close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ОМОН-ը մտնում է «Դոմոդեդովո» ու կարգադրում՝ հանգիստ դուրս եկեք շենքից ու իրենց չէր հետաքրքրում՝ ուր կգնայինք, ինչ կանեինք. տարհանված մեր հայրենակիցներ

Հասարակություն

21 Ապրիլի 2020, 22:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ОМОН-ը մտնում է «Դոմոդեդովո» ու կարգադրում՝ հանգիստ դուրս եկեք շենքից ու իրենց  չէր հետաքրքրում՝ ուր կգնայինք, ինչ կանեինք. տարհանված մեր հայրենակիցներ

4 օր զգուշացումներ ստանում էինք, որ պիտի հանեն, միշտ գալիս, զգուշացնում էին, բայց չէինք պատկերացնում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հրազդանի բնակիչ Աբել Թաիրյանը, որը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից տարհանված մեր հայրենակիցներից է։

«Ամսի 20-ի դրությամբ, երեկոյան ժամը 9։30 ОМОН-ը մտնում է ներս ու կարգադրում՝ հանգիստ դուրս եկեք շենքից ու իրենց  չէր հետաքրքրում՝ ուր կգնայինք, ինչ կանեինք»,-ասաց նա։

Աբել Թաիրյանը պատմեց, որ բոլորին դուրս են բերել և ոչ մի փոխզիջում չի եղել․ «Այդ պահին ով տեղ ուներ գնալու՝ գնաց, ով չուներ՝ մնացել էր փողոցում։ Եվ մենք դիմեցինք ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն և Դաշնակցության Հայ դատի Մոսկվայի գրասենյակ։ Բերեցին, տեղավորեցին ու շատ լավ վերաբերմունք է»։

Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը Yerkir.am-ին պատմեց, որ 70-120 մեր հայրենակիցներ օդանավակայանում էին գիշերում ապրիլի 12-ից, որպեսզի չարտերային թռիչք լինելու դեպքում նախապատվությունը իրենց տրվի։

Ընդհանուր առմամբ, 260 հոգի գրանցվել է, որոնք այս օրերին ինչ-որ մի պահի եղել են օդանավակայանում՝ կա՛մ գիշերել են, կա՛մ մնացել, հետո գնացել իրենց հարազատների տները՝ ասաց Ներսես Ներսեսյանը։ Նրանց մշտապես տրամադրել են սնունդ թե՛ դեսպանատունը, թե՛ ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակը, թե՛ բարերարները։

«Ինչ-որ պահի հրաժարվեցին ընդունել սնունդը, որովհետև վիրավորվել էին այն հրապարակումներից, որ՝ սա շանտաժ է, սա շոու է, սա ճնշումներ են, որպեսզի տեղափոխվեն Հայաստան։ Մեր հայրենակիցները վիրավորվել էին և մի պահ նույնիսկ սնունդից հրաժարվեցին, բայց հետո կրկին ընդունեցին բարերարների կողմից տրամադրվող աջակցությունը»,-ասաց նա։

Տարհանված մեր հայրենակիցը՝ Աբել Թաիրյանը հաստատեց, որ օդանավակայանում էին ապրում, որպեսզի պարտադիր կարողանային վերադառնալ Հայաստան․ «Եթե այնտեղից բացակայեինք, հույս չկար գալու, քանի որ չգիտեինք՝ ինչ էր կատարվում, կոնկերտ բան չէին ասել  մեզ, մենք էլ ստիպված մնում էինք օդանավակայանում, որ գոնե հնարավորություն լիներ վերադառնայինք»։

Գյումրեցի մեր հայրենակից Արմեն Հովսեփյանն ասաց, որ, թերևս, ճիշտ կլիներ՝ ժամանակի ընթացքում, երբ իրենց առաջարկում էին հյուրանոցներ տեղափոխել՝ գնային, որ այդ բարդությունները չլինեին։

«Հիմա ուղղակի խնդրում ենք կառավարությանը, որ անգամ մեր հետ գնալուց հետո էլ  շատ քաղաքացիներ կան, որոնք նույն վիճակում են գտնվում, լուրջ մոտենան այդ հարցին։ Հազարավոր մարդիկ նույն վիճակի մեջ հիմա Մոսկվա քաղաքում են, լուրջ վերաբերվեն, որ ժողովուրդը կարողանա վերադառնալ իրենց ընտանիքները»,-ասաց Արմեն Հովսեփյանը։

Ինքը, երբ վերադառնա, մտադիր է իր արհեստով Հայաստանում աշխատանք գտնել և իր  ընտանիքի կողքին լինել։

«Դոմոդեդովո» օդանավակայանում այժմ հայեր չկան, ասաց Ներսես Ներսեսյանը, երեկվա դրությամբ 2 կին դեռևս մնացել էին՝ չէին տարհանվել, որովհետև իրենք չէին ցանկացել և անվտանգության աշխատակիցները, ըմբռնումով մոտենալով, նրանց թույլ էին տվել մնալու օդանավակայանում, բայց հիմա նրանք էլ են գնացել։

«Օդանավակայանից վտարման որոշումը կայացվել է օդանավակայանի կառավարիչների կողմից, բայց կատարվել է ոչ բռնի․ հիմնավորել են, որ վաղը չէ մյուս օրը՝ ապրիլի 23-ին, ըստ իրենց, պետք է լինի չարտերային թռիչք, և բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պահին գտնվել են օդանավակայանում կգնան, կտեղափոխվեն Հայաստան, քանի որ դեսպանատունը նրանց ցուցակագրել է և տեղադրել իր էջում»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Մեր հայրենակիցները, նրա խոսքով, առանց հակառակվելու ենթարկվել են հրահանգներին և ուղղակի լքել են տարածքը։ Տարածքը լքելուց հետո ով ինչպես կարողացել, տեղավորվել է իր մտերիմների, ծանոթների և հարազատների տներում, հոսթելներում։

Այն մարդիկ, ովքեր չէին կարողացել տեղավորվել՝ չունեին ո՛չ գումար, ո՛չ մտերիմներ, ո՛չ տեղափոխվելու հնարավոր վայր, տեղեկացրել են Հայ դատի Մոսկվայի գրասենյակին։

«Ես շատ արագ հասա օդանավակայան՝ արդեն ժամը 11-ի կողմերը և 12 հոգու Հայ դատի գրասենյակը, մեր բարեսիրական շարժման շրջանակներում, տեղափոխեց հոսթելներ»,-ասաց գրասենյակի ղեկավարը։

Համառուսաստանյան բարեսիրական շարժումը, որը ՀՅԴ Ռուսաստանի կառույցի և Հայ դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությունն է, նպատակ ունի աջակցություն տրամադրել այս օրերին դժվար իրավիճակում գտնվող և սոցիալական պաշտպանության կարիք ունեցող հայերի։

«Այս օրերին կարողացել ենք օգնել տասնյակ մեր հայրենակիցների՝ ապահովելով կացարանով, սնունդով, տրամադրելով խորհրդատվություն, ռեսուրսներ, որ կարողանան թեթևացնել իրենց հոգսերը՝ մինչև խնդիրների հիմնավոր լուծումը»,-ասաց նա։

Այն վիճակը, որի մեջ ավելի քան 10 օր գտնվել են մեր հայրենակիցները, Ներսես Ներսեսյանը ուղղակի հումանիստար աղետ է համարում և կարևորում, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերի սրտացավություն և ապահովի նրանց վերադարձը։  

Ներսես Ներսեսյանի համար մտահոգիչ էին այն պայմանները, որում ապրում էին մեր հայրենակիցները, քանի որ մեկ վայրում այդպիսի կուտակումը վտանգավոր էր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում։

«Դոմոդեդովոյում» 10 օր գիշերողների մի մասը, Ներսեսյանի խոսքով, այն մարդիկ էին, ովքեր վերջին 2-3 տարիներին ՌԴ են մեկնել արտագնա աշխատանքի, չունեն մշտական բնակության իրավունք, չունեն կապեր, հարազատներ այնտեղ և մնալու միակ հույսը օդանավակայանում ապրելն էր։ Մի մասն էլ մեր այն հայրենակիցներն էին, ովքեր ապրում և աշխատում էին ոչ թե Մոսկվայում, այլ տարբեր քաղաքներում՝ Մոսկվայից բավականին հեռու, և եկել էին Մոսկվա Հայաստան տեղափոխվելու համար, բայց չվերթ չլինելու պատճառով ստիպված էին մնալ օդանավակայանում, քանի որ Մոսկավայում չունեին կապեր և ծանոթներ։

«Խնդիրը Ռուսաստանում ծագել է ապրիլի 1-2-ից սկսած, երբ սկսվեցին նաև կուտակումները՝ չվերթների դադարեցման հետ կապված։ Ամսի 6-ին, 7-ին և 12-ին չարտերային չվերթներ կազմակերպվեցին Մոսկվայից։ Հաջորդ չվերթը, որը պիտի տեղի ունենա, մի քիչ կթուլացնի իրավիճակը, բայց չի լուծի, որովհետև հարյուրավոր, ես կասեի՝ հազարավոր մեր հայրենակիցներ դեռևս սպասում են Հայաստան տեղափոխվելուն։ Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»,-ասաց Ներսես Ներսեսյանը։

Ռուսաստանի այլ օդանավակայաններում կուտակումներ չեն եղել , քանի որ թռիչքները միայն եղել են «Դոմոդեդովո» օդանավակայանից։

Նշենք, որ ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի խոսքով՝ մոտ օրերս քայլեր կիրականացվեն մեր հայրենակիցներին Մոսկվայից Երևան վերադարձնելու ուղղությամբ։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica