունների վրա արտաքին ճնշման հետևա՞նք են, թ՞ե ոչ՝ պատմաբանը չի մեկնաբանում, միայն ընդգծում է, որ հարցը պարզապես գիտական-ակադեմիական շրջանակ մղելը ծուղակ է․ «Մենք չպետք է փորձ կատարենք այն գիտական դաշտ բերելու, դա հղի է բավական  լուրջ հետևանքներով՝ մենք կարող ենք թուրքական ծուղակն ընկնել հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առումով, որովհետև իրենք էլ են ասում՝ մենք էլ հիշելու բան ունենք և առաջ կտանեն իրենց հանրահայտ ժխտողական թեզը։ Վերախմբագրման ձևով չի կարելի թույլ տալ, որ իրենք նորից հին երգը երգեն, մենք շատ ճիշտ ուղով ենք գնում՝ համազգային ընդունելություն գտած ճանապարհով, որը մեր ամբողջ ազգի պահանջն է»։

Հիշողությունը կարևոր բաղադրիչ է, դա մեր զենքն է, մեր գործիքն է պահանջատիրությանը հասնելու համար, արձանագրեց նա, առանց այդ հիշողության մենք չենք կարող ոչինչ պահանջել։

«Մենք հիշում ենք մեր անմեղ նահատակներին, որոնք ոչ միայն սպանվել են, այլև հայրենազրկվել են և  յուրաքանչյուր սպանված մեր հայրենակից իր մասին հիշողություն պարտադրելով, մեզ պարտադրում է նաև իր փոխարեն պահանջել իր հարազատ բնակավայրը, իր կալվածքը, իր տունը, իր ունեցվածքը, որովհետև դա մեր հայրենիքն է և հարյուրամյակներով մենք այնտեղ ապրել ենք, երբ Ցեղասպանություն իրականցնող այդ ժողովուրդը բացարձակապես այնտեղ չի էլ եղել»,-նշեց Արմեն Մարուքյանը։

Հիշողությունը չպետք է լինի ինքնանպատակ, քանի որ ինքնանպատակ հիշողությունը ավելի մեծ ցավ է պատճառում և հայ ժողովրդին կարող է տանել ցեղասպանված ժողովրդի բարդույթի խորացման՝ հիմնավորեց պատմաբանը։

«Փառք Աստծո, մենք արդեն և՛ 100-ամյակից առաջ, և՛ Արցախյան հերոսական պատերազմից հետո ձերբազատվում ենք այս բարդույթներից և աստիճանաբար վերածվում ենք պահանջատեր ժողովրդի։ Հետևաբար, կարգախոսի փոփոխությունը (շատ լավ է, որ այդ մասին նշեց նաև արտաքին գործերի նախարարը ասուլիսի ժամանակ) համազգային լուծում ստացած խնդիր է և ամբողջ ժողովուրդը պետք է որոշի՝ վերանայի՞, խմբագրի՞ այս կարգախոսը, թե՞ ոչ»,-ասաց նա։

Սա նշանակում է, որ երբ ասում ենք՝ «հիշում եմ», կողքին պետք է անպայման դրվի՝ «հիշում եմ հանուն ինչի՞» հարցը․ ոչ թե հիշում եմ, որ ինքս ինձ ավելի մեծ ցավ պատճառեմ, ողբամ, լամ և այլն, ո՛չ, հիշում եմ, որ պահանջեմ, որ հանցագործ պետությունը ճանաչի այդ փաստը և հատուցի այդ հանցագործության դիմաց։

Այդպես եղավ նաև Գերմանիայի պարագայում, երբ այդ պետությունը ճանաչեց Հոլոքոստի փաստը և մինչև այսօր հատուցում է ինչպես հրեա ժողովրդին, այնպես էլ Իսրայել պետությանը։

Այս հանգրվանին հասնելու համար, Մարուքյանի համոզմամբ, պետք է անպայման ձեռքի տակ պատրաստ ունենանք թղթածրարը, որի մասին Համահայկական հռչակագրում ասվում է․ «Որպես հատուցման գործընթացի մեկնարկ պետք է նախապատրաստվի իրավական թղթածրար՝ անհատական, համայնքային, համազգային մակարդակում»։

Կապիտալ այս աշխատությունը արդեն պատրաստ է, այն կյանքի կոչվեց անցյալ տարի և տրամադրվեց նաև պետական մարմիններին։

Դրանով, իհարկե, վերջակետ չի դրվել, հետազոտությունները շարունակվում են խնդիրը գիտական հենքի վրա լուծելու, որպեսզի երբ հարցը հասունանա՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, տարածաշրջանային զարգացումները մեզ համար բարենպաստ լինեն, և հարց առաջանա, թե Հայաստանն իբրև պետություն Թուրքիա պետությանը ի՞նչ պահանջներ է ներկայացնում, մենք կոտրած տաշտակի առաջ չկանգնենք՝ ասաց Արմեն Մարուքյանը։

Թղթածրարը մշակել է ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը՝ սկսած 2016 թ-ից։ Դա հատուկ գիտական հետազոտական ծրագիր էր, որին մասնակցում էին 8 փորձագետներ տարբեր մասնագիտությունների գծով՝ տնտեսագետ, երկրաբան, թուրքագետ, պատմաբաններ, սոցիոլոգ, ճարտարապետ։ Ամեն մեկը իր ուղղությամբ հետազոտություն կատարեց և արդյունքում ստացվեց կոլեկտիվ մենագրություն, որը լույս տեսավ 2019 թ-ին՝ բավական ընդարձակ, ծավալուն աշխատանք։

«Այո, փաստաթղթեր կան, բայց դրանք հստակեցնելու կարիք ունեն։ Մեկ օրինակ․ եթե մենք կոնկրետ նյութական կորուստների մասին ենք խոսում և հիմք ենք ընդունում 1919 թ-ի Փարիզի խաղաղության վեհաժողովին Ավետիս Ահարոնյանի և Պողոս-Նուբարի կողմից ներկայացված հուշագիրը, որի համաձայն մեր ժողովրդի կրած կորուստները հաշվարկվում էին այն ժամանակ 19 միլիարդ 130 միլիոն 982 հազար ֆրանսիական ֆրանկ, ապա այդ թվերը կարիք ունեն ինֆլյացիայի հետ կապված վերահաշվարկման, բանկային տոկոսների, բաց թողնված շահույթի և մի շարք այլ գործոններ պետք է հաշվի առնվեն»,-ասաց պատմաբանը՝ ներկայացնելով մենագրության նշանակությունը։

Սփյուռքում և Հայաստանում անհատական մակարդակում որոշ հետազոտություններ կային, բայց առաջին անգամն էր, որ ակադեմիական ինստիտուտների՝ այդ հարցով զբաղվող մասնագետները համախմբվեցին որպես հետազոտական խումբ և կատարեցին այդ աշխատանքը։

«Մենք, փաստորեն, ընթերցողի սեղանին դրեցինք առաջին լուրջ կապիտալ ուսումնասիրությունը, թե ինչ կորուստներ կան, ինչպես են դրանք հաշվարկվում։ Օրինակի համար, երբևէ մենք չէինք հաշվարկել մեր հայրենիքի բնական պաշարները, որոնք այսօր շահագործվում են թուրքական պետության կողմից․ դա և՛ Կողբի, Կաղզվանի աղի հանքերն են, և ոսկու հանքերն են և բազմաթիվ այլ հանքեր, որոնք այսօր շահագործվում են թուրքական պետության կողմից, մինչդեռ եթե մենք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով կարողանայինք կյանքի կոչել 160 հազար կմ քառ․ տարածքով Հայաստան, այդ հանքերի եկամուտներն այսօր մենք էինք ստանալու և դա զարգացնելու էր մեր տնտեսությունը»,-բացատրեց պատմաբանը։

Աշխարհը շատ արագ է զարգանում և երբեմն անկանխատեսելի ընթացք է ունենում, նշեց նա, և Աստված մի արասցե, եթե մենք հայտնվենք մի վիճակում, երբ թուրքական պետությունը կանգնած լինի կազմաքանդման եզրին և մենք այդ գործընթացից դուրս մնանք, այսինքն՝ գնացքը գնա առանց մեզ և մենք չհասցնենք այդ գործընթացին մասնակից դառնալ՝ որպես լիարժեք իրավատերը մեր հայրենիքի։

«Ես նկատի ունեմ հնարավոր Քրդական պետության ստեղծման խնդիրը մեր հայրենիքի տարածքում․ փորձեր արվեցին, Իրաքի Քուրդիստանի անկախության գործընթաց եղավ և, չնայած հանրաքվեի այդ բարձր տոկոսներին, խեղդվեց քուրդ ժողովրդի իրավունքը պետականություն կերտելու։ Իսկ դրա շարունակությունը, հասկանալիորեն, պետք է լիներ Թուրքիայի որոշ տարածքի,  Իրանի, Սիրիայի որոշ տարածքների համախմբումը այդ քրդական պետականության շուրջ»,-պարզաբանեց նա։

Այս պահին էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ուղղությամբ պայքարը՝ տարբեր երկրների խորհրդարանների կողմից բանաձևերի ընդունումով, շատ տեսանելի է․ «Մենք տեսնում ենք, թե որ երկրները միացան այդ շարքին, օրինակ, Դանիան, ԱՄՆ-ը՝ Կոնգրեսի երկու պալատներով, նաև Սիրիայի խորհրդարանը՝ վերջին ճանաչմամբ։ Այս քաղաքական զարգացումները՝ հատկապես ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատի կողմից իրարահաջորդ բանաձևերի ընդունումը, չափազանց լուրջ ազդակ է համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերություններում, որովհետև կարևորագույն գերտերություններից մեկը, որը մինչ այդ ձեռնպահ էր այս հարցում, պաշտոնապես ճանաչել է հայ ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունը, ինչը կարող է խթանել էլ ավելի մեծաթիվ երկրների»։

Նաև հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ պետք է ակտիվացվի աշխատանքը՝ վստահ է Արմեն Մարուքյանը։

«Այսինքն, պետք է գործընթացը հասունացվի և Թուրքիային մեկուսացնենք, դնենք մոտավորապես այն վիճակի մեջ, որում հայտնվեց հետպատերազմյան Գերմանիան, երբ նրան կանգնեցրին բարդ կամընտրանքի առաջ, որ՝ կա՛մ դու ճանաչում ես և սկսում ես հատուցել Հոլոքոստի դիմաց, որպեսզի վերադառնաս քաղաքակիրթ երկրների և ժողովուրդների ընտանիք, կա՛մ դու կմնաս մեկուսացման մեջ»,-ասաց նա։

Նույն վիճակում պետք է դրվի Թուրքիայի Հանրապետությունը, որպեսզի հարկադրված գնա և՛ ճանաչման, և՛ հատուցման, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ցեղասպան պետությունները ինքնակամ այս քավարանով չեն անցնում՝ միջազգային ճնշում է պետք, որպեսզի նրանք հարկադրված այդ քայլերը կատարեն։

«Երբ այս քաղաքական զարգացումները մեզ համար բարենպաստ կլինեն, այդ դեպքում, ինչո՞ւ չէ, կարելի է նաև դիմել միջազգային դատարան, որպեսզի միջազգային դատական ատյանի կողմից էլ այդ խնդիրը իրավական լուծում ստանա, ինչպես Նյուրենբերգյան տրիբունալի կողմից եղավ հրեաների և սլավոն ժողովուրդների նկատմամբ կատարված Ցեղասպանության առումով»,-ասաց նա։

Հողային պահանջատիրության գործիքներ են նաև Սևրի պայմանգիրն ու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որոնց ընդունման 100 տարին է լրանում այս տարի՝ հիշեցրեց պատմաբանը։

«Այս տարի շատ կարևոր է և հոբելյանական է։ Փարիզի արվարձան Սևրում՝ հենց օգոստոսի 10-ին, հենց նույն վայրում, որտեղ ստորագրվել էր Սևրի պայմանագիրը, ծրագրվում է անցկացնել միջազգային գիտաժողով՝ զուգակցելով նաև Վիլսոնյան վճռի 100-ամյակի հանգամանքը, որովհետև այս 2 փաստաթղթերն են, որոնք իրավական հիմք են տալիս մեզ հողային պահանջատիրության։ Որովհետև, ի տարբերություն հրեաների, մենք միայն նյութական պահանջ չենք ներկայացնում, դրանից ավելի առաջնային մեզ համար հայրենիքի նկատմամբ իրավունքի վերականգնումն է։ Իսկ այս զույգ փաստաթղթերը հենց այդ խնդրի լուծմանն են միտված»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Սևրի պայմանգիրը, չնայած ստորագրմանը, չի վավերացվել և իրավական ուժի մեջ չի մտել, բայց այն իր արդիականությունը չի կորցրել, բացատրեց պատմաբանը, որովհետև ցանկացած պահի, օրինակ՝ բուն Թուրքիայի հետ հարաբերությունների սրման պայմաններում, այն ստորագրած երկրներից մեկը կարող է շատ հանգիստ իր խորհրդարանում վավերացնել այն։

«Թուրքիայում այդ սևրոֆոբիան անընդհատ կա թե՛ քաղաքական, թե՛ ռազմական շրջանակներում՝ գեներալիտետի մոտ։ Միշտ այդ սևրոֆոբիան առկա է՝ Թուրքիան մասնատելու տարբեր հատվածների․ «մեծ Հայաստանի»՝ ինչպես իրենք ենք ասում, Քրդստանի և այլն»,-ասաց նա։

Ի տարբերություն Սևրի պայմանգրի, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը վավերացման ենթակա փաստաթուղթ չէ․ այն միջազգային արբիտրաժի դատական որոշում է, որը հրապարակման պահից ուժի մեջ է մտել և որևէ վավերացման կարիք չունի։

«Այս իմաստով, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որը կայացվել է այն ժամանակ գործող միջազգային իրավական նորմերին համապատասան, անկախ այն հանգամանքից, որ քաղաքական փոփոխությունները թույլ չտվեցին 20 թվին այն կյանքի կոչել, այս փաստաթուղթը իր իրավական և քաղաքական նշանակությունը չի կորցրել և կրկին կարելի է օգտագործել այս փաստաթուղթը։ Օրինակ, ՄԱԿ-ի պատկան մարմինների միջոցով Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և ՄԱԿ-ի լիիրավ անդամ պետություն, կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Վիլսոնյան վճռի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու առումով»,-պահանջատիրության ևս մեկ ուղի նշեց Արմեն Մարուքյանը։

Սա նշանակում է՝ իրավական, տեսական հնարավորությունները առկա են, փորձագիտական համայնքը իրենից կախված ամեն ինչ անում է, որ մշակի կառուցակարգեր, գործիքակազմ, պատմական փաստերի, միջազգային  իրավական նորմերի վրա հիմնված, որ մեզ համար բարենպաստ պայմանների ստաղծման դեպքում գերտերությունների և միջազգային դատական ատյանի առջև սեղանին դնելու բան ունենանք։

«Թուրքիայի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ հեռանկարում չի բացառվում, որ Ցեղասպանության ճանաչումից բացի թուրքական իշխանությունների առջև դրվի նաև Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման՝ հատուցման, հարցը նույն այն գերտերությունների կողմից, որոնք լրջագույն խնդիրներ ունեն Թուրքիայի հետ»,-ասաց Արմեն Մարուքյանը։

Նա նկատի ունի ԱՄՆ-ին, ԵՄ-ին, նաև՝ ՌԴ-ին, որը, թեև ժամանակ առ ժամանակ սիրախաղի մեջ է՝ ելնելով էներգետիկ, տնտեսական շահերից, բայց շատ խորքային հակասություններ ունի Թուրքիայի հետ և չի բացառվում, որ դեպքերի հետագա ընթացքը հանգեցնի նման զարգացումների։

Աննա Բալյան

Ճեմարանին հետ
9 Հուլիսի 2020, 16:22 Ճեմարանին հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica