close
Եղանակը Երևանում
29 Մայիսի 2020
+18°
+30°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին

Քաղաքական

27 Մարտի 2020, 17:49
 «Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին». Սերժ Սարգսյանի ուղերձն արցախցիներին

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը հանդես է եկել արցախցիներին ուղղված ուղերձով:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

«Սիրելի՛ արցախցիներ,

Իմ քույրե՛ր եւ եղբայրնե՛ր,

Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով եւ վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների եւ ազգերի համար:

Օրեցօր աշխարհում փոխվում կամ ձեւափոխվում են պատկերացումները անվտանգության, պաշտպանվածության, արդյունավետ կառավարման, անգամ մարդկային պարզ վարքագծի կանոնների, միմյանց մասին հոգ տանելու եւ հասարակական հարաբերությունների մասին:

Ոմանք այն համարում են մի նոր պատերազմ, ոմանք` մարդկության նորագույն պատմության ամենածանր ճգնաժամը, ուրիշներն այն դիտում են որպես իրենց ազգային անվտանգությանը լրջագույն սպառնալիք, փակվում են պետական սահմաններ, հայտարարվում համաճարակային վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» աստիճան եւ այլն:

Այո, մարդկային կյանքեր փրկելն ու պետությունները ճգնաժամային ստեղծված իրավիճակում արդյունավետ կառավարելն այս փուլում բոլորի համար ամենակարեւորն է, հետո կգա համավարակի տնտեսական վնասները չեզոքացնելու եւ քաղաքացիների արժանապատիվ կեցությունն ապահովելու դժվարին` հետճգնաժամային ժամանակաշրջանը:

Արցախի իշխանությունները, հուսով եմ, սթափ եւ ճիշտ կգնահատեն իրավիճակը, անվրեպ կհաշվարկեն վտանգները եւ կկայացնեն որոշումներ, որոնք չեն վտանգի սեփական քաղաքացիների կյանքը: Իմ մարտական ընկերները, այդ թվում` իշխանության մեջ գտնվող, վստահ եմ, լավագույնս գիտեն մարդկային կյանքի արժեքը:

Խնդրում եմ, ինքներդ էլ զգոն եղեք, հոգ տարեք ձեր եւ ձեր ընտանիքների, ձեր շրջապատում խնամքի կարիք ունեցող անձանց հանդեպ, պահպանեք ձեր առողջությունն ու կյանքը: Սա եւս կյանքի եւ մահու պայքար է, ինչպես պատերազմի ժամանակ, որը մենք տարիներ առաջ միասին արժանապատվորեն անցանք եւ հաղթեցինք:

Արցախցու համար արժանապատիվ ապրելն առաջին հերթին եղել եւ մնում է իր հողի վրա սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելը, որի համար չափազանց թանկ է վճարել: Շուրջ երեք տասնամյակ առաջ արդար պայքարի ու մաքառման արդյունքում, մեր հազարավոր եղբայրների եւ քույրերի կյանքի գնով նվաճեցինք ազատ ու արժանապատիվ ապրելու այդ իրավունքը:

Տարիներ ի վեր Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ մեր բանակցությունների հիմքում եղել են նաեւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան` ձեր կատարած համապետական եւ ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրված օտարերկրյա գործիչներին եւ կազմակերպություններին մշտապես հորդորել եմ այցելել Արցախ եւ տեսնել, թե ինչպես է արցախցին այդ ընտրությունների միջոցով կառուցում համամարդկային արժեքների վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն եւ ազգային պետություն:

Իմ պատվարժան հայրենակիցնե՛ր,

Ինչպիսին էլ այս օրերին լինի Արցախի բարձրագույն ղեկավարության որոշումը ընտրությունների անցկացման վերաբերյալ, առկա իրավիճակով պայմանավորված՝ երբ էլ դրանք անցկացվեն, պետք է հերթական անգամ դառնան ձեր ազատ կամարտահայտության վկայությունը, ինչը կշարունակի հզոր կռվան լինել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում:

Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում, եւ Հանրապետության նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունները պետք է այս պնդումը անհերքելի իրողություն դարձնեն:

Վերահաստատե՛ք ձեր կամքը` կառուցելու հզոր, բարեկեցիկ, ազգային պետություն` հիմնված համամարդկային եւ քրիստոնեական բարձր արժեքների վրա:

Սիրելի՛ արցախցիներ,

Երբեւէ թույլ չտաք քաղաքական պայքարը խաթարի հանրային համերաշխությունը, կոտրի ձեր միասնականության ոգին եւ թուլացնի զգոնությունը. պատերազմի վտանգն այսօր նույնքան իրական է, որքան շուրջ երեք տասնամյակ առաջ:

Ամեն օր աշխարհում տեղի ունեցող զարգացումները, ուժի անթաքույց ցուցադրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտորեն խախտմամբ վարվող պատերազմները, բոլոր առումներով սպառնալիք դարձած նոր տեսակի համավարակը անվտանգության մասին լրջորեն մտորելու ահազանգ են:

Ընտրե՛ ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին, նրան, ով ունակ է ամենածանր փորձությունից հաղթանակած դուրս գալու, եւ դա ապացուցել է սեփական օրինակով ու հերոսությամբ, ով կարող է հմուտ կառավարել երկիրը, վստահ եւ պատվախնդրորեն ներկայացնել ձեզ ու արտահայտել ձեր կամքը, ձեր ստեղծարար միտքը եւ ներուժը ծառայեցնել երկրի հզորացմանն ու ձեր բարեկեցությանը:

Ձեւավորե՛ ք քաղաքական լայն ներկայացվածությամբ ու բազմակարծություն ունեցող խորհրդարան եւ անկասելի դարձրեք ազատ, անկախ, ժողովրդավարական Արցախի ընթացքը:

Ես հավատում եմ, որ մեր հավաքական ուժը՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ, ի զորու է իրականություն դարձնելու համազգային մեր գաղափարներն ու նպատակները, եւ որ Արցախի նորընտիր իշխանություններն այս գաղափարի կրողն ու ջատագովն են լինելու:

Աստված զորավիգ եւ պահապան լինի Արցախին եւ մեր ողջ ժողովրդին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica