close
Եղանակը Երևանում
5 Հունիսի 2020
+23°
+26°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հնս 2020
USD1482.11
GBP1603.94
EUR1539.87
RUB16.97
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 20

Մշակույթ

3 Մարտի 2020, 17:31
 Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 20

Սի դեպք հիշեցի… Բեյրութում ես ու կինս՝ Դոնարա Մկրտչյանը,լիբանանահայ գրական շրջանակի հրավերով տեղական հայկական, Վարդան Աճեմյանի անվան Հարություն Երիցյանի ղեկավարած թատերախմբի հետ «Պաղտասար աղբար» էինք խաղում… Մի օր ինձ հրավիրեցին  «Crazy horses»՝ «Խելագար ձիեր» անունը կրող ռեստորանը։ Այս Crasy horses-ում խառնաշփոթ մթնոլորտ էր՝ պորտապար էր պարում հայտնի Նադի Գամամը։ Դավիթը,Տիգրանը, Վարդանը՝ դաշնակ,հնչակ,ռամկավար՝ բոլորն էլ ընկերներս են,նստել էինք մի սեղանի շուրջը… Այն ժամանակաշրջանն էր,որ ամբողջ հայերը քննարկում էին մեր հողերը ետ վերցնելու հարցը։ Պարզ է,որ մեր սեղանի շուրջ էլ վեճ սկսվեց։ Մեկը առաջարկում էր Ռուսաստանի հետ միանանք,մյուսը՝  մյուսը Բոսֆորով երթանք… Ուրիշը՝ թող մեր մեծահարուստները Վանը, Մուշը գնեն,հետո մեկը ասում է՝ եկեք հարձակվենք թուրքերի վրա,մյուսը համաձայնում է՝ պետք է Մասիսը ազատել,եւ այլն,եւ այլն… Հողեր,Մասիս սար, Մասիսը,հողերը,սարերը,հողերը, Մասիսը… Ես զգում եմ,որ այս վեճը մի քիչ էլ ինձ համար է,որ կարծիքս արտահայտեմ։ Զգում եմ ու ընդգծված ուշադրությամբ պարն եմ նայում՝ ձեւացնելով,որ խոսակցությունը չեմ լսում։ Վերջը ստիպված հարցրեցին. «Մհեր,դու հայրենիքից ես եկել,չես ըսե,թե ինչպես ընենք,Մասիսը,հողերը ազատենք»։ Որոշեցի փորձառության ենթարկել ընկերներիս հայրենասիրությունը ու ասացի. «Ես լսում էի ձեր խոսակցությունները,ախր շատ եք ասում Մասիս սարը,Մասիսն ի՞նչ է, քարերի մի կույտ,ո՛չ ցանել կլինի,ո՛չ ծառ տնկել…Մոռացեք Մասիսը,ես ավելի լավ առաջարկություն ունեմ, եկեք մոլորակի բոլոր հայերով հավաքվենք ու գնանք ապրելու Գանգեսի ափերին,հրաշալի է այնտեղ,միշտ արեւ է,կապիկներ կան,կոկոսներ,բանաններ, հագուստի կարիք էլ չենք ունենա Գանգեսի վառ ափերում…»։ Մեկը հարցրեց՝ իսկ էջմիածի՞նը… Լրջորեն շարունակում եմ. «Էջմիածնի վանքը մասերի կբաժանենք, քարերը բոլորը կհամարակալենք,հայ մեծահարուստների՝ Տեր-Գրիգորյանի,դոկտոր Նաջարյանի,Շառլ Ազնավուրի եւ ուրիշների ինքնաթիռներով կտեղափոխենք նոր տեղ,կհավաքենք»։ Մյուսը՝ իսկ մեր հայրենի գերեզմաննե՞րը… «Դրանից էլ հեշտ բան՝ կտեղափոխենք…»։ Մի խոսքով,այնպես էր ստացվում,որ ինչ ասում էին,ես տեղափոխում էի Գանգեսի ափերը։ Տիգրանը,որ անչափ սիրում էր Մասիսը,հայ աշխարհի բնությունը եւ կատաղի է իր սիրո մեջ,շվարած մնաց,տարավ բերեց,ասաց. «Իսկ Գեղա՞րդը,չէ՞ որ ժայռից է,ինչպե՞ս տանես…»։ Պատասխանեցի. «Գեղարդը թող իր տեղը մնա,ինչպես մնացել է Բահալբեկը  կամ Պալմիրը,մեծ քաղաքակրթության հիշատակ։ Կանցնեն հազար տարիներ,բայց մենք կասենք՝ գնացեք այսինչ տեղը,այսինչ  կիլոմետրի վրա կգտնեք մեր Գեղարդը, ամբողջ աշխարհով մեկ մենք ունենք մեր շինությունները, որոնք ապացուցում են մեր ազգի հնությունը։ Անպայման Գեղարդը պետք է մնա ՄԱԿ-ի պաշտպանության տակ»։ Այս հարցում էլ համոզեցի,բոլորը անցան իմ կողմը,միայն Տիգրանը, գլուխը բռնած, նստել-տառապում էր՝ բան չմնաց Հայաստանում,ամեն ինչ տեղափոխեցի։

Ռեստորանի մթնոլորտի մեջ խոսակցությունը շատ շուտ մոռացվեց… Նադի Գամամին հրավիրեցին մեր սեղանի մոտ, պարեց սեղանի վրա,ինձ դրամ են տալիս, որ ես տամ պարուհուն ու ձեռքս կպնի նրա պորտին՝ պատիվ է։ Եկավ հայկական նվագախումբը,կատարեց «Ջեյրանի պես սարերով» -ը, հայերեն են երգում,հունարեն… Մենք ենք երգում… Աչքի ծայրով նայում եմ Տիգրանին։ Նա, ինչպես որ գլուխը բռնեց,նույն ձեւով անշարժ մնաց,  ո՛չ պար է նայում,ո՛չ երգ է լսում,լուռ նստած է…

Շամպայն են բերում,պարուհու վրա են լցնում,ճչում,ուրախանում ենք։ Տիգրանը իր դիրքը ու տեսքը չի փոխում… Վերջ,էլ ո՞նց ապրի,ի՞նչ անի,երբ որ Հայաստանը տեղափոխեցին…

Մեկ ժամ եւս անցավ, զրույցը լրիվ ուրիշ նյութի շուրջ էր ընթանում,մեկ էլ հո չբղավեց Տիգրանը՝ «Բա թո՞ւրքը»,թուրքին էլ է ուզում տանի իր հետ։ Հարցրեցի՝ թուրքի հե՞տ ինչ գործ ունեմ,նրա՞նց ինչու ես ուզում տեղափոխեմ մեր սքանչելի Գանգեսի ափերը։ «Առանց թուրքի ինչպե՞ս ապրենք,ես դրա…»։ Վրեժ ունի,ուզում է նրանց էլ տանի այնտեղ,վրեժը լուծի։

Լինեմ արտասահմանում՝ հայաբնակ երկրներում, թե Հայաստանում,նույն հարցն եմ տալիս ինձ՝ այստե՞ղ է լավ,թե՞ այնտեղ։ Վերջերս Լոս Անջելեսում էի, պատասխանեցի՝այնտեղ Հայաստանում արմատներ կան։ Այստեղ էլ ամեն ինչ հեքիաթի էր նման,իսկապես որ կարելի է հավաքել ու տեղափոխել։ Այստեղ երբեք ոչ մի բան չի քանդվի,քանի որ հիմք չունեն,ո՛չ մարդիկ,ո՛չ շենքերը,ո՛չ էլ արվեստը։ Հողի մարդ չեն ամերիկացիները, այստեղ իներցիան է կարեւորը՝ քայլել,խոսել,տուն գալ, նստել,պառկել,նորից փողոց դուրս գալ… Մյուս կողմից՝ այստեղ-այնտեղ նույն բանն է,պայմանական,ժամանակավոր… Կարելի է եւ տեղերով փոխվել՝ամերիկացիները  գնան այնտեղ՝ Հայաստան,մենք այստեղ՝ Ամերիկա,հետո մենք վերադառնանք մեր հայրենի հողը,քանի որ նրանք կդարձնեն լավ ապրելու տեղ…

Տարիներ շարունակ ես չէի պատկերացնում,որ հայրենիքից կարելի է մեկնել ապրելու ուրիշ երկրում։ Միամիտ կարծում էի,որ դա դավաճանություն է հայրենիքի նկատմամբ։ Այսօր ափսոսում եմ,որ 35 տարեկան չեմ գնացել։ Ինչո՞ւ կոմունիստները կառուցեցին մի պետություն,որի համակարգը կատարյալ էր միջակների համար,եւ նրանք,համախմբված,ուս ուսի տված,լավ ապրում էին՝ ստանալով ամսական 160 ռուբլի աշխատավարձ,անվճար բուժում եւ ձրի բնակարաններ։ Այնտեղ տեղ չկար տաղանդ ունեցող մարդկանց համար։

Եվ այս պետական կառուցվածքը այս կամ այն ձեւերով անդրադառնում էր թատրոնի, մարդկանց հարաբերությունների վրա, ժամանակ առ ժամանակ ստեղծելով ծիծաղելի իրադրություններ։ Փաստերը ինքնին տխուր էին,բայց ես միշտ մի կատակ եմ տեսել մարդուն ստորացնող այդ ողբերգության մեջ։

Մեր թատրոնում աշխատում էին Արտյուշա Կարապետյանը,որի անունը դրել էինք Արիասեմ։ Ինչո՞ւ։ Թատրոնում երբ որ ընկերներով խոսում էինք,այսպես թե այնպես շոշափում էինք այն ժամանակով վտանգավոր հարցեր,ու Արտյուշան լսելով՝ կանչում էր մի կողմ, «Արի ասեմ… Զգույշ,այստեղ հեռախոս կա, լսափողը դրված ժամանակ էլ են լսում»։ Իսկ ծիծաղելի չե՞ն բոլոր՝ կոմսոմոլի կամ կուսակցության քարտուղարները կամ այն, որ արտասահման հյուրախաղերի գնալիս խմբի «ղեկավար» էր նշանակվում մի բարձր կուսակցական պաշտոնյա,ու նրա հետ գալիս էին մեզ անծանոթ դերակատարներ,որոնք իհարկե բեմ չէին բարձրանում։ Երբ որ առաջին անգամ մեծ հյուրախաղերով պետք է գնայինք Լիբանան,մեզ իրար վրա էին կարգել,նշանակել էին,որ հետեւենք՝բան չպատահի։

Բեյրութում էինք,իրար հետ կանգնած խոսում ենք՝ մեկը շատ կխոսեր,մյուսները ռուսերեն ասում էին՝ «осторожно, ну, зачем так громко, не надо», այսինքն՝ զգույշ,նյութը վտանգավոր է,ինչո՞ւ  այսքան բարձր ես խոսում,պետք չէ… Իմա՞ստը,երգ ենք երգում, ուրիշները այսպես կմտածեն ու չեն հասկանա… Իսկ ամենահետաքրքրականը՝ որ տեղացի հայերը նույնը իրար արաբերեն էին ասում,որ մենք չհասկանանք։         

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica