close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+10°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք» բանաձևը հակացուցված է ներառական տնտեսությանը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

6 Մարտի 2020, 15:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք» բանաձևը հակացուցված է ներառական տնտեսությանը․ Իշխան Սաղաթելյան

Հանրության լայն ներգրավմամբ տնտեսություն ունենալու հիմնարար նպատակադրմանը հակացուցված է «մենք շատ ենք, մենք ամեն ինչ գիտենք, ուրեմն ցանկացած պարագայում ճիշտ ենք» բանաձևը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում:

Քննարկումների շարքը նախաձեռնել է ՀՅԴ Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը։

«Ցանկացած պարագայում մեր երկրի ներառական զարգացման նախապայման են բազմակողմանի քննարկումները, օբյեկտիվ խոսքը լսելի դարձնելու հարթակները, գաղափարների ու տեսակետների բովանդակային բախումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա դիտանկյունից՝ աշխարհաքաղաքական և առարկայական մի շարք այլ գործոններով պայմանավորված այսպիսի բարդ իրավիճակում մեր երկրի կայուն զարգացումն այլընտրանք չունի:

«Իսկ  հատկապես տնտեսության ներառական զարգացումը պահանջում է նախևառաջ լսել դիմացինի տարբերվող տեսակետները, իրականում հաշվի նստել օբյեկտիվ փաստարկների հետ: Մեր այս նախաձեռնությունը միտված է այս նպատակներին»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:   

Դաշնակցության նախաձեռնած համաժողովին հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա մեկանգամյա միջոցառում չէ, ունենալու է պարբերական բնույթ և հավակնելու է դառնալ կայուն հարթակ՝ մեր երկրի տնտեսության ներառական զարգացման և սոցիալական խնդիրները բարձրացնելու և հավաքական լուծումներ գեներացնելու համար:

Քննարկվող թեմաները հաջորդաբար կձևավորվեն նաև նախորդ քննարկումներին հնչեցված տեսակետների և առաջարկությունների հիման վրա:

Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն՝ հանրային օրակարգ ձևավորելու նպատակով:

«Դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական արժեքային համակարգի կրող է: Սոցիալական ներառական զարգացումը Դաշնակցության գաղափարական անկյունաքարերից է: Այս տեսանկյունից մեր հիմնարար մոտեցումները նույն են և շարունակում են արդիական մնալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ գաղափարական և սկզբունքային այդ մոտեցումների առանցքի շուրջ էլ ձևավորվում, թարմացվում և պարբերաբար հանրային օրակարգ են բերվում Դաշնակցության սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթներն ու հավաքական լուծումները:

Օրվա օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՅԴ մոտեցումները ԳՄ ներկայացուցիչը ներկայացրեց իբրև քննարկումների սկիզբ։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք ստանձնի Սահմանադրությամբ ամրագրված՝ լիարժեք և չափելի պատասխանատվություն գաղափարախոսական իրական հենքի վրա, իսկ ներառական  տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե շուկայական՝ տարերային կերպով, միայն «չենք խանգարում» սկզբունքով, այլ պետք է զուգորդվի պետական անհրաժեշտ կարգավորմամբ ու նպատակային մասնակցությամբ՝ շուկայի դասական «անտեսանելի ձեռքի» ուժը պետք է լիարժեք լրացվի «պետության տեսանելի ձեռքի» ուժով։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ցածր եկամուտներ ունեցողների համար սկզբունքային է դրանց առաջանցիկ աճը՝ եկամուտների հարկման հիմքում դնելով «շատից՝ շատ, քչից՝ քիչ» սկզբունքը․ «Մեր կարծիքով՝ համընդհանուր կիրառման առաջարկված «շատին՝ շատ, քչին՝ քիչ» մոտեցումը չի ապահովում սոցիալական արդարության սկզբունքի ամբողջական կգործադրումը, այսինքն՝ հանրային բարեկեցությունից առավել մեծ բաժին ստացողը դրա դիմաց պետք է հարաբերականորեն ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի հասարակության առաջ, պետական կայուն ծրագրերի աջակցությամբ և մասնավորի մասնակցությամբ պետք է ձևավորվեն աճի առաջնային բևեռներ՝ ՓՄՁ, աշխատատար և գիտելիքահեն ճյուղեր, զբոսաշրջության ներուժ ունեցող բնակավայրեր, ռազմական արդյունաբերության բարձր տեխնոլոգիատար բնագավառներ, խոշոր ներդրումներով և նոր աշխատատեղեր ստեղծող առանձին ձեռնարկություններ, հատկապես՝ սահմանամերձ, բարձր լեռնային բնակավայրերում»:

Գյուղի և գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ՝ ապահովագրված, կայուն եկամտաստեղծ և ինտենսիվ տնտեսվարման պայմանների լիարժեք ձևավորման հիմքում, ըստ նրա, պետք է լինի «անապահովությունից դեպի կայուն զբաղվածություն» հիմնարար սկզբունքը:

«Առարկայական անհրաժեշտություն է բնական ռեսուրսների համալիր կառավարման և ստացվող եկամուտների արդար բաշխման ապահովումը՝ ներկա սերունդի համար ստեղծելով համերաշխության մթնոլորտ, իսկ ապագա սերունդիների համար զարգացման հավասար պայմաններ»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ սոցիալական պաշտպանության քաղաքականության բնույթը մարդու կյանքի ընթացքում առավել մեծ հավանականությամբ ի հայտ եկող սոցիալական բացասական ելքերի՝ ժամանակավոր կամ մշտական անաշխատունակություն, եկամուտների նվազեցմանը և հանրային կյանքի ինտեգրմանը խոչընդող այլ հանգամանքեր, նվազեցման կամ չեզոքացման ամբողջական համակարգի գործադրումն է:

Վերը նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը կարևորեց  կենսաթոշակային համակարգի ամբողջական վերայանումը:

«Արժանապատիվ չափով անապահովության նպաստ պետք է ստանան աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ գործազուրկների համար զբաղվածության պետական աջակցությամբ պետք է ապահովվի արժանապատիվ վաստակով կայուն աշխատանք»,-ասաց նա:

Շարունակաբար պետք է բարձրացվի նվազագույն աշխատավարձը՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքին համաչափ, իսկ աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության ուշադրության առանցքում՝ նկատեց Իշխան Սաղաթելյանը:

«Ժողովրդագրական ճգնաժամի մոտեցնող խնդիրները հնարավոր չէ լուծել այսօր առկա դրվագային մոտեցմաբ: Իրականում անհրաժեշտ է ժողովրդագրական զարգացման ռազմավարական համալիր աջակցություն անհրաժեշտ բոլոր ուղղություններով՝ ծնելիության խթանում, արտագաղթի կանխում և ներգաղթ, տարածքային համաչափ զարգացում ու կյանքի որակի բարելավում»,-ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Ամփոփելով՝ նա ասաց, որ խնդիրները բարդ ու բազմակողմանի են, որոնց հավաքական լուծումները պահանջում են գաղափարական կայուն հենք և սկզբունքներ, հանրության լայն և իրական մասնակցություն, պետական կայուն և չափելի ծրագրեր՝ տեսանելի ու չափելի արդյունքներով:

Աննա Բալյան

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica