close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+18°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զովունիի՝ ջրի տակ անցնող և դուրս եկող Պողոս-Պետրոս եկեղեցին

Մշակույթ

30 Մարտի 2020, 17:40
 Զովունիի՝ ջրի տակ անցնող և դուրս եկող Պողոս-Պետրոս եկեղեցին

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին գտնվում է 5-րդ դարի առաջին կեսին կառուցված Զովունիի Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին:

Զովունի գյուղը (նախկինում՝ Մոլլաղասում) պատմական Նիգ գավառի Ապարանի շրջանի հնագույն գյուղերից էր: Գտնվում էր Ապարանի կիրճի սկզբնամասում՝ Քասաղ գետի ձախ ափին, ներկայիս Ապարանի ջրամբարի ամբարտակից 1,5 կիլոմետր դեպի հյուսիս: Զովունին հարուստ է եղել պատմաճարտարապետական հուշարձաններով։ IV—V դարերում այստեղ կառուցվել են երկու մեծ և երկու փոքր եկեղեցիներ: Վաղ միջնադարյան գերեզմանատներում կանգնեցված են եղել քանդակազարդ սյուներ, խաչքարեր, տապանաքարեր։

Այս ամեն ինչում իրենց մեծ ավանդն են ունեցել տեղի Գնթունի իշխանները, որոնց անվան հետ կապված բոլոր հիշատակությունները վերաբերում են Զովունի գյուղին:
Պատմաճարտարապետական կառույցների միջից հատկանշական հիշատակություններ կան Պողոս-Պետրոս եկեղեցու մասին: Հետազոտությունների արդյունքում եկեղեցու պատերից ու մոտակայքից գտնվել է 14 արձանագրություն: Որոնցից երեքը շինարարական բնույթի են, երկուսը՝ անորոշ փակագրեր, իսկ մյուսները տապանագրեր են, որոնք վերաբերում են VI—XIX դարերին:

Ահա Դավիթ ու Գրիգոր Գնթունիների թողած արձանագրություններից մի հատված. «Այս եկեղեցին հատակագծում 9,06X4,33 մետր չափերի ուղղանկյուն դահլիճ Է։ Դահլիճի երկայնական պատերի երկու զույգ որմնամույթերը կրել են գմբեթը»։ Հուշարձանը հայկական ճարտարապետության «գմբեթավոր սրահ» տիպի աոաջին օրինակն է և ստացվել է հնագույն եռանավ բազիլիկի վերակառուցումից։ Այս հանգամանքը նկատի ունենալով՝ ճարտարապետ Ա. Սահինյանը ասում է. «Անտարակույս, Զովունիի Պողոս-Պետրոս տաճարի գիտական նշանակությունը դուրս է գալիս ճարտարապետական ազգային արվեստի շրջանակներից։ Այն, Էջմիածնի, Տեկորի, Դվինի տիպի հանգուցային հուշարձանների նման վերարտադրելով հայ դասական ճարտարապետության կազմավորման ամենաէական մի քանի փուլերը, որոշակի նշանակություն ունի ճարտարապետական կառուցողական ընդհանուր արվեստի վաղ միջնադարի նույնատիպ կառուցվածքների ծագման ու կազմավորման ճշմարտացի վերականգնման համար»:
Եկեղեցու հյուսիսային պատի որմնամույթերից առաջինի վրա գրված է.

1. Ք[րիստո]ս ա[ստուա]ծ յիշեա
2. զԳրիգոր Գն-
3. թունեաց տէր:

Արձանագրության տառաձևերը թույլ են տալիս այն թվագրել VI դարի սկզբին։  Գիտնականները կարծում են, որ եռանավ բազիլիկը վերակառուցել և գմբեթավոր սրահի է վերածել Գրիգոր Գնթունին։ Եկեղեցու վերակառուցման ժամանակ հյուսիսային և հարավային պատերի որմնամույթերի վրա փորագրվել Է մի փակագիր (գծ, 2ա, 2բ, 2գ, 2դ, 2ե), որը վերծանվում է՝ Գրիգոր: Շարքի վերջին փակագիրը (2ե) փորագրված է գլխիվայր։ 

XIX դարի վերջին եկեղեցին վերջին անգամ վերակառուցվել է։ Արևելյան կողմում ավելացվել է աբսիդը, նորոգվել, փայտով ծածկվել է աղոթասրահը։ Այ֊ս շրջանին են վերաբերում հարավային կողմի դռան եզրին և խորանի վերնամասում փորագրված արձանագրությունները։ Երկրորդ արձանագրությունը՝ ԶԱԳՕ, նույնպես մնում է անորոշ։ Եկեղեցու վերակառուցման (VI—VII դդ.) ժամանակներից պահպանված որմնամույթերի վրա առկա է վարպետի նշանը, որը մենք նկատել ենք բոլոր 8 որմնամույթերի վրա։

Եկեղեցու արևելյան կողմում եղել է 4-5 դարերում կառուցված միանավ Թուխ-Մանուկ եկեղեցին, իսկ հարավային մասում՝ 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը:

Հ.Գ. Քանի որ եկեղեցին գտնվում է Ապարանի ջրամբարի տարածքում, հաճախ ջուրը ծածկում է այն, բայց պատի վրա գտնվող խաչը երբեք ջրի տակ չի անցնում: Տեղացիների մոտ մի հետաքրքիր համոզմունք կա, երբ եկեղեցու պատերը ջուրը ծածկում է, բայց խաչը չի անցնում ջրի տակ, ուրեմն՝ այդ տարին նպաստավոր է լինելու նրանց համար:

Իշխան Թովմասյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica