close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չկրկնենք «Հայաստան-2008»-ը. նման բեռ Արցախի փխրուն ուսերին չի կարելի թողնել

Արցախ

29 Մարտի 2020, 10:24
 Չկրկնենք «Հայաստան-2008»-ը. նման բեռ Արցախի փխրուն ուսերին չի կարելի թողնել

Արցախում համապետական ընտրությունների քարոզարշավը մոտ է եզրագծին: Մարտի 30-ին լռության օր է, իսկ 31-ին արցախցին կընտրի իր երկրի օրինական իշխանությունը: Պատրաստ եմ առաջինը շնորհավորել հաղթողին, ով էլ հաղթի, միայն թե այդ հաղթանակը լինի արցախցու սրտով ու կամքով:

Հայաստան հասնող լուրերը, սակայն, մտահոգիչ են: Ստեփանակերտ են լցվել անհասկանալի ու անտարբերանշան խմբեր, որոնք այս օրերին ամեն ինչ անում են հանրությանն Արցախի իշխանությունների դեմ գրգռելու, ընտրությունների արդյունքններն այսօրվանից արդեն կասկածի տակ դնելու և հետընտրական նեգատիվ գործընթացներ նախապատրաստելու համար: Պնդումներ կան, որ այդ խմբերն ուղղորդվում են Հայաստանից և մասնավորապես ՀՀ իշխանությունների կողմից: Հոլովվող անունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատն են ներկայացնում, ինչն ուղղակի քստմնելի է և չի տեղավորվում ոչ մի՝ նույնիսկ ամենաթավշյա հեղափոխության շրջանակներում: ՀՀ վարչապետը կամ չի նկատում իր կառավարության սորոսական հատվածի ակտիվությունն Արցախում, կամ էլ դա հենց այն է, ինչ ինքն է ուզում անել՝ Արցախին թույլ ու կառավարելի ղեկավար պարտադրելու նպատակով:

Չի ստացվելու:

Սիրելի Արցախցիներ, քիչ չեն նաև Հայաստանից ձեզ ուղղված խոհեմության, ձեր ապագայի հանդեպ մտահոգություն հանդես բերելու, օտարոտի գույնզգույն ֆանտիկներին չխաբվելու կոչերը: Մերժեք ձեր մեջ սեպ խրողին, ձեզ պառակտողին, շողոմ խոստումներ տվողին: Այդ ամենը կեղծ է, եթե նույնիսկ արտահայտվում է բարձրաստիճան որևէ պաշտոնյայի դեմքով ու կերպարով: Դուք մենակ չեք այդ ուժերի դեմ պայքարում, ձեր կողքին են ձեր արժանավոր զավակները, որ ձեզ հետ կիսել են պատերազմի դժնդակ օրերի դժվարությունները, հիմք դրել Արցախ աշխարհի պետական կառույցներին, ստեղծել բոլոր այն ինստիտուտները, որոնք արդեն 30 տարի տիտանական աշխատանք են կատարում Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու և արցախցու ինքնորոշման իրավունքը համաշխարհային կառույցներին պարտադրելու ուղղությամբ: Առանց այդ աշխատանքի մենք այսօր ոչ Արցախի Հանրապետություն կունենայինք, ոչ էլ ամենաժողովրդավարական ճանապարհով՝ ընտրություններով, սեփական իշխանություն ձևավորելու պատեհություն:

Սիրելի արցախցիներ

Արժանավոր թեկնածուներդ քիչ չեն, և դժվար է լինելու նրանց միջև ընտրություն կատարելը: Բայց Արցախն, այսօր, առավել քան երբևէ, Դաշնակցության նման կազմակերպված և համահայկական ուժի առաջնորդության կարիքն ունի: Դաշնակցության բոլոր կառույցներն ու համակիրների մեծ բանակը պատրաստ է մեկ մարդու նման սատար կանգնել Արցախ աշխարհին ու մեր ժողովրդի արցախյան հատվածին: Այդպես եղել է միշտ, այդպես լինելու է նաև այսուհետ՝ առանց իր ստանձնած պատասխանատվության բարձր մակարդակից մեկ միլիմետր անգամ նահանջելու: Դաշնակցությունն այսօր քո դատին է հանձնել իր լավագույն զավակներից մեկի՝ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը և վստահ է, որ Դավիթը կարող է լինել Արցախի հերոսական ժողովրդի արժանավոր առաջնորդ: Դուք հաղթել եք Դավիթի հետ, Նրա հետ եք եղել, երբ չէր կարելի չզիջել, նրա հետ էլ ոտք կդնեք զարգացման ճանապարհին:

ՀՅԴ ներկայացուցիչներն այս օրերին ձեզ հետ շատ են խոսել Դաշնակցության և Դավիթ Իշխանյանի ծրագրերից ու ապագայի տեսլականից: Ես դրանց չեմ անդրադառնա, բայց կուզենայի մի փոքրիկ պատմական էքսկուրս կատարել դեպի ոչ հեռավոր 2008 թվականը, երբ նախագահական ընտրություններ էին Հայաստանում, որտեղ, ի դեմս իր լավագույն զավակներից մեկի՝ Վահան Հովհաննիսյանի, թեկնածու ուներ նաև Դաշնակցությունը: Հայաստանում իրավիճակը 2008 թվականին շատ նման է այսօր Արցախում տիրող իրավիճակին, երբ իշխանության համար պայքարում առանձին ուժեր սպառնում են պատառոտել մրցակիցներին, ամեն կերպ «մունդռել» ընտրությունների արդյունքները և ապակայունացնել վիճակը երկրում: Վահան Հովհաննիսյանն իր քարոզարշավի մեծագույն մասը ստիպված էր «զոհաբերել» համերաշխություն ու քաղաքական պայքարի մշակույթ քարոզելուն, երկիրը չվտանգելու, նրա ժողովրդավարական ինստիտուտները դրսի հարվածներից զերծ պահելու կոչերին: 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներն ու դրանց հետևած տխուր իրադարձությունները բոլորիդ են հայտնի: Դավիթ Իշխանյանն այն թեկնածուն է եղել, որ դեռ քարոզարշավը չմեկնարկած, խոսել է համերաշխության ու միասնականության մասին, հանդես եկել մեկ թեկնածուի շուրջ կոնսենսուսի գալու և Արցախի նորընտիր իշխանության հետ համատեղ ուժերով մարտահրավերները դիմագրավելու մասին: Սրանք անուրանալի իրողություններ են: Իրողություն է և այն, որ ողջ քարոզարշավի ընթացքում ՀՅԴ թեկնածուն գեթ մեկ անգամ չի քննադատել կամ վատաբանել իր որևէ մրցակցի, չի պատասխանել անպատեհ ցեխարձակումների և իր «խաչը» պատվով բերել, հասցրել է վերջնագծին: Չկրկնենք «Հայաստան-2008»-ը, նման բեռ Արցախի փխրուն ուսերին չի կարելի թողնել:

Կրկին անգամ հայցելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և նախագահական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի ու նրանց առաջին համարների ներողամտությունը, Արցախ աշխարհի իմ հայրենակիցներին կոչ եմ անում ձայն տալ ՀՅԴ նախընտրական ցուցակին և այդ ցուցակի առաջատար Դավիթ Իշխանյանին: Սա քաղաքական նկատառումներով արված մերկապարանոց կոչ չէ, սա քայլ է, որով Արցախի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը կլինեն ավելի ապահով ու պաշտպանված, Հայաստանի Հանրապետության թիկունքը կլինի առավել անառիկ:

Արցախին արցախավայել իշխանություն եմ մաղթում:

Էդիկ Անդրեասյան    

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica