close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 4)

Մշակույթ

24 Ապրիլի 2020, 13:24
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 4)

5

Կիրակնօրյա գարնանային սառն առավոտ էր։ Երկնափեշյանը վեր կացավ քնից ու մոտեցավ պատուհանին՝ առավոտյան բնության գեղեցկությունն  ու մաքրությունը վայելելու։ Ամպի ծվեններ էին մոլորվել գյուղում, ու ծտերի ծլվլոցը անզուգական էր։ Հարևան տան բակից մանկական երջանիկ ձայն էր լսվում։ Հասկացավ, որ դարավոր կաղնուց կախ տված  ճոճանակի վերուվարն էր ըմբոշխնում մի մանկիկ։ Դուրս եկավ, մոտեցավ նրան ու ետևում ճոճանակը հրող հորը՝ Սամվելին, բարևեց և մի քանի րոպե կանգնեց նրանց մոտ։ Գրեթե երկու տարեկան աղջնակը փակ աչքերն ուղղել էր երկինք և կարծես ինքն իրեն քնեցնում էր՝ շարժմանը համընթաց՝ Ա հնչյունը երգելով։ Երկնափեշյանը հիացած էր աղջնակով, տեսարանով, ծավալվող ամպերի սառնությամբ, երկնքի մաքրությամբ։ Մի պահ կանգ առավ, ապա շրջվեց դեպի Սամվելն ու ասաց․

— Այս ի՜նչ լավ է երգում, Սամվել ջան։ Սա՝ մաքուր, անշահախնդիր, անգիտակից, անմիջական, աշխարհի փրկության համար աղոթք է։ Ես որ փոքր էի, այսպես էի նայում երկնքին՝ փակ աչքերով։ Մարդը եթե այս մաքրությունը կարողանար պահել, Աստծուն ուրիշ ոչինչ պետք չէր լինի։

Սամվելը ժպտաց  ի պատասխան, ու հրաժեշտ տվեցին իրար այնպես, կարծես Երկնափեշյանը նոր չէր եկել ու միշտ գյուղում է եղել։ Հետո տուն դարձավ, վերցրեց տեղանքի մի նշադրած հին, գրպանի ծալծլված քարտեզ, իր զբոսանքի փայտերն ու դուրս եկավ գյուղամեջ՝ գյուղի մեծերին բարևելու, ապա՝ արշավ - զբոսանքի։

Գյուղխորհրդի պատի տակ, փայտե նստարանին, շարքով նստել էին գյուղի տարեց մարդիկ, որ համատեղությամբ տոհմերի երեցներն էին և գյուղի պահապան հրեշտակները։ Երկնափեշյանը հարգանքով բարևեց, լսեց նրանց Աստծու բարին ու, կարծես, շարքը լրացնելով՝ նստեց վերջում, դառնալով յոթերորդը։ Քար լռություն էր։ Վեց զառամյալ ծերունի և հյուրը լուռ նայում էին անհայտին և կարծես վայելում գարնանային սառնությունը։ Յուրաքանչյուրի ձեռքին մի ձեռնափայտ կար, որի վրա հենել էին իրենց կզակները, աջ ձեռքերում՝ մեկական տերողորմյա, որի հատիկները չխկացնում և ինչ-որ բան էին մրմջում քթի տակ։ Կենտիկանց Ավոն՝ Հովսեփի պապը, որ այդ շարքում վեցերորդն էր, ձեռքը գրպանը տարավ, մի տերողորմյա էլ հանեց ու մեկնեց Երկնափեշյանին։ Մտքերի կիզակետման, բարի կամքի ու անբարբառ հավատի, աղոթքի մի ընդհանուր, անընդհատ ընթացք էր սա. նահապետները փոխվում էին, բայց դարերով նստում էին նույն նստարանին, նույն կաղնու հովանու ներքո, համատեղ խորհում, լռում էին, քանզի ամեն բան արդեն ասված էր, ու երեկը երեկ էր, վաղն էլ այսօրվա պես էր լինելու։ Նրանք հոգեպես զգում էին իրար ու խաղաղությամբ պատրաստվում էին այն աշխարհ գնալուն։ Երկնափեշյանն էլ, այս ծերունիների մեջ, զգում էր տիեզերքի պտույտը, ունայնության անիմաստ լինելը, ու կատարյալ լռության մեջ՝ վայելում նրանց ներկայությունը:

Մեկ էլ հանկարծ կկուն սկսեց կանչել ու իր միանվագ երգով խախտեց այդ լռությունը։ Առաջին կանչից հետո վեցն էլ տերողորմյայի մեկական քար ետ գցեցին, ապա՝ երկրորդը։ Երրորդ կանչից, նրանցից ամենամեծն ու ամենահարգելին՝ Օհանը սկսեց հաշվել․

— Իրեք, չորս հինգ, վեց, օխտը․․․

— Էս ինչու՞ ես հաշվում, խեր լինի, Օհա՛ն դայի,— հարցրեց Երկնափեշյանը։

— Տեսնեմ քանի՞ տարի եմ ապրելու։ Իսկ դուք քաղաքում ո՞նց եք հաշվում։

Մետաֆիզիկոսը չէր կշտանում իր ստեղծած մարդկանցից ու իրենից անսպասելի պատասխանեց․

— Սուրճի բաժակով ենք նայում, դե, քաղաքում կկու չկա,— բաժակ նայող Մարոյին մտաբերով ասաց նա։

— Դա գուշակություն է, գործ չունես, Աստված կնեղանա, իսկ սա դարերով փորձված եղանակ է։ Աստծու թռչուն է, հենց այս բանի համար ստեղծված,  որ մարդկանց ապրելու հույս տա։

Երկնափեշյանը զարմացած նայում էր Օհան դայուն  ու  դարձյալ չէր կշտանում իր ստեղծած մարդկանցից, ու դարձյալ չէր հասանում՝ կատակու՞մ են, թե՞ ոչ։

— Անցյալ տարի Խռովանց Մակարը տասնչորս հատ կկվի կանչ հաշվեց ու առավոտը չլուսացրեց,— միջամտեց մի ուրիշ ծերունի։

— Կիրակի օրվա կանչածն է ճիշտ, Վաղո՛, հազար անգամ խոսել ենք այս մասին,— Լուրջ ասաց Օհանը՝ առանց աչքը մեկ վայրկյան անգամ անհայտից կտրելու։

Վաղոն ի պատասխան անհավատ ծլթացրեց, ու այդ օրվա նրանց զրույցն ավարտվեց։

Երկնափեշյանը գրպանից քարտեզը հանեց, նայեց  ու վեր կացավ։ Նրա «Աստվածային արձակուրդն» իր բնականոն ընթացքի մեջ էր մտնում։ Հանկարծ Շաշ Ավոն հայտնվեց. քառասունին մոտ մի մանկամիտ գյուղացի, ֆուտբոլի գնդակը թևի տակ։

— Երկնափեշյան, թե ոսկի ես ման գալի,— առանց բարևելու ասաց նա՝ ձեռքի հնամաշ քարտեզին նայելով,— տեղերը մենակ ես գիտեմ։ Հենրիկ Մխիթարյանից, նրա ստորագրությամբ մի իսկական գնդակ բեր ինձ համար, տանեմ ոսկու անձավները ցույց տամ։ Բայց օձերը քո վրա։ Այ էս պապերն էլ վկա, ես մեղավոր չեմ։

Երկնափեշյանը մի առանձնահատուկ սիրով նայեց  նրան, ժպտաց ու ասաց․

— Երեկոյան կգաս ինձ մոտ, Ավո՛, կգաս ուտելիք կտանես, մեկ էլ կխոսենք մի քիչ, լա՞վ։

Ավոն, ով Երկնափեշյանի առանձնահատուկ սերն ու ուշադրությունն էր վայելում Իծաքարում,  անսպասելի լրջացավ, գլուխը կախեց ու իրեն ոչ հատուկ ոճով ասաց․

— Կգամ, բայց ուտելիքն ի՞նչ եմ անում, գյուղում ուտելիքը կա ու կա, հանդերն էլ բանջարով ու սնկով լիքը։ Հավաքում բերում եմ, գյուղի կանայք էլ եփում են։ Դու գնդակ բեր, գնդակ։

Կարծես մի հավերժություն անցավ, մինչև Օհան դային նորից խոսեց․

— Էս զբոսանքի՞ ես գնում, Խաչատուր։

— Գնում  եմ, Օհա՛ն դայի,— պատասխանեց Երկնափեշյանը։

Ու նորից լռություն տիրեց։

— Ես փոքր երեխա էի, մեր գյուղում քեզ պես փայտով մի մարդ կար, գյուղացիք ֆրանցուզ - գեոլոգ էին ասում։ Ո՞ր թվերի էր, չեմ հիշում։ Քո ձեռի քարտեզից ուներ ու նշաններ էր դրել մատիտով, թե որտե՞ղ պղնձի հանքեր կան մեր կողմերում։ Բոլշովիկները եկան, դուրս արին այդ մարդուն ու քարտեզն էլ խլեցին, բաշպորտն էլ։ Թե ու՞ր կորավ նա իր քարտեզով, ոչ ոք չգիտի։

— Բացի Սիբիրից ու՞ր էր կորչելու, Օհան,— ասաց  Քուչինանց Մակիչ դային։

Բայց, կարծես թե ուրախ ե՞ս Օհան դայի, որ կորավ այդ մարդը,—  ժպիտը դեմքին հարցրեց մետաֆիզիկոսը։

Երկնափեշյան ջան, մեղքս ի՞նչ թաքցնեմ, հա, լավ էր, որ կորավ,— ասաց Օհան Դային հանգիստ, միապաղաղ ձայնով,— լավ էր, թե չէ մեր գյուղի տեղը հանքեր էին լինելու։

— Քանի՞ տարեկան էիր, Օհա՛ն դայի,— հարցրեց Երկնափեշյանը։

— Փոքր էի, մի դար անցավ, Խաչատուր ջան։ Հա, էն էլ ասեմ, որ էդ մարդը սիրահարվել էր մեր տանուտերի աղջկան ու հենց տեսնում էր՝ կարմիր-կարմրում էր, մենք էլ, երեխաներով ծիծաղում էինք։ Հետո ամուսնացրին աղջկան, ինքն էլ էդպես անհայտացավ։

Երկնափեշյանը մտքերի գիրկն ընկավ, ինչ-որ բան հիշեց ու ժպտաց։

— Լավ եղեք, տոհմապետ ընկերներ։ Ես գնացի, վաղը կտեսնվենք, — ասաց նա ու շարժվեց դեպի գետի հովիտը։

Ծերունիներին դուր էր գալիս նրա այդ դիմելու ձևը, և որպես պատասխան բոլորն էլ ժպտացին ու հրաժեշտ տվեցին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica