close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաստատե՛ք պետությունն ամրապնդելու և զարգացնելու համաժողովրդական կամքը․ Դավիթ Իշխանյան

Արցախ

29 Մարտի 2020, 21:51
 Հաստատե՛ք պետությունն ամրապնդելու և զարգացնելու համաժողովրդական կամքը․ Դավիթ Իշխանյան

Սիրելի արցախցիներ,

Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր եզրագծին: Քարոզարշավին հանրությանն ենք ներկայացրել Դաշնակցության տեսակետները իրավիճակի և առկա խնդիրների վերաբերյալ:

Ավաղ, հայտնի պատճառներով չենք հասցրել այցելել բոլոր բնակավայրերը: Հայցում եմ մեր ընտրողների ներողամտությունը: Նրանց հետ կհանդիպենք այլ առիթներով:

Իմ հիմնական ասելիքը հակիրճ ամփոփելու համար հարկ եմ համարում ընդգծել, որ արցախյան նորօրյա պայքարում բոլոր հիմնախնդիրները մենք հաղթահարել ենք միասնաբար՝ քայլ առ քայլ կերտելով մեր պետականությունը շարունակվող հակամարտության, քաղաքական բարդ գործընթացների և վտանգավոր միտումների պայմաններում:

Այս հանգրվանում մեր առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու և երկրի զարգացմանը նոր շունչ հաղորդելու առանցքային նախադրյալը համազգային ներուժի համախմբումն է և առաջնահերթությունների շուրջ քաղաքական համախոհության ձևավորումը, որին և հետամուտ ենք:

Մեր երկրում անհրաժեշտ են այնպիսի փոփոխություններ, որոնք մեզ կօգնեն բնականոն զարգանալ՝ ապահովելով կայունություն և առկա բազմաբնույթ խնդիրներին խելամիտ լուծումներ տալ՝ զերծ մնալով ցնցումներից:

Ժողովրդին հուզող հարցերին հանգամանորեն անդրադարձել ենք ՀՅԴ նախընտրական ծրագրում, որն ունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Անելիքները շատ են անվտանգության և պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի, առողջապահության և բնապահպանության, պետական կառավարման համակարգի, տնտեսական, հարկաբյուջետային և վերաբնակեցման, արտաքին և ներքին հարաբերությունների, զբոսաշրջության և այլ ուղղություններում:

2017 թվականին, երբ ընդունվում էր նոր Սահմանադրություն, մենք դեմ ենք արտահայտվել կառավարման ներկա համակարգին, և համոզված ենք, որ մեր երկրում արդյունավետ է խորհրդարանական կառավարման համակարգը: Սահմանադրական փոփոխություններով պետք է ապահովվի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության տարանջատումը, հակակշիռների և զսպումների կառուցակարգերի ներդրումը և հանրային վերահսկողության ընդլայնումը: Այսպիսի բարեփոխումները խթանիչ ազդակ կդառնան պատասխանատվության բարձրացման, հասարակական առաջընթացի և պետականության ամրապնդման համար:

Տնտեսական զարգացման ընթացքն արագացնելու, ներդրումային իրավիճակը բարելավելու և ներքին համերաշխությունն ամրացնելու գործում հանգուցային նշանակություն ունի ապօրինությունների, մենատիրության երևույթների, կոռուպցիայի և հովանավորչության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների որդեգրումը, ինչը կընդլայնի նաև սոցիալական խնդիրների լուծման հնարավորությունները;

Կարևոր է վերահսկողական գործառույթ իրականացնող պետական մարմիններում ընդդիմության ազդեցիկ դերակատարության ապահովումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անհրաժեշտ եմ համարում ուշադրություն հրավիրել հետևյալ դիտարկումների և նկատառումների վրա.

Համապետական այս ընտրություններին մասնակցում են աննախադեպ շատ թեկնածուներ և քաղաքական ուժեր, այդ թվում՝ նաև նոր ձևավորված, նորահայտ կուսակցություններ: Շատ հարցերում մենք կարող ենք տարակարծիք լինել, սակայն ընտրապայքարը չպետք է մթագնի կենսական հարցերում համերաշխության գիտակցությունը, և բոլորս պետք է ջանանք, որպեսզի քարոզարշավն ավարտվի օրինականության, միմյանց և ընտրողների հանդեպ հարգանքի, առողջ բանավեճի և մրցակցության պայմաններում:

Մեր հասարակության ստվար մասն ապրում է հանապազօրյա հոգսերը մի կերպ հոգալու մաշող պայքարում, ինչը լուրջ խնդիրների, բացթողումների և անելիքների մասին է խոսում: Պատահական չէ, որ նախագահի թեկնածուները և կուսակցությունները հատկապես սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ բարելավման խոստումներ են շռայլում, սակայն լոկ խոստումներով այդ հարցերը չեն լուծվում, իսկ երբեմն դրանք պարզապես մնում են որպես գայթակղության միջոց:
Մինչդեռ, համախոհության և ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր է իրական գործ կատարել՝ մեր երկրում աղքատությունը հաղթահարելու, ընդհանուր բարեկեցությունը բարձրացնելու, արդարության և միասնության հիմքերն ամրապնդելու և արդյունքում՝ էական առաջընթաց ապահովելու ուղղությամբ:

ՀՅԴ նախընտրական ծրագրում ներկայացրել ենք իրատես մոտեցումներ, որոնք ժողովրդի հավանությանն արժանանալու պարագայում պատրաստ ենք կյանքի կոչել՝ այդ գործընթացում ձևավորելով հնարավոր լայն համախոհություն:

Հարգելի հայրենակիցներ,

Արցախ աշխարհի ներկայի և ապագայի համար պատասխանատու ենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական համոզմունքներից, տեսակետներից, սոցիալական վիճակից, զբաղմունքից և այլ հանգամանքներից:

Շատ կարևոր է, որ ազատ ու անկաշկանդ կամարտահայտությամբ իրացնենք օրինական իշխանությունների ձևավորման երաշխավորի մեր իրավունքներն ու պարտականությունները՝ վերահաստատելով մեր ինքնիշխան պետությունն ամրապնդելու և զարգացնելու համաժողովրդական կամքը, միաժամանակ ընտրելով նախագահ և որոշելով քաղաքական ուժերի պատասխանատվության չափաբաժինը առաջիկա տարիների համար:

Ընտրությունը քոնն է, հայրենակից:

ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica