close
Եղանակը Երևանում
1 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հնս 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլն իմ հիշողություններում ծնողներիս ողբերգական մահն է, ես չհասցրեցի փրկել նրանց...

Արցախ

2 Ապրիլի 2020, 17:11
 Ապրիլն իմ հիշողություններում ծնողներիս ողբերգական մահն է, ես չհասցրեցի փրկել նրանց...

Ադամամութն արյունոտ էր: Լույսը չբացված հարյուրավոր արկեր ու փամփուշտներ թափվում էին մեր պաշտպանական դիրքերի վրա… Ժամեր անց սկսեցին գյուղը ռմբակոծել: Մեր տունը գյուղի սկզբնամասում էր: Կնոջս ու վեց երեխաներիս կարողացա զգուշությամբ տեղափոխել գյուղի կենտրոնում գտնվող մի ապաստարան: Վերադարձա, որ ծնողներիս ու տատիս էլ տեղահանեմ: Տան մոտ չհասած՝ բլրի հետևից լսեցի ադրբեջանցիների խոսակցությունները. նրանք արդեն շրջափակել էին գյուղը… Քայլերս ուղղեցի դեպի մեր տուն, նրանք նկատեցին ինձ ու ասացին. «Գալիս է, սպասեք, վերադառնալիս կբռնենք, մատաղ կանենք…»: 

Ես մտա տուն, շտապեցի զենքս վերցնել, մայրս գրկեց ինձ ու ասաց. 

-Նրանք այստեղ են, որդի, զուր ես եկել մեր հետևից, կարող էին քեզ վնասել…

Ես գրկեցի մորս ու ասացի. 

-Զենքս տուր, մա՛յր, երեխաների ննջասենյակում է թաքցրած…

-Իմաստ չունի որդի, մի զենքով հարյուրի դեմ ոչինչ չես անի…Արյունախում ասկյարները բլրի հետևում են, ես լսեցի նրանց խոսակցությունը…

Ես շտապեցի գյուղամեջ` հատուկ նշանակության տղաներին տեղեկացնելու ադրբեջանցիների կուտակումների մասին՝ մորս հորդորելով չվախենալ և տանը սպասել մեզ… Ես այլ ճանապարհով մեկնեցի, ադրբեջանցիները չկարողացան ինձ բռնել… Ժամեր անց սկսեցին ռմբահարել կանանց ու երեխաների ապաստարանները, ես շտապեցի իմ և ընկերոջս երեխաներին գյուղից դուրս հանել: Մեքենայի մեջ կարողացանք տեղավորել տասներկու երեխա ու փրկել նրանց… Երբ վերադարձա ծնողներիս ևս փրկելու, գյուղն ամբողջությամբ արկերի տարափի տակ էր… Ես նայեցի գյուղի ամենավտանգավոր մասում գտնվող մեր տանն ու ընկերոջս ասացի.

-Վախենում եմ գնամ տեսնեմ ծնողներս չկան…

-Վատը մի՛ մտածիր,- սաստեց ընկերս,- կրակը դադարի, կգնանք կբերենք նրանց…

Ժամեր անց` երեք ընկերներով հասանք մեր տուն: Մութ էր: Մի քանի ժամում ադրբեջանցիները ողջ գյուղն ավերակ էին դարձրել: Հեռվից նկատեցի մեր տան պատի մեջ մխրճված արկը: Սիրտս ահ ընկավ: Մոտեցա մեր նկուղին ու ձայն տվի. «Մա՜յր, մա՜յր, պադվալո՞ւմ եք թաքնվել»: Ձայն չկար: Շտապեցի տուն: Ողջ տունն ընկղմված էր չարագույժ խավարի մեջ: Արյան հոտ էի առնում: Մորս ձայն տվեցի, ձայն չկար: Փորձեցի լապտերով նայել սենյակները: Հայրս, որ երկու անգամ կաթված էր տարել ու միշտ անշարժ նստում էր հյուրասենյակի բազկաթոռին, այնտեղ նստած էր, անշարժ, սպանված: Իննսնամյա տատս բազմոցին պառկած էր՝ խոշտանգված… Մտա ննջասենյակ, մթի մեջ ոտքս ինչ որ բանի դեմ առավ: Նայեցի, մայրս էր հատակին ընկած, արյան մեջ շաղախված… Ադրբեջանցիները սպանել էին մորս… 

Ապրիլն իմ հիշողություններում ծնողներիս ողբերգական մահն է։ Ես չհասցրեցի փրկել նրանց… 

 

Վարդինե Իսահակյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica