close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արջասար (մաս վերջին). Դավիթ Վանյան

Հասարակություն

22 Ապրիլի 2020, 13:35
 Արջասար (մաս վերջին). Դավիթ Վանյան

Yerkir.am-ը ներկայացնում է քաղաքագետ Դավիթ Վանյանի նոր վիպակը, որը կոչվում է «Արջասար»։ Ավելի վաղ ներկայացրել էինք վիպակի առաջիներկրորդերրորդչորրորդհինգերորդ և վեցերորդ մասերը: Այժմ ներկայացնում են «Արջասար»-ի վերջին մասը:

«28

1993-ի սեպտեմբերի չորսն էր։ Սառը աշնանային եղանակ էր։ Մրղուզ լեռան կատարը արդեն ձյունածածկ էր իսկ Հովվասարում և նրա շրջակա բարձունքներում երբեմն ցուրտ էր լինում, չնայած սեպտեմբերի արևը տաքացրել էր և բնությունը արևախաբ լինելով տեղ - տեղ կանաչին էր տալիս։ Պատերազմի պատճառով՝ մոտակայքում մի պախրա անգամ չէր մնացել, որովհետև անցել էին հյուսիսային սահմանն ու անհետացել վրացական անտառներում։

Գայլը քսանհինգ զինվոր տեղակայել էր Հովվասարի խրամատներում, ամրացրել էր դիրքերը, Տորքը ականապատել էր մատույցները, հողափոր երկու տնակներում կապի միջոցներն էին հարմարեցրել ու նաև սննդամթերքի պաշար կուտակել։ Թե նա, թե գնդապետ Պողոսյանը մինչև վերջ չէին հավատում, որ յոթ բարձունքներից միայն Հովվասարի վրա կարող է լինել հարձակումը, այդ պատճառով ևս քսանհինգ զինվոր Գնդապետի հրամանատարությամբ՝ թիկունքում էին, իսկ անմիջապես Հովվասարում Գայլն էր հրամանատարը։ Արջ Պողոսյանը Համբարձումի հետ ղեկավարում էր գյուղխորհրդից։ Ռեզերվում էին նաև Սևադա Ազարյանի հետախուզական ջոկատը՝ թվով վեց մարտիկներ, և Արտեմ Եղիազարյանի թոռ Արմենակ Եղիազարյանը, քսանամյա մի լուսավոր երիտասարդ, ում հրամանատարության տակ Մակունց Մակիչի և Եղի Եղիազարյանի տղաների ու աղջիկների թոռներից կազմված յոթ զինվորներ կային։

Արջասարի Ավարայրը սկսվեց առավոտյան ժամը չորսին ԳՐԱԴ համակարգի համազարկից՝ Արջասարի վրա։ Իսկ նախկին ծովային նավերի վրայից հանված՝ հարթափող, հարյուր միլիմետրանոց հրանոթներից սկսեցին կրակել Պառավասարի և Արամի սար բարձունքների վրա։ Գնդապետը ռացիայով կարգադրեց աչալուրջ հետևել ու զեկուցել, իսկ մինչ այդ, բոլորին՝ սաղավարտ հագնել։ Համբարձումն ու Հայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը անմիջապես նստեցին ՈՒԱԶ մեքենան ու դուրս եկան գյուղամեջ, որպեսզի գյուղացիների կողքին լինեն։ Թշնամու հրետանին բարեբախտաբար դիպուկ չէր, և ընդամենը մի տան էր դիպել՝ Վասիլի տունն էր։ Նրանք այդ ուղղությամբ էլ քշեցին։ Արկը տան երկրորդ հարկի միջով մտել էր անցել փայտե ծածկը և պայթել առաջին հարկի գինու մառանում։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր հասցրել թաքնվել, որովհետև թաքնվելու էին հենց այդտեղ։

29

Հայր ու որդի վարում էին իրենց մեքենան կրակոցների տակ, մտածելով, որ կարևորն այն է՝ գյուղում խուճապ չլինի։ Ղեկին Համբարձումն էր։ Կրակը թեժանում էր։ Մի արկ էլ ընկավ Դպրոցի բակում։ Նրանք գիտեին, որ այդ պահին դպրոցում մարդ չպիտի լինի, բայց այնուամենայնիվ, ուղղվեցին դեպի պայթյունը։ Դպրոցի բակում հինգ մետր տրամագծով մի փոս էր առաջացել։ Բացի ջարդված պատուհանափեղկերից ու թափված ապակուց՝ այլ վնաս չկար։

Աշոտը որդուն կարգադրեց շարժվել, և այդ պահին հիսուն մետր հեռավորության վրա, մեքենայի աջ կողմում զարկեց ևս մի արկ ու պայթյունի ալիքից մեքենան շրջվեց ձախ կողմի վրա։ Մի քանի վայրկյան անց Համբարձումը բացեց աչքերը։ Հայրն անկենդան ընկել էր իր վրա։ Սկսեց կանչել հորը, հասկացավ որ ինքն իր ձայնն անգամ չի լսում։ Ականջների մեջ միալար սուլոց էր։ Ձեռքերը տարավ դեպի ականջները, ոչինչ չօգնեց։ Ափերն արյունոտ էին։ Մեքենայի պատռված բրեզենտե տենտի միջով դուրս եկավ։ Համագյուղացիներն արդեն հավաքվել էին։ Ինչ-որ մեկը իրեն իր ուսը դեմ տվեց ու սկսեց առաջնորդել դեպի կողքի տունը։ Մի քանի մարդ սկսեցին հանել նախագահի մարմինը։ Համբարձումը հրաժարվեց օգնությունից, ետ եկավ դեպի հայրը ու օգնեց գյուղացիներին։ Համոզվելով, որ Հայրը զոհվել է, նա կանգնեց ամբողջ հասակով։ հասկացավ, որ լսողությունն աստիճանաբար վերականգնվում է, դիմեց իր առջև կանգնած մի գյուղացու․

— Վարպետ, մեքենայիդ բանալիները բեր։

Այս մարդը շատ արագ իր ավտոտնակից դուրս հանեց Նիվա մակնիշի իր մեքենան ու բանալիները տվեց Համբարձումին։ Նա նորից շարքի մեջ էր։ Նորից սկսեց գյուղի փողոցով վարել, մարդկանց երևալ, նրանց հույս տալ, մինչև որ գյուղխորհրդի շենքից դուրս եկած գնդապետը չկանգնեցրեց նրան։ Նա ոչինչ չհարցրեց։ Ամեն ինչ կարծես պարզ էր։

— Համբարձում, արագ լվացվիր ու գնա Ակունք։ Մի ոտքդ այստեղ, մեկը այնտեղ, առանց համալրումի չվերադառնաս։ Ասա, որ մենք պահում ենք դիրքերը, որ արդեն հինգ զոհ ունենք։

— Վեց զոհ,— ասաց Համբարձումը։

— Ուրեմն վեց։

Հրամանատարը դադար տվեց, ապա, կարծես թե բան չէր եղել, շարունակեց․

—Ասա, որ այս գիշեր մեզ փոխարինող է պետք լինելու։ Առանց երեսուն մարդու չվերադառնաս։

Մինչ այդ թշնամին սկսել էր հրետակոծել նաև Հովվասարը, այն էլ առանձնահատուկ ինտենսիվությամբ։ Մեկական մարդ զոհվել էր Արամի Սարում և Պառավասարում։ Պողոսյանը, Արմենակ Եղիազարյանի խումբը բաժանեց երկու մասի և համալրեց Պառավասարի ու Արամի Սարի դիրքերը։ Եվս երեք զինվոր զոհվել էին Արջասարում ուղիղ խրամատում պայթած 122 միլիմետրանոց հաուբիցի արկից։ Հրետակոծությունը անընդհատ շարունակվում էր։ Կես ժամ անց թշնամու ուղղությամբ սկսեցին զարկել Ակունքի «ԳՐԱԴ» կայանքներն ու հրետանին։ Գայլը դիրքերի վերադասվորում էր արել։ Նոր ստացված երկու «ԴՇԿ» գնդացիրները տեղադրել էր թևերում, իսկ կենտրոնում «ԿՊՎՏ» մեծ տրամաչափի գնդացիրն էր։ Հետևակի ռազմական մեքենան նրանց էր հասցրել Սևադայի խումբը ու տարել էր երեք զինվորների մարմինները։

Առավոտյան ժամը հինգին թշնամին սկսեց խփել թուրքական արտադրության ականանետերից։ Գայլը հասկանում էր, որ այս ամենը մարդուժի հարձակման նախերգանքն է։ Մեկ էլ հանկարծ ձախ կողմում, հարյուր հիսուն մետր հեռավորության վրա, թփերի տակ շարժում նկատեց։ Ուշադիր կանգ առավ հայացքով թփերի վրա։ Նոր էր լուսանում։ Օդ կրակեց, ապա գոռաց․

— Թփերում մարդ կա։ Եթե հայ ես, ձայն տուր։ Ականապատված է այդտեղ։

—Հայ եմ,— լսվեց դեռահաս պատանու մի խզված ձայն, — Սարիբեկյան Արշավիրն եմ, հրամանատար, Արշոյի տնից։

— Այ շան որդի, քեզ ո՞վ է թույլ տվել այստեղ գաս, քեզ ո՞վ է բերել այստեղ, սա երեխաների տեղ չի։

— Ես եմ եկել, ոտքով եմ եկել, աննկատ, ոչ ոք մեղավոր չի,— Ասաց տասնչորսամյա պատանին ու դուրս եկավ մոշի թփերի ետևից։ Հասակով էր, հաղթանդամ ու իր ռուս նախատատ Մարինա Պուստիննիկովայի նման ոսկե մազերով։

— Կանգնիր այդտեղ, հիմա քեզ կհանեն, — հրամայեց Գայլը ու նշան արեց Տորքին, որ նա հանի պատանուն, քանի որ ինքն էր ականապատել, ապա նրան ուղարկեց գետնափոր ու կարգադրեց դուրս չգալ։
Առավոտյան հինգն անց կեսի կողմերը ականային հրետակոծությունը ուժգնացավ, ապա սկսվեց թշնամու գրոհը Հովվասարի գագաթի ուղղությամբ։ Աջ և ձախ թևերին ականներ պայթեցին, որոնք Տորքի ականներն էին։ Մի քանի ախոյան մահացու վնասազերծված էին։ Գայլը հրահանգեց գնացրավորներին՝ մաղել այդ տարածքները։ Թվով հարյուր թշնամի՝ հրամանի հրահանգով շարժվեցին առաջ։ Գայլի մարտիկները սկսեցին կրակել։ Հարձակումը ժամանակվոր կասեցված էր։ Սակայն ականները պայթում էին անընդհատ ու շատ մոտ էին խրամատի մատույցներին։ Դրանցից մեկը պայթեց ուղիղ կենտրոնական գնդացրի առջև։ Գնդացրորդը ընկավ։ Կապը կտրված էր թևերի միջև, իսկ տարածությունը հարյուր մետրից ավել էր և մարդկային ձայնը չէր հերիքում հմուտ ղեկավարման համար։ Գայլը կարգադրեց նորոգել գիծը, կամ նոր լար անցկացնել։ Կրակի ինտենսիվությունը մեծանում էր, ու, թվով քսանինը զինվորից երեքը ծանր վիրավոր էին և մի զոհ կար։ Ուժերը չէին հերիքում։ Թշնամու կորուստներն ավելի մեծ էին՝ անկանոն փռված առջևի զառիվերին ու սարալանջին։ Մի վայրկյան լռություն տիրեց:

— Բոլորդ ի զեն։ Մեռնում ենք չենք տալիս,— գոռաց նա,— Սա մեր սուրբ հողն է, Ու՞մ ենք տալու, թուրքի՞ն, ես դրանց․․․,— ու հայհոյեց թշնամու հասցեին։

Մարտը գնալով ավելի կատաղի էր դառնում։ Հրետակոծությունը ուժգնացավ։ Թշնամին ձախ թևից մտավ խրամատի մեջ։ Գնդացրորդն ու օգնականը տապալված էին։ Տասնչորսամյա Արշավիր Սարբեկյանը մի ցատկ կատարեց, դուրս եկավ գետնափորից, թեքեց գնդացիրը դեպի ձախ թևը, թշնամու վրա դժոխային կրակ բացեց։ Տասնհինգ մարդ տապալեց տասնչորսամյա հերոսը ու ինքն էլ ընկավ մի նոր ականի պայթյունից։ Հովվասարը աննկուն էր։ Արջասարը տարավ իր ամենակարևոր հաղթանակը։

Հիմա հարկավոր էր պահել։

30

Կեսօրին, Պողոսյանը հրամայեց փոխել մարդկանց։ Զոհերի ընդհանուր քանակը տասն էր և երեք ծանր վիրավոր։ Կայծակնային արագությամբ ամբողջ տարածաշրջանում տարածվեց Արշավիրի հերոսության լուրը։ Քսանհինգ ռեզերվի զինվորներ ուղարկվեցին Հովվասար։ Մնացած վեց բարձունքների համար մարդուժ դեռևս չկար։ Ակունքի մի բնակիչ - գործարար՝ Մարտիկ Մարգարյանը, երկու ցուլ էր մորթել և ուղարկել Պողոսյանին, նա էլ հրամայել էր՝ հացը հասցնել դիրքեր։ Վիրավորները տեղափոխվեցին Ակունքի հիվանդանոց։ Շրջկենտրոնը երկու հարյուր լիտր բենզին տվեց գյուղխորհրդին, ինչը առանձնահատուկ շռայլություն էր։ Գայլը մնաց դիրքերում, իսկ Տորքը լսելով հոր մասին բոթը իջավ Արջասար, մոր՝ Պատրույգի կողքին լինելու համար։

Ամբողջ Ակունքի շրջանը և ցնծության մեջ էր, և իսկական սուգ էր։ Հովվասարի բարձունքի պաշտպանությունը շատ կարևոր հաղթանակ էր տարածաշրջանի համար։ Մարդիկ իրար շնորհավորում էին ու գրկախառնվում, լաց լինում՝ Արշավիրին հիշելով։ Զոհերի քանակը շատ մեծ էր ոչ միայն Արջասարի, այլ նաև ողջ շրջանի համար, որտեղ, մինչ այդ, չորս տարվա մեջ քառասուներկու մարդ էր զոհվել։

31

Համբարձումը առավոտյան ժամը ութին արդեն գործկոմի շենքում էր։ Առանց քարտուղարուհուն զգուշացնելու, նա անմիջապես մտավ նախագահի ընդարձակ աշխատասենյակ, որտեղ պատերի պատուհանի տակ նստել էին Ակունքի շրջանի ղեկավար կազմն ու գյուղխորհրդի նախագահները։ Համբարձումն ուրախացավ, որոշելով, որ կդիմի հիմա բոլորին, համալրում ստանալու խնդրանքով։ Այստեղ մի փոքրիկ իրարանցում էր։ Երևանից հայտնի մի պատգամավոր, իր կարծիքով բարի կամքի այց էր կատարել թշնամի երկրի մայրաքաղաք, և հիմա շրջում էր Հայաստանի շրջաններով ու պատմում, թե ինչ լավ էր Բաքվում, ինչպիսի լուսավոր փողոցներ էին, ինչ լավ կլիներ համաձայնություն ու խաղաղություն հաստատել։ Երբ Համբարձումի աչքերը հանդիպեցին նրան, պատգամավորը մի պահ կանգ առավ ու շարունակեց իր գովերգը թշնամի երկրին։ Հորը կորցրած Համբարձումը անգամ չհասկացավ թե ինչ կատարվեց իր հետ, երբ բռունցքներով հարձակվեց նրա վրա։ Եթե ներկաները չխառնվեին, ապա Համբարձումը կարող էր սպանել նրան։ Ներկաները մի կերպ հանգստացրին Համբարձումին ու նրան ձայն տվեցին․

— Մեզ երեսուն մարդ է պետք,— շունչը կտրելով, բառերը կուլ տալով, հայհոյելով ասաց նա,— այնտեղ տասը զոհ ունենք, բայց դիրքերը պաշտպանում ենք։ Սակայն մարդկանց հարկավոր կլինի փոխել։

— Զոհերի քանակը արդեն տասից անց է, որովհետև մի վիրավոր էլ վիրահատական սեղանին է մահացել,— ասաց նախագահ Պետրոսյանը,— Դուք երևի ճանապարհին եք եղել, տեղեկություն չեք ստացել։ Լավ։ սիրելի ընկերներ, Արջասարը հերոսական կռիվ է տվել ու պաշտպանել բոլոր յոթ բարձունքները։ Մեզ մեկ ամիս ժամանակով համալրում է պետք։ Ո՞վ քանի զինվոր կարող է տալ։ Ես իմ և շրջխորհրդի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեր Հայրիկի ու մեր հերոս զինվորների մահվան կապակցությամբ ։

— Նախագահները վեր կացան, մոտեցան Համբարձումին, իրենց ցավակցությունը հայտնեցին, և հերթականությամբ ասացին իրենց հնարավորությունների մասին։ Հինգ րոպե չէր անցել, երբ պայմանավորվեցին քառասուն աշխարհազորայինի շուրջ, և հերթով սկսեցին զանգահարել գյուղական խորհուրդներ, աշխատանքները կազմակերպելու համար։ Երեկոյան կողմ Համբարձումը երկու ավտոբուսով քառասուն մարդ հասցրեց, բերեց Արջասար, հերթափոխն ապահովված էր, փառքով սկսվածը՝ փառքով ավարտված։

32

Պատրույգը շատ ծանր էր տանում ամուսնու, համագյուղացիների, Արշավիրի մահը, սակայն, նրա աչքերին մի արտաքուստ անգամ չէր երևում։ Միայն տղաները գիտեին, թե ինչ դժվարությամբ է նրան տրվում այդ թվացյալ հանգստությունը։ Խեղճ կինը անընդհատ լացում էր, երբ տանն էր լինում։ Աշոտի քառասունքը տալուց հետո Տորքը հայտարարեց, որ իրերի ընթացքը փոխել է պետք ու գնաց անհայտ ուղղությամբ։ Միայն երկու շաբաթից վերադարձավ մի չնաշխարհիկ գեղեցկության աղջկա հետ։

— Նանե, ծանոթացեք,—ասաց նա,— կինս է մամ ջան։ Իմ բանակի ընկեր Դավիթ Բեկի քույրն է։ Նանեի լուսանկարը դեռ բանակում, ծառայության ժամանակ էի տեսել։ Գնացի, տեսա, հաղթեցի, ամուսնացա, բերեցի, մամ ջան։

Պատրույգը վերջապես ժպտաց, գլխաշորը հանեց, վարսերը ձեռքի ափերով ինքնագոհ ետ տարավ, ետևում հանգուցակապեց, սև գլխաշորը մի կողմ դրեց ու ասաց․

— Արի աղջիկ ջան, արի համբուրեմ քեզ։

Համբարձումն ու Գայլը շվարած կանգնել էին, բայց գոհ էին, ժպտերես։ Հետո, Պատրույգը անհետացավ ու վերադարձավ Դրագոմիր Ալմազովի թաշկինակի կապոցով, դողդոջուն ձեռքերով բացեց կապը, երկու ոսկյա շղթաներով խաչեր հանեց, ու երկուսի ճակատները համբուրելով հագցրեց Համբարձումի ու Նանեի խոնարհված գլուխներին․

—Սա Դրագոմիր Ալմազովի թաշկինակն է, որի կապը չէի քանել պապիս մահանալու ու Համբարձումիս հայտնվելու օրից։ Ամուսնուս տարին կտանք, մեծ հարսանիք կանենք, իսկ հիմա զանգի, մյուս շաբաթ օրվա համար կանչի ծնողներիդ, եղբորդ, ինչպես կարգն է, ծանոթանանք։

— Ծնողներս հրետակոծությունից զոհվել են, եղբայրս էլ դիրքերում է, հիմա եկողը չի, — ասաց Նանեն։

— Ուրեմն մեկ ուրիշ անգամ կգա եղբայրդ, իսկ մենք կհավաքվենք, և ես քեզ մայր կլինեմ, աղջիկ ջան։ Պատերազմ է, պինդ եղիր,— ասաց ու նորից գրկեց, համբուրեց։

Այդ գիշեր, Խնձորագետի այն ափին մի քար կա, այդ քարին նստած մի կույր մարդ երազում եկավ Պատրույգին տեսության։ Ասաց՝ Արեգնազի ուժը քեզ է տրված։ Վեր կաց, գնա Սևանավանք, ժողովրդիդ համար աղոթք արա, ու լսի քեզ ինչ կասեն այնտեղ։ Նանեին քեզ հետ տար, թող քո ուժը տեսնի ու ստանա։

Առավոտյան իր երազը պատմեց Համբարձումին ու Նանեին։ Երեքով վեր կացան, նստեցին մեքենան ու գնացին։ Պատրույգը հիշեց 1955 թվականի իրենց ճամփորդությունը ձիերով ու իր տեսած հին Սևանը հիշեց, երբ թերակղզին դեռ կղզի էր։ Երբ տեղ հասան, մոտեցան վանքին, վանքի պատին մի վեղարավոր ծերունի կար թիկնած։ Պատրույգը ճանաչեց իր երազի հյուրին։ Վախն ու զարմանքը համակել էին նրան։ Ոչինչ չկարողացավ խոսել։ Կանգնել նայում էր ծերունուն։

— Աղջիկ ջան, քո ուղեկիցները ինձ չեն լսում, չեն տեսնում, — խռպոտ, հանգիստ, հոգու հատակից դուրս եկող շնչառությամբ պատասխանեց ծերունին։ Կաղոթես, կգնաս տուն, եկեղեցի կկառուցես Խաչքարի տեղում։ Խաչքարը զորություն ունի, որը ի հայտ կգա Եկեղեցին օծելուց հետո։ Այդ օրը Շահմուրադի վանքի նահատակների հոգիները կհանգստանան, ես էլ իրենց հետ։

Այս ասելն ու անհետանալը մեկ եղավ։ Պատրույգը այն տեսավ, որ տղան ու հարսը զարմացած ու մտահոգ իրեն են նայում։

— Մամ ջան, ի՞նչ եղավ, շատ գունատ ես։

— Անցավ, տղա ջան,— ասաց մայրը,— եկեք մտնենք։

Եկեղեցում Պատրույգը բռնեց Նանեի ձեռքն ու ծնկի եկավ, հակվեց դեպի պատում տեղավորված խաչքարը, ճակատներով միաձուլվեցին այդ Խաչքարին այնպես, ասես՝ պատրույգվեցին նրան։ Կարծես հին ժամանակներում մի անհայտ շինարար այս երկու կնոջ համար է կառուցել այս պատն ու այնտեղ տեղադրել մոմավառությունից սևացած Խաչքարը։ Հաամբարձումը քարացած կանգնած էր։ Պատրույգը աղոթեց զինվորների առողջության, զոհերի հոգիների հանգստյան, աշխարհում խաղաղության, առանձին՝ Արշավիրի, և վերջում՝ Հիսուսի համար։ Երկու ժամից ավել աղոթում էին նրանք։ Համբարձումը մտածեց, որ սա աղոթքից մի գլուխ բարձր երևույթ է, սա Աստծո ներկայության զգացողություն է, սա հրաշք է, յուրահատուկ հրաշք։ Պատրույգն ու Նանեն վեր կացան պայծառացած, հանգստացած ու լուսավորված։

— Կգնանք տուն, Եկեղեցի կկառուցենք, Հովվասարն էլ կանվանենք Արշավիրի Գագաթ։

Այդպես էլ արեցին։ 1994 թվականին Էջմիածնից եկած ներկայացուցչի ղեկավարությամբ դրվեցին Եկեղեցու հիմքերը։ Հովվասարը անվանեցին Արշավիրի Գագաթ ու այնտեղ մի խաչքար դրեցին։

Արջասարը՝ ի հեճուկս անդեմ ժամանակների՝ դարձյալ սկսեց վեր հառնել։

33

1994 թ-ին զինադադարի պայմանագիր կնքվեց և հարաբերական խաղաղություն հաստատվեց, սակայն սահմանամերձ գոտին անընդհատ կրակոցների տակ էր։ Մայիսի տոներին, իր տանը, քնի մեջ մահացավ Արջ Պողոսյանը։ Մոսկվայից ժամանեցին նրա դուստրերը՝ նյարդաբան՝ Անուշ և ազգագրագետ Թամարա Պողոսյանները։ Արջասարում երբեք այդքան շատ մարդ չէին տեսել։ Թաղմանը ներկա էին նաև պաշտոնական անձիք։ Պողոսյան քույրերը ստանձնեցին եկեղեցու համար ֆինանսների հայթայթման հարցերը ու ակտիվորեն լծվեցին այդ աշխատանքներին։ Նույն թվականին մահացավ Գայլ Համբարձումյանը։ Արջասարը սերնդափոխություն էր ապրում։ Եկեղեցու շինարարությունը ավարտվեց 1997-ին և հունիսի երեքին նշանակված էր բացումը։ Այն կառուցվեց գյուղի հրապարակում այնպես, որ Խաչքարը մնաց բակի կենտրոնական մասում։ Բացման օրը բոլորն էլ սպասում էին հրաշքի։ Բոլորն էլ գիտեին, որ Խաչքարի զորությունը պիտի բացահայտվի Եկեղեցու օծման օրը։ Կեսօր էր։

Եկեղեցականները ավարտել էին իրենց արարողակարգը և պաշտոնական զեկուցումներ էին կարդում, մեկ էլ Խաչքարի տակից մի սառնորակ շատրվան խփեց, բարձրացավ Խաչի բարձրությանն ու խփում է այդպես՝ առայսօր։ Ժողովուրդը ցնծության մեջ էր, Արջասարն էլ իր էպիկական ընթացքն էր ապրում։ Հիմա բոլորն էլ գիտեն, որ եթե մարդ հավատ ունի, ու հիվանդացել է, առաջին հերթին պիտի Արջասար ուխտի գնա, աղոթք անի, ջուր խմի, և Աստված կօգնի»։

Լուսանկարը՝ Անդրանիկ Մասիսի Քեշիշյանի

ՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
16 Հուլիսի 2020, 13:29 HES_VIDEOՈՒՂԻՂ. ԱԺ արտահերթ նիստը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica