close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+16°
+28°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերժելով անվտանգ Փարիզը՝ կռիվ տվեց համաճարակի դեմ. Արամն այս օրը հռչակվեց դիկտատոր

Հասարակություն

24 Մարտի 2020, 20:37
 Մերժելով անվտանգ Փարիզը՝  կռիվ տվեց համաճարակի դեմ. Արամն այս օրը հռչակվեց դիկտատոր

1918 թ. այս օրը հայոց, գուցե և համաշխարհային պատմության հիշարժան օրերից է։ Թերևս բացառիկ երևույթ էր, որ ժողովուրդը կամովին, առանց ընտրվողի կամ նրան առաջ քաշող ուժերի կողմից տարատեսակ մանիպուլիացիոն գործողությունների, առանց լոբբիստական աշխատանքի ազդեցության ենթարկվելու, առանց որևէ խաբկանքի կամ կեղծ, հրապուրիչ խոստումների ընտրում էր դիկտատոր, այսինքն՝ որևէ գործչի օժտում էր բացարձակ և անսահմանափակ իշխանությամբ։ Այո´, այո´, խոսքը Հայաստանի Հանրապետության Հիմնադիր Արամ Մանուկյանի մասին է։ 1918թ. մարտի 24-ին, երբ թուրքական զորքերը գրեթե ամբողջությամբ ավարտեցին Արևմտյան Հայաստանի նվաճումը և ընդհուպ մոտեցան Արևելյան Հայաստանին, Երևանի բնակչությունը, զորքը և Հայոց Ազգային խորհուրդը Արամին ընտրեցին Երևանի նահանգի «դիկտատոր»: Նրանց նպատակն էր իշխանության կենտրոնացմամբ ավելի արագացնել ազգային ներուժի համախմբումը և կասեցնել թուրքական զորքերին, որոնք, շարունակելով գործել 1915 թ. ոգով, իրենց գրաված հայկական բնակավայրերում իրականացնում էին հայության նոր կոտորածներ։

Թերևս նույնքան, նույնիսկ ավելի, բացառիկ եղավ այն, որ դիկտատոր ընտրված անձը՝ նույն ինքը Արամ Մանուկյանը չդարձավ բռնապետ, չզատվեց իր ժողովրդից, կուլ չգնաց ցոփությանն ու շվայտությանը, այլ ստացած անսահմանափակ, ոչ ոքի կողմից չվերահսկվող իշխանությունն ամբողջությամբ գործադրեց բացառապես հօգուտ ազգային շահերի սպասարկման: Ընդգծենք մի կարևոր հանգամանք, Արամը դիկտատոր, անողք, խիստ և անզիջում եղավ միմիայն հայրենիքի դավաճանների նկատմամբ։

Անտեսելով պայմանականություններն ու ժողովրդավարության ժամանակավրեպ պահանջները, ավելի ստույգ՝ ժողովրդավարությանը վերագրվող անիշխանության և ամենաթողության բացականչությունները, և ընտրելով կառավարման դիկտատորական՝ տվյալ ժամանակաշրջանում միակ ճիշտ ձևը՝ Արամը վճռականորեն շարունակեց հայության ներուժի համախմբման գործը։ Սեփական փորձով համոզված, որ հայրենիքի փրկությունը, գործերի հաջողությունը կախված է ժողովրդի կամքից ու ընդհանուր գործին նրա մասնակցության աստիճանից, Արամն ամեն ինչ արեց այդ գործի մեջ ժողովրդին ներգրավելու համար: Դիկտատոր ընտրվելուց հետո իր լուր ամենքի Արամը հայտատարեց. «…դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ։ Հերոսը ինքը ժողովուրդն է և եթէ ժողովուրդը պատրաստակամութիւն ունի… աշխատել ու փրկել հայութիւնը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»: Մի քանի օր անց՝ 1918 թ. մարտի 28-ին ժողովրդին ուղղված կոչում նա հստակորեն սահմանեց պետական ու հասարակական կառույցների անելիքը՝ իրեն վերապահելով դրանց գործունեության ուղղորդումն ու վերահսկումը: Կոչն ավարտվում էր հստակ քաղաքական ուղերձով. «Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի»։ Այսինքն, այն ժամանակ, երբ հայ քաղաքական միտքը չէր էլ խորհում Արևելյան Հայսստանի անկախության մասին, Արամ Մանուկյանը ճիշտ ընկալելով իրադարձությունների զարգացման ընթացքը, աշխատում էր այդ ուղղությամբ։

Հարց է առաջանում արդյոք դիկտատորի պաշտոնի ստեղծումը ռիսկայի՞ն չէր, արդյոք դիկտատորը չէ՞ր կարող չարիք դառնալ հենց նույն ժողովրդի համար։ Տասնամյակներ անց, պատմական փաստերի քննության հիման վրա կարելի է ասել, որ Արամ Մանուկյանի պարագայում որևէ ռիսկ չկար, և դա ժողովուրդը, քաղաքական ու ռազմական գործիչները հստակ գիտեին։ Դա, ինչպես կասեն մաթեմատիկական տերմինաբանությամբ, աքսիոմա էր։ Եվ ահա թե ինչու։ Հայ ժողովուրդն ականատեսն էր այն բանի, որ Արամն անսահմանափակ անձնազոհ էր ու նվիրված սեփական ժողովրդին, նրա ազատության և արժանապատիվ ապագայի կերտման գաղափարին։ Բազմաթիվ են այդպիսի դրվագները, կարելի է ասել՝ նրա ամբողջ կյանքն էր անձնազոհություն ու նվիրվածություն՝ առ սեփական ժողովուրդը։ Բերենք դրանցից մի քանիսը։

● Վանի 1915 թ. ապրիլյան հերոսամարտի օրերին Արամը, որը այդ հերոսամարտի կազմակերպիչը, ղեկավարն ու ոգին էր, և հանգիստ ու անվտանգ կարող էր իր պարտականություններն անթերի կատարել նաև իր շտաբից, հաճախ էր հայտնվում մարտական գործողությունների կիզակետում, փամփուշտների տարափի տակ, որպեսզի անձամբ ոգևորի թշնամու դեմ անհավասար կռվի ելած հայ զինվորներիև։ Ձևապաշտությունը մերժող Արամի համար կյանքն արժեք ուներ այնքանով, որքանով որ այն օգտակար էր իր ժողովրդին։ Նրա համար կյանքն ու պաշտոնը, հասարակական դիրքը երբեք չդարձան ինքնանպատակ կամ անձնական ու ընտանեկան կարիքներին միտված։

● 1915 թ. մայիս-հուլիս ամիսներին գլխավորելով Վանի ապրիլյան հաղթական հերոսամարտից հետո ստեղծված հայկական նահանգապետությունը՝ Արամը բազմիցս դեմ գնաց ռուսական միապետության քաղաքականությանը նահանգում։ Մասնավորապես, նա համարձակորեն քննադատեց հայոց եղեռնին մասնակից քրդերի հետ մերձենալու ցարիզմի քաղաքականությունը, որն անտեսում էր հայ ժողովրդի զգացմունքներն ու անվտանգությունը։ Նա վճռականորեն դեմ արտահայտվեց նաև ռուսական զորքերի՝ 1915 թ. հուլիսյան նահանջին և, դրանով պայմանավորված, զինվորական հրամանատարության հրահրած Վանի հայության հուլիսյան գաղթին՝ դարձյալ վտանգելով սեփական անձը։ Ցավոք հայոց ռազմական ուժը թույլ չտվեց հաջողության հասնել այդ հարցում։ Այստեղ հատկանշականը, սակայն այն է, որ ցարիզմին դեմ գնալը, քննադատելը յուրաքանչյուր գործչի համար, լիներ նա թեկուզ և ազգությամբ ռուս, էլ ու մնաց այլազգի, հղի էր մեծ վտանգով՝ մինչև աքսոր ու մահապատիժ։ Սակայն, դա Արամին չէր հուզում, դա նրա համար երկրորդական էր, նրա համար կարևորը իրեն վստահված գործը պատվով առաջ տանելն էր՝ թեկուզ և սեփական կյանքի գնով։

● 1918 թ. աշնանից Հայաստանում մոլեգնում էր այն ժամանակների համար նույնքան վտանգավոր մի համաճարակային հիվանդություն՝ բծավոր տիֆը, որքան մեր օրերում վտանգավոր է կորոնավիրուս կոչված կասկածելի ծագման համաճարակը։ Այն օրական խլում էր տասնյակ ու հարյուրավոր կյանքեր։ Նկատի ունենալով համաճարակի սպառնալիքը Արամ Մանուկյանի կյանքին, որի առողջությունն ավելի քան մեկ տարվա լարված, ծանր աշխատանքի, թերսնման պատճառով խիստ քայքայվել էր այնքան, որ նույնիսկ նրա կյանքն էր վտանգված, ժամանակի գործիչները մտորում էին նրան Հայաստանից հեռացնելու մասին։ Շուտով դրա համար ստեղծվեց պատեհ առիթ։ Բանն այն է, որ 1919 թ. հունվարին պետք է գումարվեր Փարիզի խորհրդաժողովը, որն ամփոփելու էր Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները։ Խորհրդաժողովում հայկական շահերը պաշտպանելու նպատակով 1918 թ. դեկտեմբերի սկզբին Երևանում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակություն ստեղծելու հարցը։ Հայ պետական, քաղաքական, այդ թվում նաև կառավարող կուսակցության՝ ՀՅԴ ղեկավար գործիչների մեծագույն մասը որպես Փարիզ մեկնող պատվիրակության անդամ առաջարկեցին նաև Արամ Մանուկյանի թեկնածությունը։ Պատմությունը, այդ թվում և այդ շրջանի, փաստում է, որ շատ գործիչներ ամենևին դեմ չէին գործել Հայաստանից դուրս և ապրել հարմարավետ, մաքուր և անվտանգ պայմաններում։ Բայց Արամն այդպիսիններից չէր։ Երբ նա իմացավ այդ մասին խիստ վրդովվեց՝ նշելով, որ իր ներկայությունը Հայաստանում, ներքին գործերի նախարարությունում այդ օրերին խիստ անհրաժեշտություն է, եթե ուզում ենք, որ «Հայաստանը դառնայ իսկապէս Հայաստան»։ Նա մեծ ծրագրեր ուներ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու մասին։ Արամը մերժեց բոլոր առաջարկություններն ու պահանջները և չմտավ Փարիզ մեկնող պատվիրակության մեջ՝ հարազատ Հայաստանը նախընտրելով փափուկ ու հանգիստ Եվրոպայից։ Նա մնաց ժողովրդի կողքին և ապրեց ու աշխատեց նրա համար։

Մշտապես հաղորդակցվելով ժողովրդի հետ, աշխատելով գերլարված վիճակում, սնվելով, ավելի ճիշտ՝ թերսնվելով ժողովրդի նման, Արամը շուտով վարակվեց բծավոր տիֆով։ Բայց նույնիսկ այդ վիճակում նա մեկ ամիս շարունակ աշխատեց և նպաստեց հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Ժամանակակիցների վկայությամբ՝ մահվան մահճում գտնվող Արամ Մանուկյանն իր բաժին ճաշն ու համաճարակի դեմ ներարկվող դեղորայքը կարգադրեց տալ փողոցում սովից ու հիվանդությունից տանջվող իր փախստական հայրենակիցներին։

Այսպիսին էր Արամը՝ անձնազոհ, ազնիվ ու արժանապատիվ։ Այս և նրան հատուկ բազում այլ որակներն էին, որ նրան հնարավորություն տվեցին սահմանափակ ռեսուրսներով «անձև քաոսից» ստեղծել Հայաստանի Առաջին Հանրապետությունը։

Արմեն Ասրյան

պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica