close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+27°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.02
GBP1598.37
EUR1536.78
RUB16.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա ջավախահայության «անձնագիրն է». Ջավախքի հոգևոր առաջնորդը վերագտել է 1314 թ. խաչքարը

Մշակույթ

20 Ապրիլի 2020, 18:02
 Սա ջավախահայության «անձնագիրն է». Ջավախքի հոգևոր առաջնորդը վերագտել է 1314 թ. խաչքարը

Օրերս ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանն այցելել էր Ջավախքի Ղուլալիս գյուղ և համանուն գյուղի միջնադարյան հայկական գերեզմանոցում առկա խաչքարերի լուսանկարների շարքում հրապարակել ևս մեկը, որը, պարզվում է, Առաջնորդական փոխանորդը դուրս է հանել հողի տակից։ 

Ինչպե՞ս վերստին հայտնաբերվեց խաչքարը՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան, Ջավախքի հոգևոր առաջնորդը նշեց. «Գիտեինք, որ Ղուլալիսում կա հին գերեզմանատուն, երեկ այցելեցինք գյուղ, մեզ միացան նաև տեղի բնակիչներից, սկզբում տեսանք կանգուն խաչքարը, այնուհետև՝ մի պատվանդան, որի վրայի խաչքարը բացակայում էր։ Պտտվելով՝ ուսումնասիրեցինք տարածքը և նկատեցինք խաչքարի՝ հողից տակից երևացող մի փոքրիկ հատված, դա այն մասն էր, որի վրա նշմարվում էին փոքրիկ խաչերը։ Մաքրելով այն՝ տեսանք, որ հետզհետե մեծանում է այն՝ վերածվելով խաչքարի»։ 

Հոգևորականները, հեռացնելով խաչքարի վրա զետեղված ծանր քարը, ղուլալիսցիներից վերցված գործիքների միջոցով ամբողջովին ավլելով և մաքրելով խաչքարի վրայի հողը՝ զարմանքով և հիացմունքով նկատել են, որ այն թվագրված է ՉԿԳ (1314 թ.)։ Մաղաքիա Վարդապետը ընթերցել է նաև խաչքարի արձանագրությունը, որտեղ նշված է. «ԵՍ ՇԱՀՍ ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ ՅԻՇԱՏԱԿ ԻՆՁ ԵՎ ԾՆՈՂԱՑ ԻՄՈՑ, Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՈՂՈՐՄԻ ՆՈՑԱՅ»։ 

ՀԱԵ Ջավախքի առաջնորդը փաստում է, որ խաչքարը ժամանակին լուսանկարել, չափագրել և արձանագրության վերծանման հետ մեկտեղ Ջավախքի մասին իր հայտնի գրքերում («Ջավախքի խաչքարերը», Ե., 1995, «Ջավախք», Ե., 2006) հրատարակել է երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Այսինքն՝ գոնե խորհրդային կարգերի օրոք և 1990-ական թվականներին խաչքարը բաց է եղել։ Ինչպե՞ս է այն անցել հողի տակ, ո՞վ և ի՞նչ նպատակով է դա արել՝ հարցին՝ Մաղաքիա Վարդապետը նշեց հետևյալը. «Հողի և ամուր աճած խոտերի տակ անցած խաչքարի վրա ծանր քարի առկայությունը փաստում է, որ ցանկացել են առերևույթ փակել այն այցելուների աչքից։ Ես կարծում եմ, որ նախքան փակելը ցանկացել են նաև վնասել խաչքարը, քանի որ արձանագրության վերևի հատվածի տառերը փորձել են քերել։ Այդուհանդերձ, մեզ և հուշարձանագետների համար այն ընթեռնելի է։ Այսինքն՝ չի ստացվել լրջորեն վնասել խաչքարը»։

Ովքե՞ր և ի՞նչ շարժառիթներով են խաչքարը փակել՝ Մաղաքիա Վարդապետը չի կարող ասել, բայց, կարծում է, նպատակը պարզ է՝ այդ ամենի հեղինակները փորձել են ծածկել հայի հետքը Ջավախքում, ինչը, բարեբախտաբար, չի հաջողվել։ 

Հոգևոր առաջնորդը փաստեց նաև, որ Ղուլալիսի հին գերեզմանատեղին շատ անխնամ վիճակում է, չունի ցանկապատ, այնտեղ մտնում են նաև կենդանիներ և ինչ-որ առումով վնասում։ Մաղաքիա Վարդապետը վերադառնալուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել միջոցների հայթայթմանը. առաջիկայում տարածքը հոգևոր առաջնորդի նախաձեռնությամբ կցանկապատվի և կդառնա առավել պաշտպանված։  

«Այդ վայրը ոչ միայն սրբատեղի է, այլև իր մեջ ունի չափազանց մեծ խորհուրդ. 1314 թվականով թվագրվող այս միջնադարյան խաչքարը ջավախահայության յուրօրինակ «անձնագիրն է» և փաստում է, որ Ջավախքում հայերն ապրել են դարեր շարունակ», - եզրափակեց իր խոսքը ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը։ 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica