close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+25°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիրուսներ` բարեկամներ ու թշնամիներ. Forskning

Աշխարհ

26 Մարտի 2020, 15:47
 Վիրուսներ` բարեկամներ ու թշնամիներ. Forskning

Եթե քթից հոսում է, որպես կանոն, մեղավոր է սովորական մրսածության վիրուսը: Բարեբախտաբար, մենք դրա դեմ իմունիտետ ունենք,  կարողանում ենք դիմակայել մրսածությանը, և այն արագ անցնում է: Մյուս վիրուսների դեմ պայքարն ավելի բարդ է: Գոյություն ունեն դրանց դեմ դեղամիջոցներ, որոնք, սակայն, ոչ միշտ են արդյունավետ: Այդ պատճառով, եթե վիրուսը թափանցել է օրգանիզմի բջջի մեջ, իմունային համակարգի խնդիրն է մաքրել այն:  Yerkir.am-ը ներկայացնում է  նորվեգական Forskning պարբերականի հանրամատչելի հոդվածը վիրուսների մասին:

Մանրէներն ու վիրուսները տարբեր են

Թե՛ մանրէները, թե՛ վիրուսները կարող են հիվանդության պատճառ դառնալ: Սակայն դրանք շատ տարբեր են: Մանրէները կենդանի էակներ են` միաբջիջ: Մանրէի բջջում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրա կյանքի համար: Մանրէն ունակ է սնվել, բազմանալ և ազատվել ոչ պիտանի նյութերից: Մինչդեռ վիրուսը դա անել չի կարող: Այն ապրում է ուրիշների հաշվին, ուրիշների բջիջներին ստիպում է աշխատել իր համար: Վիրուսը ներթափանցում է բջջի մեջ, հետո սկսում շահագործել այն` ստեղծելով իր բազմաթիվ պատճենները: Որոշ վիրուսներ իրենց պատճենում են այնպիսի քանակներով, որ բջիջը պարզապես մահանում է: Դրանից դուրս են գալիս բազմաթիվ նոր վիրուսներ` պատրաստ նոր բջիջների վրա հարձակման:

Տուփ` հրահանգը ներսում

Բջիջը բարդ համակարգ է, վիրուսը` ընդհակառակը` պարզունակ: Նա նույնիսկ չի կարող բավարարել այն պահանջներին, որոնք, ըստ գիտնականների, սահմանում են, թե ինչ է կենդանի էակը: Վիրուսները ոչ մի բան չեն կլանում ու չեն արտազատում, այդ ամենը բարդում են ուրիշների վրա:

Պատկերացրեք, թե վիրուսը փոքր տուփ է: Ներսում նրա գեներն են` յուրատեսակ հրահանգ, թե ինչպես է վիրուսն աշխատում: Վիրուսի նպատակն է պարտադրել բջջին` կարդալ այդ «հրահանգը» և իրագործել այն: 

Լավ վիրուսներ

Մենք մշտապես ներսում կրում ենք բազմաթիվ վիրուսներ: Բարեբախտաբար, դրանցից ոչ բոլորն են վտանգավոր: Որոշները նույնիսկ մասնակցում են բնության շատ կարևոր գործընթացների: Օրինակ` մեկ թեյի գդալ ջրում մի քանի միլիոն վիրուս կա: Ծովում դրանք սպանում են մանրէների` ապահովելով այլ օրգանիզմների սնունդը:

Վիրուսների մեծ մասը մարդուն չի վնասում. դրանք  գրոհում են որոշակի տիպի բջիջների վրա: Որոշ վիրուսները հարձակվում են միայն խոզերի վրա, որոշներն էլ բույսերի հիվանդություններ են առաջացնում: Երրորդները նախընտրում են մանրէներին: Երկրագնդում գործնականում ամեն կենդանի բան իր վիրուսն ունի:

Կարող են փոփոխվել

Ներկայիս կորոնավիրուսն ի սկզբանե կենդանու վիրուս էր, հավանորեն` չղջիկների: Ինչպե՞ս այն փոխանցվեց մարդուն: Պատճենների ստեղծման ընթացքում պարբերաբար սխալներ են լինում. պատճենն այնքան էլ ճշգրիտ չի ստացվում` մուտացիա է տեղի ունենում: Որոշ «սխալ» վիրուսներ դադարում են գոյություն ունենալ` կորցնում են բջիջ ներթափանցելու ունակությունը: Որոշներն էլ հիանալի գոյատևում են և այնպիսի մուտացիայի են ենթարկվում, որ կարող են հարձակվել մարդու բջիջների վրա: Երբ նման վիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմ, կարող է նոր վտանգավոր հիվանդության սկիզբ դնել: 

Անհրաժեշտ է բանալի 

Վիրուսը կարող է բջջի մեջ ներթափանցել, եթե նրա «փշերը» կամ մակերեսի այլ տարրեր ձևով համընկնում են բջջի արտաքին մասի փոքր ձևավորումներին: Օրինակ` կորոնավիրուսի մակերեսին կան «փշեր», որոնք համապատասխանում են մարդու թոքերի բջիջներին: Այդ «փշերը» բանալու դեր են կատարում: Որոշ բջիջներ ունեն «բանալու անցքեր», որոնց այդ բանալիները շատ լավ համապատասխանում են: Գտնելով համապատասխան «անցքը»` վիրուսն ամրանում է բջջի վրա և ընդունվում նրա կողմից:

Վիրուսը կարող է իր գենետիկ նյութը (այսինքն` «հրահանգը») մի քանի եղանակով տեղավորել բջջում: Օրինակ` ներարկել յուրատեսակ ասեղի միջոցով կամ ամբողջությամբ ներթափանցել բջջի մեջ:

Կորոնավիրուսը միախառնվում է բջջին, քանի որ նրա «հրահանգը» թափանցում է ներս: 

Բջիջը` վիրուսի արտադրման ֆաբրիկա 

Բջիջը կարդում է վիրուսի «հրահանգը» և նոր վիրուսների արտադրման ֆաբրիկա ստեղծում: Նաև արտադրում է նյութերի պատիճներ, որոնցից օգտվելու է վիրուսը: Բջիջը ստեղծում է ամեն բան, ինչ անհրաժեշտ է վիրուսին:

Ֆաբրիկայի արտադրած նոր վիրուսները կարող են լքել բջիջն ու ճանապարհորդել ամբողջ օրգանիզմում: Կամ էլ` բջիջն այնքան է լցվում վիրուսներով, որ պայթում է ու մահանում: Եվ այդ ժամանակ ազատություն ստացած բազմաթիվ նոր վիրուսներ հարձակվում են նոր զոհերի վրա: 

Ահա, թե ինչու է մարդը հիվանդանում

Օրգանիզմը տագնապ է հայտարարում: Իմունիտետը գործի է դնում իր գործակալներին, որ «ձերբակալեն» անկոչ հյուրերին: Այդ պահին մարդն իրեն թույլ  կամ հիվանդ է զգում:

Գրիպի վիրուսը կամ կորոնավիրուսը հարձակվում և ախտահարում են թոքերի բջիջները: Կորոնավիրուսով վարակվածների մոտ բարձրանում է ջերմաստիճանը, սկսվում է հազ: Երբ գրիպով ենք հիվանդանում, տառապում ենք հարբուխից ու հազից: Այդպես է օրգանիզմն արձագանքում վարակին ու պաշտպանվում դրանից:

Կորոնավիրուսը տարածվում է օդով` հազի ժամանակ մարդու բերանից դուրս թռած հեղուկի փոքրիկ կաթիլներով: Դրանք կարող է ներշնչել ցանկացած մարդ: Կամ` կարելի է դիպչել այն տեղին, որտեղ այդ կաթիլները նստել են, ապա` բերանին ձեռք տալ: Այդպես է տարածվում վիրուսը:

Դեղամիջոցներն ու պատվաստանյութերը կարող են օգնել 

Քանի որ վիրուսն իրականում ոչ այնքան կենդանի էակ է, դժվար է դրա դեմ արդյունավետ դեղամիջոց գտնել, որը միաժամանակ չի վնասի բջիջները:

Գիտնականները փորձում են ստեղծել այնպիսի դեղամիջոց, որը թույլ չի տա, որ վիրուսների «բանալիները» համընկնեն բջիջների «բանալու անցքերի» հետ, կամ` որոնք  կկանխեն վիրուսի պատճենումը: Սակայն նման դեղամիջոցները քիչ են:

Որոշ վիրուսներից փրկում են պատվաստանյութերը: Երբ պատվաստվում ենք, մեր իմունիտետը սովորում է ճանաչել վիրուսը և շատ արագ ոչնչացնել այն` մինչև դրա պատճենների ստեղծումը:

Ներկայումս գիտնականներն աշխատում են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ու պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ:

Որոշ վիրուսներից ազատվել չի հաջողվում 

 Որոշ դեպքերում մարդուն այդպես էլ չի հաջողվում լիովին ազատվել վիրուսից: Այն մնում է օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում: Այդ վիրուսի գենետիկական նյութը` «հրահանգը», մեր բջիջների գենետիկական նյութի մաս է դառնում: Վիրուսը ժամանակ առ ժամանակ «լռում է»` սպասելով ազատության մեջ հայտնվելու նոր հարմար առիթների: Այդպես է լինում, օրինակ, երբ իմունային համակարգն ի վիճակի չի լինում «հետապնդել» վիրուսին: Այդպիսին է հերպեսի վիրուսը:

Այլմոլորակայինի տեսք ունի

Վիրուսները տարատեսակ ձևեր են ունենում` բազմանկյուն, կլոր կամ ատամնավոր: Ամենահետաքրքիրը  «բակտերիոֆագ» տիպի վիրուսներն են` նման են փոքր սարդերի կամ այլմոլորակայինների: Դրանք իրենց գենետիկական նյութը ներարկում են մանրէների մեջ: Մարդու համար անվտանգ են: 

Հսկա վիրուսներ

Վիրուսները երկրագնդում գոյություն ունեցող ամենափոքր ու ամենապարզունակ միկրոօրգանիզմներն են: Եթե պատկերացնենք, որ բջիջն ավիակիր է, ապա մանրէն, դրա համեմատ, սովորական թիանավ է, իսկ վիրուսը` շշի` մոտակայքում ջրի վրա տատանվող խցան:

Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ հայտնաբերել են մեծ վիրուսներ` նույնիսկ ավելի մեծ, քան մանրէները: Դրանք ավելի շատ գեներ ունեն, ի տարբերություն մյուս վիրուսների, և դրանց գենետիկական նյութի մեծ մասն ուսումնասիրված չէ: Գիտնականներին հետաքրքրում է` որտեղի՞ց են այդ հսկա վիրուսները, գուցե, մինչև մակաբույծ դառնալը, դրանք շատ վաղուց երկրագնդում ապրող կենդանի օրգանիզմների որոշակի տեսա՞կ են եղել:

Բարեբախատաբար, մարդը հսկա վիրուսներից վախենալու հարկ չունի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք նախընտրում են  միաբջիջ ամեոբաներին:

Վիրուսների աշխարհի մասին շատ բան է հայտնի, սակայն ավելի շատ գիտնականները դեռ պիտի իմանան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica