close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+21°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարսափեցնող փաստեր. ինչպես է ԱՄՆ-ը կենսաբանական ու քիմիական զենքեր փորձարկում սեփական բնակչության վրա. Público

Աշխարհ

20 Ապրիլի 2020, 17:08
 Սարսափեցնող փաստեր. ինչպես է ԱՄՆ-ը կենսաբանական ու քիմիական զենքեր փորձարկում սեփական բնակչության վրա. Público

Սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ կառավարությունը ցանկանում էր հասկանալ, թե որ քաղաքներն են ավելի ընկալունակ կենսաբանական հարձակումների նկատմամբ: Ավելի լավ բան, քան «ուսումնական փորձարկում» իրականացնելը,  նրանք չմտածեցին, և 1950 թվականին դեպի Սան Ֆրանցիսկո ուղևորվեց վարակված  փորձանոթներով բեռնված նավ: Գործողությունը կոչվում էր Sea-Spray. ըստ yerkir.am-ի` գրում է իսպանական Público պարբերականը:

Եվ այսպես`

գործողության անվանումը` Sea-Spray,

անցկացման վայրը` Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ,

անցկացման ժամանակահատվածը` 1950  թվականի սեպտեմբերի 20-27,

նախագահ` Հարի Թրումեն:

Յոթ օր շարունակ ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիր նավի վրա տեղադրված հսկայական բրանդսփոյտներով (հրշեջների կողմից և նավերում կիրառվող պոմպեր) տարածում էին Serratia Marcescens և Bacillus Globigii բակտերիաների զգալի քանակություն, որոնցից առաջացած ամպը կախված էր ծովածոցի 800 հազար բնակիչների գլխին: Գործողության անցկացման վայրը ընտրվել էր ծովին մոտ լինելու, խիտ բնակչություն ունենալու, երկնաքերների առկայության պատճառով, բացի դրանցից` տեղանքում ամպամածությունը օգնում էր թաքցնել պաթոգեն նյութերի առկայությունը և նպաստում դրանց տարածվելուն մոտակա քաղաքներում: 

Գործողությունն իրականացվում էր ոչ թե մարդկանց առողջության վրա այդ զենքի ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով, այլ ուսումնասիրելու համար`

- քամու հոսանքները, որոնք տարածում են մահաբեր բակտերիաները,

- ամպը, որը տեղափոխում էր բակտերիաները մեծ հեռավորության վրա,

- ժամանակւը, որի ընթացքում բակտերիաները կհասնեն այլ շրջաններ,

- վարակելու համար անհրաժեշտ բակտերիաների քանակը,

-մեծ քաղաքի խոցելիությունը կենսաբանական զենքի նկատմամբ, դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և պայքարը դրա դեմ:

Serratia Marcescens բակտերիան ընտրվել էր երկու պատճառով:

1. Այս բակտերիան այնքան էլ մահաբեր չէ, ինչպես սիբիրյան խոցը (Bacillus Anthracis),  որն, ի դեպ,  2003-ին Սադամ Հուսեյնն իբր փոստային ծրարներով ուղարկում էր ԱՄՆ (Իրաք ներխուժելու ևս մի առիթ): Դրանով զբաղվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Բրյուս Իվինսը, որը 18 տարի շարունակ աշխատում էր վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ռազմական ինստիտուտում և զբաղված էր այդ բակտերիաների դեմ պատվաստանյութերի մշակմամբ. նա վարակել էր 22 մարդու, որոնցից 5-ը մահացել էին:

2. Այդ բակտերիան արտադրում է կարմիր պիգմենտ, և այդ յուրատեսակ «մարկերի» շնորհիվ հեշտությամբ կարելի է հետևել դրա տարածմանը:

Նույն տարվա ընթացքում նմանատիպ փորձարկումներ էին իրականացվել Քելհուն (Ալաբամա) և Քեյ Վեսթ (Ֆլորիդա) շրջաններում` առաջացնելով թոքաբորբի բռնկումներ:

Արդյունքը

Դա ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի և դրա քաղաքական ներկայացուցիչների իսկական հաջողությունն էր, թեև` քրեական, պատմության մեջ կենսաբանական զենքի ամենամեծ փորձարկումը: 43 շրջաններից վերցված` բակտերիաների տարածման փորձանմուշները ցույց էին տալիս դրա արդյունավետությունը. բացի ծովածոցից, պաթոգեն նյութերով վարակվել էին նաև շրջակա քաղաքները: Դրանց բնակիչներն այդ մասին տեղեկացան ավելի ուշ` շնորհիվ լրագրողական հետաքննության, որն իրականացրել էր 1976 թվականին Longday Newsday թերթը:

Սակայն Sea-Spray գործողությունն առաջինն ու վերջինը չէր ԱՄՆ կենսաբանական զենքի փորձարկումների ընթացքում:

 

Սարսափեցնող ժամանակագրություն

Ամերիկյան մամուլի տվյալներով. 

1920 թ. – Serratia Marcescens են տարածել մի խումբ ամերիկացի զինծառայողների շրջանում` դրա ազդեցությունը գնահատելու համար: Շուտով պարզ է դարձել, որ այդ բակտերիաներն առաջացնում են սեպսիս, շնչառական հիվանդություններ, էնդոկարդիտ, օստեոմիելիտ, աչքի վարակներ և մենինգիտ:

1930-ական թվականներ – Whiteout Press ամսագիրը գրում է` Ռոքֆելերի բժշկական հետազոտությունների ինստիտուտը (հիմնադրվել է 1901 թվականին) ԱՄՆ քաղաքացիներին փորձարկումների ճագարների տեղ էր դրել` գաղտնի կերպով նրանց վարակելով քաղցկեղի բջրջներով: 1947թվականին այդ ինստիտուտում հայտնաբերվեց Զիկի վիրուսը:

1942 թ.- Կենսաբանական զենքի մշակման ամերիկյան ծրագիրը պետական բնույթ է ստանում ` նախագահ Ռուզվելտի համապատասխան հրամանով:

1943 թ.- ԱՄՆ ԶՈւ բժշկական հրամանատարությունը Ֆորտ Դետրիկում (Մերիլենդ) ուսումնասիրում է սիբիրյան ժանտախտը, բրուցելոզը, բոտուլոտոքսինը, խոշոր եղջերավոր անասունների ժանտախտը, Francisella tularensis բակտերիաները և այլ վտանգավոր հիվանդությունների հարուցիչները որպես կենսաբանական զենք կիրառելու հնարավորությունը: Փորձարկումներն իրականացվում են կենդանի օրգանիզմների վրա: 1954-1973 թթ. այդ կնետրոնը «Վայթքոաթ» գործողությունն է իրականացրել` ուսումնասիրելով Q տենդի, դեղին տենդի և բուբոնային ժանտախտի ազդեցությունը հարյուրավոր կապիկների վրա, որոնք բոլորը մահացել են` ահավոր տանջանքներ կրելով: Այնուհետև փորձարկումներ են իրականացվել առնվազն 2200 մարդու վրա` առանց նրանց գիտության: Նրանց հրավիրել են մասնակցելու փորձարկումներին Ադվենտիստների եկեղեցու միջոցով: Ինչպես կապիկներին, նրանց էլ կապել են աթոռներին ու արևի տակ ցողաշիթել հիվանդածին բակտերիաները: Փորձարկումն իրականացվել է  համապատասխան ռումբերն այդ նյութերով լցոնելու և համապատասխան թվով բնակչություն ունեցող բնակավայրերում կիրառելու մեթոդները մշակելու նպատակով:

1945 թ. – Զինվորականների և ԿՀՎ-ի կողմից իրականացված «Ամրակ» նախագիծը նպատակ էր հետապնդում  հայտնաբերել գերմանացի և ճապոնացի գիտնականներին, որոնք մեղադրվում էին ռազմական հանցագործությունների մեջ, և առաջարկել նրանց քրեական հետապնդման վերացում ու նոր փաստաթղթեր` ատոմային և կենսաբանական զենքի մշակման ամերիկյան գաղտնի նախագծերում աշխատելու դիմաց:

1947 թ.- Նյուրնբերգյան կոդեքսը, որը մշակվել էր գերմանական ու ճապոնական համակենտրոնացման ճամբարներում իրականացված` մարդկանց վրա փորձարկումների բացահայտումների հիման վրա, նման ուսումնասիրությունների համար սահմանում էր բարոյական նորմեր, մասնավորապես`  դրանք կարող էին անցկացվել միայն  կամավորների համաձայնության պարագայում,  նրանք պետք է հավուր պատշաճի տեղեկացված լինեին փորձարկումների բնույթի և դրանց հետևանքների մասին: Ընդամենը 4 տարի հետո ԱՄՆ-ը խախտում է այդ կոդեքսը`Սան Ֆրանցիսկոյում իրականացնելով պատմության ամենախոշոր փորձարկումների մեկը` անտեղյակ մարդկանց վրա:

1948 թ.- ԱՄՆ-ը ստեղծում է  բակտերոլոգիական պատերազմի հարցերով կոմիտե և մշակում բնակչության վրա փորձարկումների ծրագիր: Նույն թվականին Պենտագոնը Պանամայի Սան Խոսե կղզում բացում է Կենսաբանական պատերազմի կենտրոնը, որտեղ պահեստավորում է թունավոր նյութեր:

1950 թ.- Վերը նշված Sea-Spray գործողության հետևանքով Սան Ֆրանցիսկոյի Սթենֆորդի հիվանդանոցում է հայտնվում  11 քաղաքացի` միզուղիների լրջագույն ախտահարումներով: Serratia Marcescens բակտերիաների հսկայական քանակությունը մտահոգում է հիվանդանոցի լաբորատորիայի աշխատակցուհի Էն Ցուկերմանին, որն ահազանգ է հնչեցնում: Տարակուսած բժիշկները չեն կարողանում հասկանալ` որտեղից են դրանք: Մահացած միակ հիվանդի` 75-ամյա Էդվարդ Նևինի ընտանիքը կառավարությանը նրա մահվան կապակցությամբ հայց ներկայացնելու անհաջող փորձեր է անում:  Կենսաբանական ահաբեկչության փորձագետ Լեոնարդ Քոուլն անդրադարձել է այդ դեպքին իր «Գաղտնի ամպեր» գրքում:

1951 թ.- Զինվորականները Նորֆոլկի Արդյունաբերական մատակարարումների կենտրոնի սևամորթ աշխատակիցներին ներարակում են Aspergillus fumigatus սունկը, որը թոքային հիվանդություններ և ասթմա է առաջացնում թույլ իմունիտետ ունեցողների մոտ: Նպատակը տվյալ վարակի նկատմամբ աֆրոամերիկացիների ընկալողունակության աստիճանը որոշելն էր:

1954 թ. – Կարմիր խանձարուրի համախտանիշ` այսպես է կոչվում փորձարկումը, որն անցկացվել է Վիսկոնսինի համալսարանական հիվանդանոցում նորածինների վրա. նրանց վարակել են Serratia Marcescens բակտերաներով: Մանկական կարմիր մեզը հնարավորություն է տվել ուսումնասիրելու բակտերիաների մուտացիան:

1965-ի մայիս- Զինվորականները Bacillus Globigii բակտերիաներ են տարածում Վաշինգտոնի օդանավակայանում և ավտոբուսների Գրենհաունդ Լայնս կանգառում: Տասնյակ ուղևորներ դրանք իրենց հետ տանում են 7 նահանգի  35 քաղաքներ:

1966 թ.- Հունիսի 7-10-ը Վաշինգտոնի օդանավակայանում կենսբանական նյութով մշակում են ուղեբեռները, իսկ Նյու Յորքի մետրոպոլիտենի օդափոխության համակարգն են գցում կենսանական նյութով տարաներ` վտանգելով մոտ միլիոնի հասնող մարդկանց կյանքը: «Բանն այն է, որ ԽՍՀՄ-ում, Եվրոպայում և Հարավային Ամերիկայում  բազմաթիվ ստորգետնյա հաղորդակցուղիներ կան»,- հայտարարում են փորձարկումն իրականացնողները:

1967թ.- Պենտագոնը Հավայան կղզիների անտառներում պայթեցնում է զարին և նյարդակաթվածային նյութերով արկեր ու հրթիռներ, ինչը հանգեցնում է անհայտ թվով մարդկանց մահվան: Նպատակը արևադարձային անտառի պայմաններում դրանց արդյունավետությունը  գնահատելն էր:

1969 թ.- Գիտնականները նախագահ Նիքսոնին հայտնում են, որ ԱՄՆ կենսաբանական զենքի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան անհրաժեշտ քանակի փոշենման կենսաբանական նյութեր: Այդ թվականին Նիքսոնը փակում է  կենսաբանական զենքի մշակման ծրագրի «հարձակվողական» մասը, բայց ոչ` պաշտպանականը: 70-ական թվականներին զինվորականները  ցինկի սուլֆիդ և կադմիում են սփռում Մինեսոտայի և միջին Արևմուտքի այլ նահանգների վրա` հաստատելով, որ դրանց մասնիկները տարածվում են 1.600 կմ շառավղով: Պենտագոնի կենսաբանական զենքի հարցով կոմիտեն փորձում է «անվտանգ» միկրոօրգանիզմներ տարածել օդափոխման համակարգերում , մետրոյում ու ջրմուղներում, որպեսզի գնահատի կենսաբանական կրիչների արդյունավետությունը դիվերսիաների ժամանակ, նաև` դրանց նպատակահարմարությունը հատուկ գործողությունների ժամանակ:

1990-ական թվականներ- Տեխասի բանտերի բանտարկյալների վրա փորձարկվում է նոր քիմիական զենք, որը հետագայում կիրառվելու էր Իրաքի խաղաղ բնակիչների նկատմամբ: Այսպես կոչված`«Պարսից ծոցի համախտանիշը»  ի հայտ է եկել, երբ ամերիկացի զինվորականները, թունավոր նյութեր կիրառելով իրաքցիների նկատմամբ, իրենք էլ են ծանր հիվանդանցել, ընդ որում` հիվանդություն փոխանցվել է նրանց երեխաներին, որոնք ծնվել են սարսափելի ֆիզիկական արատներով: Կալիֆոռնիայի մոլեկուլային բժշկության ինստիտուտի հիմնադիր Հարթ Նիկոլսոնը գրել է. «Պարսից ծոցի պատերազմի հազարավոր վետերաններ տառապում են ճառագայթման, քիմիական ու կենսաբանական զենքերի հետևանքներից»:

1994 թ.- Սենատոր Ջոն Ռոքֆելերի զեկույցը ցույց է տալիս, որ տասնամյակների ընթացքում ամերիկացի զինվորականները կանխամտածված կերպով իրենց հարյուրհազարավոր զինվորների ենթարկել են վտանգավոր մանրէների, թունավոր, հալյուցինագեն և հոգեմետ նյութերի ու ճառագայթումների  ազդեցության:

2013 թ.- Veterans Today ամսագիրը պնդում է, որ Պենտագոնը  300 մլն դոլար է դուրս գրել  Թբիլիսիում գտնվող կենտրոնական պրոֆիլային լաբորատորիայում կենսաբանական պատերազմի գաղտնի ծրագիր իրականացնելու համար:

Բայց մի՞թե բանակի, հատուկ ծառայությունների ու երկրների ղեկավարների գործը սեփական քաղաքացիներին թշնամիներից պաշտպանելը չէ:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica