close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+24°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտնականները կանխատեսել էին կորոնավիրուսի համաճարակը` ինչպես, որտեղ կծագի և ուր կտարածվի

Աշխարհ

19 Մարտի 2020, 17:28
 Գիտնականները կանխատեսել էին կորոնավիրուսի համաճարակը` ինչպես, որտեղ կծագի և ուր կտարածվի

Վարակաբան գիտնականները կանխատեսել էին կորոնավիրուսի համաճարակը, գիտեին` ինչպես է այն տարածվելու, և որ երկրներն են առաջին հարվածը ստանալու: Այլ հարց է` համաճարակը սկսվել է բնական վարակման ճանապարհով, թե՞ ինչ-որ մեկը խթանել է այն` որպես շաբլոն կիրառելով գիտնականների գնահատականը. տեղեկացնում է Yerkir.am-ը:

EADaily-ն ուսումնասիրել է կորոնավիրուսի մասին գիտական աշխատությունները` հրապարակված ԱՄՆ կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի (NCBI) կայքում:

«Վերջին տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք նոր վիրուսներից առաջացած շնչառական վարակների մի քանի համաճարակներ: Վարակները, ներառյալ` ատիպիկ թոքաբորբ (SARS-CoV կորոնավիրուսը), մերձավորաևելյան շնչառական համախտանիշը (MERS-CoV կորոնավիրուսը) և խոզի գրիպը լրջորեն սպառնում էին համաշխարհային առողջապահությանը և  տնտեսությանը: Հաշվի առնելով հակաբիոտիկների սխալ կիրառումը և զանգվածային միջազգային ճանապարհորդությունները` կարբապենեմի նկատմամբ կայուն գրամբացասական բակտերիաների տարածումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այդ վարակները` համաճարակային և պանդեմիկ պոտենցիալով, հսկայական սպառնալիք են Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանրային առողջության համար և պահանջում են կանխման ու վերահսկման ավելի արդյունավետ համակարգ»,- ասվում է «Ի հայտ եկող շնչառական վարակները սպառնում են Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանրային առողջությանը» գիտական աշխատությունում:

Այն հրապարակվել է անցյալ տարվա աշնանը Հալիմի հարավկորեական համալսարանի, Շանհայի Ֆուդան  համալսարանի և Մալայզիայի միջազգային իսլամական համալսարանի գիտնականները:

Իսկ  Սինգապուրի Duke-NUS բժշկական դպրոցի գիտնականներն իրենց «Չղջիկների վիրուսները և դրանց պոտենցիալ փոխանցումը կենդանիներին ու մարդկանց» աշխատությունում նշել են, որ վերջին տասնամյակներում տեղի ունեցած համաճարակները փոխանցվել են չղջիկներից:

«Խոսքը SARS  կորոնավիրուսի, Hendra և Nipah վիրուսների մասին է: Չղջիկները կարող են պատճառ լինել Էբոլա վիրուսի և MERS կորոնավիրուսի տարածման համար: Դրանք, ընդհանրապես, կարող են լինել մարդկանց փոխանցվող հայտնի ու անհայտ վիրուսների պահեստարան: Չղջիկների կենսաբանության ու իմունոլոգիայի մասին գիտելիքները սահմանափակ են, և գիտնականները հստակ չեն հասկանում չղջիկներից վիրուսների փոխանցման վրա ազդող հիմնական գործոնները»,- ասվում է սինգապուրցի գիտնականների` 2019 թվավանի հունվարին հրապարակված աշխատությունում:

Հոնկոնգի համալսարանի մասնագետների կարծիքով` չղջիկները կորոնավիրուսների ամենաարդյունավետ տարածողներն են, իսկ Չինաստանի հարավը իդեալական վայր է համաճարակի սկսման համար:

«Չղջիկները կաթնասունների երկրորդ տեսակն են, որ ամենատարբեր վիրուսների պոտենցիալ փոխանցողներ են: Դրանք կաթնասունների միակ խումբն են, որ ունակ են երկարատև թռիչքի, ինչը հնարավորություն է տալիս տարածելու վիրուսները և մեծացնելու միջտեսակային փոխանցման հավանականությունը»,- ասվում է «Չղջիկների կորոնավիրուսների գլոբալ համաճարակաբանություն» աշխատությունում, որը NCBI-ի կայքում հրապարակվել է 2019-ի փետրվարին:

«Մինչև 2000-ականների սկիզբը` ատիպիկ թոքաբորբ համաճարակը, չղջիկները հայտնի չէին որպես կորոնավիրուսի կրողներ: Իսկ վերջին 15 տարիների ընթացքում նրանց մոտ հայտնաբերվել է ավելի քան 30 կորոնավիրուս` ամբողջությամբ սեկվենավորված գենոմներով, և ավելի շատ, եթե դրանցում չկան գենոմային հաջորդականություններ»,-նշվում է չինացի գիտնականների աշխատությունում: Նրանք ընդգծել են, որ մարդկանց համար ամենամեծ վտանգը գալիս է վայրի կենդանիների շուկաներից և Հարավային Չինաստանի ռեստորաններին, որտեղ վաճառում  կամ պատրաստում են չղջիկներ: Ըստ չինացի գիտնականների` դրանց առկայությունը հանգեցնում է կորոնավիրուսների միջտեսակային փոխանցման և կարող է խթանել համաշխարհային մասշտաբի համաճարակներ:

2016-2017 թթ. Չինաստանի հարավային նահանգներում ուսումնասիրել են 1779 չղջիկ, որոնցից 32-ը եղել են կորոնավիրուսների կրողներ: «Երկու նոր ալֆա-կորոնավիրուս` Rhinolophus sinicus չղջիկի HKU32 (Rs-BatCoV HKU32) և Tylonycteris robustula չղջիկի HKU33 (Tr-BatCoV HKU33), հայտնաբերվել են Գուանդունի պայտաքիթ չղջիկների և Գույչժոուի հնդկեղեգային խոշոր չղջիկների մոտ»,- ասվում է Հոնկոնգի համալսարանի վարակաբանների աշխատությունում:

Մեկ այլ աշխատությունում նրանք հրապարակել են պայտաքիթ չղջիկների տարածման քարտեզ, որն ամբողջությամբ համապատասխանում է COVID-19-ի առաջին խոշոր բռնկումների աշխարհագրությանը` Չինաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Իրան, Իտալիա և Իսպանիա:

Ուշագրավ է, որ ևս մի քարտեզով Հոնկոնգի գիտնականները նշել են այն երկրները, որոնք ավելի վաղ տեղեկացրել էին չղջիկների կորոնավիրուսների դեպքերի մասին: Եվ Եվրասիայում դրանք այն երկրներն էին, որոնք ստացան COVID-19-ի ամենաառաջին և ամենաուժեղ հարվածները:

Ըստ էության, դեռևս անցյալ տարվա սկզբին ու կեսին ասիացի վարակաբանները տարբեր աշխատություններում մանրամասն նշել էին` որտեղ է ի հայտ գալու նոր կորոնավիրուսն ու ուր է գնալու, ինչպես է տարածվելու: Հարց է ծագում` ի՞նչը խթանեց, որ Ուհանում համաճարակ բռնկվի` բնակա՞ն պատճառները, թե՞, այնուամենայնիվ, արհեստական:

Ուհանում գործող  վիրուսաբանության ինստիտուտի հատուկ պաթոգենների և կենսաանվտանգության լաբորատորիան նույնպես ակտիվորեն ուսումնասիրում է կորոնավիրուսներն ու չղջիկների միջոցով դրանց փոխանցումը: Անցյալ տարի ինստիտուտի մասնագետները մի քանի տասնյակ աշխատություններ են հրապարակել դրա մասին: Օրինակ` դրանցից մեկում տեղեկացրել են, որ Rhinolophus չղջիկների մոտ հայտնաբերել են եզակի գենոմային հատկանիշներով նոր տիպի ալֆակորոնավիրուս: Ուհանի գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի աղբյուրը Չինաստանի հարավային շրջաններ են: Մինչդեռ հենց Ուհանում ստացվել են շճաբանական հետազոտությունների բացասական արդյունքներ:

 Ի դեպ, չինացի գիտնականներն ակտիվորեն համագործակցել են ամերիկյան ոչ կառավարական EcoHealth Alliance կազմակերպության հետ, որն էլ իր հերթին է ակտիվորեն համագործակցում USAID-ի «Ծագող պանդեմիկ սպառնալիքներ» ծրագրի հետ և հետազոտություններ է իրականացնում բազմաթիվ ասիական երկրներում: Միայն անցյալ տարի NCBI-ի կայքում հրապարակված գիտական հոդվածներից դատելով` EcoHealth Alliance-ի մասնագետները համատեղ հետազոտություններ են իրականացրել Շենյանի գյուղատնտեսական համալսարանի, Պեկինի պաթոգենային կենսաբանության ինստիտուտի և Ուհանի վիրուսաբանական ինստիտուտի հետ: Կազմակերպության նախագահ Փիթեր Դաշակը հաստատել է, որ ամերիկացի գիտնականներին արդեն երկար տարիներ հասանելի են չինական լաբորատորիաները:

«Մենք շատ սերտորեն աշխատում ենք չինացի գիտնականների հետ:  Վերջին 15 տարիներին մեզ համար աներևակայելի բաց են եղել Չինաստանի լաբորատորիաները` ատիպիկ թոքաբորբից սկսած: Համագործակցում ենք ամենավտանգավոր վիրուսների հարցով և ստացել ենք անհավանական տեղեկատվություն, որը կօգնի հանրային առողջությանն ամբողջ աշխարհում: Եվ այս ամենը հիմա սպառնալիքի տակ է»,- հայտարարել էր նա այն բանից հետո, երբ չինացի գիտնականներին Ուհանում խուճապի ժամանակ մեղադրեցին լաբորատորիայից վտանգավոր վիրուսի արտահոսքի մեջ:

Զուգահեռաբար` EcoHealth Alliance-ը կատարում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գիտության և տեխնիկայի հարցերով տնօրինության (DHS) և ամբողջ աշխարհում կենսաբանական լաբորատորիաներ ունեցող ու քիմիական և կենսաբանական զենք մշակող Անվտանգության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) պատվերները: 

GovTribe-ի տվյալներով` 2019 թվականին ոչ կառավարական կազմակերպությունը երկամյա` 566 հազար դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել DHS-ի հետ պաթոգենների և համաճարակների կասեցման, այլ երկրներից զոոնոզային հիվանդությունների դեմ պատվաստանյութի մշակման համար: Անցյալ տարի ավարտվել է DTRA-ից ստացված` 2,9 միլիոն դոլարանոց դրամաշնորհային ծրագիրը` ուղղված Արևմտյան Ասիայում չղջիկներից տարածվող հիվանդությունների ռիսկի գնահատականին: Անցյալ տարի EcoHealth Alliance-ի մասնագետները նաև պետք է ավարտեին աշխատանքները, որոնք ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության համար տալու էին չղջիկների կորոնավիրուսի վտանգավորության գնահատականը:

Վերջին 4 տարիներին EcoHealth Alliance-ը, ըստ ԱՄՆ դաշնային գնումների կայքի, ևս երկու պայմանագիր է ունեցել DTRA-ի հետ` 2,3 մլն և 4,5 մլն դոլար արժողությամբ: Թեման`«Պաշտպանություն» անվանակարգում կենսատեխնոլոգիական հետազոտություններ և մշակումներ:

Այսպիսով` ամերիկացի մասնագետներին հասանելի էին Չինաստանում իրականացվող` կորոնավիրուսի հետազոտություններն ու դրանց վերաբերյալ նյութերը: Միաժամանակ, նրանք կատարում են ԱՄՆ կառավարության պաշտպանական պատվերներ, ինչն էլ բաց է պահում հարցը` ի՞նչն է խթանել նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկումը:

Հիշեցնենք, որ, վարկածներից մեկի համաձայն, վարակը մարդուն է փոխանցվել Ուհան մեգապոլիսի (հարևան է Չինաստանի հարավային նահանգներին) շուկաներից մեկում վաճառված և սննդում օգտագործված չղջիկից:

Կա նաև վարակի արհեստական տարածման վարկած: Չինաստանի ԱԳՆ մամուլի  խոսնակ Չժաո Լիցզյանը ամերիկացիներին էր մեղադրել վարակի տարածման մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի (CDC)  ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդը հայտնել էր, որ ԱՄՆ-ում գրիպից մահացած որոշ մարդկանց մոտ հայտնաբերվել է Covid-19 կորոնավիրուս:

«CDC-ին բռնել են հանցագործության վայրում: Ե՞րբ է զրոյական պացիենտը գրանցվել ԱՄՆ-ում: Ինչքա՞ն մարդ է վարակված: Ո՞ր հիվանդանոցներում: Գուցե ամերիկյան բանակն է համաճարակը բերել Ուհան… ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա»,- իր թվիթերյան էջում գրել էր Չժաո Լիցզյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica