close
Եղանակը Երևանում
7 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հնս 2020
USD1481.74
GBP1608.44
EUR1546.00
RUB17.01
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճանաչու՞մ ենք հնագույն քաղաք Անին

Հարթակ

4 Ապրիլի 2020, 15:47
 Ճանաչու՞մ ենք հնագույն քաղաք Անին

Ալին Օզինյան

Ժողովրդահանրապետական կուսակցության (HDP) նախկին պատգամավոր Բարըշ Յարքադաշը սոցիալական ցանցում կիսվել էր մի տեսանյութով, որտեղ Զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյի կինը՝ Փերվին Էրսոյը, Վանում տեղի ունեցած ձնահյուսքի աղետի ժամանակ պատմական քաղաք Անիի ավերակներում գտնվող Մայր տաճարում “İstanbul İstanbul olalı” երգն է երգում և ընկերների հետ զվարճանում։ Լայն քննարկումների պատճառ դարձած տեսանյութից հետո Էրսոյի փաստաբանները տեսանյութի հրապարակումը համարել են «մասնագիտական էթիկային դեմ» և դատական գործ հարուցել Յարքադաշի նկատմամբ։

Փերվին Էրսոյը մեծ հաճույքով երգում է այդ երգը, իսկ փաստաբանները այդ դեպքը մեկնաբանել են այնպես, իբր նա սույն պատմական եկեղեցու «ձայնային արձագանքն» է ստուգել։

Իսկ ե՞րբ է հիմնադրվել միայն մշակութային, պատմական կամ տուրիստական նշանակությամբ չսահմանափակվող այս ավերակ քաղաքը, որի Անի անունից երբեմն հրաժարվում են և անվանում Անը (Anı- թուրքերեն նշանակում է «հուշ»)։ Ինչե՞ր են պատահել Ախուրյան գետի աջ ափին՝ ներկայիս Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող այս քաղաքում։

Անիի մասին տեղեկությունները թաքնված են գլխավորապես հայկական, ապա՝ վրացական, բյուզանդական, արաբական աղբյուրներում։ Միջնադարյան հայ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկ), Արիստակես Լաստիվերցին, Սամուել Անեցին, Մատթեոս Ուռհայեցին և այլ պատմիչներ մեզ կարևոր տեղեկություններ են հաղորդում Անիի մասին։

Անի քաղաքը գտնվում էր հին Հայաստանի Շիրակի շրջանում․ Ն․Ք․ առաջին հազարամյակին պատկանող կիկլոպյան կառույցների մնացորդները դեռևս պահպանված են այս քաղաքում, որը Բագրատունյաց թագավորության առաջին շրջանում Հայաստանի ամենանշանավոր կենտրոններից մեկն էր։ Հայոց թագավոր Աշոտ Երրորդը (Աշոտ Ողորմած, 953-977) երկրի ներքին դիմադրություններին վերջ է դնում և ապահովում քաղաքի անվտանգությունը, որից հետո 961 թ․ մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի։ Հայկական թագավորական գանձարանի մի մասն այդտեղ էր պահպանվում։

Աշոտ Երրորդն այս քաղաքում թագավոր է օծվել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի՝ կաթողիկոս Անանիա Առաջին Մոկացու (946-968) կողմից։ Աշոտը մի քանի տարի հետո Աշոտաշեն անունով առաջին ներքին պարիսպներն է կառուցել այստեղ։ Աշոտ թագավորի կառավարման ժամանակաշրջանում քաղաքն ապրել է իր ոսկե դարաշրջանը․ քաղաք ջուր է բերվել երկաթե և հողե խողովակներով։

Աշոտ Երրորդ թագավորը մայրաքաղաքը թե քաղաքական և թե հոգևոր կենտրոն դարձնելու նպատակով 961 թ․ որոշել է Հայոց կաթողիկոսի նստավայրը տեղափոխել Անի։ Քաղաք հրավիրված կաթողիկոս Անանիա Առաջին Մոկացին Աղթամարից եկել է Շիրակ և հաստատվել Անիի մոտակայքում գտնվող Արգինայում։ Եկեղեցու և պետության միջև եղած կաթողիկոսության խնդիրը լուծվել է 992 թ․։  Գագիկ Առաջին թագավորը Սարգիս Սևանցուն կաթողիկոս է հռչակել: Այսպիսով Արգինայից հրաժարված հոգևորականները ընդունել են Անի տեղափոխվելու առաջարկը։ 1002 թ․ կառուցված կաթողիկոսական կենտրոնի շրջակայքում կառուցվել են Սուրբ Հռիփսիմեն և այլ եկեղեցիներ ու հոգևոր դպրոցներ։

Վաղարշապատից այդտեղ են բերվել մահացած հոգևորականների սուրբ  աճյունները։ Այսպիսով, Անին հոգևոր կենտրոն լինելու առանձնահատկությունն էլ է ունեցել։

Դվին-Տրապիզոն ճանապարհի վրա հիմնված քաղաքը կարճ ժամանակում է՛լ ավելի է զարգացել։ Հարևան քաղաքների առևտրականները և արհեստավորները Անի են տեղափոխվել։ Սմբատ Երկրորդը (977-989) տեսնելով, որ քաղաքի բնակչությունը գնալով աճում է, նոր պարիսպներ է կառուցում՝ այն հարձակումներից պաշտպանելու համար։ Շինարարությունը տևել է 8 տարի և 989 թ․ ավարտվել․ պարիսպներն ունեցել են 10 մ բարձրություն, 2․5 կմ երկարություն և հիշատակվում են  Սմբատյան պարիսպներ անունով։

Ամրոցի դրսի հատվածում մոտ 500 մետր երկարություն և 10-12 մետր լայնություն ունեցող մի խրամ է փորվել և մեջը ջրով լցվել։ Ժամանակաշրջանի այդ անվտանգության միջոցառումները Անին պաշտպանել են օտարների հարձակումներից։ Անիի ամրոցում 80-ից ավել աշտարակներ են կառուցվել, որոնց ներսում եղել են զորանոցներ, հերթապահների սենյակներ, եկեղեցիներ և մատուռներ։

Հայտնի հայ ճարտարապետ Տրդատը Անիի գլխավոր ճարտարապետն էր։ Քաղաքին ոգի տված ամենանշանավոր շենքները նա է կառուցել։ Բագրատունյանց արքայական տոհմի ճարտարապետ Տրդատը պատմությանը հայտնի է նաև 989 թ․ երկրաշարժի պատճառով վնասված բյուզանդական մայրաքաղաքի Սուրբ Սոֆիայի մայր տաճարը վերանորոգած լինելու առումով։

Անին շատ կարևոր աղբյուր է միջնադարյան հայոց պատմության համար։ Գագիկ Առաջին թագավորի  (989-1020) կառավարման ժամանակաշրջանում, ըստ պատմիչների, Անի քաղաքի բնակչությունը 100 հազարի է հասել․ պատմիչների մի մասն էլ հիշատակում է 200 հազար թիվը։ Արքայական ընտանիքը, իշխանները, առևտրականները, իշխանավորներն Անիում պալատներ, հյուրատներ, առևտրական շենքեր, գրադարաններ, եկեղեցիներ են կառուցել տվել։ Ախուրյան գետի վրա բազմաթիվ կամուրջներ են կառուցվել, սակայն ափսոս, որ դրանցից միայն մեկի՝ Կուսանաց վանքի մոտ գտնվող կամրջի ավերակներն են պահպանվել, որը պատմությանը հայտնի է «Մետաքսի ճամփա» անվամբ։

1021 թ․ Վասպուրականի թագավոր Սենեքերիմը Վասպուրականի շրջանը հանձնել է բյուզանդական կայսր Վասիլ Երկրորդին։ Վասիլը հետագայում Սմբատ Երրորդից Կարսի հետ միասին Անին էլ է պահանջել։ 1023 թ․ Սմբատը Անիի թագավորությունը որոշել է կտակել Վասիլ Երկրորդին։ Դրան հակառակ՝ սպարապետ Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ Աշոտ Չորրորդի 17 տարեկան որդին՝ Գագիկ Երկրորդը, հռչակվել է Հայաստանի նոր թագավոր։ Նա պաշտպանել է Անի քաղաքը 1043 և 1044 թվականների միջև եղած հարձակումներից, Անին չի ընկել։

Բյուզանդացի կայսր Կոնստանդին 9-րդը տարբեր պատճառներով Գագիկ Երկրորդին հրավիրել է  մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Գագիկին բանտարկել են և պահանջել հանձնել Անին։ Բյուզանդական բանակը 1044 թ․ կրկին պաշարել է քաղաքը։

Անեցիները Վահրամ Պահլավունու գլխավորությամբ դիմադրություն են ցույց տվել և բյուզանդական բանակին ստիպել հետ քաշվել։ Սակայն 1045 թ․ Անիի բնակչության  պաշտպանական ուժը թուլացել են, և Անիի թագավորությունն անկում է ապրել 1045 թ․։ Հայաստանը կցվել է  Բյուզանդիային։

1046 թ․ և 1131 թ․ տեղի ունեցած երկրաշարժերից քաղաքը մեծ վնասներ է կրել։ 1071 թ․ սելջուկյանները հաղթել են բյուզանդացիներին, Ալփ Արսլանը գրավել է Անին։

Հայ Արծրունիների դինաստիայից  Զաքարյան իշխանները 1199 թ․ փրկել են Անին։ Այն դարձել է Զաքարյան իշխանության մայրաքաղաքը։ Քաղաքը կրկին սկսել է զարգանալ։ 1236 թ․ թաթար-մոնղոլները թալանել են քաղաքը, սպանել բնակչությանը։ Անեցիների՝ 1249 թ․ և 1260 թ․ ապստամբություններն անհաջողության են մատնվել։ Մոնղոլական իշխանության ժամանակաշրջանում Անին կրկին Զաքարյաններն են ղեկավարել։ Մոնղոլների և թուրք բոյարների կառավարման ժամանակ քաղաքն սկսել է անկում ապրել։ Անեցիները սկսել են լքել քաղաքը։ Հատկապես 1319 թ․ երկրաշարժից հետո նրանք գաղթել են Վասպուրական, Կիլիկիա, Համշեն, Ղրիմ, Կոստանդնուպոլիս, Լեհաստան և Հունգարիա։

1877-78 թթ․ ռուս-թուրքական պատերազմից հետո Անին անցել է Ռուսական կայսրության տիրապետության տակ և կազմել Կարսի մարզի մի մասը։ 1920 թ․ աշնանը թուրքերը Անին գրավել են, և քաղաքը 1921 թ․ մարտի 16-ին  Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրով հանձնվել է Թուրքիային։

1904 թ․ լեզվաբան, հնագետ Նիկողայոս Մառը և նրա աշակերտ, արևելագետ, հնագետ Հովսեփ Օրբելին սկսել են Անիի վերաբերյալ գիտական աշխատանքներ կատարել։ Հետագա տարիներին Հայաստանի Ազգային ակադեմիայի հիմնադիր, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Օրբելին և Մառը Անիի վերաբերյալ աշխատությունները հրատարակել են տարբեր ժամանակահատվածներում։

Ցարական Ռուսաստանի ամենակարևոր հնագիտական աշխատանքը համարվող Անիի պեղումների ժամանակ հնագետ Մառը Պետերբուրգին դեմ է դուրս եկել։ Այն ժամանակաշրջանի կանոններով Ռուսաստանի կողմից արված պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները Պետերբուրգ են տարվել և թաքցվել։ Մառը դա չի ընդունել և երկար պայքարից հետո Անիում հետազոտական ինստիտուտ և երկու թանգարան է հիմնել՝ պեղումների ժամանակ գտնված նմուշները  ցուցադրելու համար։ Այն միաժամանակ դարձել է նաև հնագիտական դպրոց։

Ենթադրվում էր, որ Անի քաղաքում երևացող մասերից բացի կա նաև գետնի տակ անցած հատված, որը սակայն միայն 1904-17 թթ․ արված պեղումների ընթացքում է հաստատվել։ Անիի ընդհատակում գտնվող հատվածի հետազոտության ժամանակ երևան են հանվել 500 քարանձավներ, 400 տներ, 30 եկեղեցիներ, մի եկեղեցական համալիր, որը ներառել է մատուռներ ու մեկուսարաններ։ Հայտնաբերվել են նաև 8 գերեզմանոցներ, ամբարներ, տարբեր մթերքներ պահելու համար մառաններ, ջրամբարներ, գինու և ձեթի ամբարներ, պանդոկներ, գոմեր, իջևանատներ։ 1988 թ․ երկրաշարժի պատճառով ընդհատակյա քաղաքի մեծ մասն ավերվել է։

1918 թ․ Անին վերածվել է մարտադաշտի։ Թուրքական ուժերի հարձակման պատճառով հուշարձանների մեծ մասն ավերակ է դարձել։ Հնագետ Ա․ Քալանթարի գլխավորությամբ հնագետները կարողացել են փրկել Անիում գտնվող թանգարանային նմուշների մի մասը։ Հայաստան բերված նմուշները ցուցադրված են Հայաստանի պատմության թանագարանում։ Նիկողայոս Մառը հետագա տարիներին հավաքել է Անիի պեղումների վերաբերյալ բոլոր աշխատանքները և 1934 թ․ հրատարակել  դրանք։

Չնայած Հանրապետության շրջանում Թուրքիայում Անիի նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերվել, սակայն 2016 թ․ հուլիսին այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես հայկական մշակութային ժառանգություն և ընդգրկվել Համաշխարհային մշակութային ժառնագության ցանկում՝ 16-րդ տեղում։ Չնայած հարձակումներին, երկրաշարժերին, գանձագողերին՝ մինչ օրս կանգուն մնացած, սակայն ավերակի վերածված Անիի Մայր տաճարը, բազմաթիվ եկեղեցիներ և պատմական կառույցներ սելջուկների ժամանակաշրջանում կառուցված երկու մզկիթներ սպասում են ուսումնասիրության և պատշաճ ուշադրության։

2010 թ․ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին 2011 թ․ ընտրական քարոզարշավի մեկնարկի համար ԹԱՄԺ-ի փոխնախագահ և ԱՇԿ Ստամբուլի պատգամավոր Մերալ Աքշեների հետ Կարս էր եկել։ Այդտեղից նրանք Անիի ավերակներ են գնացել, որտեղ արտաբել են «Ya Allah Bismillah Allahuekber» մուսուլմանական կարգախոսը՝ ենիչերիներին նվիրված մի ներկայացում ցուցադրելով։ Սուլթան Ալփ Արսլանի կողմից մզկիթի վերածված եկեղեցում Ֆեթհիյե անունը կրող հրապարակ եկած Բահչելին և նրա ուղեկիցները բազմաթիվ կուսակցականների և քաղաքացիների հետ ուրբաթօրյա նամազ են արել այստեղ։ ԱՇԿ ղեկավարը նշել էր, թե այդպիսով ցույց են տալիս «թուրք ազգի խիզախությունը և վախ են ներշնչում թշնամուն»։

Շուրջ 10 տարի անց, այս անգամ էլ Մայր տաճարի «ձայնային արձագանքն» են ստուգել “Geberiyorum” («Մեռնում եմ») երգով, մինչդեռ համաշխարհային ժառանգություն համարվող Անին անկասկած շատ ավելի լավ վերաբերմունքի է արժանի։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

Իրական և վիպական Դրոն
6 Հունիսի 2020, 15:48 Իրական և վիպական Դրոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica