close
Եղանակը Երևանում
9 Հուլիսի 2020
+22°
+31°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Հլս 2020
USD1485.74
GBP1608.34
EUR1547.57
RUB16.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ սպասել նավթի գների կտրուկ անկումից եւ ինչ պետք է անի Հայաստանը. Ներկայացնում է Ավետիք Չալաբյանը

Քաղաքական

10 Մարտի 2020, 11:04
 Ի՞նչ սպասել նավթի գների կտրուկ անկումից եւ ինչ պետք է անի Հայաստանը. Ներկայացնում է Ավետիք Չալաբյանը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նավթի գների կրուկ անկման՝ ներկայացնելով, որ ինչ կարելի է սպասել դրանից.  հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանգստյան օրերի ընթացքում, մինչ Հայաստանը ակտիվ քննարկում էր վարչապետի կողմից բուկլետների բաժանումը, մետրոյի աղջկա անսովոր դեմարշը, եւ Կուրթանի երիտասարդի արդարացի ընդվզումը, մեզ շրջապատող աշխարհում իրապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ՝ նավթի բորսայական գինը տառացիորեն երկու օրվա ընթացքում գահավիժեց մեկ բարելի դիմաց 52 դոլարից 32 դոլար, կորցնելով միանգամից իր արժեքի 40%-ը: Այսպիսի բան մոտ 30 տարի տեղի չէր ունեցել, ու թեեւ Հայաստան դեռ լիակատար հետեւանքները չեն հասել, սակայն մեծ հավանականությամբ ի վերջո կհասնեն, ուստի իմաստ ունի հասկանալ, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային շուկաներում, եւ հնարավոր ինչ հետեւանքներ են մեզ սպասում։

Նախ, նավթի գինը ընկնում էր արդեն հունվարից, հիմնականում կորոնովիրուսի հետ կապված վախերի պատճառով։ Չնայած համաճարակը Չինաստանում արդեն վերահսկողության տակ է վերցված․ եւ աստիճանաբար մարում է, այն տարածվում է մնացած աշխարհում, եւ մի քանի երկրներում փաստացի դարձել է իսկական աղետ։ Այս պայմաններում, բնական էր նավթի պահանջարկի եւ գների անկումը, եւ նույնչափ բնական կլիներ, որ նավթ արտադրող հիմնական երկրները պայմանավորվածության գային՝ նրա առաջարկը համարժեքորեն սահմանափակելու վերաբերյալ։ Սակայն մարտի 6-ին տեղի ունեցավ անսպասելին՝ նավթ արտահանող երկու հիմնական հսկաները՝ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը, չկարողացան պայմանավորվածության գալ հետագա գործողությունների կորդինացման շուրջ, եւ փաստացի դուրս եկան նավթի առաջարկի վերահսկման համաձայնությունից, որի շնորհիվ արդեն երեք տարի գները գտնվում էին համեմատաբար կայուն տիրույթում։ Կարելի է բազմաթիվ դատողություններ անել, թե ինչու Ռուսաստանը գնաց այդ անսպասելի քայլին, սակայն արդեն հիմա ակնհայտ է, որ դրա հետեւանքները շատ ավելի ցավոտ կարող են լինել, քան ենթադրվում էր այդպիսի որոշում ընդունելիս, ինչը հույս է տալիս, որ Ռուսաստանի ղեկավարությունը դեռ կարող է վերանայել իր մոտեցումը։ Նույնիսկ եթե դա տեղի չունենա, բարելի դիմաց 40 դոլարից ներքեւ նավթի հանույթի զգալի մասն աշխարհում միջնաժամկետ հեռանկարում վնասաբեր է դառնում, եւ մեծ հավանականությամբ տեղի կունենա գների բնական կարգավորում այդ տիրույթում, սակայն շուկայի լիարժեք վերակագնում մոտ ապագայում արդեն դժվար է ակնկալել։

Հայաստանի համար նավթի ցածր գների հետեւանքները կարող են եւս խիստ շոշափելի լինել։ Մի կողմից, Հայաստանը նավթամթերքների ներմուծող է, եւ էժան նավթը կհանգեցնի դրանց գների նվազման, դա գուցե մեր համար չափավոր դրական գործոն է։ Սակայն պետք է հիշել, որ նավթի ցածր գներից էապես կտուժի Ռուսաստանի տնտեսությունը, որը մեր խոշորագույն առեւտրային գործընկերն է, եւ Հայաստան եկող արժույթային տրանսֆերտների խոշորագույն աղբյուրը՝ սա շղթայական ռեակցիայով կհանգեցնի Հայաստան մտնող արժույթային հոսքերի կրճատմանը։ Բացի այդ, նավթի ցածր գինը նաեւ անխուսափելիորեն կհանգեցնի մետաղների մեծ մասի գների անկման, սա եւս բացասաբար կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, որի արտահանման կարեւորագույն բաղադրիչներից են պղնձի եւ մոլիբդենի խտանյութերը։ 2009 թ․ մենք արդեն ականատես ենք եղել այդպիսի սցենարի, ի վերջո այն հանգեցրեց ոչ միայն դրամի ավելի քան 20% արժեզրկման, այլեւ տնտեսական ակտիվության կտրուկ անկման, եւ պետական պարտքի զգալի աճի տառացիորեն մեկ տարվա ընթացքում։

Նավթի գների անկումը նաեւ կարող է բերել տարածաշրջանում լարվածության աճի։ Այն երկրները, որոնց բյուջեները խիստ կախված են նավթի գներից, կանգնելու են սեփական արժույթի կտրուկ արժեզրկման վտանգի առաջ, սա իր հերթին բերելու է ներքին սոցիալական լարվածության, սա էլ կարող է մեծացնել ռազմական գործողությունների ակտիվացման վտանգը։ Մենք դրան արդեն ականատես ենք եղել չորս տարի առաջ, երբ նավթի գների անկումը ի վերջո նպաստեց հակառակորդի ռազմական արկածախնդրությանը։ Հիմա դրա կրկնությունը չի բացառվում, առավել եւս, որ գների անկումը, դատելով կորոնովիրուսի համաշխարհային տարածումից, կարող է բավական երկար տեւել, եւ ստեղծել արտաքին ճակատում կտրուկ գործողությունների գնալու մտայնություն, ներքին սրացումները կանխելու նպատակով։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը այս վիճակում։ Առաջին հերթին՝ չկրկնի 2009 թ․ սխալները, երբ Կառավարությունը շարունակում էր պնդել, որ ճգնաժամը մեզ կշրջանցի, եւ զգալի ժամանակ հստակ գործողություններ չէր ձեռնարկում՝ մեղմելու նրա ազդեցությունը։ ՀՀ Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում մոտ 30%-ով ավելացրել է իր արտարժույթային պահուստները՝ դրանք այժմ պետք է խելամիտ օգտագործել՝ թույլ չտալու շուկայում դրամի փոխարժեքի կտրուկ տատանումներ եւ խուճապ։ Միեւնույն ժամանակ, չի կարելի թույլ տալ նաեւ դրամի գերարժեվորում ռուբլու եւ տարածաշրջանային այլ արժույթների նկատմամբ, քանի որ այն կբերի մեր արտահանման մրցունակության անկման։ Նաեւ, Կառավարությունը պետք է այս վիճակում ըստ ամենայնի աջակցի արտահանողներին՝ օպերատիվ վերադարձնի ավելացրած արժեքի հարկը, անհրաժեշտության դեպքում այլ հարկերի վճարման գծով տարեկետումներ տրամադրի, վերացնի արտահանման հնարավոր արհեստական խոչընդոտները։ Արտաքին շուկաներում պահանջարկի անկումը նաեւ պետք է մասամբ կոմպենսացնել ներքին շուկայում՝ խրախուսող դրամա-վարկային քաղաքականության միջոցով։

Քանի որ ցանկացած տնտեսական ճգնաժամ ի վերջո քաղաքականի կարող է վերածվել, Կառավարությունը նաեւ պետք է առավելագույնն անի՝ ներքաղաքական շիկացած մթնոլորտը լիցքաթափելու համար։ Ապրիլի 5-ի հանրաքվեի չեղարկումը կլիներ առավել խելամիտ քայլն այս իրավիճակում, հաշվի առնելով հասարակության արդեն իսկ կտրուկ բեւեռացումը, իսկ ընդդիմության հետ առճակատումից քաղաքական երկխոսության անցնելը հնարավորություն կտար առավել արդյունավետ դիմագրավել սպասվող տնտեսական եւ քաղաքական մարտահրավերները։ Նմանապես, Արցախում ընտրությունների անցկացումը ազգային համաձայնության մթնոլորտում, կարեւոր ուղերձ կհղեր արտաքին աշխարհին, որ մենք հստակ գիտակցում ենք մեր ազգային շահերը, եւ պատրաստ ենք կանխելու նրանց նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Վերջապես, իշխանության ջանքերը անիմաստ քարոզարշավի եւ անբովանդակ բուկլետներ բաժանելու փոխարեն, կարելի է առաջիկայում ուղղել բանակի մարտունակության եւ երկրի ընդհանուր անվտանգության ամրապնդման վրա՝ այդ դեպքում մենք նույնիսկ կարող ենք շահած դուրս գալ այս անակընկալ գլոբալ ճգնաժամից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica