close
Եղանակը Երևանում
30 Մարտի 2020
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարտավորագիր, որ Քենեդուն և «Չիստի-բլիստի» տիրոջը դատարան հասցրեց

Բլոգեր

18 Մարտի 2020, 19:26
 Պարտավորագիր, որ Քենեդուն և «Չիստի-բլիստի» տիրոջը դատարան հասցրեց

Պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Մեր թաղում ամենակոկիկ ու շիկ հագնվողը Քենեդին էր: Տարիքն առած էր թեև, բայց ճիպոտի պես ձիգ էր: Մեղմ ձայն ուներ: Նրա օծանելիքի բույրը վարսավիր Հակոբի նախանձն էր անգամ շարժել ու մի օր Քենեդուն խնդրել էր գոնե մի սրվակ վաճառի։

- Ինչո՞ւ վաճառեմ, կնվիրեմ,- խոստացել էր Քենեդին։

Մեռոնի պես էր օգտագործում վարսավիր Հակոբը օծանելիքը, հատկապես կարևոր հաճախորդներին գոհացնելու ու վարսավիրանոցի վարկը, համբավը բարձր պահելու համար։ Բայց օծանելիքի բույրով չէր, որ պիտի նմանվեին Քենեդուն։ Մի քանի ժամից բույրը ցնդելու էր, տակը մնար մնացածը...

Ասում են Քենեդին Ամերիկայից խոշոր դրամագլուխ էր բերել, դրել Սովետի բանկերում ու ստացած տոկոսներով առոք-փառոք ապրում էր։

Երևանում մի երկու անսովոր ապրանքներով խանութ կար, որոնց կողքով անցնելու իրավունք էլ չուներ սովորական քաղաքացին, իսկ Քենեդին իրավունք ուներ մինչև անգամ գնումներ անելու...

Պարտք խնդրողներին Քենեդին չէր մերժում, պատահել է, որ անվերադարձ էլ էր տալիս, իսկ ում մի քիչ կասկածում, կամ թերահավատ էր, պարտավորագիր էր վերցնում։

... Այդ տարիներին Երևանում կոշիկ մաքրողներ էլ կային, դրանցից մեկ ը «Կինո Սևանի» հարևանաությամբ էր։ Փոքրիկ, խուց հիշեցնող տաղավարին կոշիկներ ու խոզանակներ էին նկարված, իսկ ճակատին գրված էր «Չիստի-Բլիստի»։ Ցուցափեղկում տարբեր գույների քսուկներ էին շարված, խոզանակներ ու մի քանի զույգ հողաթափեր։

Ամեն գործ, արհեստ իր գաղտնիքներն ունի, մի կարծեք, թե կոշիկ մաքրելը հեշտ ու ամեն մարդու փեշակ է։ Կարճահասակ, շարժուն, շաքարլեզու մարդ էր «Չիստի-Բլիստի»-ի տերը։ Նրան ճանաչողները ասում էին, որ այնտեղ էլ, Թուրքիայում էլ, նույն գործին է եղել, հետո շշուկով ավելացնում, թե իբր Սովետի դեսպանատան գործակալ է եղել ու ոչ թե իր կամոք, այլ փախցրել, Հայաստան են բերել... Իրոք, կոշիկ մաքրելը ամեն մարդու գործ չէ... Կյանքը անակընկալների շարան է, չգիտես, թե վաղը, կամ մեկ ժամ հետո որտեղ կլինես, ում կհանդիպես...

Այդ օրն էլ ուշ տուն մտա։ Մայրս սովորույթի համաձայն անքուն սպասել էր։ Նրա նախատինք-օրհնանքը լսելուց հետո, երբ պատրաստվում էի անկողին մտնել, մայրս հիշեցրեց․ - Քենեդին քեզ էր հարցնում, խնդրեց, որ անպայման այցելես…

-Ուշ է արդեն, վաղը կգնամ…

Առավոտյան Քենեդին մեր տուն եկավ, ցույց տվեց դատարանից ուղարկած ծանուցագիրն ու խնդրեց միասին գնալ։ Ճանապարհին պատմեց, որ երկու տարի առաջ պարտքով խոշար գումար է տվել ինչ-որ մեկին ու պարտապանը հրաժարվում է վերադարձնել։ Որպես ապացույց, Քենեդին գումարը վերցնողից պարտավորագիր էր վերցրել ժամանակին։ Ես դատարանում որպես Քենեդու թոռ էի ներկայանալու։

Դեկտեմբեր ամիսն էր։ Ցուրտ: Նոր տարվան հաշված օրեր էին մնացել։ Նշված ժամին քննիչի ընդունարանում էինք։ Մեզանից առաջ սպասող մեկն էլ կար, որին մեր ներկայությունը, չգիտեմ ինչու դուր չեկավ։ Նախ իմ «բարև ձեզը», անպատասխան մնաց, հետո, ոտքից-գլուխ ջղաին հայացքով չափեց ինձ... Մտածեցի երևի չլսեց բարևս, հետո էլ ո՞վ գիտի՝ ինչի համար են կանչել, ինչ գործով է եկել... Ժողովրդական խոսք կա չէ՞ դատարանի, հիվանդանոցների, դռներից կարոտ մնաս...

Դե մենք էլ, նա էլ ոչ ծննդատուն, ոչ էլ հարսնա տուն չենք եկել.... Անծանոթը անհանգիստ ետ ու առաջ քայլեց քննիչի ընդունարանում, հետո նստեց պատի տակ դրված աթոռին։ Մի պահ թվաց, թե ծանոթ դեմք է աթոռին նստածը։ Մինչ փորփրում էի հիշողությունս դեմքը տեղը բերելու, միջին տարիքի մի կին մոտեցավ նրան, ականջին փսփսաց ու երկուսով ներս մտան։ Քենեդին նստեց դատարկված աթոռին։ Ես դեռ փորփրում էի հիշողությունս, որտեղ եմ տեսել կարճահասակ, աճպարարի շարժուձևով այդ մարդուն...

Ժամանակն անցնում էր։ Քենեդին լուռ էր։ Ես արդեն տրամադրվել ու դերի մեջ էի մտել, որ նրա հարազատ թոռն եմ։ Դուռը բացվեց։ Դռների արանքում քիչ առաջվա միջին տարիքի կինն էր։ Մեզ ներս հրավիրեց։ Քննիչի աշխատասենյակում, բազկաթոռի մեջ սուզված անծանոթ այցելուն էր: Նրա պահվածքից հասկացա, որ քննիչի հի՜ն բարեկամներից է... Ուրիշ էլ ո՞վ կարող էր նման անբռնազբոս սուզվել քննիչի փափուկ բազմոցին։ Պարարտ, հաստավիզ քննիչը գրասեղանին կռթնած, թվում էր նոր-նոր արթնացել է քնից, ծուլորեն հայացքը վեր բարձրացնելով հազիվ արտաբերեց․

- Նստեք, -հետո նույն տոնով հարցրեց, -Դու ո՞վ ես։

- Թոռն եմ,-կտրուկ պատասխանեցի ես։

- Սուտ է,- բազկաթոռից ծուլ լինելով մեջ ընկավ անծանոթը։

- Թոռս է, պարոն դատավոր- Քենեդին փորձեց իր մեղմ ձայնով հակադարձել անծանոթի  ծղրտոցին:

- Նախ, ոչ թե պարոն, այլ քաղաքացի, հետո ոչ թե դատավոր, այլ քննիչ,- փորձեց քննիչին դուր գալ անծանոթը՝ ուղղելով մեզ:

- Կներեք, քաղաքացի քննիչ, բայց դրանից ի՞նչ է փոխվում...

-Պապիդ թասիբը լավ էլ պահում ես,- արհմարհանքով ասաց քննիչն ու դիմեց Քենեդուն - Տո՛ւր, տենամ էդ ի՞նչ թուղթ է...

Քենեդին վերարկուի գրպանից հանեց խնամքով ծալած պարտավորագիրն ու մեկնեց քննիչին, սա մի քանի րոպե լուռ ընթերցեց պարտավորագիրը հետո, վեր բարձրացնելով հեռվից ցույց տվեց անծանոթին. հարցնելով.

-Քո՞ ձեռագիրն է։

-Չէ, քաղաքացի քննիչ, իմը չէ, ես գրել-կարդալ չգիտեմ, ես սրա-նրա կոշիկները մաքրող անգրագետ մարդ եմ. ես ո՞նց կգրեմ։ Այս խոսքի վրա ոչ թե կռահեցի, այլ համոզվեցի, որ պարտատերը «Չիստի-բլիստին» է....

Քենեդին ամոթից շիկնել էր։ Զրպարտո՞ւմ է...

Հուզմունքը հազիվ զսպելով՝ ծերունին ասաց․ -Տիկնոջդ գիրն է, միասին չեկա՞ք դրամն առնելու...

Ծանր լռություն իջավ։ Ինձ մի պահ թվաց, թե քննիչի մեջ էլ գուցե կարեկցանք զարթնի խաբված ծերունու նկատմամբ… Թվաց… ափսոս...

Ծանր լռությունը բեմադրությունը ընդմիջելու կարճ դադար էր միայն։

- Գրել գիտե՞ս,- քննիչը անակընկալ ու անկապ դիմեց Քենեդուն։ Հետո թուղթ ու գրիչը հրեց նրա կողմն ասելով,- ինչ կթելադրեմ, գրիր։

Ծերունին հայացքով հասկացրեց, որ ես գրեմ:

Քննիչը վերջապես վեր կացավ տեղից։ Ծանր ու պարարտ զանգվածը պահող աթոռը ազատագրվեց բեռից։ Հետո սկսեց թելադրել։ Ես այսինչ այսինչյանս, սույն թվի այսինչին..․ Ընդունված բողոք-դիմումի պես մի բան ստացվեց... Երբ վերջացրինք թելադրությունը քննիչը խորամանկ-հուշարարի հայացքով նայեց պարտապանին։ Այդպես նայում են դերը մոռացած ապաշնորհ դերասանին, հուշում ասելիքը։

- Քաղաքացի քննիչ, խնդրում եմ, թող մի ամիս էլ սպասի, երկու տարի սպասել է մի ամիսն ինչ է։

Քենեդին բարի, զիչող մարդ էր։ Քննիչը համարյա ջանք չթափեց կրկին խաբել-համոզելու մեզ.... Նախկին պարտավորագիրն էլ, որպես իրեղեն ապացույց կցվեց մեր բողոքին ու մնաց քննիչի գրասեղանին։

Իմ գնալուց Քենեդին ոչինչ չշահեց. Շուտով նա էլ հրաժեշտ տվեց երկրային կյանքին ու միակ բանը որ մնաց, ես իր անունից բողոք-դիմումը գրելիս իմացա Նրա ավազանի անունը, պարզապես ամերիկայից էր եկել ու թաղեցիները Քենեդի մականունն էին կպցրել նրան...

Ավազանի անունը Ասատուր էր։ Իսկ թե ինչ էր «Չիստի-բլիստիի» տիրոջ ավազանի անունը, անկեղծ ասած, չեմ էլ ուզում իմանալ»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica