close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներկայացումից մեկ ժամ առաջ․ Ալլա Սահակյան

Մշակույթ

7 Մարտի 2020, 19:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․  Ներկայացումից մեկ ժամ առաջ․ Ալլա Սահակյան

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն ու Համազգային թատրոնը  նույն շենքում են, այնպես որ, դեռ ուսանողական տարիներից այս բեմը դերասանուհի Ալլա Սահակյանի կյանքի ու առօրյայի անբաժան մասն է:

Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսում է սովորել, թատրոնի լեզվով ասած՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում: Համազգայինում նույն կուրսից շատ դերասաններ կան: Ժամանակին Վարպետը նրանցով շատ էր հպարտանում, ասում էր՝ իմ էրեխեքն են, ավելի ճիշտ՝ իմ ճտերը:

Այնպես որ, այս բեմը նաև նրանց կյանքի ու առօրյայի անբաժան մասն է:

Համազգայինն ու Սոս Սարգսյանի ղեկավարած կուրսը

 

Համազգայինում հերթական ներկայացումն է՝ Ֆլորիան Զելլերի «Ճշմարտություն» պիեսը. բեմադրել է Դավիթ Հակոբյանը: Երեկոյան ժամը 6-ն է. Ալլան շտապում է թատրոն: Yerkir.am-ը պատկերել է այն մեկ ժամը, որը նախորդում է ներկայացմանը. հետկուլիսային եռուզեռ, զգեստափոխություն, գրիմ: Այդ եռուզեռի մեջ է նաև Ալլա Սահակյանը բեմընկերների հետ:

Առաջին ներկայացումն ուսանողական տարիներին է խաղացել՝ «Օսկան Պետրովիչն էն կինքումը», հետո՝ «Շխոնց Միհրանը», «Բաղնսի բոխչան», «Բեռնարդա Ալբայի տունը»:

«Մեր կուրսը շատ լավն էր, բոլորը՝ յուրահատուկ, տաղանդավոր: …Թատրոնն իմ կենսակերպն է, առանց թատրոնի ինձ չեմ պատկերացնում։ Հատկապես վերջին տարիներին շատ զբաղված եմ. նոր շերտեր եմ բացահայտում իմ մեջ, ինձ ավելի լիարժեք եմ զգում։ Մալյանի անվան թատրոնում էլ եմ խաղում՝ Ժիրայր Փափազյանի բեմադրած «Ատամնաբույժն … նորե՞ն» ներկայացման  մեջ: Խաղում եմ հաճույքով։ Ինտեգրվեցի նրանց կազմում։ Բայց Համազգայինն, անշուշտ,  անփոխարինելի է ինձ համար»,- ասում է Ալլան:

Երգն ու Գարին

Երաժշտական կրթություն էլ ունի. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինն է ավարտել: Յոթ տարի առաջ ամուսնացել է ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի հետ: Ծանոթացել են եկեղեցում: Գարիին նաև Ալլայի երգելն է դուր եկել։ Գործընկերային հարաբերությունները վերաճել են սիրո։ Միասին համերգային նախագծերով են հանդես գալիս թե՛ Հայաստանում, թե՛ օտար բեմերում: Դուստր ունեն. Ալլան ասում է, որ նրա մեջ բեմական հակումներ տեսնում է:

«Մեր տանը հենց որ երկու րոպե լռություն է տիրում, ուրեմն աղջիկս պահարանս է մտել ու զգեստներս է փորձում, երբեմն անգամ հոր հագուսներն է հագնում: Ես էլ արագ լուսանկարում եմ, որ ալբոմ պատրաստեմ: Գարին շատ է սիրում նրան ու երես է տալիս: Ընդհանրապես ամուսնությունը, Գարին, երեխայի ծնունդը կյանքս շատ փոխեցին: Գարիից ամեն օր եմ սովորում. եթե կողքիդ ունես իր արվեստին անչափ նվիրված մարդ, որը խստապահանջ է իր, նաև քո հանդեպ, ուրեմն դու էլ պիտի այդպիսին լինես: Գարիին շատ է դուր գալիս, երբ ես բեմում խաղում եմ: Գնահատում է իմ տաղանդը: Երբ ամուսնացած չէինք, նա ամեն օր տոմս էր առնում, գալիս թատրոն՝ իմ ներկայացումները նայելու»,- հրճվանքը չզսպելով՝ պատմում է Ալլան:

Ամուսնու հետ համերգային նոր ներկայացման են պատրաստվում. մարտի 19-ին Շառլ Ազնավուրին նվիրված երեկո է լինելու: Ներկայացնելու են հանճարեղ շանսոնյեի կյանքը՝ ծնունդից մինչև այն երանելի պահը, երբ նա նվաճեց Փարիզի «Օլիմպիան»:

 

Երջանիկ է

Կանանց տոների հանդեպ  Ալլա Սահակյանը հատուկ վերաբերմունք չունի: Ամեն օր կնոջ համար տոն է, երբ սիրելի աշխատանք, ընտանիք ունի: «Կինը պետք է ամեն օրը տոն դարձնի թե՛ իր, թե՛ շրջապատի համար»,- ասում է:

Թատրոնն ու երգարվեստն Ալլան համատեղում է. երկուսն էլ ներդաշնակված նրա ստեղծագործական կյանքում կան: Կին, մայր, դերասանուհի, երգչուհի. ասում է՝ եթե նորից ապրեր, կյանքի նույն ճանապարհը կընտրեր՝ Համազգայինը, երգը, Գարիին: Վերջում էլ հաստատում է՝ երջանիկ է, որովհետև Աստված նրան շնորհներ ու այդ շնորհներն օգտագործելու ձիրք ու հնարավորություն է տվել:

«Եթե Աստված մի շնորհ է տվել, ուրեմն պիտի այն ծաղկեցնես, տեր կանգնես: Այո՛, ես երջանիկ եմ, երջանիկ եմ, որ ծնվել եմ»,- լազուր աչքերի փայլով  ասում է Ալլան:

Թատրոնի շեմից ներս․․․

Ալլա Սահակյանը գեղեցկուհի է: Այդ փաստը բեմում շահարկելու, մեկ-մեկ էլ այս կամ այն դերը կեղծելու մասին ասում է. «Ինձ ճանաչողները,  դերասանները,  բեմադրիչները,  կփաստեն, որ գեղեցիկ լինելը երբեք չեմ շահարկում կամ շահագործում: Կնոջ գեղեցկությունն առաջին 5 րոպեն է. սա միշտ եմ ասել։ Ես երբեք իմ դերերում չեմ փորձել գեղեցկուհի երևալ, որովհետև դա հետաքրքիր չէ, գեղեցկությունից բացի, ի՞նչ ունես ցույց տալու. դա է կարևորը։ Հատկապես կատակերգական կերպարներում, երբ գրոտեսկ կա, գեղեցկությունը չի ընդգծվում, խա՛ղն է ընդգծվում։ Պետք է հոգու, մտքի և մարմնի գեղեցկության ներդաշնակություն լինի։ Դա հանդիսատեսը զգում է անմիջապես»:

Առօրյան, ընտանեկան եռուզեռը,  խնդիրներն ամեն երեկո թողնում է թատրոնի շեմից դուրս ու ներս մտնում: «Հարգելի հանդիսատես, ներկայացումն սկսվում է»։ Հենց վարագույրը բացվում է,  նա արդեն հանդիսատեսինն է: Նա Ալլա Սահակյանն է կյանքում, իսկ բեմում՝  հազար անուն ու հազար կյանք ունեցող դերասանուհի։

Նաիր Յան

Մանրամասները՝ տեսանյութում.

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica