close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 19

Մշակույթ

2 Մարտի 2020, 17:59
 Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն. մաս 19

Ցուցահանդես էր Կանադայում՝ հայ դարավոր ճարտարապետության ցուցահանդես։ Ես էլ  էի Կանադայում հյուրախաղերով, ու ինձ հրավիրեցին,որ հանդիսավոր բացման ժապավենը կտրեմ… Գնացինք… Կանգնած եմ ժապավենի կողքին,սպասում ենք ժողովուրդը հավաքվի։ Այդ ժամանակ մեկը մոտենում  ինձ՝ բարեւ,պարոն Մկրտչյան,ասացի՝ բարեւ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք՝ պատասխանեցի։ Խեղճ Մհեր,խեղճ, կըսե՝ լավ ենք։ Ինչո՞ւ զարմացա ես։ Այդ բուրժույները,ռամկավարները հիմա կկողոպտեն քեզի ու ներկայացմանդ մարդ ալ պետք է գա,-նշանակում է,որ դաշնակները չեն գալու ռամկավարների ակումբ,որտեղ ես պետք է խաղայի,- անոնց սրահում իզուր կխաղաս։ «Գիտեք,- ասացի,- հիմա ժապավենը պետք է կտրեմ»։ Ներե,ես ալ բան չունիմ ըսելու,ես քեզի կըսեմ,որպեսզի…»,- ու նույնը կրկնեց ու գնաց… Այս վայրկյանին ուրիշն է մոտ գալիս. «Ինչ կըսեր այդ օձը,ճանչցա՞ր ով է,ժամանակին համայնավար էր,ետքը դաշնակ դարձած է,ետքն ալ դավաճանեցավ Մելքոնյանին, Մելքոնյանն ալ…»,- ու չգիտեմ էլ ինչ էր պատմում։ Ասացի. «Լսեք, ես այս ժապավենը պետք է կտրեմ»։ «Բան չունիմ ըսելու՞,- գնաց։ Մյուս կողմից էլ՝ ուրիշը. «Հա,հա,հա,երբ կնայիմ՝ այս երկու աղվեսները քեզի հետ կխոսին,կը ճանչնա՞ս՝ անոնց մեկի կինը կղեկավարեր անոր,մյուսին ալ զավակը գացած է…»։ «Ես… ժապավենը…»,- ասացի ես։ Տեսնեմ՝ հեռվից մեկը ինձ նշան է անում ձեռքով,այսինքն՝ գործ չունես նրանց հետ։ Եվ այդպես շարունակ,մինչեւ որ եկավ ժապավենը կտրելու պահը… Կտրեցի… Ներս անցանք։ Լավ մեծ լուսանկարներ են կախված պատերից՝ Զվարթնոց… Կանգնել ենք Զվարթնոցի արծվի առջեւ՝ թե՛ այն առաջինը,թե՛ ուրիշները,աչքները լցրած…  «Աղվոր է,չէ՞,դե թող կանադացիները տեսնեն՝ իմանան…»։ Այստեղ էր,որ ամենը մոռացան՝ միացան…

Նույն օրը երեկոյան մեծ հանդիպում ունեի, բոլորը եկան,սրահը լեփ-լեցուն էր։ «Մեզմե կրնա՞ս բան մը պատմիլ»,- խնդրեցին ինձ։ Ասացի՝ այսօրվա դեպքը կպատմեմ,ու պատմեցի այն,ինչ որ հիմա եմ պատմում… Այդ ինչպե՛ս էին ծիծաղում… Ինչպե՞ս կծիծաղի մարդը, որ նրան իր մասին ճիշտը պատմես։ Մի վայրկյան դահլիճին խնդրեցի հանգստանան։  «Գիտե՞ք ձկան պատմությունը։ Ծովի մեջ մի ձուկ ասում է մյուսին՝ քիչ մը այն կողմ լողա,ասիկա իմ տեղս է,այս մյուսն ալ կը պատասխանե՝ երկուքս ալ վերջը մեկ թավայի մեջ պետք է տապակվինք,տեղս որն է։ Ամոթ է,- շարունակեցի,-  կըսեք՝ թող կանադացիները գան իմանան,փոխանակ դուք իմանաք ու այսպես չվերաբերվեք»։

Հայրենիքի համար հպարտությունը ամեն ինչ մոռանալ է տալիս,միավորում է,համախմբում… Իսկ որ հրաժեշտի պահն է գալիս,զարհուրելի վիճակ է ստեղծվում։ Երեւի իմ արածն էլ մի բան չէ,անմարդկային է։ Ես էլ երեւի թե նման եմ մեր այն համույթների հագած-կապած կուշտ դերասաններին,որոնք այցելում են աղետի գոտի,ելույթ ունենում եւ հեռանում…Դա, ըստ իս, սադիզմ է։ Երկրաշարժ … Ավերակների մեջ հաց չունի երեխան,զոհվել է… իսկ դու գալիս ես՝ ես իմ անուշ Հայաստանի… ասում ու հեշտ ու հարմար վերադառնում Երեւան։ Միացեք,պարոնայք,եթե գալիս եք, մտեք նրանց վրանները,ամեն առավոտ՝ աշխատանքի գնալու պես,ընդմիջմանն էլ մի բան ասեք, թող ծիծաղեն…

Հիմա վերադառնամ «Կոչի օրվան»։ Խոսքը ինձ տվեցին ու ես ցուցամատս ուղղեցի հեռուստադիտողների կողմը եւ ասացի. «Նախ,դու նստիր,դու էլ նստիր,իսկ դու՝ արդուկդ մի կողմ դիր, դու էլ ընդմիջիր ուտելդ, եւ հիմա լսեցեք,հայեր,Հայաստանը օգնության կարիք չունի։ Հայաստանը ո՛չ որբ է,ո՛չ էլ մուրացկան, թեպետ փախստականներով է լցված,բայց արժանապատվություն ունեցող մարդիկ են բոլորը։ Ես ուզում եմ օրինակ բերել ուրիշներից,ես լավ հիշում եմ, թե ինչ դաժան օրենք ընդունեցին հրեաները 1980 թվականին։ Օրենքն ասում էր,որ այն հրեան, որը իր հանգուցյալ կնոջ,ամուսնու,եղբոր,որեւէ հարազատի գերեզմանին ծաղիկ դնի,կդավաճանի մոլորակի բոլոր հրեաներին, ծաղիկի դրամը պետք է ուղարկի Իսրայել»։ Այդպես էլ անում են մինչեւ օրս։ Գոնե ես չեմ տեսել,որ հրեան ծաղիկ դնի հարազատի գերեզմանին։ Նույնիսկ,մի օր,Ամերիկայում թաղման եմ ներկա եղել։

«Հիմա դառնամ ձեզ,- շարունակեցի խոսքս՝ ուղղված ամերիկահայ հեռուստադիտողին,- ես ձեր տներում հյուրընկալվել եմ ու տակավին ականջներիս մեջ են ձեր տիկնանց հոգսաշատ ձայները,թե՝ ամա՛ն, մեր այս անուշ,մեր այս սքանչելի Ամերիկայի «tax»-ը չենք տվել։ «Tax»,այսինքն՝ հարկ եք տալիս չգիտեմ քանի դոլար… Բայց ի՛նչ սրտով… Ձեր այդ խանդաղատանքը տեսել եմ Ամանորի գիշերը,երբ  հեռուստացույցի էկրանին մինչեւ լույս սեւամորթն ու մեքսիկացին,ռուսն ու հայը ողջագուրվում էին,համբուրվում ու բացականչում՝ կեցցե՝ Ամերիկան։ Լավ եք անում,որ բացականչում եք,լա վ եք անում,որ մտածում եք tax-ի մասին։ Իսկ հիմա ես ձեզ առաջարկում եմ tax սահմանել ձեր հայության համար ամբողջ մոլորակի վրա»։  

Օշին Քեշիշյանը թե՝ Մհեր ջան,որքա՞ն պետք է լինի այդ tax-ը։ Ընտանիք է,բան է… Ասացի՝ հինգ հոգիանոց ընտանիքի համար՝ մեկ դոլար,ընդամենը  մի լրագրի գին։ Չորս հոգանոց՝ երկու դոլար։ Երեք հոգիանոց՝ երեք դոլար…  Մեկ հոգին կարող է փոքր-ինչ զսպել իր որկրամոլությունը եւ հինգ դոլար տալ։ Որովհետեւ ես գիտեմ՝ ձեր միջին աշխատավարձը 1200-2000 դոլար է։ Աշխարհում ինը միլիոն հայ կա։ Թող 9 միլիոն դոլար չհավաքվի,թող հավաքվի 8 միլիոն դոլար,տարեկան կանի 96 միլիոն դոլար։  «Է՛, կուտա՞ն բոլորը»,- հարցրեց լրագրողը։ Ասացի՝ կուտան,կուզես իմանալ՝ ո՞վ կուտա եւ ինչո՞ւ կուտա։ Ես եղել եմ այն դատավարությանը,որտեղ դատում էին  «Օռլիի դեպքի» տղաներին։ Նրանցից մեկին տվեցին ցմահ բանտարկություն։ Հայերենը խորթ էր նրանց համար։ Ադանացի Մեսրոպի տղան՝ 18 տարեկան Պատրիկը, հայերեն ոչ մի խոսք չգիտեր։ Հարցնում եմ՝որ հայերեն չգիտի,ինչո՞ւ է այդքան հայ, ինչո՞ւ է գնում մահվան։Նրանք բացատրում են,թե՝ երբ Միջերկրականի ալիքները մեզ Լիբանանի ափերը գցեցին, միայն մեր ոսկորներն էին մնացել, ժամանակն էր, պետք է, որ ոսկորների վրա մաշկ առաջանար,աչք երեւար երեսներիս,հետո կտուր ունենայինք… Իսկ տարիներ անց մեր զավակները հիշեցին նրանց դիվալլուկ ծնողներին ու սկսեցին ասել՝ մենք հայեր ենք։ Ես ներկա էի այդ տղաների դատավարությանը Փարիզում։ Երբ ձայն տվեցին վերջին խոսքի համար, նրանցից մեկը ,որ ցմահ բանտարկյալ էր դատապարտված,ասաց՝ Հայերեն պիտի խոսիմ։  «Խոսիր ինչ կուզես,- ասացին,- կթարգմանվի»։ Ու նա մեծ դժվարությամբ,բայց հայերեն,հայտնեց վերջին ցանկությունը. «Ես կուզիմ, որ…բանտի մեջ բանաք ինձի համարղ հայկական դպրոց»։ Ինչի՞դ է պետք բանտում,պատասխանում է՝ եթե ես լավ… Հայերեն սովորեմ,մեծ մարդ կդառնամ։ Այդ հայերեն չիմացողները անկասկած կուտան։ Հաղորդումը ավարտվեց։ Ես էլ, մտքիս մեջ, սկսեցի հաշվել,թե ուրիշ ո՞վ կտա։ Շատ շուտ հաշիվը խառնեցի, համոզվեցի,բոլոր նրանք,ում ես ճանաչում եմ, քանի որ չեմ տեսել ոչ մի հայ,որն անտարբեր լինի հայրենիքի ճակատագրի նկատմամբ։  

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica