close
Եղանակը Երևանում
6 Հունիսի 2020
+21°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնա նոստրա. համավարակը հիանալի կերակրաման է մաֆիայի համար. Die Welt

Աշխարհ

8 Ապրիլի 2020, 16:24
 Կորոնա նոստրա. համավարակը հիանալի կերակրաման է  մաֆիայի համար. Die Welt

Համաճարակային ճգնաժամի պայմաններում Իտալիայում գլուխ է բարձրացնում մաֆիան: Իշխանությունները, տարված կորոնավիրուսի դեմ պայքարով, կորցրել են աչալրջությունը, իսկ սովորական քաղաքացիների համար միևնույն է` որտեղից են հաց ու դեղամիջոցներ հայթայթում: Yerkir.am-ը ներկայացնում է գերմանական Die Welt-ի հոդվածը:

Իտալիան ամենաշատն է տառապում կորոնավիրուսի բռնկումից, և ամենամեծ շահույթն էլ դրանից, հավանաբար, կորզում է մաֆիան: Տարբեր կլաններ պատրաստ են հարստանալ իրավիճակում, երբ երկիրը, ըստ էության, կաթվածահար է:

Լրագրող, մաֆիայի ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետ Ռոբերտո Սավիանոն վերջերս La Repubblica թերթում հրապարակած իր հոդվածում գրել է. «Համավարակը շատ պարզ պատճառով իդեալական կերակրաման է մաֆիայի համար: Հաց փնտրող քաղցած մարդկանց համար միևնույն է, թե որ փռում է այն թխվում, և ով է այն բաշխում: Դեղերի կարիք ունեցողները կվճարեն դրանց համար` չհարցնելով` ով է դրանք վաճառում: Ընտրության հնարավորություն մարդիկ ունեն միայն խաղաղության ու բարօրության ժամանակներում»:

Մաֆիան իսկապես ամրապնդել է իր դիրքերը հենց հասարակական կյանքի ոլորտներում, որոնք առավել կարևոր են ճգնաժամային պայմաններում: Այսպես` տարբեր կլաններ մասնաբաժիններ են ձեռք բերել աղբահանությամբ, տարածքների մաքրմամբ, հուղարկավորություններով, սննդի և բենզինի վաճառքով զբաղվող ընկերություններում: «Մաֆիան գիտի, թե ինչ է հարկավոր հիմա և ինչ անհրաժեշտ կլինի ապագայում, և բաշխում է ապրանքներն իր պայմաններով: Եվ այդպես է եղել միշտ»,- ընդգծել է Սավիանոն:

Ըստ նրա` ամենավատն այն է, որ մաֆիան ներթափանցել է նաև առողջապահական ոլորտ, որի ապացույցն է վերջերս Կառլո Կիրիակոյի գործով դատավարության մեղադրական եզրակացությունը: Հյուսիսային Իտալիայի Պավիա նահանգում զբաղեցնելով առողջապահության նախարարության բաժանմունքի ղեկավարի պաշտոնը` նա միաժամանակ կապված է եղել Նդրանգետոյի` կալաբրիական մաֆիայի հետ:

Ճգնաժամին ժամանակ կազմակերպված հանցագործության համար ևս մի առավելություն կա` իշխանությունների ուշադրությունը բթացել է. գործնականում բոլոր նորությունները վերաբերում են համավարակին, այնպես որ` մաֆիան կարող է աննկատ գործել: Անշուշտ, մաֆիան նույնպես դժվարություններ ունի` տեղաշարժման սահմանափակումներով պայմանավորված, սակայն գործում է ճկուն և արագորեն հարմարվում փոփոխվող իրավիճակին: Օրինակ` թմրանյութերի վաճառքը հասարակական վայրերից տեղափոխվել է սուպերմարկետների ու դեղատների առջև գոյացող հերթերը:

Ընդ որում` ճգնաժամից մաֆիայի ստացած օգուտը չի վերանա նաև սահմանափակումների վերացումից հետո, քանի որ Իտալիան հայտնվելու է ծանր տնտեսական ճգնաժամում, որը նույնպես մաֆիան հօգուտ իրեն կօգտագործի:

Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալան իր քաղաքին վերաբերող ռիսկերի մասին ասել է. «Ճգնաժամից հետո ամենալավ բիզնես հնարավորությունները կստանան ամենաուժեղները: Մաֆիան մեծ փողեր ունի և լիովին ունակ կլինի օգտվելու հնարավորություններից, որոնք կառաջանան շուկայում»:

Բայց, ըստ նրա, ավելի լուրջ վիճակ է երկրի հարավում. «Այնտեղ մաֆիան կսկսի օգնել մեծ խնդիրների բախվող մարդկանց և իր կողմը կքաշի բնակչության այդ հատվածին»:

Իտալիայի կառավարությունը գիտակցում է այդ վտանգը, սակայն ներկայումս ստիպված է ամբողջ ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի դեմ պայքարին երկրի հյուսիսում և հարավը դրա տարածմանը նախապատրաստելուն: Այդ պատճառով օգնությունն այնքան էլ արագ տեղ չի հասնում, նաև` առանց բյուրոկրատական դժվարությունների:

Իտալական թերթերը, չթաքնելով նախանձը գրում են, որ Գերմանիայում խնդիրների առջև կանգնած ձեռնարկությունները օպերատիվ, առանց բյուրոկրատարկան քաշքշուկների զգալի ֆինանսական օգնություն են ստանում: Մինչդեռ Իտալիայում  ապրիլի 1-ին, չդիմանալով ծանրաբեռնվածությանը, «կախել էր» հարկային ծառայության կայքը, քանի որ անհատ ձեռներեցներից դիմումների հեղեղ էր թափվել. բոլորը ցանկանում էին «կորոնավիրուսային բոնուս» ստանալ`  600 եվրոյի չափով: Իսկ այժմ նրանք ստիպված կլինեն առնվազն երկու շաբաթ մնալ առանց պետական աջակցության:

Դատախազ Նիկոլա Գրատերին, որը 1989 թվականից ոստիկանության հատուկ հսկողության տակ է կալաբրիական մաֆիայի հետ հակամարտության պատճառով, Circo Massimo ռադիոհաղորդման ժամանակ առաջարկել է միավորել կառավարության` կորոնավիրուսի և մաֆիայի դեմ պայքարին ուղղված ծախսերը: Միջոցները, որոնք տեղական իշխանությունները բաշխում են կարիքավորների շրջանում, ըստ նրա, կառավարությունը պետք է տրամադրի միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքապետը բացատրի` ով ինչքան գումար է ստանալու, և բացահայտի` օգնություն ստացողը մաֆիայի հետ կապ ունի՞, թե՞ ոչ:

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica