close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 3)

Մշակույթ

23 Ապրիլի 2020, 13:37
 Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս 3)

4

Ժամանակն արագ անցավ, և Իծաքարի  ցուցանակի մոտ մետաֆիզիկոսն իջավ ավտոբուսից,  ուսապարկը գցեց ուսերին, վերցրեց իր «դահուկորդի փայտերն» ու քայլելով ուղևորվեց դեպի իրեն հատկացված տունը։ Երբ եկավ, գյուղացիներն աստիճանաբար ձգվեցին դեպի նրա բնակատեղին։ Կանայք մթերքներ բերեցին, կարգ ու կանոն մտցրին իրերի մեջ, տղամարդիկ կրակ վառեցին ու գինին դրեցին բակի սեղանին, նախագահն օգնականների հետ մի նոր սառնարան բերեց, միացրեց։ Մի չտեսնված գեղեցկության տեր, երիտասարդ կին սեղան էր գցում։ Գայանեն էր։ Մի քանի տարի էր, որ որդու հետ գյուղ էր վերադարձել և առաջին անգամ էր եկել Երկնափեշյանի երեկոյան ընթրիքներին։ Երեկնափեշյանը հիացած էր նրա գեղեցկության երկրաչափությամբ, ու մեկ անգամ ևս մտածեց, որ իր գլուխգործոցը, այնուամենայնիվ, կինն է, հատկապես՝ մայրացած կինը։

Նա մի պահ տարվեց Գայանեով, հմայվեց նրա գեղանի քայլվածքով, ժպիտով, ետ սանրված ու գլխաշորի տակ ծոծրակին կապած վարսերով, նրա շարժումների հանգստությամբ, ինքնավստահությամբ։ Հետո, գլուխն առավ ու սուզվեց իր հույզերի, հիշողությունների մեջ, զգաց, որ ինքն իր իսկ մտքերից կարմրել է։ Մի պահ մտածեց, որ լավ է՝ մութ է արդեն, մարդիկ չեն տեսնի իր դեմքի գունափոխվելը։ Ի՞նչ աներ։ Մարդանալու հետևանքներից էր այս հատկանիշների ի հայտ գալը, բայց նա բնականաբար զսպում էր իրեն՝ աստվածային խաղաղությամբ՝ պատշաճության սահմաններում պահելով իր էությունը։

Մի վայրկյան անց կրակի մոտ իր հին ծանոթին՝ Գևորգին տեսավ, ով խորոված էր անում և աչքի տակով անընդհատ նայում Գայանեին՝ այնքան տարված, որ կրակը բորբոքվում էր, խորովածն այրում․ Գևորգն էլ փորձում էր աղով հանգցնել նորահայտ շեղբերը։ Երկնափեշյանը հասկացավ, որ Գայանեի հանդեպ հուժկու մի զգացում նրան տանջում է։ Նա մեծահոգությամբ ժպտաց Գևորգին, Գևորգն էլ իրեն։

Հյուրերն անընդհատ մոտենում էին՝ կին թե տղամարդ,՝յուրաքանչյուրի ձեռքին մթերքի կապոց կամ գինի ու օղի։ Նրանք ձեռքի պարունակությունը դնում էին սեղանին, ապա անձամբ մոտենում Երկնափեշյանին, բարևում, գրկախառնվում ու մի երկու բառ փոխանակելուց հետո սեղանի մոտ տեղ փնտրում։ Երեկոյան սեղանի շուրջ նստելու տեղ չկար, բայց հոգ չէր. մեկը վեր էր կենում, մյուսը նստում էր, ու այդպես շարունակ։

— Բարով ես եկել, ընկեր Երկնափեշյան, արդեն կարոտել էինք,— սկսեց նախագահը Արմեն Մաթևոսյանը։

— Դպրոցում էլ ենք սպասում,— ձայնեց նրա կողքին նստած, դպրոցի տնօրեն՝ երիտասարդ Արտակ Թադևոսյանը։

— Ես էլ Ձեզ եմ կարոտել,— ասաց հյուրը, ու մի կում արեց իր կարմրահյութից,— առանց  ձեզ տիեզերքն էլ է անիմաստ։ Աշխարհի լավ տեղերը, ինչպես դուք եք ասում, մատների վրա կարելի է հաշվել։ Մեկը՝ միանշանակ Իծաքարն է՝ իր մարդկանցով։

— Է՜, Երկնափեշյան ջան,— կատակեց միջին տարիքի մի գյուղացի,— մեր սղոցավար Հովսեփի մատներն էնքան քիչ են, որ լավ է՝ նրա մատներով չհաշվենք այդ լավ տեղերը։

Բոլորը ծիծաղեցին։

—Կարո՛ ջան, ամեն անգամ մի մատ կորցնելով՝ մտածել եմ նրանց մասին, ով երիտասարդ կյանք է կորցրել, երկինք եմ նայել, այդ կորուստների մասին հարցեր տվել, բա սրան ի՞նչ կասեք, ընկեր Երկնափեշյան, գիտե՞ք, թե այս հարցերը ինձ ինչքան են մտահոգում,— դեպի ուսուցիչը շրջվելով ասաց Հովսեփը։

— Է՜, ես եթե պատասխաններ ունենայի, Իծաքար չէի գա, Հովսեփ ջան, ես Ձեր մեջ ապրելով եմ պատասխաններ փնտրում։

— Էէէհ, երևի պատասխան չկա։ Թեթև նայենք, Երկնափեշյան ջան, ծնվե՞լ ես, ապրիր։ Կորցրե՞լ ես, դարձյալ ապրիր։ Կյանքն ապրելու համար է։ Մեկինը ծանր բեռ է, մյուսինը՝ մի քիչ թեթև, բայց մահն ազատում է բոլորիս։ Ուղղակի ուրախ լինենք, էս գինին խմենք, իրար գովք ասենք, կյանքն էլ կքաղցրանա։ Թե չէ էդ քաղաքներում ամեն ինչ չափից ավելի լուրջ եք ընդունում,— ասաց Հովսեփը։

— Հովսեփ, միշտ մտածել եմ քեզ հարց տալ, Ձեր տոհմին ինչու՞ են Կենտիկանց ասում, դա ի՞նչ պատմություն է,— հարցրեց Երկնափեշյանը։

— Մեր տոհմում, բոլոր սերունդներում երեխաներից մեկը մենակ է մնում, չի ամուսնանում։ Մեր սերնդի մենակն էլ ես եմ, Երկնափեշյան ջան։ Աստված է այդպես որոշել։ Ճակատագիր է։

Երկնափեշյանը սկզբում հանկարծակիի եկավ Հովսեփի ինքնավստահ եզրահանգումից, ապա ծիծաղելով պատասխանեց։

— Հովսեփ ջան, Աստված էլ բան ու գործ չունի՞,  ամեն ինչ թողած Ձեր տոհմի հարցերո՞վ է զբաղված․․․

Երկնափեշյանի խոսքերի վրա մարդիկ էլ, Հովսեփն էլ ծիծաղեցին ու չխկացրին բաժակները։

— Դեհ, կենացներդ,— ասաց ուսուցիչը,— իմ բացակայության ժամանակ քանի՞ երեխա է ծնվել։

— Գիտեի, որ այդ հարցը տալու եք։ Տասնութ, ինը տղա, ինը աղջիկ, — ուրախ ասաց նախագահը։

— Այ այդ տասնութի կենացը,— մտքում օրհնելով ասաց Երկնափեշյանը՝ խմեց, բաժակը դրեց ու տեսավ, որ Հայկը՝ իրեն ծանոթ երիտասարդներից մեկը, իր կնոջ, Արփիկի հետ բաժակները չխկացրին, բայց մի կում անգամ չարեցին, ինչը շատ զարմանալի էր,  որովհետև դա նման չէր իր ճանաչած Հայկին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica