close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասիս Մայիլյանը չի հրաժարվի․ Լարիսա Ալավերդյան

Արցախ

4 Ապրիլի 2020, 21:23
 Մասիս Մայիլյանը չի հրաժարվի․ Լարիսա Ալավերդյան

Արցախի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված թեկնածուն ամենահետաքրքիրն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հկ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա վստահ է, որ Մասիս Մայիլյանը չի հրաժարվի ԱՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից՝ ինչպես կանխատեսում է մամուլը․ «Չի հրաժարվի, ո՛չ, չեմ կարծում, որ հրաժարվի, հակառակը՝ կարծում եմ, որ երկրորդ տեղը գրավածները դեռ կպայքարեն ինչ-որ հեղափոխական արդյունքի համար»։

Լարիսա Ալավերդյանը ընդգծում է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակը, բացի զուտ նախագահ դառնալուց, նաև պայքարն է իշխանության մեջ տեղ գտնելու համար և համաձայն չէ, թե՝ Մասիս Մայիլյանի ստացած ձայների գերակշիռ մասը Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ է։

«Ես չեմ կարծում, որ այդտեղ զուտ Սամվել Բաբայանի գործոնն է․ թող ինձ ների գեներալը, ես հարգանքով եմ վերաբերվում նրա անցած ճանապարհին, բայց Արցախի հասարակության մեջ իրոք կա հեղափոխական, իդեալիստական պատկերացումներով տոգորված շերտ, չգիտեմ ինչո՞ւ, բայց կա։ Երկրորդը, Մասիս Մայիլյանը լավ ծանոթ է ո՛չ միայն Արցախի հանրությանը, այլև շատ ավելի լայն՝ թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային շահագրգիռ կողմերին, այնպես որ, պետք չէ զրոյացնել Մասիս Մայիլյանի գործոն։ Այն, որ նա ոգևորված պայքարողի տեսակի մեջ չէ, թող ոչ մեկին չմոլորեցնի, նա ունի իր ունակությունները և հիմա պայքարում է մի այնպիսի դիրքի համար՝ խորհրդարանում, թե կառավարությունում, որն ավելի բարձր կլինի, քան իր այսօրվա պաշտոնը»,-ասաց նա։

Լարիսա Ալավերյանը Մասիս Մայիլյանին 3 տասնյակ տարի ճանաչում է և դա նրան հիմք է տալիս պնդելու, որ եթե, այնուամենայնիվ, Մայիլյանը հրաժարվի նախագահական ընտրապայքարից, դա կանի միայն կորոնավիրուսի տարածման հետ կապված մտահոգության պատճառով՝ որպեսզի հանրությանը չենթարկի այդ վտանգին։

Վերլուծելով Մասիս Մայիլյանի ստացած կողմ քվեների կշիռը, Լարիսա Ալավերդյանը եզրակացնում է․ հասարակությունները, որոնք ապրում են թնդանոթների ձայնի ներքո, շատ չէ, որ տարվում են այնպիսի գաղափարներով, որոնք իրենց խոստանում են երկրի պատմության ավարտ և նոր պատմության սկիզբ․ եթե Արցախում գտնվել են այդքան ձայներ՝ հօգուտ Մասիս Մայիլյանի, ուրեմն, ըստ Ալավերդյանի, դա փաստացի նշանակում է, որ հասարակության մեջ փոփոխություններ կան։

«Ես երբևիցե չեմ գտնում, որ պատմությունը վերջ ունի, ես միշտ քննադատողն եմ եղել իդեալիստական այդ մոտեցման։ Նաև ընդունում եմ, որ իշխանության գալով՝ հնարավոր է և փոփոխվի արժեհամակարգը։ Բայց Մասիս Մայիլյանի հետ կապված՝ ուրիշ տարօրինակ բան կա․ ավելի քան զարմանալի է, որ կառավարության մեջ իր պաշտոնից հրաժարական չտալով՝ Մասիս Մայիլյանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել կառավարության հասցեին։ Ես կարծում եմ, սա աննախադեպ է, քանի որ այդպիսի դեպքերում դուրս են գալիս կառավարությունից, նոր քննադատում կառավարությանն ու սկսում պայքարել Արցախի վերջի և նոր մի բանի սկզբի համար»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը։

Երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին՝ Վիտալի Բալասանյանին, անդրադառնալով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ուրախանում է անգամ այդ չափի կողմ ձայների համար և դա մեծաթիվ է համարում, քանի որ «պասիոնար խումբը», որի խնդիրը կյանքում հայրենիքի պաշտպանությունն է, որը կրքոտ սիրով սիրում է հայրենիքը, ընդհանրապես, փոքրաթիվ է լինում՝ լավ բանը շատ չի լինում։  

«Արցախյան պատերազմի ժամանակ էլ հայությունը չի տվել մեծ թիվ այն մարդկանց, ովքեր զենքը ձեռքին և գաղափարը մտքին պայքարել են։ Պետք չէ սպասել, որ այն գաղափարախոսությունը, որի կրողը և տարածողը Վիտալի Բալասանյանն է, պիտի մեծաթիվ հետևորդներ ունենա։ Ես ուրախացած եմ, որ անգամ այդքան մարդ հավատացած է և նվիրված է անվտանգություն և արդարության գաղափարախոսությանը»,-ասաց Ալավերդյանը։

Ձայների քանակով առաջին տեղը գրաված թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի, մասին Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ հենց առաջին փուլով էլ նա հաղթած է․ «Այսինքն, նույնիսկ այն թիվը, որ այս պահին արձանագրվել է, նշանակում է, որ հասարակության մեծ մասը, իրապես, ձայնը տվել է նրան»։

Լարիսա Ալավերդյանի համար ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի մեծ մասը ամենօրյա հոգսով ապրող մարդիկ են և ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ տվյալ դեպքում կեսին մոտ, երբ քվեարկել է Արայիկ Հարությունյանի օգտին, դա բնութագրում է, որ իրականում մարդիկ պատրաստ են ձայնը տալ նրան, ով խոստանում է, որ իրենց ամենօրյա հոգսը կթեթևանա և ապացուցել է, որ լավ կարողանում է կազմակերպել այս կամ այն ոլորտի աշխատանքը։

Խոսակցությունները, թե տարբեր տեխնոլոգիաներ են կիրառել նրա քվեներն ավելացնելու համար, Լարիսա Ալավերդյանին չեն համոզում․ եթե անգամ եղել է թաքնված կաշառք և այլ բան, որը նույնպես բնութագրում է հասարակությանը, պետք է հանցագործությունը բացահայտել և պատժել, բայց այդ դեպքերը, նրա համոզմամբ, լինելու են շատ քիչ։

Արայիկ Հարությունյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ որևէ հարցում տարաձայնություն չկա իր և ՀՀ հեղափոխական կառավարության միջև։

«Ես հեղափոխության և Արայիկ Հարությունյանի միջև շատ դժվար եզրեր կգտնեմ․․․ ես այնտեղ ուրիշ բան կգտնեմ․ թող նա բացատրի, այդ ի՞նչն է, որ Արցախի հարցում չի տարբերվում, եթե ՀՀ նոր կառավարության համար էլ է, կարծես, գաղտի իրենց դիրքորոշումը։ Արցախյան հարցում, որը Հայաստանի և Արցախի անվտանգության հարց է, այսօրվա ՀՀ իշխանությունների դիրքորոշման անորոշությունը ավելի վատ է, քան Առաջին նախագահի արտահայտած որոշակիությունը»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

Նա միամտություն է համարում Արցախի հարցը հայության անվտանգության հարցից տարանջատելը, բայց «Արցախը Հայաստան է և վերջ» ասելը որակում է արկածախնդրություն։

«Լեոնիդ Ազգալդյանը եթե իմանար՝ ով է կրկնում իր ասածը, և նա ինչ իմաստ էր դրա մեջ դնում և այսօր ինչ մեծ տարբերություն կա․․․ եկեք մանկապարտեզից դուրս գանք և գանք այսօրվա իրավիճակին․ ունենք 2 հանրապետություն՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված և այն գործընթացում, որ բանակցություններ ենք որակում, երկու ձայն ունենալը ոչ թե ճիշտ է, այլ միակ ճանապարհն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր քաղաքական արկածախնդրությունից կամ նոր մի բան ասելու մղումով, որը հին է իրականում, նման հայտարարություն են անում, պիտի հասկանան, որ պետք չէ շաբաթը ուրբաթից առաջ դնել»,-ասաց Ալավերդյանը։

Արցախում թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքների այսօրվա պատկերը, նրա համոզմամբ, վերին աստիճանի արտացոլում է Արցախի հասարակության ներկա իրավիճակը․ «Լա՞վ է, վա՞տ է, համաձա՞յն ենք, թե՞ ոչ, բայց այս ընթացքում հստակ փոփոխություններ են եղել Արցախի հասարակական գիտակցության մեջ, մինչև անգամ աշխարհայացքային փոփոխություններ»։

Խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների այդքան մեծաթիվ ձայներ հավաքելը Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, դրական է բնութագրում Արցախի ընտրությունները՝ համեմատած Հայաստանի ընտրությունների հետ։ Նա ճիշտ է համարում Արցախի ընտրությունները համեմատելը զարգացած ժողովրդավարական երկրների հետ, և արձանագրում է, որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվելով՝ Արցախում բարձր մակարդակի ընտրություններ կազմակերպվեցին։

«Այն, ինչ տեղի պիտի ունենա Արցախի նոր պառլամենտում, մեզ խոստանում է շատ ավելի հետաքրքիր քաղաքական պայքար, քան Հայաստանի պառլամենտում․ ես ափսոսում եմ, որ ՀՀ պառլամենտում տեղի ունեցան այն խայտառակ սցենարները, որ եղան»,-ասաց նա։

Խորհրդարանում երկրորդ տեղը գրաված՝ Սամվել Բաբայանի կուսակցության մասին խոսելով, Ալավերդյանն ասաց, որ անգամ այդ քաղաքական ուժի հարցում միանշանակ չէ՝ ընտրարշավի ժամանակ կարող է մի ուժ լինել, պառլամենտում՝ մեկ այլ ուժ, կարող են ներքին փոփոխություններ տեղի ունենալ։  

«Բայց ես այն դիրքորոշումն ունեմ, որ այն քաղաքական ուժը, որը Վիտալի Բալասանյանը ղեկավարում է, հստակ կդիրքավորվի պառլամենտում և կտարածի իր գաղափախոսությունը։ Որովհետև իրավիճակն այնպիսին է, որ կարող են սրացումներ լինել և այդ գաղափարախոսությունը պետք է լինի տարածված և ընդունված Արցախում։ Աշոտ Ղուլյանի գլխավորած քաղաքական ուժի համար նույնպես ուրախ եմ։ Նաև Դաշնակցությունը կա․ ես անհանգիստ էի՝ արդյո՞ք հասարակությունը այնքան կարճատեսություն կունենա, որ ՀՅԴ-ն չի մտնի պառլամենտ, բայց լավ է, որ մտավ՝ կարևոր բնութագիր է Արցախի պառլամենտի համար Դաշնակցության ներկայությունը, կարևորագույն դեր ունի Դաշնակցությունը և միշտ ունեցել է, լավ է, որ կմնա և կտարածի ազգային գաղափարախոսությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա շնորհավորեց բոլոր այն կուսակցություններին և դաշինքներին, որոնք կարողացել են անցնել և դառնալ Արցախի պառլամենտի անդամ։ Արձանագրեց, որ տարիներ շարունակ հետևելով Արցախի ընտրություններին, մի քանի շատ ցավալի դեպքերը մի կողմ թողնելով, ամեն անգամ ընդգծված զարգացում է տեսնում՝ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետությունում։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica