close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ Դասական գրապահոցից՝ ընթերցանության ու կրթության աշխույժ կենտրոն. Հայաստանի ազգային գրադարան

Մշակույթ

3 Մարտի 2020, 23:41
 ՏԵՍԱՆՅՈՒԹ Դասական գրապահոցից՝ ընթերցանության ու կրթության աշխույժ կենտրոն. Հայաստանի ազգային գրադարան

Հայաստանի ազգային գրադարանը 100 ամյակը բոլորել է: Այն  երբևէ հայերենով լույս տեսած բոլոր գրքերի  հավաքատեղին ու հանգրվանն է: Այստեղ է պահվում նաև անձեռնմխելի գրքերի երկուական օրինակ: Չի կարելի ասել, թե տասնամյակներ շարունակ գրադարանի հավաքածուի պահպանման համար հրաշալի պայմաններ են ստեղծված եղել: Թերևս ամենահուսալի  վիճակում հնատիպ գրքերն են. պայմանների ապահովման առաջնահերթությունը նրանց է տրվում: Յուրաքանչյուր հնատիպ գիրք ներառված է անձեռնմխելի հավաքածուում: Գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը Yerkir.am-ի հետ զրույցում այլ երկրների օրինակն է բերում: Նորվեգիայի ազգային գրադանը ոչ միայն Օսլոյում է, այլև Մու-ի-րանա քաղաքում՝ գետնախորշթունելներում, որտեղ գրքերի պահպանման համար  նպաստավոր բոլոր պայմանները կան: Նա  կարծում է, որ մենք էլ պետք է ապահովության համար  անձեռնմխելի գրքերի երկուական օրինակներից  յուրաքանչյուրն  առանձին-առանձին պահենք:

Փոխշահավետ գրքափոխանակություն

Հայաստանի ազգային գրադարանի նկուղներում ոչ բավարար ջերմաստիճանի, խոնավության ու լուսավորության պայմաններում բազմօրինակգրքեր են պահվում և, բնականաբար, փչանում են: Փոխարենը կան անընդհատ սպասարկման շրջանառության մեջ գտնվող  գրքեր, որոնք մաշվել, շարքից դուրս են եկել կամ եզակի օրինակով են: Գրադարանը փոխշահավետ առաջարկ է անում. արդեն մի քանի ամիս գործում է գրքափոխանակության անկյունը, որը գրադարան-ընթերցող կապն ավելի է ամրապնդում: Ընթերցողները գրադարանին են ներկայացնում  իրենց անհրաժեշտ գրքերի անունները,  գրադարանն էլ իր հերթին ընթերցողին  ներկայացնում  է պետք եղած գրքերի ցանկը: Արդեն քսան անուն գիրք  այս սկզբունքով փոխանակվել է: Այսպիսով, ժամանակի ընթացքում նկուղներում փչացող գրքերը կգտնեն իրենց նոր տերերին, իսկ գրադարանի մաշված գրքերը կփոխարինվեն նորերով: Տնօրենը մտադիր է  նկուղները  բազմօրինակ գրքերից ազատելով՝ այդ տարածքը վերանորոգել ու  դարձնել գրապահոց:

Սպասարկումն ընդլայնելու անհրաժեշտության կա

Ընդհանուր, գիտական, մամուլի, տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված, արվեստի, անձեռնմխելի գրականության ու ևս մի քանի առանձնացված ընթերցասրահների շարքում ամենաակտիվն  ընդհանուր և գիտական ընթերցասրահներն են, որոնցից առաջինն ունի 152, երկրորդը՝  60տեղ: Ընդհանուր առմամբ գրադարանը կարող է սպասարկել  օրական շուրջ 900 ընթերցողի.  ընթերցասարհներում հաճախ նստելու տեղ  չի լինում: Պետական սուբսիդիայով պահանջվում է, որ գրադարանը տարեկան 33. 000 ընթերցող ունենա, ինչը ընթերցասրահների սուղ պայմաններում հնարավոր չէ: Ընթերցողների թիվը տարեկան 29.000 է, թեև առցանց օգտվողներին էլ պետք է հաշվի առնել՝  մոտ 4000:  Անձեռնմխելի,  հնատիպ գրականության  ընթերցողներն են պակասել է. ենթադրվում է, որ նրանք առցանց են կարդում:Նոր ընթերցասրահների անհրաժեշտություն կա:

«Ամբողջ աշխարհում այդ միտումը կա. մի շարք երկրների ազգային գրադարանները նաև  հանրային գրադարանի գործառութներ են կատարում՝ կարևոր տեղ հատկացնելով նաև սպասարկմանը:  Տարիներ շարունակ ազգային գրադարանն ընկալվել է որպես գրապահոց, որը հավաքում է հայությանը վերաբերող և հայերեն տպագրված բոլոր գրքերերը: Բայց այս կառույցը պետք է կարևորություն տա նաև սպասարկմանը, իսկ դրա համար նոր ընթերցասրահներ են անհրաժեշտ՝ նոր պայմաններով և հնարավորություններով»,-կարծում է տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:

Ազատ, անկաշկանդ, բայց կանոնավոր ընթերցանություն

Եթե տասնամյակներ շարունակ  սերունդները  սովորական գրասեղանի առաջ, սովորական աթոռին ժամերով նստելն ու ընթերցելը նորմալ են համարել, հիմա արդեն ընթերցանության ավելի ազատ ու անկաշկանդ ձևերն են ընդունված՝ ճոճաթոռ,  միգուցե նաև պառկաթոռ, բազկաթոռ: Նոր սերունդ է եկել՝ անեզր երևակայությամբ ու անչափելիորեն ազատ: Նոր սերունդը դասական ու կանոնավոր ընթերցանության մեթոդը մերժում է. այսօր մի գիրք, վաղը կամ երկու շաբաթ անց՝ նույն կամ բոլորովին ուրիշ գիրք:Անկանոն ընթերցանության միտումն ամբողջ աշխարհում է:

«Հիմա ի՞նչ ենք ուզում անել մենք. մի կողմից ուզում ենք ազատ ընթերցանության համար ժամանակակից պայմաններ ստեղծել,  մյուս կողմից՝  ընթերցողներին տրամադրել կանոնիկ գրականությանը, որպեսզի նրանք անկանոն ընթերցանությունից վերադառնան կանոնավոր ընթերցանությանը, կանոնավոր գիտելիք ստանալուն: Պետք է մարդկության պատմության ընթացքում ստեղծված լավագույն, արժեքավոր գրքերը հավաքենք և ըստ մատենագիտական կանոնիկ ցուցակների՝ ներկայացնենք ընթերցողներին: Ուզո՞ւմ ես ազատ պայմաններում ընթերցել, շատ լավ, բայց կարդա արժեքավոր գրականություն՝ կանոնավոր ընթերցելու հնարավորությամբ»,-նոր ընթերցասրահների ու ընթերցման նոր մեթոդի մասին այսպիսի պատկերացում ունի Հրաչյա Սարիբեկյանը:

Ո՞վ կուղղորդի՝ ի՞նչ կարդալ

Ընթերցանությունը մեր օրերում  ուղղորդված չէ. ոչ երեխային, ոչ պատանուն ու երիտասարդին ոչ ոք խորհուրդ չի տալիս՝ ինչ կարդալ: Ով ինչ ուզում՝ կարդում է: Թերևս միակ ուղղորդիչը գովազդն է, որը ակտիվ գործում է նաև գրահրատարակչական ոլորտում՝ թանկարժեք ու գայթակղիչ տիտղոսաթերթեր, ոսկետառ անուններ, բարձրորակ պոլիգրաֆիա, ճռճռան վերնագրեր, ոսկու գնով գրքեր. իսկ բովանդակությո՞ւնը:  Հրաչյա Սարիբեկյանը կարծում է, որ  Ազգային գրադարանն ընթերցողին ուղղորդելու գործառույթ էլ պիտի կատարի: Գրախանութներում  նա հաճախ է չկողմոնորշված ընթերցողների տեսնում, որոնք  բազմաթիվ գրքեր են վերցնում-դնում՝ այդպես էլ չիմանալով՝ ի վերջո ի՞նչ կարդալ:

«Ահա թե ինչու  եմ  կարևորում տարբեր մատենագիտությունների, տարբեր հեղինակավոր, կանոնիկ ցանկերի շրջանառությունը: Օրինակ՝ Դանիայում   մշակութային կանոն կա՝ ինչ պետք է կարդա յուրաքանչյուր դանիացի: Հասկանալի է, որ այս կանոնները մշակվում են հատուկ կառույցների կողմից, հատուկ նպատակով, որպեսզի կերտվեն այնպիսի քաղաքացիներ, որպիսիք պետք են Դանիային: Այս քաղաքականության  դեմ այդ երկրում ընդվզումներ, իհարկե, կան: Իմ կարծիքով՝ Ազգային գրադարանը պետք է ընթերցանության ուղղորդման գործառույթ կատարի»,- ասում է Հրաչյա Սարիբեկյանը:

Վերարժևորման սպասող գրականություն

Սովետական տարիներինազգային գրադարանն ունեցել է արգելված գրքեր, որոնք քարտարաններում արտացոլված չեն եղել: Այսօր այդ խնդիրը չկա: Ամբողջ  գրականությունը քարտարաններում կա, ոչ ոք գրաքննության չի ենթարկվում, բայց Ազգային գրադարանն ուզում է, որ ընթերցողը հաղորդակցվի նաև մարդկության պատմության ընթացքում ստեղծված տպագիր լավագույն արժեքների հետ:

«Այս նպատակով խնդիր ենք դրել  գրադարանը համալրել ոչ միայն հայալեզու գրականությամբ, այլև համաշխարհային գրական գլուխգործոցներով, ամենակարևոր ու արժեքավոր մտքի կոթողներով: Այդ գրքերը պետք է ունենալ նաև բնագրով: Տարիներշարունակ դրանք միայն ռուսերենով ենք ունեցել, բայց հիմա պետք են  նաև անգլերեն թարգմանությունները, որոնք աշխատելու ենք ձեռք բերել»,- առաջիկա անելիքների մասին ասաց տնօրենը:

Հրաչյա Սարիբեկյանը հայ գրականության 60 լավագույն վեպերի ցանկ է պատրաստել: Այն կփոխանցի հեղինակավոր կառույցների, մտավորականների, որոնք էլ իրենց նախընտրած հեղինակներին կնշեն: Ցանկը վերջնականապես կհստակեցվի և կառաջարկվի ընթերցողներին՝ «Հայկական ի՞նչ վեպ կարդալ» հարցին ի պատասխան: Այսկերպ դեռ խորհրդային տարիներից մոռացված ու լուսանցքում հայտնված շատ գրողներ կարժևորվեն ու երկրորդ կյանք կստանան: Ազգային գրադարանի խորհուրդները կօգնեն նաև երեխաներին ու պատանիներին՝ ինչ կարդալ արձակուրդների ընթացքում կամ առհասարակ: Նման  ցանկ ևս կկազմվի ու կհրապարակվի: Այնպես որ, Հայաստանի ազգային գրադարանից մեծ ակնկալիքներ ունեցեք:

Նաիր Յան

Մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica