close
Եղանակը Երևանում
6 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի մասնակցությունը գուցե հանձնաժողովին այլ տարբերակ չթողնի, քան օբյեկտիվ իրականությունը ներկայացնելը․ Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

16 Ապրիլի 2020, 22:40
 Սերժ Սարգսյանի մասնակցությունը գուցե հանձնաժողովին այլ տարբերակ չթողնի, քան  օբյեկտիվ իրականությունը ներկայացնելը․ Ռուբեն Մելիքյան

Սերժ Սարգսյանին հենց ճգնաժամի օրերին հրավիրելը 2016  թվականի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, գուցե ունի օբյեկտիվ բացատրություն՝ պայմանավորված է ժամկետի սղությամբ, քանի որ հանձնաժողովի գործունեության առավելագույն ժամկետը հունիսի առաջին օրերն են և այդ ժամկետն այլևս չի կարող երկարաձգվել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց իրավաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանը դիմել էր հանձնաժողովին` իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովն այսօր էր նպատակահարմար գտել և երրորդ նախագահն այս փաստն ընդգծեց լրագրողների հետ զրույցում։

Ռուբեն Մելիքյանը չէր սպասում, որ Սերժ Սարգսյանը կհամաձայնի մասնակցել նիստին․ «Ինձ համար անակնկալ էր երրորդ նախագահի մասնակցությունը, բայց ավելի երկարաժամկետ կտրվածքով եթե նայենք՝ թե ինչ փաստացի նյութի վրա ենք մեր սերունդներին սովորեցնելու Ապրիլյան պատերազմի դասերը, այս որոշումը արդարացված էր»։

Երրորդ նախագահը ևս այս համոզման հանգեց 5-ժամյա հարցաքննությունից հետո․ «Իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»։

Արդյունքը կտեսնենք հունիսին, ասաց Ռուբեն Մելիքյանը ու նշեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը կարևորող ևս մեկ փաստարկ․ «Գուցե ՀՀ 3-րդ նախագահի մասնակցության շնորհիվ հանձնաժողովն այլ տարբերակ չունենա, քան օբյեկտիվ իրականությունը ներկայացնելը և մենք ունենանք անկողմնակալ փաստաթուղթ»։

Այս ասելով՝ նա նկատի ունի, որ հանձնաժողովին այլ տարբերակ չի մնա, քանի որ ապացուցողական նյութը, փաստարկները ուժ ունեն։

Թեև, մյուս կողմից, կասկածում է, որ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այս հանձնաժողով, ունակ են օբյեկտիվ փաստաթուղթ ձևավորել։

Ռուբեն Մելիքյանը, առհասարակ, կարծում է, որ այս հանձնաժողովի ձևավորման նպատակը ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր միֆերը լեգտիմացնելն էր, իսկ հանձնաժողովում կան մարդիկ, ովքեր այդ միֆերի կրողներն են։

«Ակնհայտ էր, որ դրա քաղաքական նպատակը ոչ թե օբյեկտիվ իրականությունը պարզելն էր, այլ այն կեղծ տեղեկությունները և հանգամանքերը, որոնք իրենց ամբողջության մեջ կարող են գնահատվել իբրև ՀՀ նկատմամբ դավադրություն, դրանց լեգիտիմացումն էր»,-նկատեց նա։

Այդ միֆերի հեղինակներին պարզելը բարդ է, բայց Մելիքյանի համար ակնհայտ է, որ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո ինչ-որ մարդիկ սկսեցին նպատակաուղղված տարածել միֆեր, որոնք վկայում էին նախ՝ որ ապրիլյան քառօրյան եղել է 2016 թ-ի Հայաստանի ղեկավարության կողմից դավադրություն հողեր հանձնելու համար, և երկրորդ՝ որ մենք եղել ենք խիստ անպատրաստ, փամփուշտներ չեն հասել և այլն։ Այս միֆերի՝ սնանկ լինելու մեջ Ռուբեն Մելիքյանը համոզվել է Արցախի Հանրապետությունում աշխատելիս և փաստահավաքություն իրականացնելիս՝ որպես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։

«Շատ պրոֆեսիոնալ կերպով հանրությանը ներկայացված ապատեղեկատվությունը իրականությունից հեռու էր․ դավադրություն չկար, անպատրաստության ծավալն էլ խստորեն չափազանցված էր։ Իհարկե, խնդիրներ եղել են, բայց ներկայացվածը բազմակի անգամ և որակապես չափազանցված էր, որը հանգեցնում էր մի խայտառակ իրավիճակի այն պարագայում, որ, իմ կարծիքով, ապրիլյան պատերազմը լրջագույն հաջողություն էր մեր հանրության համար և այդպես չեղարկելը, կարելի է ասել, եղել է ՀՀ դեմ դավադրություն այնպիսի ուժերի կողմից, որոնց անհրաժեշտ էր իրականությունը նենգափոխել։ Շատերի մոտ այդ միֆերի կնիքը մնացել է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Միֆերը, նրա համոզմամբ, նաև հետևանք են վակուումների, որ ստեղծվել են նախագահների լռությունից։ Սերժ Սարգսյանի՝ այսօր հայտնած պատրաստակամությունը՝ լրագրողների ցանկացած թեմայով ասուլիսների շարք կազմակերպել, Ռուբեն Մելիքյանին մտորելու տեղիք տվեց․ «Օրինակ, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կուզենայի, որ նաև առաջին նախագահը շատ ավելի հաճախ հանրությանը ներկայացներ իր մոտեցումները, երկրորդ նախագահի մասին՝ նույնը։ Ես այս հարցին կնայեի որպես մեծ փորձառություն ունեցող և ժամանակին լուրջ պատասխանատվություն կրած մարդկանց մոտեցումներ, որոնք հանրությանը հետաքրքիր են»։

Առաջին նախագահը հայտնի հոդվածում կոչ էր արել համավարակի այս շրջանում սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրա խոսքով, ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

Ռուբեն Մելիքյանի համար հոդվածի այս հատվածը անսպասելի էր, որևէ բացատրություն չունի, բայց հույս ունի, որ առաջին նախագահի նպատակը բարի էր։

Ինչո՞ւ իշխող թիմն անտեսեց Փաշինյանի երբեմնի «կնքահոր» խորհուրդը, Ռուբեն Մելիքյանի համար հստակ է․ «Ես վստահ չեմ, որ ՀՀ գործող վարչապետը մեծ հարգանքով է վերաբերվում առաջին նախագահին և վստահ չեմ, որ ՀՀ գործող իշխանությունների հպարտությունը թույլ է տալիս որևէ մեկին վերաբերվել հարգանքով»։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica