close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամռան մի երեկո երկու անծանոթներ տարան նրան. Չարենցի դրամատիկ կյանքը

Մշակույթ

13 Մարտի 2020, 17:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամռան մի երեկո երկու անծանոթներ տարան նրան. Չարենցի դրամատիկ կյանքը

Ես եմ հիմա՝ մի պոետ. և իմ անունը՝ Չարենց,

Պիտի վառվի դարերում, պիտի լինի բարձր ու մեծ…

 Մարտի 13-ը պոետի ծննդյան օրն է՝ 123 ամյակը: 123 տարիներից Չարենցը միայն 40-ն ապրեց: Ու այդ 40-ը մինչև հիմա ուսումնասիրում ենք, բայց այդպես էլ մինչև վերջ չենք բացահայտել:

Yerkir.am-ը մեկ-երկու ժամ անց կացրեց պոետի հարկի տակ, որտեղ  նա հասցրել է  ապրել ընդամենը 2 տարի և որտեղից նրան ամռան մի երեկո  երկու անծանոթ մարդիկ  եկան-տարան, ու հետն էլ մեծ պոետից երկու գիրք խնդրեցին: Չարենցն էլ գրքերը մակագրեց, ստալինյան հավատաքննիչներին նվիրեց ու նրանց հետ դուրս եկավ տանից՝  կնոջը՝  Իզաբելլային, և երկու մանկահասակ դուստրերին անորոշության գրկում թողնելով:

Չարենցի Անահիտ դստեր դուստրը՝ Գոհար Չարենցը, պապի անձնական իրերի, նրա մասունքների մասին պատմությունները ներկայացնում է այնպես, ասես պատմելիս դրանք նորից կյանք են ստանում:

Չարենցի տանը, նրա աշխատասենյակում, ննջարանում, ամեն ինչ այնպես է, ասես հենց հիմա արևելյան թասակը գլխին, Չարենցը ներս կմտնի՝ մանրիկ քայլերով, հախուռն, երեխաներին՝ Բոժիկին ու Ադոկին կբարձրացնի, ուսերին կնստեցնի: Ասես հենց հիմա աստվածային գեղեցկությամբ Իզաբելլան դռների արանքից կնայի իր սիրուն ընտանիքին ու սիրուն կժպտա:

Գուցեև հենց այսպես էլ լիներ, եթե Չարենցն այլ ժամանակներում ծնված-ապրած լիներ, բայց գուցեև Չարենցը Չարենց չլիներ, եթե այլ ժամանակներում ծնված-ապրած լիներ:

Եղիշե Սողոմոնյան 18-ամյա կամավոր զինվորը

18 տարեկանում նա զինվորագրվել է ու մեկնել Արևմտյան Հայաստան՝ թուրքի դեմ կռվելու: Կամավորների ցուցակում Եղիշե Սողոմոնյանը 385-րդն էր: Կյանքի, դժնդակ ժամանակների  դառը համը հենց այդ տարիքում էլ առել է՝ արյուն, մահ, եղերական պատկերներ, որոնց ազդեցությամբ էլ գրել է «Դանթեական առասպելը»:

Երբեմնի ծաղկուն Վանը նա կրակների ու մահվան ճիրաններում տեսավ ու այն անվանեց «մեռած քաղաք»:

Բայց ավելի վատ ժամանակները դեռ առջևում էին՝ բզկտված հայրենիք, հանձնված Կարս, թուրքի յաթաղանից փրկված հայության գաղթական-փշրանքներ, սով ու համաճարակ, պատերազմ, բոլշևիկների հետ կապված հույսեր ու բոլշևիկներից խոր հիասթափություններ:

Կոմիտասն ու Չարենցը

Չարենցը շատ է ցանկացել հանդիպել Կոմիտասին. հանդիպեցին 1936 թվականին, բայց ոչ թե ծանոթանալու, այլ վերջին հրաժեշտը տալու:  Կոմիտասի աճյունը Ֆրանսիայից տեղափոխվեց Երևան: Ռուբեն Զարյանն իր հուշերում գրում է, որ Չարենցը վատառողջ էր, տնային բանտարկության մեջ, բայց գնաց՝ Կոմիտասին տեսնելու: «Հանկարծ ամբոխը ճեղքվեց. ինչ-որ մեկի համար ճանապարհ էին բացում: Կոմիտասի ցինկե դագաղին մոտեցավ Չարենցը: Դագաղի երեսն ապակեպատ էր: Չարենցը մեկ լոպե լուռ նայեց, ապակին համբուրեց ու գլխարկը ձեռքերի մեջ տրորելով, մի բուռ դարձած՝ հեռացավ: Այդ օրը նրա տանը մի երկնագույն մոմե ծաղիկ հայտնվեց. Չարենցը ծաղիկը Կոմիտասի դագաղի վրայից էր պոկել, որպես մասունք ու հիշատակ՝ հետը վերցրել: Մի քանի օր հետո նա  գրեց «Կոմիտասի հիշատակին» հայտնի պոեմը և առաջին անգամ հրատարակեց Կոմիտասի նոտաները»,- Կոմիտասի ու Չարենցի առաջին ու վերջին հանդիպման մասին պատմեց Գոհար Չարենցը:

Ռեգինան

Չարենցն անվերապահորեն վստահել է 15-ամյա Ռեգինա Ղազարյանին, որի համար պոետը կուռք ու կատարելություն էր: 1937-ին ձերբակալվելով՝ Չարենցը լավ գիտեր, որ իր գրքերն ու ձեռագրերը ոչնչացվելու են:

«Իզաբելլան մի օր բանտ է գնում՝ ամուսնու սպիտակեղենը բերելու: Երբ շապիկն իջեցնում  է ջուրը, տառեր է նկատում. Չարենցը քիմիական մատիտով շապիկի մեջքին գրել էր՝ լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և վստահիր միայն Ռեգինային»,-իր պապի բանտային կյանքից այս դրվագը պատմեց Գոհար Չարենցը:

 Ռեգինան Իզաբելլայի հետ հավաքում է Չարենցի վերջին տարիների ձեռագրերը, դնում ճամպրուկի մեջ ու գիշերով, թաքուն բերում-թաղում իր ընկերուհու տնամերձ հողում: Դրանք  հողի տակ մնում են 17 տարի: Այդ  17 տարիներին  Չարենցի անունը հնչեցնելն անգամ արգելված էր: Եվ միայն Ստալինի մահից հետո Ռեգինա Ղազարյանը հողի տակից հանում է ձեռագրերը: Դրանք բավականին վնասված էին. 25 տոկոսն է փրկվում միայն:  Ռեգինան ձեռագրերը հանձնում է Անահիտ Չարենցին:

Անահիտ

Նախախնամություն ասես, արյան կանչ, թե գենետիկական հիշողություն, շատերն են փորձել վերծանել Չարենցի վնասված, խունացած, բայց փրկված ձեռագրերը, սակայն  միայն Անահիտ Չարենցն է կարողացել դրանք կարդալ: «Մայրս ընդամենը երկու տարեկան էր, երբ հայրն անվերադարձ գնաց. հորից գրեթե ոչինչ չէր հիշում, բայց նրա ձեռագրերի միակ վերծանողը հենց ինքը եղավ: Տարիների տաժանակիր աշխատանքից հետո վերծանված անտիպները 1983  թվականին Անահիտ Չարենցը հանձնեց տպագրության: Եթե Ռեգինա Ղազարյանն իր կյանքը վտանգելով՝  Չարենցի վերջին շրջանի գրվածքները չփրկեր, մենք այսօր «Կոմիտասի հիշատակինը», «Նավզիկեն» չէինք ունենա»,- ասաց Գոհար Չարենցը:

Իզաբելլա

Ամուսնու  ձերբակալումից 4 ամիս անց ձերբակալվեց նաև Իզաբելլան՝ միայն այն պատճառով, որ Չարենցի կինն էր: Հետո 5 տարով աքսորվեց Ղազախստան, այնտեղից էլ՝ Ղրղզստան,  Բաշկիրիա: «Տատիկս վերադարձավ միայն 30 տարի հետո ու մի քանի ամիս անց մահացավ: Իզաբելլան շատ հայտնի ու հարուստ ընտանիքի դուստր էր. մայրը պատմել է, որ իրենք սև խավիարը գդալով էին ուտում: Իսկ Իզաբելլայի մասին ժամանակակիցներն  ասում էին՝ Երևանի թիվ մեկ գեղեցկուհի: Նրա հայրն այդ տարիներին գրաշար էր աշխատում և Չարենցի գրքերն էլ է  շարել. գործի բերումով պոետը նրանց տուն է գնացել, տեսել Իզաբելլային ու երեք օր ժամանակ տվել՝ մտածիր ու երեք օրից պատասխան տուր, ուզու՞մ ես Չարենցի կինը դառնալ: Խենթ ու խելառ պոետն Իազբելլայից լսել է՝ այո, ուզում եմ»,-պատմեց պոետի թոռնուհին:

Անահիտ Չարենցին մեծացրել է Իզաբելլայի մայրը, իսկ Արփենիկի ճակատագիրն ավելի դառն էր՝ մանկատներ: Եղիշե Չարենցին արդարացրին միայն 1955 թվականին, մինչ այդ Արփենիկն ու Անահիտը չգիտեին՝ ով է իրենց հայրը: Անգամ դուստրերի մոտ վախեցել են նրանց հոր անունն արտասանել:

Չարենցի վերջին օրերի  վկան

1937 թվականի հուլիսի 27-ին Չարենցը ձերբակալվեց. նրան 4 ամիս պահեցին հիվանդանոցի մեկուսարանում, այնտեղից էլ շատ ծանր վիճակում տեղափոխեցին բանտի հիվանդանոց, որտեղ էլ 1937 թվականի նոյեմբերի 27-ին մահացավ:

Երբ 1970-ականներին բանտը քանդել են, բուժաշխատողներից մեկը՝ Գեղամ Հարությունյանը, Չարենցի հիվանդասենյակի դուռը տարել է իր ամառանոց՝ հիշատակ Չարենցից: 30 տարի նա դուռը  պահել է ու մի քանի տարի առաջ  հանձնել թանգարանին: Ամեն տարի՝ մարտի 13-ին, պոետի ծննդյան օրը, Գեղամ Հարությունյանը գալիս է թանգարան. «Դուռը կարոտում եմ, եկել եմ տեսնեմ»,-ասում է:

Թիֆլիսցի նեղճակատ կինտոն

Չարենցը բանտից մի նամակ է ուղարկել կնոջը՝ ասելով՝ միայն ես չեմ տառապում, ամբողջ ժողովուրդն էլ է նույն վիճակում, քեզ ու երեխաներին լավ նայիր:

Մյուս նամակն Ավետիք Իսահակյանին է գրել թաշկինակի վրա՝ ես հոգով ամուր եմ, միայն ընտանիքիս հոգսն է ինձ հոգեպես տանջում:

37 թվականն էր ու նա գրեց նաև՝

Բազմել է ցարերի գահին

Թիֆլիսցի նեղճակատ կինտոն…

Հետո էլի գրեց, որովհետև 37 թվականն էր՝

Հոտ է գալիս կրկին արյան

Այս վարպետի եփած ճաշից:

Վհո՞ւկ է սա հնադարյան,

Շառավի՞ղն է Շահ-Աբասի…

Նաիր Յան

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica